Tag Archives: հանցագործություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 23-ից 24-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության` 8 դեպքից 6-ը, յուրացման՝ 2, սպանության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անսթափ վիճակում հարևանուհուն այցելությունը կյանք արժեցավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցագործությունը կատարել էր… հանցագործության մասին հաղորդում տվողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵԹԵ «ՔՑԵԼ», ԱՊԱ ԱՅՍՊԵՍ. ավելի քան 90 մլն գրին քարտի համար
Բոլորիս շրջապատում էլ պատահում են մարդիկ, որոնք թվում է՝ միշտ էլ ինչ-որ բանով զբաղված են: Հաճախ հենց այդ մարդիկ են ձեռնարկում ու հանդես գալիս, այսպես ասած, բացառիկ նախաձեռնություններով: Մեր հերոսուհի Արմինե Դ.-ի նման մարդկանց դուք էլ լսած ու տեսած կլինեք, բայց երբեք չեք կարող մտածել, որ գեղեցիկ կինն ընդամենը երկու տարվա ընթացքում կարող է կուտակել մոտ 90 մլն դրամ: Ահռելի այս գումարը նա հաջողել է «վաստակել սեփական քրտինքով», բայց հետո իրավապահները պարզել են, որ տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Դեպքը տեղի է ունեցել 2004-ին: Այն «Անկախին» պատմեց կենսաթոշակի անցած, փորձառու օպերատիվ ծառայություն իրականացնող Արմեն Գ.-ն:
Որպես նախաբան
Քաղաքացի Կարինե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական ծառայություններից մեկում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն) հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացուհին հաղորդում էր տվել այն մասին, որ իր մտերիմ ընկերոջ ծանոթը՝ ոմն Արմինե, իրենից վերցրել է 10 000 ԱՄՆ դոլոր գումար գրին քարտ դասավորելու պատրվակով և անհետացել:
Իրավապահներին դժվարություններ էին սպասում: Մեր զրուցակից Արմեն Գ.-ն պատմում է, որ քրեական հետախուզության աշխատակիցները միանգամից լծվեցին գործին, բայց երկար ժամանակ գործն, այսպես ասած, առաջ չէր գնում:
Քաղաքացու հաղորդումից շատ չէր անցել, որ ոստիկանություն դիմեց ևս մեկ քաղաքացի՝ Տիգրան Բ.-ն: Վերջինս իրավապահներին հայտնեց, որ 25 000 դոլար գումար է տվել քաղաքացուհի ոմն Արմինեին, որպեսզի «դասավորի» Եվրոպա մեկնելու թղթերը: Տիգրան Բ.-ն ավելացրեց նաև. «Ո՛չ փողերս եմ կարողանում հետ վերցնել, ո՛չ էլ Արմինեին եմ կարողանում գտնել»:
Այս հաղորդումը կցվեց նախորդին, ու իրավապահների համար բացահայտման թելը կարծես թե ուրվագծվեց:
Պատմության սկիզբը
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են շատերը: Բոլորն էլ միաբերան կրկնում էին, որ ճանաչում են Արմինե Դ.-ին, ներկայացնում էին նրան որպես «ճկուն միտք ու համոզելու մեծ տաղանդ ունեցող»:
Դե, Արմինե Դ.-ն իրեն հավատացողներին սարեր էր խոստանում, բայց, բնականաբար, խոստացածն իրականություն չէր դարձնում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ մինչ, այսպես ասած, «գործ» ձեռնարկելը, Արմինե Դ.-ն դրա մասին տեղեկացնում է հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին: Բոլորին վստահեցնում է, որ կարող է յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած երկիր ուղարկել մշտական բնակության:
Արմինե Դ.-ն գյուղի աղջիկ էր, սովորել էր համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ մասնագիտանալով արաբագիտության ասպարեզում:
Երիտասարդ «խաբեբան» իր վաղեմի ընկերուհիներից մեկի մոտ գլուխ է գովում, ասում, որ հրաշալի կապեր ունի, հաճախ է լինում տարբեր երկրներում, ու նրանք, ովքեր ցանկանում են մշտական բնակության անցնել արտասահմանյան երկրներում, սիրով օգնում է:
Արմինե Դ.-ն ընկերուհուն հավաստիացնում է նաև, որ հենց դեսպանատներում լավ ծանոթներ ունի ու կարողանում է «գործ դասավորել»:
Այս ամենինց շատ չէր անցել, երբ Արմինե Դ.-ի ընկերուհու մտերիմը ցանկություն էր հայտնել Եվրոպա մեկնել բուժման նպատակով: Մուտքի արտոնագիր ստանալու համար որոշում են հենց Արմինե Դ.-ին դիմել:
Արմինե Դ.-ն հավատացնում է, թե, իբր տուրիստական հայտնի ընկերություններից մեկի տնօրենն է, և գործը գլուխ բերելու համար գումար է ուզում, բայց այդպես էլ չի «օգնում»:
Արմինե Դ.-ն իր առաքելությունը լավ էր կատարում, կարողանում էր կարճ ժամանակահատվածում վստահություն ներշնչել, համոզել մարդկանց, ձևաթղթեր էր լրացնում, ստորագրում: Սակայն այդպես էլ Արմինե Դ.-ի մտերիմ ընկերուհու ծանոթը բուժման նպատակով Եվրոպա չմեկնեց, իսկ հիվանդի վիճակն օր օրի վատանում էր:
Արմինե Դ.-ն հաշվի չէր առնում, որ մարդու կյանքի հետ գործ ունի. նորանոր խոստումներ էր տալիս, ժամանակ ձգձգում:
Արմինե Դ.-ն «գործի» հաջողված մեկնարկը տվեց և վաստակեց մի կլորիկ գումար մոտ 60 հազար եվրո և 4500 ԱՄՆ դոլար: Դրանից հետո Արմինեն անհետացավ: Նա կապերը խզեց նաև մտերիմ ընկերուհու հետ: Վերջինիցս էլ պարտքով 7 000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել ու չէր վերադարձրել:
Եվս երկուսը
Բայց մինչ այս պատմությունը Արմինե Դ.-ն հասցրել էր ևս երկու հոգու խաբել: Նրանցից մեկը` Արմեն Ա.-ն, Արմինե Դ.-ի հետ ծանոթացել էր ազգականի միջոցով: Ուզում էր ընտանիքով ԱՄՆ մեկնել՝ մշտական բնակության: Արմինե Դ.-ն գին սահմանեց՝ 20 000 դոլար և հավելեց, որ ամեն ինչ անում է օրինական ճանապարհով: Փաստաթղթերի հետ պահանջեց ամբողջ գումարը, այնուհետև գործի ընթացքի մասին տեղյակ էր պահում՝ ասելով, թե կզանգի ու դեսպանատուն գնալու օրն ու ժամը կասի: Արմինե Դ.-ն այդպես էլ չզանգեց Արմեն Ա.-ին, իսկ փողերը հավաքեց: Արմեն Ա.-ի ընկերոջն էլ Արմնինե Դ.-ն ծուղակը գցեց:
Հավատացրել էր, որ բանկերից մեկի կառավարիչն իր մտերիմներից է, անգամ նշել էր, որ հայտնի բանկիրներից մեկն իր նախկին ամուսինն է, և իր համար կարող է մեծ վարկեր «դասավորել»:
Այս խոստումն էլ արժեցավ 19 000 ԱՄՆ դոլար: Երբ Արմինե Դ.-ն փողը վերցրեց, տարբեր պատճառաբանություններով վարկի ստացումը ձգձգեց: Եվ մի օր էլ անհետացավ…
Գործարար Արմինե Դ.-ն
Արմինե Դ.-ն նոր ծանոթների մոտ փորձում էր լավ տպավորություն ստեղծել: Օրինակ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկին էլ իր ծուղակը գցելու համար ասել է, թե Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ ունի ու վաճառվող ապրանքները մաքսազերծելու համար իրեն պարտքով գումար է անհրաժեշտ:
Չմերժվելու համար էլ նոր ծանոթուհուն խոստացել է խանութը բացվելուն պես նրան աշխատանքի ընդունել: Ահա այսքան հաջող Արմինե Դ.-ն վերջինիցս գրպանել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ վերադարձնելը, բնականաբար, մտքից հանել: Ու մի յոթ ամիս անց միայն նոր ծանոթուհուն պարզ դարձավ, որ Արմինե Դ.-ն Երևան քաղաքի Սայաթ- Նովա փողոցում ոչ մի խանութ էլ չունի:
Արմինե Դ.-ն կենտրոնանում էր ընտանիքներին Եվրոպա և ԱՄՆ ուղարկելու վրա: Շատ շատերը հավատացին նրան, վստահեցին իրենց դրամական միջոցները, անձնական փաստաթղթերը, լուսանկարները, բայց…
Արմինե Դ.-ին հանդիպելու ու նրանից պարզաբանումներ ստանալու ջանքերն ապարդյուն էին, քանի որ ջանասիրաբար բոլորից թաքնվում էր:
Խաբեց նաև ընկերուհու մորը
Արմինե Դ.-ն հասցրեց խաբել նաև իր ամենամտերիմ ընկերուհիներից մեկի մորը, որը նրան սեփական աղջկա պես սիրում էր, ընդունում: Մի օր ընկերուհուն ասաց, որ իրեն պարտքով 3000 եվրո է անհրաժեշտ: Ընկերուհին էլ դիմեց մորը: Ընկերուհու մայրը Արմնինե Դ.-ին սիրով ընդառաջեց: Արմինե Դ.-ն մի քանի անգամ բավական մեծ գումարներ վերցրեց ընկերուհու մորից ու պարտաճանաչ վերադարձրեց:
Այս ամենից շատ չանցած՝ Արմինե Դ.-ն ընկերուհուն տեղեկացնում է, որ իրեն մեծ գումար է անհրաժեշտ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ բացելու համար: Ի դեպ, ընկերուհուն էլ գայթակղիչ առաջարկ էր արել. խանութը բացելուն պես նա դառնալու էր բաժնետեր:
Այս խոստումներից ու նախկինում վերցրած գումարները կանոնավոր վերադարձնելուց հետո, նրան չվստահել, անշուշտ, չէր լինի: Արմինե Դ.-ին տվեցին շուրջ 45 մլն դրամ:
Սակայն, որոշ ժամանակ անց Արմինե Դ.-ն տրտնջում է, թե՝ այսքանը գործի համար բավարար չէ: Ընկերուհու մայրը խոստանում է էլի գումար հայթայթել և դիմում է իր ընկերուհուն ու իր երաշխավորությամբ նրանից վերցնում 20 000 ԱՄՆ դոլար: Ընկերուհու մայրը հետո ևս երկու հոգուց Արմինե Դ.-ի համար փող խնդրեց: Մեկից 7 000, մյուսից էլ՝ 12 000 ԱՄՆ դոլար:
Եվ այսպես…
Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Արմինե Դ.-ն տարբեր քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով՝ կարողացավ վաստակել շուրջ 90 մլն դրամ:
Քրեական գործի նյութերում նոր ակնհայտ փաստեր ի հայտ գալու հետ մեկտեղ, վարույթն իրականացնող անձինք որոշեցին փոխել Արմինե Դ.-ի մեղադրանքը: Գործով քննիչը քրեական գործը դատարան ուղարկեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Մեղադրանք
Քաղաքացի Արմինե Դ.-ի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Միջազգային քրեական ոստիկանության (ԻՆՏԵՐՊՈԼ) օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվեց արտասահմանյան երկրներից մեկում, և հենց նրանց միջոցով տեղափոխվեց Հայաստան: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, իսկ դատարանը նրան դատապարտեց 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազում է
«2014 թվականի 4 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 55 դեպք: Նախորդ տարվա համապատասխան շրջանում կատարվել էր նման 74 դեպք», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփելով տվյալներն, ասաց Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ այդ թվի նվազումը մեծապես ոստիկանության տարած աշխատանքների արդյունք է. «Հաշվի առնելով, որ երեխաները խոցելի և չպաշտպանված խումբ են` ոստիկանությունը լուրջ աշխատանքներ է տանում երեխաների նկատմամբ բռնությունները կանխելու ուղղությամբ», – նշեց նա:
Ոստիկանները մասնավորապես կազմակերպում են դասընթացներ և զրույցներ աշակերտների հետ, որոնց ընթացքում փորձում են երեխաներին բացատրել, որ միմյանց նկատմամբ պետք է ավելի հանդուրժող լինել. անհանդուրժողության հետաևքով արած մեկ քայլը անգամ կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Անաչափահասներին բացատրվում են նաև նրանց իրավունքները և, թե ինչ անել կատարվող բռնության դեպքում: Ավագ դպրոցներում գործում են դպրոցական տեսուչներ, որոնց առաքելությունը նույնպես երեխաներին վտանգներից զերծ պահելն է: «Այնուհանդերձ երեխաներին հանցագործություններից հետ պահելու ամենամեծ պատասխանատվությունը դրված է ընտանիքների անդամների վրա»,- շեշտեց Արթուր Վարդանյանը:
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների հիմնական մասն առողջությանը վնաս հասցնելու դեպքերն են: Եղել են դեպքեր, երբ անչափահասն է իր հասակակցին բռնության ենթարկել: Եղել են միջադեպեր ուսուցիչների մասնակցությամբ. մեկ անգամ աշակերտն է ծեծել ուսուցչին, իսկ երկու անգամ` հակառակը:
Ի՞նչ էր գուժում բնակարանի դռան զանգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքները Շիրակի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավարտին չհասցրած հանցագործություն
Մարտի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աշտարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող, 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ին պատկանող տան նկուղի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է նկուղային սենյակ, որտեղ իր բերած գազօջախի վրա դրել է մեկ այլ գազի բալոն և փորձել այրելով ոչնչացնել կամ վնասել տունը, սակայն իր կամքին հակառակ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանի բնակիչը սպանել է իր հարևանին և վիրավորել ևս երեքին
Ադրբեջանի բնակիչ Գյուլաղա Լյատիֆովը կրակել է իր չորս հարևանների ուղղությամբ, այդ թվում՝ Սուրախանի շրջանի ոստիկանական վարչության պետի տեղական Ակիֆ Նազարովի ու նրա որդու՝Ասիֆ Նազարովի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, դեպքը տեղի է ունեցել Սաբունչու գյուղում: Միջադեպի պատճառն այն է եղել, որ հարևանները խոչընդոտել են, որպեսզի Լյատիֆովը տան կողքին կոմերցիոն նշանակության օբյեկտ կառուցի:
Այն բանից հետո, ինչ Նազարովն ու Լյատիֆովը վիճել են, վերջինս մեքենայից հանել է որսորդական զենքն ու սկսել կրակել՝ վիրավորելով Նազարովին, նրա որդուն ու ևս երկու հարևանի: Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է, հաղորդում են իրավապահները:
Լյատիֆովին հաջողվել է թաքնվել, ներկայում նրա որոնման աշխատանքներն են սկսվել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
8 ՃՏՊ, 3 զոհ, 1 վիրավոր` մեկ օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, խուլիգանության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21 ՃՏՊ, 1 զոհ, 20 վիրավոր` 3 օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 28-ը, յուրացման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, ապօրինի ծառահատման` 2, խարդախության` 14, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 5, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եգիպտական դատարանը հանցագործին 190 տարվա ազատազրկման է դատապարտել
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի քրեական դատարանը 49-ամյա եգիպտացի հանցագործին դատապարտել է 190 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», այս որոշումը դարձել է երկրի պատմության մեջ գրանցված ամենախիստ պատիժը:
Յասիր Աբդալ Քադեր Ահմեդը մեղադրվում է ավելի քան 10 հանցագործություն կատարելու մեջ՝ ներառյալ սպանություն, զինված հարձակում, գողություն, մարդկանց առևանգում, զենքի անօրինական վաճառք և այլն: Նրան 5 անգամ դատապարտել են 25-ական տարվա ազատազրկման և 65 տարվա հարկադիր աշխատանքի: Ընդհանուր առմամբ հանցագործը բանտում պետք է անցկացնի 190 տարի: Հայտնի է, որ շուտով դատարանի առաջ կկանգնի նաև Յասիրի հանցակից խմբավորումը, որոնց թվում է նաև նրա որդին:
3 օրում գողության 70 դեպք է արձանագրվել, 36-ը բացահայտվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 5, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Բրազիլիայում թալանի զոհ են դարձել հիվանդներն ու բժիշկները
Բրազիլիայում հաջողության ջենտլմենները բանկերից ու սուպերմարկետներից նախընտրել են հիվանդանոցները: Ռիո դե-Ժանեյրոյում զինված ավազակախումբն անհանգստացրել է հոսպիտալի հիվանդներին. հանգիստ կայանելով հիվանդանոցի մոտ, չարագործներից մեկը խնդրել է իրեն առաջին օգնություն ցույց տալ:
Ներս թափանցելով ծառայողական մուտքից, հանդուգն հնգյակը հարկերով դես ու դեն է վազել, հիվանդներից ու բժիշկներից խլել դրամապանակները: “Բերքահավաքից” հետո` անհետացել են: Ոստիկանությունը դեռևս զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չի հայտնել: Իսկ բնակչուհիներից մեկը վրդովված ասել է`”նույնիսկ հիվադանոցում են սպառնում զենքով”:
Այս միջադեպը լրագրողներին առիթ է տվել կրկին բարձրաձայնելու երկրում անվտանգության անբավարար մակարդակի մասին, որտեղ այս ամառ մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Վերջին մի քանի շաբաթում Ռիո դե-Ժանեյրոյի արվարձաններում ոստիկանության ու թմրամաֆիայի միջև փոխհրաձգության մի քանի դեպք է գրանցվել, իսկ հարևան Սան-Պաուլու նահանգում հարձակում է կատարվել նահանգապետի ընտանիքի վրա:
Հրազենով կատարված հանցագործությունները հասարակական մեծ վտանգ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գիշերային ակումբի մոտ հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, գիշերային ակումբի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել և դեմքի շրջանում վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հարություն Զ.-ին և դիմել փախուստի:
Փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմեն Հ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 3 չկրակված փամփուշտներով և կրակված փամփուշտի 2 պարկուճներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Հ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին հատնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Տոկիոյում ձերբակալել են 450 զույգ կոշիկի գողին
Անսովոր հակումներով հանցագործը ձերբակալվել է Տոկիոյում: 28-ամյա Սե Սատոյի տանը հայտնաբերել են 450 զույգ կանացի կոշիկ, որոնք նա գողացել է տղամարդկանց ակումբների կին աշխատողներից ու քաղաքի տարբեր բարերից:
Գողն իր տան հետախուզման ժամանակ խոստովանել է, որ կդրանք իր հաճույքի համար է թռցրել ու իր արարքը նյութական շահ չի հետապնդում: Բոլոր կոշիկները կանոնավոր շարված են եղել մշտական բնակության վայր չունեցող Տոկիոյի գործազուրկ բնակչի որմնապահարանի մեջ :
Պարզվեց նաև, որ տվյալ հանցագործությունը նրա կյանքում առաջինը չէ: Անցած աշնանը նա “այցելել” է Ճապոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկն ու այնտեղից, հասատատության աշխատակիցներին պատկանող 14 զույգ կոշիկ, աչքերի ստվերաներկ, շրթներկ ու օծանելիք թռցրել:
Հանցագործը ձերբակալվել է կարմիր լապտերների թաղամասի բարերից մեկում` թռցրած իրը ձեռքին: Թե ինչ պատիժ է նրան սպառնում` տեղեկություն չկա:
Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը
Օրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:
Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:
«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:
Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:
Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:
Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:
Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:
Արման ԲԱԲԱՅԱՆ


