Շավարշ Քոչարյան. Նման բարբարոսական մեթոդներով Ադրբեջանը գնում է դեպի միջնադարյան անդունդ

tVe2jIwPHj9HDKbcbXy29NTLrKՀարց. պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը` Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ։

Պատասխան. Նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում` քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։

Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։ Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները։

Կարեն Պետրոսյանի սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերը իրականացվում են նույն ավանդական դարձած ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները` Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ։ Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին և երկրներին մեղադրում են հայերի ազդեցության տակ լինելու մեջ։ Այդպիսի մեղադրանքները կրկին անգամ վկայում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հայատյաց էության մասին։

Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործը հերոսացվեց Ադրբեջանում։

Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն` Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդունդ։

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին

Շավարշ Քոչարյան

Հարց. Պարո՛ն Քոչարյան, Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, և, հետևաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում:

Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, և դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը:

Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս:

Նմանատիպ իրավիճակներից խուսափել և կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը և ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն:

Հարցազրույցում ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, ոչ թե Վիկտոր Սողոմոնյանի հետ. Շավարշ Քոչարյան.tert.am

Շավարշ, վիկտորՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Tert.am–ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս, անդրադառնալով Շավարշ Քոչարյանի հարցազրույցներից մեկին, ասել էր, թե փոխարտգործնախարարը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին և հիշողության հետ խնդիր ունի։
«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ
ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ
նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,– ասաց նա։

 

Սողոմոնյան․ «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ». «Ազատություն» ռադիոկայան

շավարշՇավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ոռոբերտւնի, ու ոչ միայն հիշողության հետ»․ – երկուշաբթի օրը այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթ «Ազատության» հետզրույցում արտգործնախարարի տեղակալի արած հայտարարություններին:

Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, մասնավորապես, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:

«Հաշվի առնելով Շավարշ Քոչարյանի վարկը, կարելի էր և չարձագանքել նրա հարցազրույցին, եթե խնդիրը չառնչվեր ԼՂՀ թեմային և արծարծված չլիներ փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Խոսքը մի մարդու մասին է, ով քաղաքական ակրոբատիզմի նշանակալի տաղանդ դրսևորելով եվրոինտեգրացիայի «համոզված» կողմնակցից մեկ գիշերում վերափոխվեց Մաքսային Միության ոչ պակաս «համոզված» ջատագովի», – ասված է այսօր «Ազատությանը» Վիկտոր Սողոմոնյանի տրամադրած հաղորդագրությունում:

«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», – հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ շարունակելով․ – «Փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է:

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ

շավարշ քոչարյանԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը “Արմենպրես” գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:
1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:
Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:
Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:
Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:
Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին

շավարշ քոչարյանՆվեր Մնացականյան – Հայլուր հարցազրույցն է եթերում: Բարև Ձեզ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություն տարածել: Հայտարարությունը վերաբերում է մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցին: Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ այցի հիմնական նպատակն է վերստուգել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այդ թվում` Քարվաճառում և Բերձորում: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, բարև Ձեզ:

Շավարշ Քոչարյան – Բարև Ձեզ:

Նվեր Մնացականյան – Այս այցը նախորդներից որևէ բանով տարբերվո՞ւմ է:

Շավարշ Քոչարյան – Տարբերվում է նրանով, որ շատ ակտիվ տեղի են ունենում քննարկումներ` կապված ընդհանուր առմամբ հակամարտության հանգուցալուծման հետ, ինչպես նաև շատ ակտիվ արշավ է սկսվել Ադրբեջանում` ուղղված համանախագահների ֆորմատից ձերբազատվելու ուղղությամբ:

Նվեր Մնացականյան – Ըստ այդմ, ի՞նչ են հուշում այն հայտարարությունները, որոնք բխում եմ Ձեր նշած ակտիվությունից, որոնք, գիտեք ինչի մասին է խոսքը, հնչում են համանախագահների շուրթերից:

Շավարշ Քոչարյան – Հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինաադարի քսանամյակն է, իսկ դա, պետք է արձանագրել, որ միակ շոշափելի քայլն էր ամբողջ այս հակամարտության կարգավորման ընթացքում, որից հետո, ըստ էության, չնայած բազմաթիվ ջանքերին միջնորդների, գործընթացը դոփում է տեղում:

Այդ տեսակետից, բնական է, որ պետք է այդ քսանամյակի հետ կապված լիներ հայտարարություն: Բնական է` այդ հայտարարությունը պետք է նորից արձանագրեր այն, ինչ որ մինչ այդ ասում էին համանախագահները կապված նույն Մադրիդյան սկզբունքների, դրանց գաղտնազերծված հատվածի հետ, նորից պետք է կոչ անեին կողմերին, որպեսզի կողմերը գնան դեպի առաջընթաց:

Նվեր Մնացականյան – Այսինքն հիմքը քսանամյա՞կն է այստեղ Ձեր նշածի:

Շավարշ Քոչարյան – Ֆորմալ, այո:

Նվեր Մնացականյան – Թե՞ պատրվակ է քսանամյակը:

Շավարշ Քոչարյան – Նախ, չէին կարող շրջանցել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նաև խոսվեր քսանամյակի դասերի կամ հետևությունների մասին: Ինչու՞ հենց քսան տարի առաջ տեղի ունեցավ այդ առաջընթացը հակամարտության հարցում: Ինչու՞ դրանից հետո չի եղել:

Փորձենք վերհիշել` ինչ էր տեղի ունենում 1993թ.: ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Ադրբեջանն անընդհատ փորձում է ներկայացնել այնպես, իբր դրանց նպատակը միայն այն էր, որ հայկական ուժերը հետ քաշվեն:

Իրականում դա այդպես չէր: Հիմանական նպատակը կայանում էր նրանում, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին, և կնքվի խաղաղության պայմանագիր: Բայց ամեն մի բանաձևից հետո տեղի էր ունենում Ադրբեջանի զորքերի նոր հարձակման փորձ և նորանոր պարտություններ, մինչև Հեյդար Ալիևը համոզվեց, որ այսպես ինքը լրիվ տանուլ է տալիս: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Հեյդար Ալիևն ինքը նախաձեռնեց հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ: Լիազորագրեր գրեց` լիազորելով այն ժամանակվա իրենց պառլամենտի փոխխոսնակ Ջալիլովին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից լիազորված անձի հետ, որպեսզի հանդիպեն այդ երկու երկրների ղեկավարները:

Ավելին, իր անձնական ստորագրությամբ նա գրել է «ԼՂՀ ներկայացուցիչ»` ռուսերենով` «представитель НКР»: Ու սկսվեցին այդ բանակցությունները: Եղել են այդ հանդիպումները` նաև ամենաառաջին դեմքերի մակարդակով, ինչը պարարտ հող ստեղծեց Բիշքեկյան արձանագրության համար, որից հետո կնքվեց զինադադարի համաձայնագիրը:

Ենթադրվում էր, որ այն պետք է ստորագրեին երկու բանակցող կողմերը` Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Վերջում Ադրբեջանն առաջարկություն արեց, որ Հայաստանն էլ միանա, և Հայաստանը միացավ` որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ: Վերոնշյալ գործընթացը հանգեցնում է երկու եզրակացության.

առաջին` Ադրբեջանը վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն առնվազն որպես հակամարտող կողմ,

երկրորդ` երբ Ադրբեջանն, իրոք, ցանկանում է, որ բանակցային գործընթացում լինի առաջընթաց, նա բանակցում է Ղարաբաղի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա:

Այս երկու եզրակացությունը շատ հստակ և կարևոր են:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, բա ինչու՞ ենք հեռացել Ձեր նշած հիմնակետերից:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Խնդիրը հետևյալն է` իրականում հայկական կողմերն իրենց դիրքորոշումներն ունեն, որոնք փոփոխություն չեն կրել: Պետք է արձանագրել, որ ներկայիս Ադրբեջանի նախագահը ոչ թե ժառանգեց իր հոր արտաքին քաղաքականությունը, այլ, ավելի շուտ, Աբուլֆաս Էլչիբեյի քաղաքականությունը, որը բացահայտ ասում էր, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը ադրբեջանական տարածք է, խոստանում էր ոտքերը լվանալ Սևանում և այլն:

Նվեր Մնացականյան – Շատ բարի: Այնուամենայնիվ, հայտարարություններից չհեռանանք, պարո՛ն Քոչարյան, որովհետև այդ հայտարարությունների նկատմամբ այս անգամ կարծես վերաբերմունքն այլ է: Հատկապես Հայաստանի ներսում կասկածանքով են նայում այդ հայտարարությունների ենթատողին:

Շավարշ Քոչարյան – Ասեմ` ինչով է դա պայմանավորված: Եկեք, որպեսզի պատասխանն ամբողջական լինի, փորձենք անդրադառնալ նրան, թե որն է Մադրիդյան սկզբունքների էությունը, որը հիմք պետք է ծառայի կարգավորման համար: Փաստաթուղթն ինքը գաղտնի է, բայց առանձին կետերը` 6 կետը, գաղտնազերծված են: Համանախագահները Լ՛Ակվիլայի հայտարարությամբ ասում էին` հարցը չի լուծվում, քանի որ կա երկու իրարամերժ դիրքորոշում:

Մեկը` տարածքային ամբողջականությունը, որի վրա շեշտադրում անում է Ադրբեջանը, մյուսը` ինքնորոշումը, որի վրա շեշտադրում են անում երկու հայկական կողմերը: Միաժամանակ հայտարարում են, որ գտել են բանալին` այո՛, ինքնորոշում, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքով` գումարած հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև:

Այո՛, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Սա է էությունը, որի շուրջ պետք է լիներ համաձայնություն: Հասկանալի է, որ այդ մոտեցումն ամենևին հայկական կողմերի երազած մոտեցումը չէ: Դա այն մոտեցումն է, որը փոխզիջումային է, որն իր մեջ պարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ճշգրտում:

Նվեր Մնացականյան – Այսինքն` Ադրբեջանը դրանից ավելի՞ն է ուզում:

Շավարշ Քոչարյան – Այո՛, ըստ էության, Ադրբեջանը դրանից ավելին է ուզում և բաց հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն: Իրենք ասում են, որ երկրորդ հայկական պետություն չի կարող լինել` մոռանալով, որ իրենք իրենց և թուրքերին անվանում են մեկ ազգ և ունեն երկու պետություն:

Ինչու՞ են Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հիշեցումները հայ հասարակության մոտ և Ղարաբաղում առաջացնում կասկածանք, որովհետև միակողմանի զիջում չի կարող լինել, պետք է լինեն փոխզիջումներ:

Բայց չէ՞ որ ադրբեջանական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում հստակ ցույց է տվել, որ ինքը մերժում է հենց Մադրիդյան սկզբունքների բուն էությունը` մի կողմից Ղարաբաղի ինքնորոշում, մյուս կողմից` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, առանց Ղարաբաղի:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, նկատե՞լ եք, որ «օկուպացված տարածք» արտահայտությունը մի քիչ շատ է օգտագործվում այս հայտարարություններում: Նախկինում դա չէր երևում այդպես:

Շավարշ Քոչարյան – Ճիշտ է: Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև Լ՛Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: Որովհետև եթե «օկուպացված» բառն է օգտագործվում, օկուպացնում է նա, ով ագրեսոր է, սկսենք դրանից, որովհետև պետք է հասկանալ` այս հակամարտության մեջ ո՞վ է ագրեսորը:

Ամեն դեպքում, կան ԼՂՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք չէին մտնում ԼՂՀ կազմի մեջ հանրաքվեի արդյունքներով, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Միակողմանի անվանելը «օկուպացված» այն տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ Ղարաբաղի տարածքները մոռացության մատնելը հավասարակշռված մոտեցում չէ:

Նվեր Մնացականյան – Այս հայտարարություններում երևում է այդ միակողմանիությունը:

