Կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: Փաթեթը ներառում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես` 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը նվազում է 3,5 տոկոսից 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում են հարկերից:
Բացի այդ, 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր: Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը: Սահմանվում են նաև պատասխանատվության մեխանիզմներ ու գործիքակազմ: Ըստ այդմ` 2015 թ. հունվարի 1-ից առաջին խախտման դեպքում կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ խախտման դեպքում` վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, երրորդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոսի չափով, 5-րդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ:
Նախ հասկանանք, թե ինչ է շրջանառության հարկը: Ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` շրջանառության հարկն առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) կամ շահութահարկին փոխարինող հարկ է: Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին կամ շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացույցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով կատարված աշխատանքների իրացումից ստացված հասույթը, առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը:
Շրջանառության հարկի դաշտում կառավարության որդեգրած մոտեցումը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում և նշում է, որ Հայաստանում միջին խավ ձևավորելու համար իսկապես անհրաժեշտ է շրջանառության հարկի փոքրացում: Որ նախատեսվում է հայկական բիզնես միջավայրում կայացնել նաև փաստաթղթավորման ինստիտուտը, տնտեսագետը նույնպես դրական է համարում` շեշտելով, որ թափանցիկ գործելը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա, որովհետև փաստաթղթավորման ճանապարհով, օրինակ, որոշ բիզնեսներում ստվերային հատվածները կարող են դուրս գալ հրապարակային դաշտ, հետևաբար կսկսեն ավելի շատ հարկվել, և քանի որ ծախսերը կշատանան, գնաճի ռիսկեր կառաջանան: Այս առումով, սակայն, Վարդան Բոստանջյանը նշում է, որ գնաճի ռսկի պատճառով չփաստաթղթավորելը ճիշտ չէ:
Ի՞նչ արդյունքներ կունենան հարկային այս արտոնությունները
«Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք հարկային բեռը` 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է 1 տոկոս, և այստեղ մեր բյուջեի եկամուտները նախնական` մոտ 8 մլրդ դրամով նվազելու են, բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին` փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետևողական, որպեսզի մեր նպատակում, որը խոշոր բիզնեսի` հարկային դաշտում աշխատելն է և ՓՄՁ-ին որպես հարկատուներ չդիտարկելը, իրագործվի: Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի կայանան: Սա է հիմնական նպատակը»,- նշեց վարչապետը, երբ կառավարությունում ներկայացվում էր այս նախաձեռնությունը:
Փաստորեն` հիմա կառավարությունն ասում է, որ չի ուզում իր հարկային եկամուտներն ապահովել ընտանեկան կամ սոցիալական բիզնեսի ներկայացուցիչների միջոցով: Իսկ դրանց թիվը փոքր չէ: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանում այսօր գրանցված են մոտ 140 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից մշտական հաշվետվություններ են ներկայացնում մոտ 75-76 հազարը, իսկ մնացածը պասիվ վիճակում են: Այդ 75-76 հազարից էլ խոսքը շրջանառության հարկի դաշտում գործող մոտ 58-60 հազար տնտեսվարողների մասին է: Ընդ որում, այդ մոտ 60 հազար տնտեսվարողներից էլ, որոնց համար սահմանվում են հարկային արտոնություններ (շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցվում է 1 տոկոսի), մինչև 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսն առևտրի ոլորտում առհասարակ ազատվում է հարկերից: Իսկ ըստ Վարդան Այվազյանի հաշվարկների` այդ 60 հազար ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը` մոտ 47 հազարը, տարեկան մինչև 10 մլն դրամի շրջանառություն ունի:
Բայց պետությունն այստեղ այլ շահ ունի: Այս 60 հազար տնտեսվարողները, նախ` լինելով երկրում գործող ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը, բյուջեի հարկային մուտքերի մեջ շատ փոքր տոկոս են ապահովում: Փոխարենը սոցիալական խնդիրներ են լուծում` աղքատության հաղթահարման, զբաղվածության և այլն:
Բացի այդ, քանի որ դրվում է պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջ, խոշոր բիզնեսից սպասվող հարկային մուտքերի ավելացմամբ նոր եկամուտներ են ապահովվելու:
Մյուս կողմից, ինչպես ասվեց, այդ 60 հազար տնտեսվարողներից մոտ 47 հազարը տարեկան մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունի: Ընդունենք նույնիսկ, որ 12 մլն է շրջանառության ծավալը: Այսինքն` այդ տնտեսվարողներն ունեն ամսական 1 մլն դրամի շրջանառություն: Ընդունենք, որ դրանից 30 տոկոսը տնտեսվարողի շահույթն է կազմելու` 300 հազար դրամ: Ընդունենք թեկուզ մինչև 1000 ԱՄն դոլար: Բայց հիշենք, որ խոսքն ընտանեկան բիզնեսի մասին է, դրանով զբաղված են տվյալ ընտանիքի անդամները: Իսկ նման պարագայում այդ 300-400 հազար դրամ ամսական եկամուտը ընտանիքը ոչ թե կուտակում, այլ նորից դնում է շրջանառության մեջ ` առօրյա ծախսերը կատարելով, նոր ապրանքներից ու ծառայություններից օգտվելով, գնումների քանակը մեծացնելով, մի մասն էլ նորից ներդնում է իր բիզնեսի մեջ, այսինքն` այդ գումարը նորից մտնում է շրջանառության մեջ: Դրա մի մասը նորից հասնելու է խոշոր բիզնեսին ու արդեն հարկվելու է 25 տոկոսով ու ապահովելու է բյուջեի լրացուցիչ մուտքեր:
Բացի այդ, քանի որ մանր ու միջին բիզնեսն արդեն սկսում են փաստաթուղթ ուզել խոշորից, վերջինս չի կարողանում իր նախկին ստվերային շրջանառությունը պահել, ու ստվերը որոշ չափով կրճատվում է: Եթե այս դեպքում 1.5 անգամ էլ ավելանա շրջանառության ծավալը, ապա բյուջեի եկամուտները շատ ավելի կավելանան, քան բյուջեն կորցնում է ՓՄՁ-ներին հարկերից ազատելով կամ նրանց համար արտոնություններ սահմանելով:
Մի վտանգ կա, որը հատուկ է հարկային արտոնյալ ռեժիմներին: Այս դեպքում, եթե բիզնեսը գործում է մի դաշտում, որտեղ սահմանված են արտոնյալ հարկային ռեժիմներ, ապա տնտեսվարողը կարող է խուսափել այլ դաշտ տեղափոխվելուց: Օրինակ` ինչ-որ մեկն ունի ինչ-որ կազմակերպություն, որը զարգանում, խոշորանում ու հասնում է մի մակարդակի, որ արդեն պետք է անցնի, օրինակ, ԱԱՀ դաշտ: Եվ նա իր ընկերությունը բաժանում է երկու մասի, որ երկուսն էլ շարունակեն գործել արտոնություններից օգտվող շրջանառության հարկի դաշտում:
Փաթեթի հեղինակները դա նույնպես բացառում են` նշելով, որ Հայաստանում գործում է «փոխկապակցված անձերի» ինստիտուտը, երբ ստուգվում է ամբողջ պատմությունը` տերերը, շարժը և այլն` գումարած տույժ-տուգանքների գործիքները, որոնց մասին նշվեց վերը:
