ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Էդվարդ Նալբանդյան–         Հարց. Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։

–         Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։

–         Հարց. Այսինքն անորո՞շ է …

–         Պատասխան.  Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։

–         Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։

–         Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։

–         Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:

–          Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։

–         Հարց. Պարոն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:

–         Պատասխան. Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։

–         Հարց. Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո ինտրիգ է չէ՞ առաջանում:

–         Պատասխան. Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրու՞մ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:

–         Հարց. Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…

–         Պատասխան. Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:

–         Հարց.  Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր…:

–         Պատասխան. Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:

– Հարց. Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն Եվրամիության հայացքը թեքվի դեպի…

–         Պատասխան. Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի:

–                  Հարց. Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով, քննարկումներ կան, ինչ կասեք։

–         Պատասխան. Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։

 

 

 

 

 

 

 

 

 

Իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներին հայտնեց, թե կոալիցիոն խմբակցությունները նախապես որոշել էին չտապալել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ կարծքում էին, թե ընդդիմությունը ընդամենը առաջարկում է պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը հետաձգել մեկ տարով, սակայն, երբ տեսան, որ խոսքը վերաբերում է բովանդակային քննարկումներին, հասկացան, որ անիմաստ է արդեն քննարկած հարցերը նորից քննարկելը:

Թեև այս պահին ժողովրդի մի ստվար խումբ բողոքի ցույց է իրականացնում հենց միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե այդ ինչ 50 տոկոս գանձում է իրեն պարտադրվելու, Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրականում օդում կախված հարցեր չկան. ՛՛Քաղաքական թիմը մեկ տարի իրականացրել է քննարկումներ, և օդում կախված հարցեր պարզապես մնալ չէին կարող՛՛, – հայտարարեց նա և լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ այդ դեպքում իրենք, ինչպես ասում են ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, վախեցան մասնակցել բովանդակային քննարկմանը, պատասխանեց. ՛՛Դե դա էլ կարծիք է՝ թող լինի, բայց իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է՛՛:

Քաղաքական մեծամասնությունը բոյկոտել է արտահերթ նիստը, քանի որ, ըստ երևույթին, չունի որևէ հակափաստարկ. Ստեփան Մարգարյան

ստեփան մարգարյանԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը գտնում է, որ ՛՛քաղաքական մեծամասնությունը բոյկոտել է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ, ըստ երևույթին, չունի որևէ հակափաստարկ՛՛: Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին՝ ընդգծելով, որ ՛՛ծիծաղելի է, երբ նման քայլն անում է մեծամասնությունը՛՛:
Ստեփան Մարգարյանը պարտադիր կուտակային բաղադրիչի անցումը համարում է կոպիտ սխալ մի քանի տեսանկյունից. ՛՛Նախ կառավարությունն ասում է, թե այդ 5 տոկոս կուտակումները թոշակի տեսքով վերադարձվելու են մարդուն, ուստի դա հարկ չէ, բայց չէ՞ որ դեռ պարզ չէ, թե 20-40 տարի հետո ինչ արժեք կունենա այդ գումարը, ինչ ինֆլյացիա կգնա Հայաստանում: Բացի սա, այդ մարդիկ դեռ պետք է ապրեն 40 և ավել տարի, որ ստանան գումարի վերադարձը: Մյուս կողմից բախվում ենք աշխատավարձերի բարձրացմանը. ոչ մի բարձրացում էլ չի լինում, եթե նկատի ենք առնում հենց այս կուտակային բաղադրիչը՛՛, – իր խոսքում նշեց Ստեփան Մարգարյանը՝ շեշտելով, որ աշխատավարձերի բարձրացումն իր մեջ ունի դրական միտում, սակայն հենց այն, որ իրենք, այնուամենայնիվ, դեմ են քվեարկել օրենքին, նշանակում է, որ իրենց խմբակցությունում հստակ տեսնում են՝ սխալներ են առկա օրենքի գործակիցների և մեթոդաբանության մեջ: