Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր

11370_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

9Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալի ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում։ Շնորհավորում ենք Ցուգիո Մակիմոտոյին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանանալու առթիվ”: Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրեց ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։

Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային  նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսեց կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։

Ցուգիո Մակիմոտոն, տիկնոջ և Արա Ավետիսյանի հետՑուգիո Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձավ «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։

Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: “Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ”,-ընդգծեց պարոն Մակիմոտոն:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը

Եվգենի ԿասպերսկիՀոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:

Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:

Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:

Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

ՀՊՃՀ ռեկտոր պարոն Արա Ավետիսյանի հրամանների հայտնվելը համացանցում ավանդույթ դառնալու միտում ունի

XachatrianՕրեր առաջ ես զետեղեցի համացանցում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի արձակած հրամանը ՀՊՃՀ-ի 34 դասախոսների ազատման վերաբերյալ (տես, օրինակ, http://hetq.am/arm/news/29897/): Հիշեցնեմ, որ այդ քայլը միտված էր կանխելու ապատեղեկատվության տարածման փորձը, որ մեր համալսարանում իբր կրճատվել է ընդամենը 4 դասախոս: Արվածիս արդյունավետության մասին ինքներդ դատեք. ռեկտոր Ավետիսյանը այժմ 4-ի փոխարեն արտաբերում է 14:

Ամենայն հավանականությամբ, իմ այս քայլից հետո ոմանք կարծեցին, որ ռեկտորի հրամանները համացանց ուղարկելը վատ միտք չէ: Իրոք, եթե, օրինակ, մամուլ ուղարկվի հետևյալ կերպ վերնագրված ռեկտորի մի հրաման` “Պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով ստեղծելու մասին”, ապա կարելի է ակնկալել, որ հասարակության մոտ գոնե կարճ ժամանակով կարծիք կձևավորվի, թե ՀՊՃՀ-ում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Այնուհանդերձ, հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովից հետո ՀՊՃՀ-ում իրավիճակը էլ ավելի թեժացել է: Ոմանք, թե կատակ, թե ճիշտ հույս հայտնելով հա կրկնում են. կարողա՞ երկրի ղեկավարությունը ՀՊՃՀ-ի 80-ամյակի առիթով նվեր անի` ազատագրի կոլեկտիվը Արա Ավետիսյանից:
Այն, որ անհրաժեշտության դեպքում Արա Սերգեյիչը կարող է արձակել թերի հիմնավորումներով հրամաններ, գոնե ինձ, հայտնի է: ՀՊՃՀ-ի ներկայիս ռեկտորի ղեկավարման ժանրը չի բացառում նաև հրամանների հիմքում դնել ՀՊՃՀ-ի գիտխորհրդի որոշումներ, որոնք չէին ընդունվել, այլ կերպ ասած, կեղծել գիտխորհրդի որոշումները: Ինչևէ, փաստն այն է, որ նման վերնագրով հրաման ռեկտորի կողմից արձակվել է, այնուհանդերձ հրամանը դա միայն վերնագիրը չէ (տես http://news.am/arm/news/175728.html): Մասնավորապես, հրաման կարելի է արձակել միայն համապատասխան հիմնավորման դեպքում: Եթե վարչարարության հետ ծանոթ որևէ մեկը ուշադիր կարդա կարգավորման հանձնաժողի հրամանը, ապա նա կարձանագրի, որ այդ հրամանը որևէ իրավական հիմք չունի.

Հիմք ընդունելով պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հրավիրված արհեստակցական կազմակերպության ժողովում քննարկված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը. Հրամայում եմ՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ և այլն
Հարգելի տիկնայք և պարոնայք, հանկարծ չկարծեք, որ ասվածով ես ցանկանում եմ ինչ-որ բան լսեցնել պարոն ռեկտորին, որը նմանատիպ ակնարկների դեպքում ասում է`դուրդ չի գալիս գնա ու ում ուզում ես ասա, կամ գնա դիմի դատարան: Ես պարզապես ծանոթացնում եմ Ձեզ մեր աշխատանքային պայմանների հետ, երբ մարդ հրաման է արձակում հիմնվելով բացառապես իր տպավորությունների վրա, առանց մատնանշելու որևէ իրավական նորմ կամ նորմատիվ ակտ` միտված նմանատիպ հարցերի լուծմանը: Հավելեմ նաև, որ քննարկումների արդյունքում արհեստակցական կազմակերպության ժողովում որևէ որոշում չի ընդունվել: Եթե պարոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, իր հրամանի հիմք փորձում է դարձնել կոլեկտիվի ժողովը, ապա հետևողական լինելու համար նա պետք է ձևակերպի ինքն իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու հրաման, հիմք ընդունելով, օրինակ, երկու նախկին ռեկտորների` պրոֆեսոր Յուրի Սարգսյանի և պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի բացասական ելույթները մեր ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականության վերաբերյալ, ուսանողական խորհրդի նախագահ` պարոն Գոռ Վարդանյանի Ձեր նորարարության արդյունքում ուսումնական պրոցեսում ծագած պրոբլեմների վերաբերյալ զեկույցը և այլն:
Վերանշված հրամանի հիմքը թերի է նաև կազմի ձևավորման գործընթացի առումով: Հանձնաժողովի շատ անդամներ, այդ թվում նաև ես, իրազեկվում է նրա կազմում ընդգրկվելու մասին համացանցից: Թողնելով, մի կողմ հարցի էթիկական կողմը, փաստենք հետևյալը. անձը, առանց իր համաձայնության, ներգրավվել է հանձնաժողովի աշխատանքների մեջ: Դրան կարելի է տալ հետևյալ որակումը. ռեկտորը իր հրամանով պարտադրում է անձին կատարել հավելյալ աշխատանք, որը չի մտնում իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան անմիջական պարտականությունների մեջ: Դա ըստ իս աշխատանքային նորմերի կոպտագույն խախտում է: Եթե դա այդպես չէ, ապա պարոն ռեկտորը կարող է հրամանի միջոցով պարտադրել մեզ մասնակցել ՀՊՃՀ-ի լսարաններից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Մի պահ վերանանք ռեկտորի հրամանի իրավական ու էթիկական հիմնավոր չլինելու հանգամանքից: Փորձենք հասկանալ, թե կոլեկտիվի արհեստակցական կազմակերպության ժողովում բարձրացված ո՞ր հարցն է կոչված այն լուծելու: Մասնավորապես, իմ համար անհասկանալի է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը կապակցությունը: Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործընթացը առանց կառավարման խորհրդի, և ինչո՞վ է պայմանավորված ռեկտորատի և գիտական խորհրդի արտահերթ նիստերի հրավերը: Արդյո՞ք սա փորձ չէ ռեկտոր Ավետիսյանի կողմից, իր նախկինում միանձնյա կերպով ընդունած որոշումներին, ճնշելով ռեկտորատի և գիտական խորհրդի վրա, հաղորդել կոլեգիալ բնույթ:
Արհեստակցական միության ժողովից կոլեկտիվի անդամներից շատերի համար պարզ դարձավ, որ ռեկտոր Ավետիսյանը հակված չէ երկխոսության: Դրա մասին է ուղղակիորեն վկայում իր կողմից հապճեպ ձևակերպած կազմավորման հանձնաժողովի վերաբերյալ հրամանը: Հետևաբար, մեր կոլեկտիվը, պետք է վճռական, հետևողական և կազմակերպ լինի ռեկտոր Ավետիսյանին պաշտոնանկության հարցում` մասնակցելով կառավարման խորհուրդ հրավիրելու ստորագրահավաքին:
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը, պետք է, որ նոր հրաման արձակի հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հրամանը չեղյալ համարելու համար: Ակնկալվող հրամանը ևս պետք է զետեղել համացանցում: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ նոր հրամանի հիմնավորում բաժինը:
ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա.Ժ.Խաչատրյան

Անհասկանալիորեն հասկացվածը.Ի պատասխան ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետսիյանի news.am-ի հարցազրույցին

Վերջին օրերս ՀՊՃՀ-ի շուրջ մամուլում տեղ գտած տեղեկությունների հետ կապված, համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի News.am-ի թղթակցին տրված հարցազրույցում (http://news.am/arm/news/174546.html) իմ անունը շոշափելու առումով ցանկանում եմ ասել հետևյալը.
Իմ կողմից ՀՊՃՀ-ի գիտական խորհրդում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատա-վարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ հնչել է քննադատություն, որի վերաբերյալ ռեկտորի և իմ միջև եղել է առանձնազրույց, որի վրա է հղվում պրն. Ավետիսյանը News.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցում: Ես կարծել եմ, որ իմ և ռեկտորի միջև ունեցած խոսակցությունը չարժեր դարձնել քննարկման առարկա, քանի որ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ին նախատեսված է կոլեկտիվի արհկոմի նիստ, որում ռեկտորը կանի որոշակի մեկնաբանումներ իր արած քայլերի վերաբերյալ, որոնց հետևանքով տեղի է ունեցել աշխատավարձի զգալի նվազում, ուսումնական բեռի աճ և այլն: Համարել եմ, որ մեր առանձնազրույցի մասին բարձրաձայնելը և այն հանրային քննարկման առարկա դարձնելը, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել կոլեկտիվի հոկտեմբերի 14-ի ժողովում քննարկման բովանդակության վրա` հանդիսանալով տարաբնույթ շահարկումների առիթ: Կարծել եմ նաև, որ քննարկումները պետք է արվեն, նախ և առաջ, կոլեկտիվում` անկաշկանդ մթնոլորտում, կառուցողական հունով:
Ինչևէ, եթե պրն. Ավետիսյանը ստիպված է եղել հայտնել մեր առանձնազրույցի մանրամասները` այն էլ աղավաղված տարբերակով, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում անել որոշ մեկնաբանություններ News.am-ի թղթակցին իր ասածի վերաբերյալ:
Իրոք, ռեկտորի առաջարկով, իր և իմ միջև տեղի է ունեցել առանձնազրույց, վերաբերող համալսարանի գիտխորհրդում իմ կողմից հնչեցված քննադատականին: Ռեկտորը փաստեց, որ աշխատավարձերի առումով իրոք կա խնդիր, և որ ինքը այդ առումով մտադիր է ձեռնարկել որոշակի քայլեր: Ես ողջունեցի ռեկտորի իր նախկին որոշումը վերանայելու հակվածությունը և հույս հայտնեցի, որ իրավիճակը շտկելուն ուղղված իր նախաձեռնելիք քայլերի մանրամասները պետք է հայտնի կոլեկտիվին` հոկտեմբերի 14-ի ժողովում: Ես հավելեցի նաև, որ իր հանդիպումը կոլեկտիվի հետ խիստ անհրաժեշտ է, քանի որ կոլեկտիվը չափազանց լարված է և աշխատավարձի իջեցումը ձմռան շեմին, այս թանկացումների պարագայում անթույլատրելի է և ձևավորում է համալսարանում պայթյունավտանգ իրավիճակ: Ստեղծվածի առումով ես ռեկտորից որևէ պարզաբանում չեմ ստացել, ավելին` ես չեմ ասել … այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան … ավելին` ես պնդել եմ լրիվ հակառակը.
հարգելի պարոն Ավետիսյան ջան, ես բացարձակ չեմ հասկանում Ձեր որևէ քայլ, որը հանգեցնում է
ա) պրոֆեսորադասախոսական անձնկազմի աշխատավարձի չափի զգալի նվազման,
բ) նրա ուսումնական բեռնվածքի էական աճի, առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում հետևյալին զուգահեռ՝
ուսման վարձի ավելացում,
բեռնվածքների միջինի ավելացում և լսարանային-արտալսարանային ժամերի հարաբերակցության խիստ աճ,
մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով ուսումնառության իրականացում,
արտալսարանային ժամերի աննախադեպ կրճատում,
պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի շարունա-կական բնույթ կրող կրճատումներ և այլն:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ հասկանում նաև ձեր միտումը արհեստածին եղանակով պակասեցնել մեր համալսարանի պրոֆեսորների և դոցենտների քանակը: Ես չեմ ընդունում նաև, երբ դա արվում է հապճեպ եղանակով, նախադեպը չունեցող ծավալի ընտրություններով, դասախոսական միջավայրում դժգոհություններ հրահրող ճանապարհով, մարդկանց իրավունքի և վաստակի արհամարմամբ և այլն:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ցուցաբերած այն անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը, երբ հարկ չի համարվում տեղեկացնել մեզ` մեր աշխատավարձի չափի մասին: Աշխատավարձի մասին մենք տեղեկանում ենք դասերը սկսելուց մեկ ամիս անց: Մեր աշխատանքային պայմանագրերը մեզ հրամցվում են ստորագրման հոկտեմբերի 1, 2- ի դրությամբ, երբ կոլեկտիվը երկու ամսից ավել աշխատավարձ չի ստացել ու շատ աշխատակիցներ իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական գոյության պահպանման համար ճարահատյալ պարտադրված են այդ պայմանագրի ստորագրմանը: Կատարվածը ոչ միայն աշխատանքային օրենսդրության պահանջների համապատասխան դրույթների կոպտագույն խախտում է, այլ նաև ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից սեփական կոլեկտիվի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դրսևորում, երբ իսկզբանե համարվում է, որ կոլեկտիվը անկախ վարձատրման չափից ճարահատյալ պարտադրված է իրականացնել չհիմնավորված կամայական ծավալի ուսումնական բեռնվածք: Հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ նման միջոցառումները խիստ բացասաբար են անդրադառնում ուսումնական պրոցեսի և ուսանողությանը որակյալ կրթություն տալու առումով:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք Ձեզ իրավունք վերապահել Ձեզ ցանկալի ոճով մեկնաբանել գիտխորհրդի որոշումները, և ավելին, վերագրել գիտխորհրդին որոշումներ, որը նա չի ընդունել: ՀՊՃՀ-ի բոլոր աշխատակիցներին հայտնում եմ, որ վարձաչափերի վերաբերյալ գիտական խորհուրդը որևէ որոշում չի ընդունել:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ կիսում ձեր զարմանքը, թե ինչու են մարդիկ դժգոհում, երբ նրանց աշխատավարձը պակասում է: Ձեզ հասկանալի և ինձ անհասկանալի բաներ շատ կան և այդ ամենի մասին ես Ձեզ ասել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով այդ ամենը թղթին տալը համարում եմ այժմ ոչ նպատակահարմար:
News.am-ի թղթակցին տված իր հարցազրույցում ռեկտոր Արա Ավետիսյանը թույլ է տվել իրեն անհարգալից արտահայտվել մեր համալսարանի պրոֆեսորներից մեկի՝ Է. Մանուկյանի հասցեին, մատնանշելով վերջինիս վատ տեսողություն ունենալու հանգամանքը, փորձելով տանել որոշ զուգահեռներ տկարության և կուրության միջև: Ասվածը դուրս է բարեկրթության բոլոր նորմերից: Պրոֆեսոր Է. Մանուկյանը պատկանում է գիտնականների հայտնի տոհմին: Նա ճանաչված մասնագետ է ինֆորմատիկայի բնագավառում և այժմ զբաղվում է մեքենայական թարգմանության հիմնախնդիրով: Ռեկտոր Ա. Ավետիսյանին, որը, ի դեպ, մասնագիտությամբ մեխանիկ է, պետք է հիշեցնեմ, որ հայտնի մեխանիկ-մաթեմատիկոս Լ. Էյլերը ևս ունեցել է խնդիրներ տեսողության հետ և երբ ռուսաց կայսրը հրավիրեց նրան աշխատանքի Սանկտ Պետերբուրգ, բոլորին հայտնի էր, որ նրա լսարան մտնելը, և առավել ևս գրատախտակին որևէ բան գրելը պրոբլեմատիկ է: Ցավոք սրտի «Առավոտ» օրաթերթին պրոֆեսոր Է. Մանուկյանի տված գնահատականները մոտ են իրականությանը: Ընթերցողի գնահատականին եմ թողնում, օրինակ, մեր վերջին գիտխորհրդի նիստում ռեկտորի կողմից հնչեցված, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանին ուղղված հետևյալ արտահայտությունը.
քեզ գոնե մի քիչ հարգում եմ, դրա համար քո հարցին կպատասխանեմ:
Համաձայն ռեկտոր Ա. Ավետիսյանի, իր նորամուծությունների արդյունքում որոշ մարդիկ վախենում են բացահայտել իրենց կերպարը, իրենց տեսակը: Հարկ եմ համարում ասվածին հակադարձել հետևյալով՝
հարգելի պարոն Ա. Ավետիսյան, Ձեր վարած քաղաքականության արդյունքում մեր համալսարանը կանգնել է կոլապսի առջև: Դուք չունենալով ուսումնական բեռնվածք հաշվելու, կազմելու, բաշխելու որևէ փորձ, ձեռնարկել եք մի գործնթաց, որը ընկած է ուսումնական պրոցեսի ձևավորման ակունքում: Դուք չունենալով մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով դասավանդման սեփական փորձ, կարգադրել եք ուսումնառությունն իրականացնել նման կերպ, ինչը, հավատացեք, բացասաբար է անդրադարձել ուսումնական պրոցեսի վրա: Տարատեսակ հնարքներով Դուք փորձում եք ամեն կերպ քիչ վարձատրել դասախոսին, նրան հնարավորինս շատ բեռնելով, առանց հաշվի առնելու այն, որ դա կարող է վատ անդրադառնալ ուսումնական պրոցեսի վրա, հաղորդելով վերջինիս իմիտացիոն բնույթ:
Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր ասածից ու արածից հասկանում եմ միայն մեկ բան: Դուք ամեն կերպ խուսափում եք կոլեկտիվի հետ հանդիպումից, երբ Ձեզ պարզ դարձավ, որ սկսվել է բողոքի մեծ ալիք, ինչի մասին վկայում է իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 150-ից ավելի ստորագրություն՝ ի դժգոհություն ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականությանը: Ձեր՝ այս շաբաթ ռեկտորատի նիստ հավաքելը, ըստ ամենայնի, հետապնդում է հետևյալ նպատակը՝ կիրառելով վարչական լծակ, ինչ-որ կերպ քողարկել դժգոհության ալիքը և կասեցնել կոլեկտիվի նիստին միտված ստորագրահավաքը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ում հնարավոր դասադուլին, ապա այստեղ ես համակարծիք եմ ռեկտորի հետ:

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան