Մշակույթի նախարարությունը համալիրի գործով ոչ մի քայլ չի ձեռնարկում. համալիրի աշխատակից

համալիր«Հրապարակային սակարկությունների օրենքի համաձայն պետք է նշված լիներ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է, սակայն այդ մասին ավելացվել է, երբ հայց ենք ներկայացրել: Մշակույթի նախարարությունն  ոչինչ չի անում, ոչ մի քայլ չի ձեռնարկում այս հարցի վերաբերյալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

Նա  նշեց, որ իրենք շատ պատահական են իմացել, որ ֆինանսների նախարարությունը դիմել է դատարան, և համալիրը պետք է աճուրդի հանվի: Նրանք դիմել են նախարարություն խնդրելով, որ որոշ ժամանակով երակարձգվի վարկի մարման ժամկետը, «Մեզ ասացին, որ գործը արդեն դատարանում է: Եթե մեզ տային  մեկ կամ երկու տարի, համալիրը կմարեր ողջ պարտքը»,- ասաց նա

Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք նոր նախաձեռնություն են սկսում և իրավական ծանրակշիռ փաստարկներ են հավաքելու ԴԱՀԿ-ին ոչ իրավասու կառույց ճանաչելու համար: Այստեղ արդեն խոսքը վերաբերելու է ոչ միայն համալիրին, այլև Երևանի բնակիչներին: «ԴԱՀԿ-ը շատ անօրինական գործեր է արել: Հաշիվը, որը պետք է ղեկավարեր բաժնի պետը, այսօր տնօրինում է պարոն Պողոսյանի օգնականը, այսինքն՝ հաշիվները տնօրինվում են իրենց հայեցողությամբ»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ սեփականատերը փորձում է լավագույն ձևով լուծում տալ այս խնդրին, ցանկանում է ամեն ինչ անել միայն իրավական դաշտում և չտալ գործին քաղաքական երանգ:   2005 թվականին, երբ ներկայիս սեփականատերը ձեռք է բերել պատմամշակութային կառույցը, շենքը ոչ բարվոք վիճակում է եղել. «Այն արդեն փլուզվում էր, երբ ձեռք բերեցինք: Մարզահամերգային համալիրի ձեռքբերման նախապայման է եղել, որ այն մենք պետք է վերազինենք: Եղել է պայմանավորածություն, որպեսզի անենք ներդրում և մենք արել ենք: Երկու տարվա ընթացքում կատարվել է 42 մլն դրամի ներդրում»:

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել երեկ կայացած դռնփակ նիստին. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի վերաբերյալ հարուցված գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Երեկ դռնփակ նիստ է կայացել, որին ես հրաժարվել եմ մասնակցել: Միջնորդություն է արվել, որպեսզի գործը կասեցվի և  ուղարկվի Սահմանադրական դատարան: Սակայն տեղյակ չեմ, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, քանի որ չեմ մասնակցել»,- նշեց նա:

 

 

 

Համալիրը աճուրդի է հանվել որպես սովորական անշարժ գույք. փաստաբան

համալիր«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել՝ քողարկելու ՀՀ կառավարության կողմից կատարած սխալ վարկային պարտավորությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։ Ըստ նրա, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով, որոշ ուժեր մտադիր են ստվերել համալիրում 2005-2007թվականների ընթացքում կատարված մոտ 42 միլիոն դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը. նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով որոշ մարդկանց՝ համալիրը իրենց համար հարմար գնով ձեռք բերելու ցանկությունը։ Թե ում է խոսքը վերաբերում, Գրիգորյանը չնշեց։ «Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել» ,- հավելեց նա։
Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն  ընդգծեց, որ համալիրը աճուրդի է հանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ կառույցն  ունի պատմամշակութային արժեք։ Համալիրի փաստաբանները դիմել են  մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում պատմամշակութային արժեք հանդիսացող համալիրը, բայց ստացել են պատասխան, որ դեռ նման չափորոշիչներ մշակված չեն:  «Ստացվում է, որ համալիրը աճուրդի հանելիս այն գնահատվել է որպես սովորական անշարժ գույք», – ասաց փաստաբանը ՝ նշելով, որ գործն  այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարել։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։

Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին

համալիր19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 48 մլն դոլար). օրեր առաջ այս նախնական գնով աճուրդի հանվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է, բայց այդպես էլ գնորդ չհայտնվեց, և աճուրդը դադարեցվեց: Աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտի երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, և լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:

Բայց նախ հիշենք շենքի մասնավորեցման գործընթացը: Համալիրը կառավարության որոշմամբ օտարվել է դեռ 2005 թ. 5 մլն 750 հազար դոլարով մոսկվաբնակ գործարարներ Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թ.:
Փաստորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ սեփականատերը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու շենքի պատմա-մշակութային կողմին: Համալիրը բերվել է պատշաճ տեսքի ու մակարդակի: Սակայն սա հարցի մի կողմն է:
Իսկ թե ինչ կապ ուներ այս պատմության հետ պետությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարությունը, պարզվեց, որ «Բամո» ընկերությունը շենքը գնելուց հետո գրավ է դրել Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, և համալիրը, որպես գրավի առարկա, անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Վարկը տրամադրվել է ռուսական կողմից. 2008 թ. ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել, որից 20 մլն դոլար տրվել է «Բամո» ընկերությանը: Ռուսական վարկը Հայաստանի իշխանությունների կողմից մարվել է 2013 թ.: Ամենայն հավանականությամբ, համալիրի սեփականատերերը, ավելի ճիշտ՝ սեփականատերը, քանի որ Մուրադյան եղբայրներից մեկը Մոսկվայում սպանվեց, չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, և շենքը հանվել է աճուրդի:
Սակայն, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համալիրն աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ դրանք համարելով անօրինական:

«Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: ԴԱՀԿ-ն հրաժարվում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն տրամադրելուց: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 մլրդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014 թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի»,- նշված է մարզահամերգային համալիրի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Այս պատմության մեջ իրավական կողմը, իհարկե, կարևոր է, մանավանդ որ կողմերից մեկը պետությունն է, սակայն հանրությանն առավել անհանգստացնում է հանրապետական նշանակության կառույցի ճակատագիրը, քանի որ շենքի աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ կետով նշված չէ կառույցի կարգավիճակը, և ստացվում է, որ նոր գնորդը կարող է վարվել դրա հետ որպես սովորական մի շինության:
«Դա տարրական անգրագիտության հետևանք է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը, ի դեպ, եղել է այդ փառավոր շենքի երկու կոնստրուկտորներից մեկը:
Գրիգոր Ազիզյանն ասում է, որ աճուրդի դրված օբյեկտը ճիշտ չի ձևակերպված, նշված չէ, որ այն պատմամշակութային հուշարձան է, և գնորդը պարտավոր է պահպանողական պայմանագիր կնքել և այլն: «Նույնն էլ արվեց Ծածկած շուկայի դեպքում, չնայած այն դեպքում դիտավորյալ էր արված, իսկ մարզահամերգայինի դեպքում, կարելի է ասել, եղել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տրված տարրական սխալ և անգրագիտություն»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ սխալը կշտկվի, քանի որ այն խիստ ակնհայտ է, և պատմամշակութային շենքին որևէ վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է պետության և մասնավոր ընկերության միջև ծագած վեճին, ապա Ազիզյանը կարծում է, որ այնուամենայնիվ, համալիրի սեփականատերը եղել է բարեխիղճ, իր պարտավորությունները կատարել է պատվով, և այսօր շենքը շատ լավ վիճակում է: «Սակայն համալիրի ղեկավարները լավ մենեջերներ չեն եղել, քանի որ դա այնպիսի շենք է, որ պետք է ավելի լուրջ ձևով շահագործվեր, կազմակերպվեին լուրջ միջոցառումներ, համերգներ: Դա էլ, հավանաբար, հանգեցրել է պարտքերի գոյացման»:
Ազիզյանը նշում է, որ շենքը ո՛չ ժամանակին է իրական արժեքով վաճառվել, ո՛չ էլ այսօր է իրական արժեքով աճուրդի հանվել, քանի որ դրա իրական արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Մարզահամերգային համալիրի համահեղինակ, Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ շենքի կառուցումը նախատեսված էր սկսել 60-ականներին և մինչև 1970 թվականը հասցնել ավարտին՝ որպես նվեր Խորհրդային Միությունից Խորհրդային Հայաստանին ՝ խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Սակայն ֆիզիկապես հնարավոր չեղավ հասցնել, ուստի որպես նվեր կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:
Հիշում է, որ համալիրի շինարարությունը սկսվեց 70-ականների վերջերին, իսկ 1980-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար օլիմպիադան, և ֆինանսավորում ստանալու համար շատ բարդ ժամանակաշրջան էր: Սակայն, Հայաստանի իշխանություններին հաջողվեց գումար ստանալ շենքի շինարարության համար:
Կառույցը 1987 թ. Խորհրդային Միության կողմից ստացավ պետական մրցանակ, ինչն աննախադեպ էր Խորհրդային Հայաստանի պատմության մեջ:
«Ինձ ոչ թե աճուրդն է մտահոգում, այլ այն, թե ում է շենքը վաճառվելու, և շենքի գնորդն արդյոք ի վիճակի է նույն ձևով պահպանել կառույցը, թե ոչ,- ասում է Մուշեղյանը,- պայմանագրային հարաբերությունները պետք է այնպես կազմվեն, որ անկախ նրանից՝ ով է սեփականատերը, շենքը պահպանվի նույնությամբ: Իսկ այսօրվա սեփականատերը պասիվ է շենքն օգտագործում, թե ակտիվ, նորմալ ձևով շենքը պահպանում է, և ցանկացած միջոցառում, ցանկացած պահի այնտեղ կարելի է իրականացնել»:

Անկախ

ԴԱՀԿ-ում օրացույցը հետ է աշխատում

դահկ  Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված անհասկանալի քաոսում

պետական ատյանների խառնիճաղանջ, անտրամաբանական քայլերի ականատեսՆ ենք դառնում: Հերթական վառ ապացույցը ստորև փաստաթուղթն է, որը պատասխանն է ՄՀՀ ՓԲԸ-ի կողմից 08.05.2014թ-ի  Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությանը տրված դիմումին, այն է՝ ներկայացնել օֆշորում գրանցված կասկածելի կազմակերպության և փորձագետի՝ մշակութային կոթողը այդ կերպ գնահատելու վերաբերյալ եզրակացության հիմքերը և մանրամասնությունները:

Ի պատասխան դիմումի ԴԱՀԿ-ը 12 օր հետո տվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հետևյալ պատասխանը.

“Հայտնվում է, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու և պատճենահանումներ կատարելու համար կարող եք ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայանալ 30.05.2014թ-նի ժամը՝ 11:00-ին”:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-Ի կողմից ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 19.05.2014-ին և ավարտվում է 29.05.2014թ –ի ժամը 13:00-ին :

 

Հարց. Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ը քողարկում կասկածելի կազմակերպության ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված գործունեությունը:

 

ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անկախ

 

Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել. ճարտարապետներ

մուշեղյան,Սաշուր Քալաշյան«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում որևէ բառ անգամ չկա, որ այն պատմամշակութային հուշարձան է: Խնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետը նշեց, որ շատ հոդվածներ է կարդացել. բոլորում խնդրի մասին խոսում էին միայն ճարտարապետները, մինչդեռ խնդիրը իրավաբանական է. հուշարձանների պահպանումը ամրագրված է օրենքով։

«Ամեն ինչ մանրամասն նկարագրված է, բայց ոչ մի բառ հուշարձանի մասին: Կառավարությանը միայն հետաքրքիր է իր գումարները վերադարձնելը, իսկ Դատական համակարգին՝ միայն թվաբանությունը: Խնդրի հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել»,- հավելեց նա։

 

Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը նշեց, որ, եթե այսօր համալիրը անհրաժեշտ է քաղաքացիներին՝ սպորտային ու մշակութային միջոցառումների համար, նշանակում է, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի ու օգնի մասնավորին: «Իրականում սեփականատերը միշտ էլ կարող է փոխվել, հարցը այստեղ այլ է՝ արդյոք հաջորդը կունենա շահագործելու պոտենցիալ, թե՝ ոչ»։

 

Գուրգեն Մուշեղյանը հիշեցրեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը միակ կառույցն է, որը Խորհրդային Միության ժամանակ արժանացել է պետական մրցանակի. « Երբ ընտանիքը հուշ նշանակող առարկա է ունենում, որքան էլ ծանր լինեն պայմանները, չի վաճառում այն, քանի որ պետք է փոխանցի դա հաջորդ սերունդներին, դրանք պատմություն են նշանակում։ Նույն էլ վերաբերում է հուշարձանին, որը ազգի սեփականությունն է»,-  ասաց նա։

 

 

 Անկախ