Վահրամ Բաղդասարյանը հարբած պատգամավորների չի նկատել, իսկ Շմայսի արարքը դատապարտում է

Վահրամ ԲաղդասարյանԱյսօր քառօրյայի ավարտի ավանդական ճեպազրույցը ՀՀԿ-ից լրագրողների հետ առաջին անգամ անց էր կացնում խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա ելույթ չունեցավ, փոխարենը առաջարկեց միանգամից անցնել հարցերին: Սակայն հարցերը, որոնք հնչեցին, մի փոքր շփոթության մեջ գցեցին նրան: Բանն այն է, որ դրանից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր ՀՀԿ-ական հարբած պատգամավորների մասին, որոնց «բերման էին ենթարկել խորհրդարան կառավարության ծրագրին կողմ քվեարկելու»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը նման բան չի նկատել, քանի որ զբաղված է եղել ծրագրի քննարկմամբ: «Մեզ մոտ նման երևույթներ չկան,-ասաց նա,-կառավարության ծրագրից հետո լիներ, էլի հասկանալի կլիներ: Իսկ ընդհանրապես մենք 1-2 ձայնի խնդիր չունեինք, որ նման ձևով քվեարկություն անցկացվեր»:

Այնուհետև լրագրողները Բաղդասարյանին նեղը գցեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի  հայտարարությամբ, թե ՕԵԿ անդամ Կարեն Բոթոյանն իրենց խմբակցությունից դուրս է եկել և հայտարարել կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին, քանի որ նրա վրա ճնշումներ են եղել:

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորը միգուցե վաղուց մտադրություն ուներ ՕԵԿ-ից դուրս գալու մասին, սակայն այդ պահին դրա մասին բարձրաձայնեց: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանք հերքեց` ասելով, որ իրենք նման խնդիր չունեն:

Լրագրողներն այսքանով Վահրամ Բաղդասարյանին հանգիստ չթողեցին և մեկնաբանություն պահանջեցին նաև քառօրյայի ժամանակ որոշ պատգամավորների կողմից ուրիշ փոխարեն քվեարկելու  վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ երբ ասացին, որ ապացույցներ կան, պահը տեսանկարահանվել է, և կարող են անգամ ցույց տալ, ասաց, որ իրեն ցույց տալու կարիք չկա. «Եթե նման բան եղել է, մենք կքննարկենք և կդատապարտենք»,-ասաց նա:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե ինչ կասի ակնհայտ իրողության մասին, որին ականատես են եղել բոլորը, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, քառօրյայի ընթացքում երկու անգամ խանգարեց պատգամավորների ելույթները` տեղից բղավելով և պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես, երբ անպարկեշտ արտահայտություններ են հնչում Ազգային ժողովում, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից հանրապետական պատգամավոր է, թե ընդդիմադիր: Մենք այդ բոլոր հարցերին անդրադառնում ենք: Դա դատապարտելի է: Ազգային ժողովում նման երևույթներն իմ կողմից ընդունելի չեն, և եթե առաջին քայլը, որ կարողանամ ես ինչ որ բանի հասնել` նաև բանակցելով իմ ընդդիմադիր գործընկերների հետ, այն է, որպեսզի կարողանանք Ազգային ժողովի հեղինակությունը բարձր պահել  և Ազգային ժողովն այլ խնդիրների ու քննարկումների համար չօգտագործել»:

 

Անկախ

«Ստեղ բազառ չի, արա՛». Փաշինյանը՝ Շմայսին

Նիկոլ ՓաշինյանՆոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ մասնավորապես դրա ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

«2011 թվականի նոյեմբերի ինին Սերժ Սարգսյանն ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը՝ նշելով, որ մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, և որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակրգից»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավորը:

Այս հայտարարությունից երկու տարուց մի քիչ ավելին է անցել, սակայն, ըստ Փաշինյանի, այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ անձանց քսանյակին, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը լավագույն եռյակի հավակնորդներ  են:

«Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ»,-սկսեց թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը Փաշինյանը:

Անցնելով Դավիթ Հարությունյանին՝ նա նշեց, որ վերջինս այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջին քսան տարիների ընթացքում եղել է ոչ թե պետական պաշտոնյա, այլ անշարժ գույքի գործակալ:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում. «Ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է: Որ ասում եք, կոռուպցիա, կոռուպցիա, ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի է՞: Հե՛սա կոռուպցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած իր հարցուպատասխանին, որտեղ Աբրահամյանն իրեն ասել էր, թե մի ընտանիք էլ չի կարող պահել, Փաշինյանն ասաց. «Ճիշտ է, երբ ես ընդհատակում ու բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Մարդ ձե՛ր նման պետք է ընտանիք պահի, որ հարազատաներն ու բարեկամները դառնան պատգամավոր միլպետ, գործարար ու միլիոնատերեր: Ձեր լավ պահած ընտանիքների հաշվին է, որ Հայաստանում 200 հազար ընտանիք էլ աղքատ է ու հացին կակա է ասում»:

Այստեղ արդեն հանրապետական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նյարդերը տեղի տվեցին կամ էլ նա ցանկացավ արջի ծառայություն մատուցել նորանշանակ վարչապետին և սկսեց տեղից գոռգոռալ ու հակադարձել Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանն էլ, հունից դուրս գալով, բղավեց. «Ստեղ բազառ չի, արա՛»:

Այնուհետև, անցնելով Հովիկ Աբրահամյանին, Փաշինյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել պոմիդոր աճեցնելով, քանի որ, ինչպես երևում է, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում:

Փաշինյանը չխնայեց նաև Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հետ իր հարցուպատասխանի ժամանակ միջամտել էր և իր հասցեին թույլ էր տվել «չարաճճիություն» արտահայտությունը: «Եթե դուք թոթովախոս եք և բառերը դժվարությամբ եք իրար կապում, ապա դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք Ազգային ժողովի հետ»:

«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

Անկախ