Շավարշ Քոչարյան – Դա երևում է: Խնդիրը ինչու՞մ է կայանում: Ըստ էության, Բաքուն ուղղակի շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը: Հասկացել է, որ հայկական կողմերին չի կարող շանտաժի ենթարկել: Փորձում է նույնիսկ համանախագահներին շանտաժի ենթարկել: Հիշենք հայտարարությունները` ընդամենը վերջերս:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, հայտարարությունների մեջ կան նաև Ադրբեջանի շահերը շոշափող, կամ Ադրբեջանի շահերին դեմ գնացող հայտարարություններ, օրինակ՝ երբ Մորնինգսթարը Բաքվին զգուշացնում է, որ Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում, եթե շարունակեք մարդու իրավունքներն այսպես խախտել, միևնույն ժամանակ նա ասում է, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումներ անի: Հիմա՝ ինչո՞ւ համար են արվում այս մանևրները:

Շավարշ Քոչարյան – Գիտեք՝ մի կողմից հասկանալի է, որ դա լծակ է՝ Ադրբջանին որոշակի զսպաշապիկ հագցնելու, որովհետև Ադրբեջանը, նորից եմ կրկնում, արդեն հունից դուրս եկած, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին, օրինակ, հայտարարությունն է, որ ԱՄՆ-ը պետք է հետ կանչի իր համանախագահին, կամ համանախագահներն այցելում են Բաքու, և պարզվում է, որ որևէ մեկը չկա, որի հետ կարողանան հանդիպել, բացի պաշտպանության նախարարից:

Նվեր Մնացականյան – Բայց դա շատերի համար էր անակնկալ: Մենք հետևություն արե՞լ ենք Բաքվի այդ պահվածքից:

Շավարշ Քոչարյան – Դա անակնկալ չէ, եթե հետևել Ադրբեջանի քաղաքականությանը:

Նվեր Մնացականյան – Համանախագահները գիտեի՞ն, որ իրենց Բաքվում դիմավորող չի լինելու:

Շավարշ Քոչարյան – Դա այլ հարց է: Կոնկրետ այդ պահը՝ Բաքվում դիմավորել-չդիմավորելը, այդ ընդհանուր շղթայի մի մասնիկն է: Ընդամենը մայիսի 15-ին Վիենայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1000-րդ նիստն էր, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարություն է արել, որն ուղղված էր ընդհանուր առմամբ ամբողջ «Մադրիդի» դեմ, ավելին՝ խոսում է նրա մասին, որ համանախագահներն արդյունավետ չեն գործում, և որ պետք է վերանայել այդ ֆորմատը:

Շատ պարզ իրավիճակ է: Եվ այս պայմաններում, եթե այդ շանտաժին ենթարկվեն համանախագահները, բնական է՝ դա շատ լուրջ մտավախություններ պետք է առաջացնի: Եթե ինքը՝ Ադրբեջանը, անհուսալի է` որպես բանակցային կողմ, և եթե համանախագահները փորձեն ինչ-որ ձևով սիրաշահել Ադրբեջանին, բայց ի հաշիվ հայկական կողմերի, դա կլինի անթույլատրելի:

Նվեր Մնացականյան – Ի՞նչն է Ադրբեջանի պահվածքում նոր:

Շավարշ Քոչարյան – Այն, ինչ որ այս ժամանակահատվածում եղել է, սկսած այսօրվա նախագահի նախագահության օրվանից, գնալով ավելի է շեշտադրումն ուժեղանում: Դա վերաբերում է և՛ հակահայկականությանը, և՛ ռազմատենչությանը, և՛ Մինսկի խմբի գործունեության վարկաբեկման փորձերին: Ուղղակի այդ ամենը դարձել է ավելի շեշտադրված, անթաքույց և ամբողջական: Մնացածով նույնն է:

Նվեր Մնացականյան – Եվրամիությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը եռանախագահներին: Սա մի հակափաստարկ, որ եվրոպական կառույցներն այնքան էլ տրամադրված չեն ադրբեջանական տրամադրություններով շարժվելու: Այդ դեպքում, ի՞նչ է փնտրում Ադրբեջանը:

Շավարշ Քոչարյան – Եկեք, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչով է խանգարում Ադրբեջանին այդ եռանախագահությունը: Դրա մասին է պետք խոսել: Սա բացառիկ դեպք է, երբ հակամարտությունը…

Նվեր Մնացականյան – Ինչո՞վ էր խանգարում, թե ինչով է նոր սկսել խանգարե՞լ:

Շավարշ Քոչարյան – Միշտ խանգարել է: Եռանախագահությունը բաղկացած է երեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, պատասխանատու են ամբողջ երկրագնդի վրա խաղաղության պահպանման համար:

Եվ անընդհատ հայտարարում են՝ միայն խաղաղ կարգավորում: Այնպես որ այդ համանախագահությունն ունի երկու առաքելություն՝ մեկը՝ նպաստել, որ կողմերը գան համաձայնության, որը չի կատարվում Ադրբեջանի այս դեստրուկտիվ քաղաքականության պատճառով, մյուսը՝ զսպաշապիկ, որպեսզի չվերսկսեն ռազմական գործողությունները: Սա է իրականությունը:

Տվյալ պարագայում եռանախագահները ձեռք չեն տալիս, որովհետև այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորում գնա, Ադրբեջանին ձեռք չեն տալիս, ու նաև ձեռք չեն տալիս որպես զսպաշապիկ:

Նվեր Մնացականյան – Դա որ ասացիք, մի փոքրիկ մեջբերում անեմ այսօրվա հայտարարությունից. «Զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»: Իսկ ի՞նչն է խանգարում մեխանիզմի հաստատմանը: Ո՞վ է խանգարում:

Շավարշ Քոչարյան – Շատ պարզ է, բոլորը դա շատ լավ գիտեն:

Նվեր Մնացականյան – Բայց չեն ասում: Չեն արտահայտվում:

Շավարշ Քոչարյան – Ես Ձեզ հետ համամիտ եմ: Որովհետև քանի դեռ հասցեագրված չի ասվում, ով է խախտում, Ադրբեջանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ իր այդ բոլոր քայլերը, միևնույն է, կուլ են գնալու:

Նվեր Մնացականյան – Չէ, դեռ խախտելը մի կողմ՝ ով է դեմ մեխանիզմի հաստատմանը: Գոնե դա պիտի ասեն:

Շավարշ Քոչարյան – Այդ դեմն արտահայտվել է շատ հստակ: Բացի հայտարարություններից՝ ժամանակին Ադրբեջանը համաձայնել էր, որ այո՝ պետք է այդպիսի մեխանիզմ ստեղծել: Մեխանիզմը ստեղծելու համար ԵԱՀԿ բյուջեում համապատասխան գումար էր նախատեսվում:

Ադրբեջանը վետոյի սպառնալիքի տակ դրեց ամբողջ մյուս տարվա ԵԱՀԿ բյուջեն (խնդիրը որն է՝ ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում. բավավար է մեկը դեմ լինի՝ չի հաստատվի): Ասեցին՝ եթե այդ մեխանիզմի համար դուք գումար եք հատկացնելու, մենք վետո ենք դնելու: Ստիպված նահանջեցին: Այսինքն` այնքան ակնհայտ է, որ դեմը Ադրբեջանն է:

Նվեր Մնացականյան – Բայց, այնուամենայնիվ, գանք համանախագահների անիմաստ զգուշավորությանը: Անհասկանալի զգուշավորությանը: Ճի՞շտ եմ ձևակերպում:

Շավարշ Քոչարյան – Տարբեր ձևով կարելի է ձևակերպել, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ ավելի հստակ պիտի ձևակերպի իր մոտեցումը: Օրինակ՝ Դուք ասացիք` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոսում է մարդու իրավունքների մասին՝ համեմատելով դա Մայդանի հետ:

Եթե մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ապա պետք է մեկ ուրիշ բան ասվեր՝ եթե դու քո քաղաքացիներին ճնշում ես, սպանում ես, ձերբակալում ես, ինչպե՞ս է քո մտքով անցնում, որ Ղարաբաղի հայությունը կարող է քո ենթակայության տակ լինել:

Այ դա կլիներ հասկանալի, որովհետև մի կողմից Մայդանի մասին խոսելը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության, տրամաբանության հետ տարբեր դաշտերում է գտնվում: Այս տեսակետից, այո՛, այս իրավիճակը պետք է պարտադրի և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը, և՛ հայկական կողմերին՝ այս բոլորը վերլուծելու: Մի բան միայն ավելացնեմ:

Ըստ էության, այն, ինչ անում է Ադրբեջանը, ուղղված է միանշանակ ստատուս-քվոյի պահպանմանը: Դա փաստ է: Եվ միաժամանակ բոլոր անկյուններից ողբում է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այ սա էլ է հետաքրքիր իրավիճակ՝ իրականում Ադրբեջանն է ամեն գնով պահպանում ստատուս-քվոն:

Նվեր Մնացականյան – Այսպիսով, գործ ունենք հակամարտության շուրջ նո՞ր իրավիճակի հետ:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Նոր իրավիճակը ո՞րն է: Եթե բանակցային գործընթացում, ապա շատ ավելի հստակ է դառնում, որ Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը: Նա շարունակում է ելնել մի սկզբունքից` «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»:

Բնական է` դրա արդյունքը լինելու է ոչինչ: Նոր է իրավիճակն այնքանով, որքանով Ադրբեջանի այդ արդեն վաղուց ձևավորված քաղաքականությունն ավելի շեշտադրված է, ավելի անթաքույց և բացահայտ է: Այդ առումով` այո՛:

Նվեր Մնացականյան – Այսինքն` այս ֆոնին քիչ է հավանական, որ բանակցային գործընթացը կմտնի ակտիվ փուլ:

Շավարշ Քոչարյան – Գիտեք` չեմ կարծում, որ այս իրավիճակը նպաստում է, որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց: Չեմ կարծում: Ավելին, տեսեք` խոսում էինք, չէ՞ օկուպացված տարածքներ: Եթե կան օկուպացված տարածքներ, դա հենց ԼՂՀ տարածքներն են: Երբ դա ասում ես, ադրբեջանցիներն ասում են. «Ո՞նց կարող ենք մենք ինքներս մեզ օկուպացնել, Ղարաբաղը ճանաչված չէ»:

Բայց կա ՄԱԿ-ի 1974թ. բանաձևը, որը սահմանում է` ի՞նչ է նշանակում ագրեսիա, հետևաբար և` օկուպացիա: Ագրեսիան, այնտեղ շատ հստակ սահմանում է տրված, որևէ մի պետության կողմից մյուս պետության տարածքի նկատմամբ, սուվերենության նկատմամբ ռազմական ոտնձգությունն է, որտեղ տրվում է նաև պարզաբանում` «պետություն» ասվածը չի կանխորոշում ոչ ճանաչումը, ոչ ՄԱԿ-ին անդամակցությունը:

Այսինքն` այն պետությունը, որը ճանաչված չէ, որը ՄԱԿ-ի անդամ չէ, եթե նրա դեմ դու կիրառում ես ռազմական գործողություն, ուրեմն դա ագրեսիա է: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք ագրեսորի` Ադրբեջանի հետ:

Այս իրավիճակում խնդրի կարգավորումը կարող է լինել միայն հետևյալ երկու հիմքերի վրա.

առաջին` ԼՂՀ ժողովրդի` իրականացված ինքնորոշման իրավունք,

երկրորդ` Ադրբեջանի պատասխանատվությունը ինքնորոշված ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի և նրա հետևանքների համար:

Անկախ

Ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է. Նիկոլ Փաշինյան

Շավարշ, ՆիկոլԱզգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ՝՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փոփոխություններն իրականացվում են երեք սկզբունքով՝ հաշվառումը պետք է լինի կամավոր՝ ոչ պարտադիր, երկրորդ՝ այն անվճար պիտի լինի, երրորդ՝ հեռակա հասանելի:

Փոխնախարարը նշեց, որ իրական կյանքում հաճախ անհնար է պարտադիր հյուպատոսական հաշվառումը, բազում երկրներում չունենք հյուպատոսական ներկայացուցիչներ, ուստի քաղաքացին ի վիճակի չէ երկրներ հատել: Փոխնախարարը նշեց, որ հանվել են հաշվառման համար նախատեսված վճարումները, ուստի փոփոխությունների այս փաթեթը կամավորության սկզբունքի և հեռակա հասանելիության սկզբունքի իրականացմանն է միտված:

Մաքսային օրենսգիրքը, Քոչարյանի խոսքով, խրախուսում է հայրենադարձությունը, քանի որ ՀՀ քաղաքացիները, ովքեր բնակվում են արտերկրում հինգ տարուց ավելի, վերադառնալով Հայաստան, իրենց գույքն առանց որևէ վճարումների կարող են մտցնել երկիր:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանի ելույթից հետո հարց ուղղեց վերջինիս. ՛՛Երրորդ հանրապետության պատմության մեջ մի տարօրինակ փաստի ենք ականատես լինում, Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում մարդիկ ավելանում են: 2013-ին ընտրողները համարյա 400 000 հոգով ավելի են, քան Անկախության հանրաքվեի մասնակիցները: Հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն գրանցումից, այդպիսով նաև հաշվառումից հանվեն և ընտրացուցակներից նույնպես դուրս գան, որովհետև Հայաստանում չեն: Սրա դեմ որևէ դրույթ չեք առաջարկում՝ չնայած ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է՛՛, – ասաց պատգամավորը:

Շավարշ Քոչարյանը խոստացավ մինչև երկրորդ ընթերցումը խորքային ուսումնասիրել և պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց, որ Նիկոլ Փաշինյանի նշած խնդիրն իր ներկայացրած հարցի բովանդակությունից դուրս է:

Անկախ

Շ.Քոչարյանը` համանախագահների հայտարարության մասին.panorama.am

Շավարշ Քոչարյան«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չի մտահոգում այդ հայտարարության մեջ որոշ արտահայտությունների առկայությունը: Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյին անդրադարձին է վերաբերում, Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները. «Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն և ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել»:

Շարունակելով` Շ.Քոչարյանն ասաց, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այս, ձևաչափում ընգրկված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում. «Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար, այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց նա:

Փոխարտգործնախարարը նաև հավելեց` այնպես, որ միանշանակ է, թե ով է ձգտում ազատվել այդ ձևաչափից: Նաև հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձևաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

 Շավարշ ՔոչարյանՀարց․ Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։ Ինչպես դա կմեկնաբանեք։

 

Պատասխան. Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին` ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։

Վերջին քննադատությունը ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր  պատասխանատվությունը նրանց վրա բարդել։

Անկախ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Շավարշ ՔոչարյանՀարց.Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող  և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։

 

Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում:

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Շավարշ Քոչարյան

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

 

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

 

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

 

Անկախ

Հայաստանի կողմից ՄՄ անդամակցության նպատակով իրականացվել է ավելի քան 70 միջոցառում

կառավարություն,ասուլիսԵվրասիական տնտեսական խորհրդի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետևում է «ճանապարհային քարտեզով» սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ, Տեխնիկական կարգավորման հարցերով, Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Կարինե Մինասյանը: Նա տեղեկացրել է, որ օրերս կայացել է այս աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որտեղ ներկայացվել է «ճանապարհային քարտեզի» կատարողականը: «Այսօր ավելի հստակ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվել է ավելի քան 70 միջոցառում»,-նշել է Կ. Մինասյանը: Ըստ նրա`աշխատանքային խմբի նիստի ժամանակ արձանագրվել է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են սահմանված ժամկետում: Փոխնախարարը հայտնել է, որ մարտի 4-ին Աստանայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Շավարշ Քոչարյանը նշել է, որ իրենք նախապատրաստելու են ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը: «Բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, երբ պատրաստ կլինի պայմանագիրը` կներկայացվի ՀՀ ԱԺ–ի վավերացմանը: Վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ն կդառնա ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի անդամ»,-ասել է Շ.Քոչարյանը:

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Պատասխան.
– Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը:

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց. Այսօր Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար։

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Shavarsh-QocharyanՀարց.

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

 

Պատասխան.

Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել: