Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հերթական նվերը

Tasik School photoՄեծ Բրիտանիայի հայ համայնքի հերթական նվերն այս անգամ ստացան Ծղուկ, Թասիկ եւ Աղիտու համայնքների /Սյունիքի մարզ/ 105 աշակերտները: Գալիք ուսումնական տարում նրանք դպրոց կհաճախեն նոր պայուսակներով եւ գրենական պիտույքներով:

Գյուղացիները հավաքվել էին կիսելու դպրոցականների ուրախությունն ու անձամբ տեսնելու նվերները:

Մինչ փոքրերն անհամբերությամբ բացում էին պայուսակները, բարձր դասարանցիները նվերները ստանալուն պես շտապում էին տուն:

TasikԾնողները կարծիքներ էին փոխանակում նվերների վերաբերյալ եւ խոստովանում, որ մեծ հոգսից ազատվեցին: Անակնկալ նվերներից շոյված` 4 թոռնիկ ունեցող Ռոզա մայրիկը  անկեղծացավ, թե  մի չոփն էլ բավական կլիներ, միայն թե ուշադրություն լինի:

Անահիտ Ղազարյանը, ով հերթական անգամ ժամանել էր Լոնդոնից նվերները հանձնելու նպատակով, խոստացավ օրվա բարձր տրամադրությունն ու ջերմ խոսքերը փոխանցել Մեծ Բրիտանիայի մեր հայրենակիցներին:

 

 

Ստամբուլում նոր հայկական դպրոց կկառուցվի

dproc  Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասում նոր հայկական դպրոց է կառուցվում: Մոտ 500 աշակերտի համար նախատեսված դպրոցը սեպտեմբեր ամսին իր դռները կբացի նոր ուսումնական տարվան ընդառաջ: Հայկական նոր դպրոցի բացումը առաջինը կլինի հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, քանզի 1965 թ. Հատուկ կրթական հաստատությունների վերաբերյալ թիվ 625 օրենքով օտարերկրացիներին և փոքրամասնություններին արգելվել էր դպրոցներ հիմնել:

Դպրոցի շինարարությունը ֆինանսավորվում է հայ համայնքի կողմից: Նոր դպրոցը կկոչվի Տատյան, որը, ըստ էության, կդառնա Ստամբուլում գործող պատմական Տատյան դպրոցի նոր մասնաշենքը: Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրեն Մեսութ Օզդեմիը նշել է, որ 170 տարվա պատմություն ունեցող դպրոցը արդեն չի համապատասխանում իրենց կարիքներին: Նոր շենքի կառուցումը նպատակ ունի դպրոցի 400 աշակերտների համար կրթության ժամանակակից պայմաններ ապահովել:

Նոր դպրոցի շինարարության տարածքում հին դպրոցի մի շենք կա, որը դիմաց հայկական եկեղեցի է գտնվում: Չնայած տարածքը պատկանում է հայկական համայնքին, այնուհանդերձ այն հանդիսանում է ժամանակին բռնագրավված համայնքային գույք, որը, առայժմ չի վերադարձվել: Օզդեմիրի խոսքերով՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Բաքըրքյոյի նախկին թաղապետ Աթեշ Ունալ Էրզենի համաձայնությամբ իրենք կարող են օգտագործել տարածքը:

Մոտ 1750 քառ. մետր տարածքում կառուցվող դպրոցը 300 հոգու համար նախատեսված դահլիճ կունենա, ինչպես նաև ընդարձակ մարզասրահ: Արդյունքում դպրոցական հասակի մոտ 3000 երեխա ունեցող հայ համայնքը նոր ուսումնական տարին կդիմավորի նոր դպրոցով:

Նշենք, որ այսօր Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց՝ 14 առաքելական և 2 կաթոլիկ: Թաքսիմում տեղակայված Եսայան հայկական վարժարանը, Սամաթիայում գտնվող Սահակյան-Նունյան վարժարանն ու Պանգալթըի հայկական նախակրթարանն ու լիցեյը (կաթոլիկ) տալիս են եռաստիճան կրթություն՝ մանկապարտեզ, նախակրթարան և լիցեյ: 12 դպրոց նախակրթարան են համարվում, որտեղ տրվում է 8-ամյա կրթություն: Դրանք են՝ Բեզգյան, Տատյան, Մերամեթչյան, Արամյան-Ունջյան, Լևոն Վարդուհյան, Եշիլքյոյ, Քարագյոզյան, Թարգմանչաց դպրոցները, Գալֆայան ճեմարանը և կաթոլիկ դպրոցները՝ Սամաթիայի Անարատ հղության  և Բոմոնթիի Մխիթարյան: Միայն հայկական երկու վարժարան՝ Կեդրոնականն ու Սուրբ Խաչ Դպրեվանքը ունեն լիցեյի, այսինքն ավագ դպրոցի կարգավիճակ, որտեղ կրթությունը 3-ամյա է:

Ուկրաինայի ամենակարևոր իրադարձություններն առջևում են

 

Ուկրաինա1399460352-9076յում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները “ոչ թե իրադարձությունների վերջն են, այլ ամեն ինչի սկիզբը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Կայանալիք նախագահական ընտրությունների և հայ համայնքի կողմնորոշումների մասին խոսելիս` քաղաքագետը նշեց. “Վստահ չեմ, որ ընտրություններն ընդհանրապես կկայանան, իսկ եթե կայանան, ապա արդյունքները քիչ թե շատ հայտնի են, քանի որ պարզ են նաև դրանց անցկացման պատճառները”:

Ըստ քաղաքագետի` այդ ընտրությունները բնականոն չեն կարող անցկացվել, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ պայմանները, ընտրարշավներ ևս չեն անցկացվում: Իսկ տարբեր քաղաքաներում, ըստ նրա, ընտրությունները տարբեր կերպ կընթանան. որոշ տեղերում կիսով չափ, որոշներում` ընդհանրապես տեղի չեն ունենա, սակայն, կարևոր կլինի միայն այն, որ ընտրությունները հայտարարվեն կայացած:  Ըստ քաղաքագետի` պարզ է, որ Ռուսաստանի կողմից այդ ընտրությունների արդյունքները չեն ընդունվի, իսկ Արևմուտքը կճանաչի դրանք: Եվ դրանով Ուկրաինայում իշխանության լեգիտիմացում և երկրի կայունացում ըստ քաղաքագետի չի սպասում, Ուկրաինայում կարող է առաջանալ նաև տնտեսական ճգնաժամի, երկրորդ մայդանի բռնկման հնարավորություն:

Իսկ խոսելով Ուկրաինայի ապագա  նախագահական ընտրություններում հայ համայնքի կողմնորոշման մասին` քաղաքագետը նշեց, որ հայ համայնքը Ուկրաինայում ամբողջական չէ. կան բազմաթիվ և առանձին հայկական համայնքներ, իսկ նրանց կողմնորոշմանը ականատես ենք լինում: Մայդանի համար պայքարող հայեր կան, եղել են նաև զոհեր, կան նաև համայնքներ, որոնք դեմ են մայդանին, իշխանական օղակներում հայ ազգի ներկայացուցիչ ևս ունենք` ի դեմս Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, ուստի, այս հարցում հայկական համայնքի միասնական կողմնորոշման մասին չենք կարող խոսել:  Կայանալիք ընտրություններում հայերի կողմնորոշումը կախված է նրանց սոցիալական կարգավիճակից, ապրելու վայրից և այլ գործոններից:

Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե Հայաստանը նման իրադարձությունների պարագայում ի ՞ նչ քաղաքականություն պետք է որդեգրի հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, Իսկանդարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար նման իրավիճակում լավագույն որոշումը սպասելն է. պետք է սպասել խաղի ավարտին, Ադրբեջանը ևս խուճապի մեջ է, քանի որ իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում ռուսական գործոնի հզորացմանը: Ուստի լավագույն տարբերակը այժմ Հայաստանի համար “անգործությունն է”:

Անկախ