Երևանում կայացավ «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովը

միջազգային գիտաժողովը    Այսօր ավարտվեց երեկ մեկնարկած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գիտաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ-ի տնօրեն  Հայկ Դեմոյանը: «Կովկասում պանթուրքիստական գործակալական ցանցի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» թեմայով հիմնական զեկուցում ներկայացրեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին ՌԴ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից՝ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հունգարիայից, Լեհաստանից և Նորվեգիայից: Գիտաժողովի ընթացքում արժեքավոր և հետաքրքիր զեկույցներ հնչեցին հետևյալ թեմաներով`
• Պատերազմ և ցեղասպանություն

• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ

• Զինվորական լուսանկարիչները և “մոռացված պատերազմի” Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը

• Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում

• Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության

• Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը

• Պատերազմը և կամավորական շարժումը

• Մարդասիրական օգնությունը և փախստականները

• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում

Մասնավորապես ուշագրավ էին Հայկ Դեմոյանի, Արսեն Ավագյանի, Հարություն Մարությանի, Ռուբինա Փիրումյանի (ԱՄՆ), Մելինե Անումյանի, Վերժինե Սվազյանի, ինչպես նաև ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկինի անվան 2014թ. դրամաշնորհային ծրագրի կրթաթոշակառու Սյուզան Ռոսիթա Մեյրեմ Քալայջըի (Իտալիա) զեկույցները: Գիտաժողովի կազմակերպիչները ողջունեցին հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջոցառմանը և հույս հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունները կշարունակվեն աշխարհի տարբեր երկրներում:

Գիտաժողովի շրջանակներում ապրիլի 21-ին տեղի ունեցավ նաև «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որտեղ ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:

Անկախ

Երևանում մեկնարկել է «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» միջազգային գիտաժողովը

Աթաթյուրքից` ԷրդողանԱյսօր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա նստաշրջանների աշխատանքներին  մասնակցում են թուրքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ, բանասերներ, փիլիսոփաներ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից: Գիտաժողվի մասնակիցների զեկույցները անդրադառնում են Թուրքիայի Հանրապետության 90-ամյա պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին և ներկա քաղաքական զարգացումներին վերաբերող հիմնախնդիրներին:
Այսօր գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռ. Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը: Նստաշրջանի առաջին օրը արտասահմանցի մասնակիցներից ուշագրավ ելույթներ ունեցան Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնից բ.գ.թ. Եվգենի Բախրեվսկի «Ժամանակակից Թուրքիայի գաղափարական ուղենիշները և նախագծերը. նոր օսմանականություն, թուրքական եվրասիականություն, մուսուլմանական Հռոմ» թեմայով, Սանկտ Պետերբուրգի համալսարանից փ.գ.դ., պրոֆ. Տիգրան Թումանյանը «Թուրքիա-Իսրայել. ժամանակակից քաղաքական հարաբերությունների դինամիկան» զեկույցով, Թուրքիայի Սաքարիայի համալսարանից Էգեմեն Բեզջին «Հարաբերությունները քաղաքացիական իշխանությունների և զինվորականների միջև Թուրքիայում. վերջին տասնամյակի քննություն» թեմայով, իսկ թուրքական Էրջիյես համալսարանը ներկայացնող Քըվամ Քադիրը ելույթ ունեցավ «1945-1960 թթ. Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները Արևմտյան դաշինքի շրջանակներում» զեկույցով:
Գիտաժողովի երկրորդ նստաշրջանը և փակումը տեղի կունենա վաղը ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում:

 

 

 

Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով

Միջազգային գիտաժողով,Ռումինիա

Միջազգային գիտաժողով,Ռումինիա

     Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի դեսպանության եւ Ռումինական ակադեմիայի համատեղ ջանքերով, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի աջակցությամբ:

Գիտաժողովը հանդիսավորապես բացեցին Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել Բարբուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

«Ռումինիան եվրոպական տարածքի վրա, եւ ոչ միայն, հայերի բազմադարյա ներկայության, հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ վայրերից է: Դարեր ի վեր հայերն անջնջելի հետք են թողել ռումինական տարածքների վրա, նպաստել այս երկրի ձեւավորմանը եւ զարգացմանը, տվել փայլուն դեմքեր ռումինական կյանքի բոլոր բնագավառներում: Այս մասին շատ է գրվել եւ խոսվել: Այսօր էլ այս նյութը հանրային հետաքրքրության առարկա է թե՛ հասարակության լայն շերտերի, բավական է միայն հետեւել մամուլին եւ հայկական իրադարձությունների ցանկին, թե՛ գիտական-հետազոտական շրջանակների մոտ: Դրա մասին են վկայում ժամանակակից ռումինացի եւ այլ հեղինակների հարյուրավոր ուսումնասիրությունները եւ հրատարակությունները», – իր խոսքի մեջ ասաց դեսպան Գասպարյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջեւ քայլեր են արվել այդ ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ զարգացման ուղղությամբ, ստեղծվել է իրավական լուրջ հիմք` ստորագրվել են ոլորտը կարգավորող միջպետական մի շարք համաձայնագրեր, որոնց շարքում 2011թ. սեպտեմբերին Բուխարեստում ստորագրված մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հնգամյա ծրագիրը: Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաեւ գիտական եւ կրթական հաստատությունների միջեւ, օրինակ, Ռումինիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների, Բուխարեստի եւ Երեւանի համալսարանների միջեւ, նման մի համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջեւ:

Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում են ռումինահայոց պատմության, հոգեւոր եւ մշակութային ժառանգության հարցեր, որոնց վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի անդամներ, Հայաստանի ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտների, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի Մատենադարանի, Բուխարեստի, Յաշի, Կլուժի, Գալացի մի շարք ակադեմիաների եւ համալսարանների, Լվովի եւ Կրամատորսկի (Ուկրաինա), Լայպցիգի (Գերմանիա) եւ Ֆրանսիայի գիտահետազոտական հիմնարկների հեղինակավոր գիտաշխատողներ եւ հայագետներ:

Երկօրյա բուխարեստյան նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները կուղեւորվեն Սուչավա, ուր դեռեւս 1401թ. հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, եւ մինչեւ այսօր գործում են հայկական Հաճկատար եւ Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նաեւ Յաշ, Բոտոշան, Ռոման եւ Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ: