Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Tag Archives: նախագահ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ
Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և մաղթում հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը:
Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով
Հայաստանի Հանրապետության Նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝
– վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը,
– առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում արձանագրված հիմնարար սկզբունքներով, գաղափարներով և նպատակներով,
– ընդունելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատ տնտեսության արժեքները, սկզբունքներն ու նորմերը,
– նպատակ ունենալով որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ուրուգվայական հարաբերությունների ողջ շրջանակը,
Պայմանավորվեցին շարունակել և ընդլայնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր մակարդակների խորհրդատվությունները Հայաստանի և Ուրուգվայի միջև, ավելի ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների և միջազգային համաժողովների շրջանակներում, հնարավոր բոլոր միջոցներով քաջալերել և խթանել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Համաձայնվեցին,
1. երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության վերաբերալ՝ լիարժեք օգտագործելով և օպտիմալացնելով առկա պատկառելի ներուժը: Այս կապակցությամբ պատրաստակամություն հայտնեցին պայմաններ ստեղծել երկու երկրների միջև գործարար կապերը խրախուսելու, առևտրի ծավալներն էապես ավելացնելու համար,
2. Օգտվել երկկողմ հարաբերությունների զարգացման այս հիանալի պահից՝ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանություններ բացելու հնարավորությունն ուսումնասիրելու վերաբերյալ
Գոհունակություն հայտնեցին ՀՀ նախագահի այցի շրջանակում չորս նոր պայմանագրերի ստորագրման կապակցությամբ և համաձայնվեցին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ:
Կարևորեցին Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, մասնավորապես՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան 2012 թվականին և Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Ուրուգվայ 2013 թվականին: Կողմերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ուրուգվայ և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:
Նշեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց հետագա խորացման համար:
Շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորելու անհրաժեշտությունը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:
Հայկական կողմը գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ուրուգվայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշման համար, արժևորեց Ուրուգվայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպես նաև հօգուտ հակամարտության արդարացի լուծման Ուրուգվայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները:
Ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների անաչառ տեսակետ ունենալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև երկխոսության և բանակցությունների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար:
Ընդգծեցին Հայաստանի նկատմամբ տնտեսական պարտադրման միակողմանի միջոցների, այդ թվում՝շրջափակումների, ճանապարհների արգելափակման, տնտեսական մեկուսացման անընդունելիությունն ու միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից անօրինականությունը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված հանցագործությունը: Հայկական կողմը երախտագիտությամբ հիշատակեց, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպես նաև ողջունեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու Ուրուգվայի իշխանությունների որոշումը և այդ հարցում Նախագահ Խոսե Մուխիկայի անձնական ավանդը:
Խոր մտահոգություն հայտնեցին Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, և իրենց աջակցությունը հայտնեցին արաբական այդ երկրում խաղաղության և կայունության վերականգնմանը միտված միջազգային բոլոր ջանքերին: Կողմերը հատուկ կարևորեցին սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը. այս առումով հայկական կողմը բարձր գնահատեց Նախագահ Խոսե Մուխիկայի նախաձեռնությունը՝ Ուրուգվայում ընդունելու 120 սիրիացի քաղաքացիներին, հատկապես երեխաներին, որոնք պատսպարված են ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի ճամբարներում
Բարձր գնահատեցին և ողջունեցին այն կարևոր դերը, որը երկկողմ հարաբերություններում խաղում է Ուրուգվայի հայ համայնքը և պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել հայ-ուրուգվայական կապերի ամրապնդմանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:
Ստորագրված է Մոնտեվիդեոյում, 2014թ. հուլիսի 9-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով:
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Խոսե ՄՈՒԽԻԿԱ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության
Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Հարավային Ամերիկա
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:
Հայաստանի Նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:
Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:
Նախագահը մասնակցել է մանկավարժական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:
«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ:
Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետևյալն է՝ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, և դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը:
Բոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել և կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա ևս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան և հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, և հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:
Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:
Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝ աշխատելու սիրած մասնագիտությամբ և կայանալու:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաև մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ ևս հիշեք՝ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հանրապետության Նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն:
ՀՀ Նախագահի հրամանագրերը
Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. Հուլիսի 3
Երևան
ՆՀ-161-Ա
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։
Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:
Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին և զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ և հեռանկարային մի շարք ոլորտներում:
Նախագահը ողջունել է հյուրերին և հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը. «Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մագնուս Կառլսենը ևս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը. «Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը՝ այսպիսի մոտեցմամբ և, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է»,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի և ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:
Կոլումբիայի նախագահ է հռչակվել Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը
Կոլումբիայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Խուան Մանուել Սանտոս Կալդերոնի օգտին է քվեարկել 7,839 կոլումբիացի, նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագույի օգտին` 6,917-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվել հունիսի 15-ին: Մասնակցության համար գրանցվել էր հանրապետության 33 մլն քաղաքացի: Ընտրություններն անց են կացվել առանց միջադեպերի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: Հանրապետության ղեկավարը կարևորել է հեռուստաընկերության դերը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, հանրության շրջանում ազգային և համամարդկային բարձր արժեքներ քարոզող կրթական, մշակութային, հայրենասիրական և այլ ուսանելի ու օգտակար ծրագրերի ուղղությամբ աշխատանքները՝ հասնելու համար այն մակարդակին, ինչն ակնկալվում է Հանրային հեռուստաընկերությունից:
Նախագահը հյուրընկալվել է նաև «Առաջին լրատվական» ծառայությանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է հիմնանորոգված առանձին մասնաշենքում լրատվական ծառայության աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների և տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ:
Այնուհետև Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին:
Եգիպտոսի նախագահը ներողություն է խնդրել իր երդման արարողության ժամանակ զանգվածային բռնաբարությունների համար
Պաշտոնավարման անցած Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին անձամբ ներողություն է խնդրել մի կնոջ` որը նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ենթարկվել է սեքսուալ ոտնձգության:
«Ինտերֆաքս»-ը հղում անելով Associated Press, -ին հայտնում է, որ տեղի հեռուստատեսությամբ ցուցադրել են սյուժե` կահիրյան հիվանդանոց Սիսիի այելության մասին, որտեղ էլ հայտնվել է բռնության զոհ դարձած կինը: Նախագահը ներողություն է խնդրել նրան ու երկրի յուրաքանչյուր:
Գործակալությունը հայտնում է, որ նախագահ Սիսիի կիրակնօրյա երդմնակալության արարողության ժամանակ մի քանի կանայք ենթարկվել են սեքսուալ բռնության:
Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության արարողությունը կայացել է կիրակի: Պաշտպանության նախկին նախարարը խոստացել է, որ իրավիճակը երկրում կկարգավորի 2 տարվա ընթացքում:
Անկախ
Աբխազիայի նախագահը թաքնվում է ռուսաստանյան ռազմաբազայում
Ժամանակավոր ժողովրդական խորհրդի ստեղծումը Աբխազիայի Սահմանադրության խախտում է: Այդպես է անվանել ընդիմության քայլը Աբխազիայի հանրապետության նախագահ Անքվաբը: Նա հիմա գտնվում է Գուդաուտայում գտնվող ռուսաստանյան ռազմաբազայում, քանի որ նրա անվտանգությանը սպառնալիք էր եղել: Իսկ վարչապետը, որն էլ հայտնել էր նախագահի գտնվելու վայրը, աշխատում է նրա դատարկ ամառանոցում: Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիբան համաձայն չէ Անքվաբի` իշխանության հակառակորդների գործողությունների վերաբերյալ տեսակետին:
Շաբաթ գիշերն Աբխազիայում հանգիստ է եղել: Ուրբաթ դպրոցներում ավարտական առաջին քննությունն է անցկացվել աբխազերենից ու ռուսաց լեզվից: Սուխումիում բաց են շուկաները, խանութները, սրճարաններն ու բանկերը:
Իրավիճակն Աբխազիայում սրվեց մայիսի 27-ի երեկոյան: Ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն սահմանեցին վարչության շենքի մոտ ու հայտարարեցին, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարությունը: Ընդդիմությունը նախագահի հրաժարականն ու իշխանական համակարգի բարեփոխում է պահանջում: Դրան նախորդել էր բազմահազար ցույցը Սուխումիում, կառավարական շենքերի համալիրի մոտ: Հանրապետության նախագահ Անքվաբը իրավիճակը որակեց զինված եղանակով իշխանության զավթում: Երկրի վարչապետը հայտարարեց, որ նախագահին կարելի է փոխել միայն ընտրությունների միջոցով: Ընդդիմության հսկողության տակ է դեռևս մնում կառավարական շենքերի համալիրը,հաղորդում է РИА “Новости”-ն:
Էկվադորի նախկին նախագահը ազատազրկման է դատապարտվել
Էկվադորի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Համիլ Մաուադին հեռակա դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է պետական միջոցները մսխելու մեջ: Դատարանը դատավճիռը բացատրել է նրանով, որ 1990-ականների բանկային ճգնաժամի ժամանակ կատարված հանցագործությունը մինչ օրս ծանր հետևանքներ ունի Էկվադոևի ավանդատուների համար: դատավճիռը կարող է բողոքարկվել:
64-ամյա նախկին նախագահը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, որոնք, իր նախագահության ընթացքում ընդունած միջոցների համար քաղաքական հետապնդում է համարում: Հիպերինֆլյացիայի դեմ պայքարի ժամանակ, նա սառեցրեց մասնավոր ներդրումները ու էկվադորյան սուկրեն փոխարինեց ամերիկյան դոլարով:
Ուկրաինայում նախագահ ընտրելու են 5 տարով
Ուկրաինայում մայիսի 25-ին նախագահի արտահերթ ընտրություններ են լինելու: Նախագահ է ընտրվելու 5 տարի ժամկետով: Համապատասխան որոշում է կայացրել Ուկրաինայի Սահմանադրական դատարանը:
«Նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով, անկախ նրանից, թե ընտրություններն արտահերթ են թե` հերթական»,-ասվում է Սամանադրական դատարանի որոշման մեջ:
Բաշար Ասադն իր թեկնածությունն է առաջադրել Սիրիայի նախագահի պաշտոնում
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում, հաղորդում է Reuters-ը` հղում անելով երկրի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ալ Լյահամին:
Նշվում է, որ նախագահը 7-րդ թեկնածուն է:
Սիրիայի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: ՄԱԿ-ի կարծիքով, քաղաքացիական պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացումը կխանգարի հակասությունների կարգավորմանը:
Սալվադոր Ալիենդեի դուստրը Չիլիի նախագահ դարձավ
Մարտի 11-ին Չիլիում անց է կացվելու երկրի նախագահ ընտրված Միշել Բաչելետի պաշտոնավարման անցման հանդիսությունը: Սա նրա նախագահական երկրորդ ժամկետն է.նա երկրը գլխավորել է նաև 4 տարի առաջ: Բաչելետը դեկտեմբերի 15-ին ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ու դրանով ազդարարեց “Նոր մեծամասնություն” միավորված ձախ խմբակցության վերադարձն իշխանություն, որի կազմում առաջին անգամ կոմունիստներ են ընդգրկված:
Միշել Բաչելետը Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեի դուստրն է (1970-1973), որը պաշտոնանկ արվեց Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ, պետական հեղաշրջման արդյունքում:
Բաչելետն իր նախընտրական ծրագրում “անհավասարությանը վերջ տալուն” ուղղված մի շարք խոստումներ է տվել: Դա մասնավորապես, վերաբերում է կրթական համակարգի բարեփոխմանը, որը նա մտադիր է անվճար դարձնել: Նոր կառավարության առջև նաև դրվելու են առողջապահության, թոշակային ապահովման համակարգերի բարելավումն ու նոր սահմանադրության ընդունումը:
Չիլիի ներկայիս հիմնական օրենքը Պինոչետի բռնապետությունից մնացած ժառանգություն է:
Էկվադորի նախագահը նախարարներին խնդրել է պաշտոնաթող լինել
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան դիմել է իր նախարարների կաբինետին` լրիվ կազմով պաշտոնաթող լինելու խնդրանքով, երկրում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքների ֆոնին, հաղորդում է news.rambler.ru-ն:
Նման որոշման պատճառ է դարձել կառավարող կուսակցության պարտությունը քաղաքապետի ընտրություններում, մասնավորապես, Գուայակիլեում ու Կիտոյում:”Մենք կարծում ենք, որ կառավարոթյանը թթվածին է հարկավոր”,պատկերավոր իրավիճակը նկարագրել է Կորրեան:
Պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել կառավարող “Հպարտ ու անկախ հայենիքի դաշինք” կուսակցության` երկրի մայրաքաղաքի հսկողությունը կորցնելու համար: Կորրեայի խոսքով, Կիտոն է կարևորագույն կետը` պետության ղեկավարման տեսանկյունից:
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել՝ “նախագահին վիրավորելու համար”
Վերջերս ազատ արձակված ընդդիմադիր ակտիվիստ Ռասուլ Մուրսալովը դարձյալ ձերբակալվել է, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը։
Իր հերթական ձերբակալության մասին Ռասուլ Մուրսալովը հեռախոսով հաղորդել է ընկերոջը՝ Բահրուզ Հասանովին։
Նրա խոսքով՝ ոստիկաններն իրեն բռնել են հենց փողոցում։ Իր ձերբակալության պատճառների մասին հարցին ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ նա վիրավորել է պետականությանն ու նախագահին։
Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը սրտի բուժման նպատակով ցանականում է մեկնել արտասահման
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆի դատական գործի իրավաբանները հայտնել են, որ նա ցանկանում է մեկնել արտասահման սրտի հիվանդությունը բուժելու համար:
Ուրբաթ օրը ռազմական հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում Մուշարաֆը, նրա վիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցն է ներկայացրել դատարան:
Մուշարաֆի պաշտպան երկու իրավաբաններ հայտնել են, որ հանձնաժողովը Մուշարաֆին խորհուրդ է տվել շտապ անգիոգրաֆիա անցնել:
Նրանք չեն նշել, թե որտեղ են նրան խորհուրդ տվել հետազոտություն անցնել:
Հունվարի սկզբներին Մուշարաֆը դատարանի ճանապարհին սրտի հետ կապված խնդիր էր ունեցել և տեղափոխվել էր Իսլամաբադի մոտակայքում գտնվող Ռավալպինդի կայազորային քաղաքի հիվանդանոց:
ԿԱՀ-ում ժամանակավոր նախագահ կին են ընտրել
ԿԱՀ-ում ժամանակավոր նախագահ են ընտրել Քեթրին Սամբա Պանզային` Բանգայի քաղաքապետին:
Քվեարկությունը տեղի է ունեցել ԿԱՀ-ի խորհրդարանում, որը նույնպես ժամանակավոր է: Ընտրությունները երկու փուլով են ընթացել.երկրորդի ընթացքում էլ Սամբա-Պանզան հավաքել է ձայների 75%-ը` երկրի նախկին նախագահի որդուն` Դեզիրե Կոլնգբուին տրված 53%-ի դիմաց:
Սամբա-Պանզան երկրի պատմության մեջ դարձավ առաջին կին նախագահը:
Նախկին նախագահը հունվարի 10-ին պաշտոնից հեռանացավ` երկրում արդեն մեկ տարի տևող քաոսի ու այն կարգավորելու իր անընդունակության պատճառով:
Հիմա իրավիճակի կայունացմամբ են զբաղվում Ֆրանսիայի, ԿԱՀ-ի ու Աֆրիկյան երկրների միության զինվորներն ու սպաները: Երկրի մեծ հատվածում բացակայում է ինչ-որ իշխանությունը, իրավիճակը հսկում են միմյանց հետ մրցող էթնիկ ու կրոնական հատկանիշներով միավորված խմբավորումների զինյալները:
Սարկոզին Օլանդին “տխմար նախագահ” է անվանել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի ներկայիս նախագահ Օլանդին, ում կապը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ բացահայտվել է վերջերս, անվանել է “տխմար”, գրում է ֆրանսիական քաղաքական երգիծական “Կանար անշենե” թերթը:
”Այն լուսանկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա տխմար է”,Սարկոզիի խոսքերն է մեջբերում թերթը:
Նախկին նախագահը չարախնդությամբ նշել է, որ իրեն հաջողվել է ավելի փայլուն ելք գտնել նման իրավիճակից, նկատի ունենալով իր մինչամուսնական հարաբերությունները Կառլա Բրունիի հետ: “Մենք հնարավորինս արագ ձևակերպեցինք մեր հարաբերությունները Կառլայի հետ, քանի որ ես չէի ցանկանում, որ մի օր ԶԼՄ-ներում հայտնվեն մեր լուսանկարները”,-մեջբերվում է նրա խոսքը:
Անցած ուրբաթ Closer ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է սաղավարտով տղամարդը, ենթադրաբար` նախագահ Օլանդը, սկուտերով մոտենում Գայեի տանը: Closer-ի տվյալներով, լուսանկարներն արվել են դեկտեմբերի 30, 31-ին, երբ Օլանդը հերթական անգամ այցելեց իր սիրուհուն, ում համար բնակարան է վարձել Ելիսեյան պալատի կողքին: