Tag Archives: Շառլ Ազնավուր
Պատվոգրի հանձնման արարողություն Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում
Հունիսի 21-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:
Պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:
Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատեց Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը` շարունակելու իրենց գործունեությունը` ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության:
Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:
Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:
Քիչ անց Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Բեռլինի հանրահայտ համերգասրահում
Րոպեներ անց Բեռլինի <<The O2 Arena>> հանրահայտ համերգասրահում բեմ կբարձրանա աշխարհահռչակ շանսոնյե, հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը:
Շանսոնի արքայի ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով նրա ելույթը լսելու նպատակով գերմանական հայտնի դահլիճում է հավաքվել 17 հազար հանդիսատես՝ գրեթե բոլորը գերմանացիներ: Հանդիսատեսի շարքերում է նաև գերմանահայ գործիչ Ալբերտ Թովմասյանը: Նա Անկախ-ի թղթակցին հենց նոր հայտնել է, որ մաեստրոն կատարելու է չորս տասնյակից ավելի երգ: Նա նաև նշել է, որ Շարլ Ազնավուրի խնդրանքով հանդիսատեսից վերցվել են բոլոր տեսանկարահանող և լուսանկարչական սարքերը: Հանրահայտ շանսոնյեն ծննդյան 90-ամյակի առիթով հաջորդ համերգը կտա շաբաթ օրը` մայիսի 24-ին, գերմանական Ֆրանկֆուրտում:
Շառլ Ազնավուրը դարձավ 90 տարեկան
Այսօր աշխարհահռչակ շանսոնիե, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի /Շահնուր Վաղինակ Ազնավուրյան/ ծննդյան օրն է։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում: Առաջին երգը` «Ես հարբած եմ» /1944/, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը` երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն: Դրանց կատարողներից են` Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք:
Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:
Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին»:
1988թ.-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին «Քեզ համար, Հայաստան» երգի համար: Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային` 2 միլլիոն օրինակով:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
***
Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:
Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:
Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:
Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:
Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:
Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:
ՊԻՏԻ ԿԱՐԵՆԱԼ
Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնում է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ,ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
Չեմ կարողանում…
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ
Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու:
ՄՆԱ
Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ
Սիրելի´ Շառլ Ազնավուր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:
Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Շառլ Ազնավուրը ծանոթացավ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին,տեսանյութ
Մայիսի 14-ին արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացավ հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված “Հավիտենական սեր” նկարների շարքին։
Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասաց, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:
Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։
Մանրամասները`տեսանյութում
http://www.mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/chaznavour.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, տրվել է պետական ընթրիք
Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:
Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:
Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվեց շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից:
Դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայի նախագահի ամանօրյա ընդունելությանը
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց ունեցան:
Ազնավուրի հորդորը փաստացի ուշացած էր. Հրայր Թովմասյան
Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով ստորագրել միջնորդագիր՝ դերասան Վարդան Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխելու հարցում հանրության աջակցությունը ստանալու համար: Այս կապակցությամբ Tert.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձել է տեղեկանալ, թե աշխարհահռչակ շանսոնյեի ուղերձն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված նրան բուժհաստատություն տեղափոխելու որոշման համար: -Պրն Թովմասյան, ինչպես հայտնի է, աշխարհահռչակ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, հայտնել է Վարդան Պետրոսյանի առողջության հետ կապված իր մտահոգությունները և նախաձեռնել է հանրագիր՝ նրան հիվանդանոց տեղափոխելու խնդրով: – Ինչպես մեզանից յուրաքանչյուրին, այնպես էլ Շառլ Ազնավուրին, որպես հայ, որպես մտավորական, սպասելի էր, որ պետք է անհանգստացրած լինի Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը: Վարդան Պետրոսյանն այս պահին էլ գտնվում է հիվանդանոցում, քանի որ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն նույնպես հիվանդանոց է: Եթե շանսոնյեն նկատի ունի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխումը, ապա պիտի ասեմ, որ նրա հորդորը փաստացի ուշացած էր. ուրբաթ օրը Վարդան Պետրոսյան հարազատների խնդրանքով նրան է այցելել Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Նորայրի Խաչատրյանը. Վարդան Պետրոսյանը դեռ մինչև վթարը ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ և հետազոտություն է անցել այս կենտրոնում: Հերթական ստուգման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել նոր ստուգումներ՝ կորոնոգրաֆիա անցնելու: Դեռևս ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա երկուշաբթի՝ մեկ օրով կտեղափոխվի Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն՝ հետագա ստուգումների համար: Այս ստուգումները պայմանավորված են նրանով, որ Վարդանն ունեցել է սրտամկանի իշեմիա, այս հիվանդությունը կապված չէ վթարի հետ, սակայն սրացումներ հնարավոր են: Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին
Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:
Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:
Աշխարհահռչակ հայորդին էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայկական հարցը նաև Թուրքական հարց է. Շառլ Ազնավուր
«Bestanuce 1» լրատվական կայքում հրապարակված լուրի համաձայն՝ հայազգի արվեստագետ, գրող, դիվանագետ Շառլ Ազնավուրը խոսել է Հայոց ցեղասպանության հարցի մասին: Ազնավուրը, նշելով, որ թուրքական կառավարության թերությունը Հայկական հարցի անտեսումն է, ասել է. «Հայկական հարցից են խոսում, սակայն այն իրականում Թուրքական հարց է»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ազնավուրի՝ Թուրքիայում համերգով հանդես չգալու պատճառը հայ-թուրքական տարաձայնություններն են, երգիչը պատասխանել է. «Թուրքիայում լրագրողների, գրողների հետ կապեր ունեմ: Սակայն գիտեմ, որ այնտեղ երգել չեմ կարող, քանի որ և՛ թուրքերին, և՛ հայերին հնարավոր է անհանգստացնեմ: Բայց ես բաց մտածելակերպով և բաց սրտով մարդ եմ և կուզենայի, որ նրանց հանդիպելիս նրանք էլ նման հայացքներ ունենային: Թուրքիային երբեք ոչ չեմ ասի, քանի որ այն իմ մոր հայրենիքն է»:

