Փոքր և միջին ձեռնարկություններն արտոնություններ են ստանում

msp-taxesԿառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: Փաթեթը ներառում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես` 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը նվազում է 3,5 տոկոսից 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում են հարկերից:

Բացի այդ, 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր: Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը: Սահմանվում են նաև պատասխանատվության մեխանիզմներ ու գործիքակազմ: Ըստ այդմ` 2015 թ. հունվարի 1-ից առաջին խախտման դեպքում կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ խախտման դեպքում` վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, երրորդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոսի չափով, 5-րդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ:

Նախ հասկանանք, թե ինչ է շրջանառության հարկը: Ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` շրջանառության հարկն առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) կամ շահութահարկին փոխարինող հարկ է: Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին կամ շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացույցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով կատարված աշխատանքների իրացումից ստացված հասույթը, առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը:

Vardan-BostanjyanՇրջանառության հարկի դաշտում կառավարության որդեգրած մոտեցումը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում և նշում է, որ Հայաստանում միջին խավ ձևավորելու համար իսկապես անհրաժեշտ է շրջանառության հարկի փոքրացում: Որ նախատեսվում է հայկական բիզնես միջավայրում կայացնել նաև փաստաթղթավորման ինստիտուտը, տնտեսագետը նույնպես դրական է համարում` շեշտելով, որ թափանցիկ գործելը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա, որովհետև փաստաթղթավորման ճանապարհով, օրինակ, որոշ բիզնեսներում ստվերային հատվածները կարող են դուրս գալ հրապարակային դաշտ, հետևաբար կսկսեն ավելի շատ հարկվել, և քանի որ ծախսերը կշատանան, գնաճի ռիսկեր կառաջանան: Այս առումով, սակայն, Վարդան Բոստանջյանը նշում է, որ գնաճի ռսկի պատճառով չփաստաթղթավորելը ճիշտ չէ:

Ի՞նչ արդյունքներ կունենան հարկային այս արտոնությունները

«Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք հարկային բեռը` 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է 1 տոկոս, և այստեղ մեր բյուջեի եկամուտները նախնական` մոտ 8 մլրդ դրամով նվազելու են, բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին` փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետևողական, որպեսզի մեր նպատակում, որը խոշոր բիզնեսի` հարկային դաշտում աշխատելն է և ՓՄՁ-ին որպես հարկատուներ չդիտարկելը, իրագործվի: Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի կայանան: Սա է հիմնական նպատակը»,- նշեց վարչապետը, երբ կառավարությունում ներկայացվում էր այս նախաձեռնությունը:

Փաստորեն` հիմա կառավարությունն ասում է, որ չի ուզում իր հարկային եկամուտներն ապահովել ընտանեկան կամ սոցիալական բիզնեսի ներկայացուցիչների միջոցով: Իսկ դրանց թիվը փոքր չէ: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանում այսօր գրանցված են մոտ 140 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից մշտական հաշվետվություններ են ներկայացնում մոտ 75-76 հազարը, իսկ մնացածը պասիվ վիճակում են: Այդ 75-76 հազարից էլ խոսքը շրջանառության հարկի դաշտում գործող մոտ 58-60 հազար տնտեսվարողների մասին է: Ընդ որում, այդ մոտ 60 հազար տնտեսվարողներից էլ, որոնց համար սահմանվում են հարկային արտոնություններ (շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցվում է 1 տոկոսի), մինչև 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսն առևտրի ոլորտում առհասարակ ազատվում է հարկերից: Իսկ ըստ Վարդան Այվազյանի հաշվարկների` այդ 60 հազար ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը` մոտ 47 հազարը, տարեկան մինչև 10 մլն դրամի շրջանառություն ունի:

Vardan-AyvazyanԲայց պետությունն այստեղ այլ շահ ունի: Այս 60 հազար տնտեսվարողները, նախ` լինելով երկրում գործող ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը, բյուջեի հարկային մուտքերի մեջ շատ փոքր տոկոս են ապահովում: Փոխարենը սոցիալական խնդիրներ են լուծում` աղքատության հաղթահարման, զբաղվածության և այլն:
Բացի այդ, քանի որ դրվում է պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջ, խոշոր բիզնեսից սպասվող հարկային մուտքերի ավելացմամբ նոր եկամուտներ են ապահովվելու:
Մյուս կողմից, ինչպես ասվեց, այդ 60 հազար տնտեսվարողներից մոտ 47 հազարը տարեկան մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունի: Ընդունենք նույնիսկ, որ 12 մլն է շրջանառության ծավալը: Այսինքն` այդ տնտեսվարողներն ունեն ամսական 1 մլն դրամի շրջանառություն: Ընդունենք, որ դրանից 30 տոկոսը տնտեսվարողի շահույթն է կազմելու` 300 հազար դրամ: Ընդունենք թեկուզ մինչև 1000 ԱՄն դոլար: Բայց հիշենք, որ խոսքն ընտանեկան բիզնեսի մասին է, դրանով զբաղված են տվյալ ընտանիքի անդամները: Իսկ նման պարագայում այդ 300-400 հազար դրամ ամսական եկամուտը ընտանիքը ոչ թե կուտակում, այլ նորից դնում է շրջանառության մեջ ` առօրյա ծախսերը կատարելով, նոր ապրանքներից ու ծառայություններից օգտվելով, գնումների քանակը մեծացնելով, մի մասն էլ նորից ներդնում է իր բիզնեսի մեջ, այսինքն` այդ գումարը նորից մտնում է շրջանառության մեջ: Դրա մի մասը նորից հասնելու է խոշոր բիզնեսին ու արդեն հարկվելու է 25 տոկոսով ու ապահովելու է բյուջեի լրացուցիչ մուտքեր:
Բացի այդ, քանի որ մանր ու միջին բիզնեսն արդեն սկսում են փաստաթուղթ ուզել խոշորից, վերջինս չի կարողանում իր նախկին ստվերային շրջանառությունը պահել, ու ստվերը որոշ չափով կրճատվում է: Եթե այս դեպքում 1.5 անգամ էլ ավելանա շրջանառության ծավալը, ապա բյուջեի եկամուտները շատ ավելի կավելանան, քան բյուջեն կորցնում է ՓՄՁ-ներին հարկերից ազատելով կամ նրանց համար արտոնություններ սահմանելով:
Մի վտանգ կա, որը հատուկ է հարկային արտոնյալ ռեժիմներին: Այս դեպքում, եթե բիզնեսը գործում է մի դաշտում, որտեղ սահմանված են արտոնյալ հարկային ռեժիմներ, ապա տնտեսվարողը կարող է խուսափել այլ դաշտ տեղափոխվելուց: Օրինակ` ինչ-որ մեկն ունի ինչ-որ կազմակերպություն, որը զարգանում, խոշորանում ու հասնում է մի մակարդակի, որ արդեն պետք է անցնի, օրինակ, ԱԱՀ դաշտ: Եվ նա իր ընկերությունը բաժանում է երկու մասի, որ երկուսն էլ շարունակեն գործել արտոնություններից օգտվող շրջանառության հարկի դաշտում:
Փաթեթի հեղինակները դա նույնպես բացառում են` նշելով, որ Հայաստանում գործում է «փոխկապակցված անձերի» ինստիտուտը, երբ ստուգվում է ամբողջ պատմությունը` տերերը, շարժը և այլն` գումարած տույժ-տուգանքների գործիքները, որոնց մասին նշվեց վերը:

«TAX FREE». նոր նախաձեռնություն` ուղղված բիզնեսի խթանմանը

pashayanjpgՏեղեկատվական տեխնոլոգիաները հարկային և մաքսային համակարգերը ևս մեկ քայլով մոտեցրել են առաջադեմ չափանիշներին

Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax free» համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով` նոր համակարգը երկրում կնպաստի բիզնես մթնոլորտի բարելավմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը: «ԱՊՀ երկրներում Հայաստանը երկրորդն է, որ ունի այս համակարգը, սակայն հայաստանյան մոդելն ամենադյուրինն է, քանի որ ամբողջ համակարգն աշխատում է մեկ հարթակի վրա. օտարերկրացին սպառման կետերում ներկայացնում է միայն անձնագիր. լրացված ամբողջական տեղեկատվությունն ավտոմատ փոխանցվում է ՀՀ բոլոր մաքսակետեր,-նշել է Միքայել Փաշայանը:
«Tax free» նշումով ցուցաթերթիկներն արդեն փակցված են խանութներում, իսկ անհրաժեշտ ցուցումներով ու տեղեկատվությամբ բուկլետները հասանելի են մեր հանրապետության հյուրերին` ինչպես սահմանային բոլոր անցակետերում, այնպես էլ սպասարկման վայրերում: Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն գերազանցել է 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետը տեղեկացրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների համար ստեղծվել է նաև «Tax free» շարժական համակարգ, ինչը նույնպես աշխատում է էլեկտրոնային եղանակով: ««Tax free» համակարգի գործարկման շնորհիվ պատրաստ ենք մինչև 1.5 միլիարդ դրամի ԱԱՀ ետվերադարձ կատարել: Ասեմ նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ներքին շուկայի շրջանառությունը կազմել է մոտ 100 միլիոն դրամ, որից օտարերկրյա քաղաքացիներին արդեն մոտ 25 միլիոն դրամի «Tax free» է վերադարձվել» ,-նշել է Միքայել Փաշայանը:
Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը: Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից: