Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

unnamedԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայան:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում կայացավ հայ համայնքի կողմից կազմակերպվող ամենամյա հիշատակ-բողոքի ակցիան, որի այս տարվա խորագիրն էր «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար. Հերքելը անհերքելի հանցագործություն է»:

Բազմամարդ միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ կոնգրեսականներ, Նյու Յորքի նահանգային օրենսդիր մարմնի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Սան Մարինոյում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված գիտաժողով Սան Մարինոյում   Ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստվայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար  Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո Չիմարան «RAI 1» հանրային հեռուստառադիոընկերության միջազգային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները:

Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծեց, որ  մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելեց, որ այս համատեքստում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա` ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, ապա Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշեց, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորեց նաև այն փաստը, որ քրիստոնեությունը հայերի համար հանդիսանում է հատուկ արժանապատվություն և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելույթում կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա խորհրդանշական համարեց, որ 301թ. հիմնվել է Սան Մարինոյի պետությունը և նույն թվականին Հայաստանն ընդունել է քրիստոնությունը որպես պետական կրոն` նկատելով, որ դարերի ընթացքում քրիստոնեությունը երկու ժողովուրդների համար հանդիսացել է ինքնության առանցք և կիզակետ: Նա նշեց, որ Սան Մարինոն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ջատագով և հավելեց, որ այդ երկու արժեքները նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից են: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դեսպան Ղազարյանն ասաց, որ այսօր նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ժխտողականության 99-ամյակը:  Նա հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարևոր և արդիական համարեց Ցեղասպանության ճանաչումը: Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության ծնունդն ու գոյությունը լավագույն պատասխանն են ցեղասպանների մտադրություններին:

Դիեգո Չիմարան պատմեց Կոստան Զարյանի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերի, Ռաֆայել Լեմկինի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Միքելե Վեգները խոսեց Արմին Վեգների գործունեությունից, հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին նրա լուսանկարներն ու ստեղծագործությունները, նաև հատվածներ ընթերցեց Արմին Վեգների գրություններից: Նա նույնպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում

219.Genocide commemoration events in the cities of Italy 30.04.2014Պեզարո

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:

Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը  շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Միլան

Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:

Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Բարի

Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում

208.Genocide commemoration events  in Barcelona 28.04.2014Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնական անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Էկյումենիկ աղոթքով արարողությանը մասնակցեցին Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցու ծխատեր հովիվ, ռեկտոր Դոն Ռաֆաել Մենդեսը և հոգևոր հայր, դոկտոր Արմանդ Պուիգը: Վերջինս, հանդիսանալով Կատալունիայի Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բանախոսությամբ:

Ելույթներով հանդես եկան Հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղակյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Կատալունիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տիկին Անա Ռոզա Ֆորտունին: Միջոցառումը եզրափակվեց համայնքային ուժերով կազմակերպված համերգով: Եկեղեցու սրահում երգչուհիներ Հասմիկ Իսահակյանի, Շուշան Հովհաննիսյանի, երգեհոնահար Նարինե Կուլիկյանի և ջութակահար Տաթևիկ Խաչատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի դասական ստեղծագործությունները:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մեծ Բրիտանիայում

լոնդոնԱպրիլի 24-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ընթերցվեց նաև դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը:

Ապրիլի 26-ին կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա քայլարշավը: Լոնդոնի կենտրոնական փողոցներով անցան ավելի քան 1000 հայեր՝ Հայաստանի և Արցախի դրոշներով ու ցեղասպանությունը դատապարտող պաստառներով: Քայլարշավի ավարտին՝ ՀՀ դեսպանության, Բրիտանահայ համայնքային խորհրդի, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Լոնդոնի կենտրոնական Ուայթհոլ փողոցում գտնվող «Փառապանծ զոհերի» կոթողին:

Նույն երեկոյան Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ ՀԲԸՄ լոնդոնյան մասնաճյուղի կողմից հովանավորվող նորաստեղծ կամերային նվագախմբի անդրանիկ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ ԳերմանիայումԱպրիլի  24-27-ին  Գերմանիայում տեղի ունեցան Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Պաուլի անվան եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, Հեսսեն երկրամասում հավատարմագրված դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Հեսսեն և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսները, գերմանացի մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:  Ելույթներով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, ԳԿԽ վարչության անդամ Մադլեն Վարդյանը և Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանը, ովքեր շեշտեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Գեղարդ վանքի երգչախումբը: Հիշատակի խոսքով և հոգեհանգստյան աղոթքով հուշ-երեկոն եզրափակեց Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Ապրիլի 24-ին Բեռլինի երկու հայ համայնքների և ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ  Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին  Գերմանիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Բեռլինի քաղաքային խորհրդարանի անդամներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանաքը:  ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշեց, որ  արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է և այն պետք է պատժվի, միայն ճանաչման ու զոհերի  իրավունքների վերականգնումով են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:  Ելույթով հանդես եկավ նաև Բոխումի համալսարանի պրոֆեսոր Հյոլշերը: Միջոցառմանը դասական երաժշտական կատարումներով հանդես եկավ երգչուհի Հրաչուհի Բասսենցը: Ոգեկոչման արարողությունն ավարտվեց Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ  Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի հակիրճ հիշատակի խոսքով և  հոգեհանգստյան աղոթքով:

Ապրիլի 24-ին  ԳԴՀ Շտուտգարթ քաղաքում Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում:

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպեց  Գերմանիայի  Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում:

Հերֆորդ քաղաքում միջոցառումն անցկացվեց ապրիլի 24-ին Սուրբ Մարիա եկեղեցում:

Ապրիլի 26-ի Լյուբեկ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու միջոցառմանը երաժշտական բացառիկ կատարումներով հանդես եկան հայտնի գերմանացի երգեհոնահար Մայերը և հայ դուդուկահար Գ. Դաբաղյանը:

Համբուրգ քաղաքում նշյալ ծրագրի շրջանակներում միջոցառումն անցկացվեց ապրիլի 27-ին:

Ապրիլի 26-ին Մյունխենի Քրեմեր մշակութային կենտրոնի սրահում Բավարիայի հայ համայնքի, Մյունխենում հայ եկեղեցու համայնքի և Հայկական հարցերի հաստատության նախաձեռնությամբ տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին երկրամասի Լանդթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներ, Բավարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվեց Մյունխենում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանայի  հիշատակի խոսքով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն Ալիս Մարուխյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Հովհաննեսյանը և  Բավարիայի հայ համայնքի ղեկավար Անի Չաքրը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեքսիկայում

unnamed (1)Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ մոմավառություն, որին իր մասնակցությունը բերեց փոքրաթիվ մեքսիկահայ համայնքը, մեքսիկացի մտավորականները, լրագրողները, երկրի ուղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:

Արարողության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կարճ ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց Մեխիկո քաղաքին 1915-ը վերապրած փախստականների նվիրատվություն հանդիսացող ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Մոմավառության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերում ներկայումս զբաղված հայ երաժեշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:

ԱնկախՀայոց ցեղասպանության 99-րդ տարելից

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԴանիայումԱպրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի ունեցավ մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում:

Միջոցառումը մեկնարկեց Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանի մատուցմամբ:

Այնուհետև միջացառմանը ներկա գտնվող ՀՀ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրականացրեցին Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ տեղադրված խաչքարի սավանի բացումը:

Միջոցառմանը ելույթներ ունեցան Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը, Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի նախագահ Օլե Մելդգաարդը, «Արարատ» միության խորհրդի անդամ Մարիամ  Գդիգյանը:

Դեսպան Աղաջանյանն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի և Մարիա Յակոբսենի աղոթքներով և գործողություններով փրկվեցին բազմաթիվ հայ որբևայրիներ և մանկահասակ երեխաներ: «Կարեն Եփփեն  և Մարիա Յակոբսենն օգնել են մարդկանց` փրկելով նրանց կյանքը: Սակայն նրանք օգնել են նաև փրկել մարդկային արժեքները և իդեալները` ընդգծելով նվիրման, հավատի և պատասխանատվության ուժը: Այս իդեալներն ու արժեքներն ի զորու են փոխել այս աշխարհը, քանի որ դրանք ճշմարիտ են», – ասաց դեսպանը:

Դեսպան Աղաջանյանը նաև տեղեկացրեց մի նախաձեռնության մասին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերաստեղծել անցած դարասկզբին Դանիայում գործած հայասիրական «Հայաստանի դանիացի բարեկամներ» կազմակերպությունը, որը համակարգող հարթակ պետք է դառնա Հայաստանով զբաղվող դանիական մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անհատների համար:

ՀՀ Արմավիրի մարզպետն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի համար ամենաընդունելի մեծարանքը փրկված մարդու վերադարձն էր կյանք, և նա կարողացավ կյանքի նոր ուղի բացել հրաշքով փրկված հայ կանանց և երեխաների համար՝ տալով նրանց կրթություն, հույս, լույս՝ հավատ ներշնչելով ապագայի հանդեպ: Նա հիշվում է և հիշվելու է հայ ժողովրդի կողմից:

Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենն իր և քաղաքային խորհրդի անունից ելույթ ունենալով` նշեց, որ հպարտանում է Կարեն Եփփեի նման հայրենակից ունենալու համար: Կարեն Եփփեի օրինակը ցուց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդու գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ` բերելով նշանակալի փոփոխություններ: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին հայկական խաչքարը նվիրելու համար, ինչպես  նաև` Գյուլինգի տեղական արխիվին Կարեն Եփփեի հիշատակը վառ պահելու համար: «Խաչքարը ոչ միայն հավերժացնում է Կարեն Եփփեի հիշատակը, այլև խորհրդանշում է հայ և դանիացի ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց Օդերի քաղաքապետը:

Խաչքարի օրհնության արարողության ավարտին աղոթք կարդաց և հայ ժողովրդին իր բարեմաղթանքները հղեց Դանիայի ասորի համայնքի քահանան:

Այնուհետև Գյուլինգի դպրոցում ելույթով հանդես եկավ պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը` ներկայացնելով իր «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գիրքը: Գյուլինգի դպրոցում միջոցառման ավարտին, ի նշան երախտագիտության,  ներկաները հոտնկայս երկարատև ծափահարում էին Կարեն Եփփեի ազգականներին:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել նաև դպրոցից ոչ հեռու գտնվող Գյուլինգի  տեղական արխիվ և ծանոթանալ Կարեն Եփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստագրական նյութերին և լուսանկարներին:

Միջոցառմանը մասնակցեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Դանիայից, Նորվեգիայից և Շվեդիայից, Դանիայում ասորի համայնքից մասնակիցներ,  մեծ թվով դանիացիներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

194.Genocide commemoration events in Canada 25.04.2014Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից:

Ոգեկոչման արարողությունը սկսվեց Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվեց Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանը միացան խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ, ովքեր ելույթ ունեցան տարելիցի կապակցությամբ: Ելույթով հանդես եկավ նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

ռումինիաԱյս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում, վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը,  կոչ է արել 100-ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար:

Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին, որում, մասնավորապես, ասվում է. «Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում «Մեծ չարիքին» զոհ գնացածների տառապանքների առջև: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սև էջերի կրկնությանը»:

Հայոց Ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության և հետազոտությունների կենտրոնի  հաղորդագրությունում ասվում է. «Միասին, Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը և «թուրքացնելու» Անատոլիան: Ի նշան զոհերի և նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց և վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»:

Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը: Հայտնի հեռուստամեկնաբաններ Դանիել Ապոստոլի և Միրունա Մունտեանի «Հինգշաբթի ժ. 9-ին» հեռուստաբանավեճի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին և դոկտոր Զոե Պետրեն, սենատոր Վարուժան Ոսկանյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը և քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ և անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած ուղերձը: Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին «Ստրունգա» վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին: Վարուժան Ոսկանյանը երախտագիտություն հայտնեց փախստական հայերի նկատմամբ այն ժամանակվա Ռումինիայի կառավարության մարդասիրական վերաբերմունքի կապակցությամբ` միաժամանակ ափսոսանքով նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցն առայժմ բացակա է այսօրվա ռումինական քաղաքական օրակարգում:

Նույն երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով:

Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց «Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց և արնածոր վերք» վերնագրով:

Դեսպանը բացատրում է, որ այսօր խոսքը վերաբերում է ցեղասպանության հետևանքների վերացմանը, քանի որ «եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է և Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետևանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի և հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արևելքում է: Ըստ դեսպանի, Հայաստանն ակնկալում է, որ «թուրքական կողմը փոխի իր բառապաշարը և պահվածքն այդ հարցում և վերադառնա 2009թ. Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված հանձնառություններին: Դա հնարավորություն կտար բարդ հարցերը քննարկել և լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում»: «Ոչ միայն միջազգային հանրության և Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայոց ցեղասպանության հարցին շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարևոր է մեր շրջանի, Մեծ Միջին Արևելքի և Եվրոպայի անվտանգության առումով,-եզրակացնում է Հայաստանի դեսպանը:

Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաև քրդական համայնքի ներկայացուցիչները:

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում:

Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանական շրջանակների ակտիվ մասնակցությամբ:

Բոտոշանի շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ռումինահայ Ararat հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:

Կլուժի հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվել էր Հայոց cեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան պատմաբան Լորան Մադլին և դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը: Քննարկմանը հաջորդեց հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե խմբի դասական համերգով:

Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում Եռագույնի հրապարակում ելույթներ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումին գրող Միրչա Բոստան: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու սենատոր Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ: Համայնքային կենտրոնում հաղորդումներ են ունեցել հայաստանցի կամավորներ և ուսանողներ:

Բուխարեստյան միջոցառումները շարունակվելու են Հայ մշակույթի տանը, որտեղ ապրիլի 25-ին «Ցեղասպանության իրավական ասպեկտները» թեմայով ելույթ-քննարկման հյուրն է Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի դոկտոր Նաստի Վլադոյուն: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Յուրի Բարսեղովի Հայոց Ցեղասպանության իրավական ասպեկտներին նվիրված գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում, Կիպրոսում և Սերբիայում

Հունաստան

192.2. Greece 25.04.2014Ապրիլի 24-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի և ՌԱԿ Հունաստանի հայ իրավանց խորհրդի համակազմակերպմամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի Էսթիա հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

192.1.Greece25.04.2014Միջոցառումն ընթացավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը հոգեհանգստյան արարողություն մատուցեցին Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

192.4.Greece 25.04.2014Հաջորդիվ ելույթներ ունեցան Ատտիկայի մարզպետի տեղակալ Աթանասիոս Սպոնդիլիդիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, հունահայ համայնքային կառույցների, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից: Մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը:

Հրավիրյալների շարքում էին Նեա Զմիրնիի միտրոպոլիտ Սիմեոն արքեպիսկոպոսի ներկայացուցիչ հայր Նիկողայոսը, տեղական ինքնակառավարման մարմինների և տարբեր հասարակական կազմակերպությունների, մասնավորապես` Հունահայկական բարեկամության միության,  ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին Հունաստանի հայ համայնքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչներ:

Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել հոգեհանգստյան արարողություններ:

Սալոնիկի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերաշնորհ Տ. Ստեփանոս վարդապետ Փաշայանի գլխավորությամբ մատուցվեց հոգեհանգստյան արարողություն` Սալոնիկի մարզպետարանի, թաղային խորհրդի և ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նույն օրն առավոտյան Հայ գթության խաչի «Անի» մասնաճյուղի կողմից կազմակերպվեց արյունատվություն:

Ալեքսանդրուպոլիսում ապրիլի 24-ին կայացել է հոգեհագստյան արարողություն Սբ. Կարապետ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև:

Ապրիլի 27-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված կենտրոնական քաղաքական ձեռնարկներ Հունաստանի Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս քաղաքներում:

Կիպրոս

192.1.Cyprus 25.04.2014Ապրիլի 10-ին Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ  է ունեցել Կիպրոսի խորհրդարանում` խորհրդարանի բոլոր անդամների ներկայությամբ: Ելույթից առաջ կիպրական խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են  Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

192. 3.Cyprus 25.04.2014Կիպրոսի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման հանձնախմբի կազմակերպությամբ` ապրիլյան միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին երիտասարդական քայլարշավով` Նիկոսիա քաղաքի Մակարիոս պողոտայից ուղղվելով դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, որտեղ երթին միացան համայնքի մնացյալ անդամները` առաջանալով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելյանի գլխավորությամբ: Հսկման միջոցառմանը ելույթ ունեցան Վարուժան Սրբազանը և Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, DISY (Ժողովրդավարական ռալլի) կուսակցության անդամ դոկտոր Էլենի Թեոխարուսը (Eleni Theocharous):

Ելույթներին հետևեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի համերգը, այնուհետ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում կուսակցապետերի, քաղաքապետերի, պատգամավորների, դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ապրիլի 24-ի առավոտյան Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին ներկա գտնվեց Կիպրոսի Խորհրդարանի նախագահ և EDEK (Սոցիալական ժողովրդավարության շարժում) կուսակցության նախագահ  Յաննակիս Օմիրուն:

Ապրիլի 26-ին Նիկոսիայի Նարեկ վարժարանում տեղի կունենա արյունատվություն` եզրափակելով ապրիլյան ոգեկոչման միջոցառումների շարքը:

Սերբիա

Սերբիայի hայ hամայնքը այս տարի ևս իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Բելգրադի հայությունը հավաքվել էր Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցում, որտեղ պատարագ մատուցվեց` ի խաղաղություն Մեծ Եղեռնի զոհերի հոգիների։

Ելույթով հանդես եկավ Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, որն իր ելույթում նշեց, որ հայերը Թուրքիայից պահանջում են ոչ միայն ներողություն խնդրել, այլ ընդունել հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության փաստը։

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

unnamed (2)Ապրիլի 23-25-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնած Հիշատակի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Վիեննայի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի հանդիսությունների  դահլիճում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան, Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման խնդիրներին:

Ցեղասպանության խնդրի շուրջ ելույթներով հանդես եկան Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը ձևավորած սոցիալ-դեմոկրատական և ժողովրդական կուսակցությունների, խորհրդարանում ներկայացված 4 գլխավոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ, ԵԽԽՎ Ավստրիայի պատվիրակության անդամ, Դաշնային խորհրդի Եվրոպական Միության հարցերով խոսնակ դոկտոր Շտեֆան Շեննախը,  Վիեննայի քաղաքապետարանի 2-րդ նախագահ, Ավստրիայի ազատական կուսակցության անդամ Յոհանն Հերցոգը, Վիեննայի քաղաքապետարանի անդամ, Ավստրիայի Կանաչների կուսակցության անդամ Սենոլ Ակկիլիչը: Բանախոսները հորդորեցին ավստրիական իշխանություններին և խորհրդարանի զույգ պալատներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ սեփական նպաստը բերել երկու ժողովուրդների հաշտեցման գործին:

Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ հիմնական զեկույցով հանդես եկավ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախկին երկրորդ նախագահ, ներկայումս Իննսբրուկի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր, Մարդու իրավունքների լիգայի անդամ Հայնրիխ Նայսերը: Նայսերը, մասնավորապես, նշեց, որ «Եվրոպական Միության համար, որը հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն փորձաքարը կարող է հանդիսանալ: Դա այլ բան չէ, քան փաստական իրականության պարզ ճանաչում: Հատկապես սփյուռքում ապրող հայերի համար ինքնության հարցը կարևորագույն խնդիր է: Մշտապես արծարծվող եվրոպական ինքնությունը միայն այն ժամանակ կարող է հնարավոր դառնալ, երբ համաձայնություն է առկա Եվրոպայի պատմության հարցում: Այլապես ճակատագրական սխալ կլինի կարծել, թե այլևս չեն կարող ցեղասպանություններ տեղի ունենալ: Վերջին ժամանակների ցեղասպանությունները, մասնավորապես Աֆրիկայում, ասվածի ապացույցն են»:

Այնուհետև տեղի ունեցավ միջոցառման համերգային մասը, որի շրջանակներում Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ավստրիայի Գրաց քաղաքում հիմնված լարային քառյակը (Միխայլո Զախարով, Վոլոդիմիր Շխուր, Գայանե Միրզոյան և Յուդիթ Պապ կազմով) և տաղանդավոր դաշնակահարուհի Նարե Արղամանյանը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարական շրջանների, մասնավորապես՝ Ավստրիայի արտաքին գերատեսչության պաշտոնատարներ, այդ թվում՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտը, պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների և քաղաքային խորհրդարանի անդամներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության 99-ամյա հոբելյանի շրջանակներում Վիեննայում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ:

Ապրիլի 23-ի երեկոյան Վիեննա քաղաքի 6-րդ՝ Մարիահիլֆ շրջանի թաղապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց դասախոսություն «Անատոլիա և Հայ մշայութային հետքեր» խորագրով (բանախոս` Թուրքիայում լույս տեսնող ԱԿՈՍ օրաթերթի խմբագրակազմի անդամ Զաքարիա Միլտանօղլու): Դասախոսությունը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով և Թուրքիայում հայկական բնակավայրերի լուսանկարների ցուցադրությամբ:

Ապրիլի 24-ի ցերեկը Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության և Վիեննայի հայկական կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ապրիլի 23-ին և 24-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության, ավստրահայ կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջագիր-նամակ փոխանցվեց Ավստրիայի կառավարական շրջաններին, ավստրիացի պատգամավորներին, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներին: Նամակին կից հասցեատերերին փոխանցվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հատուկ փաթեթավորմամբ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

  178.Genocide commemoration event  in Batumi 25.04.2014       Ապրիլի 24-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց պատարագ և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կարգ, որին հետևեց մոմավառությունը  եկեղեցու բակում:

         Իրենց ելույթներում Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գյխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը նշեցին, որ Հայոց ցեղասպանության դատապարտման բացակայությունը նոր հանցագործությունների է հանգեցնում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, հակիրճ պատմելով 99 տարի առաջ Թուրքիայի բոլոր շրջաններում ծայր առած հայերի տեղահանության, դաժան ջարդերի, մեր ժողովրդի մի ստվար հատվածի կրած աներևակայելի տանջանքների մասին, առանձին անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից Եղեռնի պետականորեն ժխտման փաստին, կարևորեց Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված մեր երկրի հետևողական ջանքերը: Ընդգծելով, որ ողջ հայությունն ու առաջադեմ մարդկությունը պատրաստվում են հաջորդ տարի նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Արամ Գրիգորյանը  երախտագիտության խոսքեր ասաց  բոլոր այն երկրների, խորհրդարանների, որոշ պետությունների առանձին նահանգների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեփնջեր զետեղեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:

    Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում

187.Genocide commemoration event in Belarus 25.04.2014Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունեցան ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը: Այնուհետև եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

186.Genocide commemoration events Egypt 25.04.2014Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ` Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ  մատուցվեց և հոգեհանգստյան արարողություն կատարվեց Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլիսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Նույն օրը եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը՝ «Մենք հիշում ենք 1915 թվականը» վերտառությամբ: Սեմինարի հիմնական բանախոսներն էին կուսակցության գլխավոր քարտուղար Մահմուդ ալ-Ալալին, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը, որոնք հանգամանալից խոսեցին Հայոց ցեղասպանության իրողության, նրա միջազգային ճանաչման անհրաժեշտության և Թուրքիայի մերժողական քաղաքականության անընդունելիության մասին: Սեմինարի մասնակիցներին ընթերցվեց ՀՀ դեսպանի ողջույնի խոսքը հղեց, որում շնորհակալություն էր հայտնվում «Ազատ եգիպտացիներ» կուսակցության ղեկավարությանը` նախօրեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։  Նա նաև հնչեցրեց ՀՀ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Սեմինարի ընթացքում, որին ներկա էին «Ազատ եգիպտացիներ» կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական–հասարակական գործիչներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ,  ցուցադրվեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճատև տեսահոլովակ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

185.Genocide commemoration events in Rome 25.04.2014Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

         Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանի կողմից կատարվեց Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով իր ելույթում կարևորեց պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի արդիականությունը:

Մասնակիցներին նաև ընթերցվեց Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի ուղերձը, որում մասնավորապես ասված է. Հայոց ցեղասպանությունը` մի խորը վերք է մեր քաղաքակրթության համար: Եվ ցեղասպանության հիշատակը, պատմական փաստերի մանրակրկիտ պահպանման հետ մեկտեղ, հիմնարար դեր ունի ժողովուրդների խաղաղ ապագայի համար:

Այնուհետև, խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը, այն որակելով, որպես համամարդկային հիմնարար արժեք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին, հայտարարելով. Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ Հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը` նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում

183. Genocide commemoration events in Lithuania 25.04.2014Ապրիլի 24-ին Լիտվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի անդամներ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայ համայնքների մեծ պատվիրակություններ էին ժամանել նաև Էստոնիայից և Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի Վալդորֆյան դպրոցի շուրջ 30 աշակերտներ:

183.Genocide commemoration events in Lithuania 25.04.2014Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ:

Այնուհետև Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի փոխնախագահ Պովիլաս Ուրբշիսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն, Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերենի թարգմանիչ Լեոնաս Պետրավիչյուսը:

Նույն օրը երեկոյան, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Լիտվայի Կաթոլիկ արքեպիսկոպոսարանը առաջին անգամ Վիլնյուսի Սբ. Պողոս Պետրոս Կաթոլիկ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ մատուցել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար Սուրբ Պատարագ՝ Լիտվայում ներկայացված, Լյութերանական, Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

unnamed         Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

         Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:

182. Genocide commemoration events in Denmark and Norway 25.04.2014Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց  փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:

«Օսմանյան «հանդուրժողականության» միֆը և քրիստոնյա փոքրամասնությունները» թեմայով զեկույց կարդաց «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենը:

Տեղի ունեցավ նաև դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գրքի շնորհանդեսը:

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը:

Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ):

Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով: Ելույթներ ունեցան հայ համայնքից Ժոզեֆ Բեդոյանը, Երևանից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանը, դանիացի պատմաբան, լրագրող Դենիզ Սերինչին

Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում

180. Genocide commemoration event in Strasbourg 25.04.2014Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք։

Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի երկու փոխքաղաքապետեր, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները և ժխտողականության դեմ պայքարը` կոչ անելով լինել առավել համախմբված և հետևողական ազգային նպատակների իրագործման համար։ Այս առումով նա ողջունեց Ստրասբուրգում և Էլզասում հայ երիտասարդների ակտիվ դերակատարությունը։

Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, հրեական, քրդական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին իր խոսքում նշեց, որ դեսպան Պապիկյանի մջնորդությամբ Ստրասբուրգի քաղաքային իշխանությունները բավարարել են Ստրասբուրգում հայկական խաչքար տեղադրելու խնդրանքը։

Հանրապետության հրապարակից հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ստրասբուրգի սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցի, որտեղ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պաշտոն:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

177.Genocide commemoration events in Seoul 25.04.2014Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

Անկախ