ՔԵՆԵԴԻ

kenediՔենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ զիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:

Պատմության մեջ կան առեղծվածներ, որոնք, ըստ երևույթին, երբևէ չեն պարզաբանվի:
Ահավասիկ. ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին զբաղվել են քաղաքացիական իրավունքի հարցերով: Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ., Քենեդին` 1960 թ.: Երկուսն էլ սպանվեցին ուրբաթ օրը` իրենց կանանց ներկայությամբ: Սպանված երկու նախագահների հաջորդները հարավի նահանգներից էին, երկուսի անունն էլ` Ջոնսոն: Է. Ջոնսոնը ծնվել է 1808 թ., իսկ Պ. Ջոնսոնը` 1908 թ.: Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Պուրը ծնվել է 1839 թ., իսկ Քենեդուն սպանող Լի Հարվարդ Օսվալդը` 1939 թ.: Պուրն ու Օսվալդը սպանվեցին դատվելուց առաջ: Զոհված երկու նախագահներն էլ Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ զավակ էին կորցրել: Լինքոլնի քարտուղարուհու անունը Քենեդի էր, որը խորհուրդ չէր տվել նախագահին թատրոն գնալ, ուր և սպանվեց նա: Նախագահ Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր, որը նույնպես խորհուրդ չէր տվել նախագահին գնալ Դալլաս, ուր սպանվեց:
Մի՞թե պատահական է պատահականությունների այս շղթան: Դժվար թե… Գուցե իրավացի՞ են նրանք, ովքեր կարծում են, թե Ջոն Քենեդու մեջ ապրում էր Աբրահամ Լինքոլնի հոգին:
Ինչևէ: Եթե այս հարցում գիտնականներն անզոր են, գուցե մոգերն ու քրմերը զբաղվեն…
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ. մայիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգում` պետական ծառայողի ընտանիքում: Նրա հայրը Ֆրանկլին Ռուզվելտի կառավարության անվտանգության ծառայության պետն էր, հետագայում` Անգլիայում ԱՄՆ դեսպանը: Ապագա նախագահի միլիոնատեր հայրն այնքան էլ լավ համարում չուներ ԱՄՆ-ում, բայց դա չէր խանգարում, որ ապահովեր իր զավակների աննախադեպ հաջողությունները: Ի դեպ, Ժոզեֆ Քենեդին ԱՄՆ մեծահարուստների դասում 12-երրորդն էր և իր հսկայական կարողությունն ամենևին էլ ազնիվ ճանապարհով չէր վաստակել:
Հենց հայրն էլ ապահովեց Ջոն Քենեդու գլխապտույտ վերելքը կառավարման սանդղակով: Ավարտելով Հարվարդի համալսարանը` ապագա նախագահը աշխատանքի է տեղավորվում հոր մոտ: Նա հաճախ էր տարբեր հանձնարարություններով գործուղվում Եվրոպա: Տակավին երիտասարդ` նա առիթ ունեցավ լինելու կապիտալիստական Լոնդոնում, կոմունիստական Մոսկվայում, ֆաշիստական Բեռլինում: Պատերազմը դիմավորեց Անգլիայում և պատվով կատարեց իրեն տրված հանձնարարականները: Առհասարակ, Ուինսթոն Չերչիլը Քենեդու հայացքների ձևավորման վրա շատ է ազդել: Քենեդին պատերազմի ժամանակ ակտիվ գործողությունների կողմնակից էր և կոչ էր անում ԱՄՆ ղեկավարությանը արագ զինվել: Անձամբ Քենեդին ԱՄՆ ռազմածովային ուժերում կամավորագրվեց, սակայն այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, չնայած հետագայում` նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա թիմը Քենեդուն ներկայացնում էր որպես պատերազմի հերոս: Ի դեպ, այս երևույթը շատ տարածված էր հետպատերազմյան ԱՄՆ-ում:
Քենեդու թիմը չզլացավ անգամ նրան ներկայացնել որպես ԱՄՆ լավագույն մարզիկներից մեկը. իբր նախագահի թեկնածուն ֆուտբոլիստ էր, լողորդ և այլն… Անգամ Քենեդու ընդդիմադիրներից ոչ ոք չնկատեց, որ նախագահի թեկնածուն ի ծնե արատավոր է, նրա մարմնի մի կողմը մյուսից փոքր-ինչ երկար էր: Բացի այդ, մանկուց Ջոն Քենեդին հիվանդոտ ու թուլակազմ էր:
Ընդամենը 30 տարեկան հասակում նա հաղթեց Կոնգրեսի ընտրություններում, իսկ հինգ տարի անց երիտասարդ Քենեդին արդեն սենատոր էր Մասսաչուսեթս նահանգից: Նույն թվականին նա ամուսնացավ Ժակլին Բուվյեի հետ, որ ԱՄՆ ամենահարուստ, ամենաազդեցիկ ընտանիքներից էր: Սա հաշվարկ, դիվանագիտական ամուսնություն էր: ԱՄՆ-ում քաղաքական կարիերա ապահովելու համար լավ, կայուն ընտանիք է պետք ունենալ:
Բայց սա դեռ ամենը չէր: 1960 թ.` 43 տարեկան հասակում Ջոն Քենեդին դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հաղթանակ տարավ` դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Ավելորդ չէ նշել, որ Քենեդին իր մրցակցին` Ռիչարդ Նիքսոնին հաղթեց ձայների չնչին` 0,17 տոկոս առավելությամբ:
Քենեդու հաղթանակը եզակի էր ոչ միայն իր երիտասարդ տարիքով. նա ԱՄՆ առաջին կաթոլիկ նախագահն էր, քանզի Քենեդիների տոհմն իռլանդական ծագում ուներ:

Կառավարման ծանր տարիներ էին բաժին ընկել Ջոն Քենեդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած սառը պատերազմը թևակոխել էր նոր, վճռական փուլ: Կարիբյան ճգնաժամի տարիներն էին: Կուբայի շուրջ կրքերը թեժանում էին: Խորհրդային Միությունը, սակայն, անդրդվելի էր և խորհրդային ռազմանավերը, կարծես պատերազմ սանձազերծելով, երկու անգամ ճեղքեցին ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումն ու մտան Կուբա:
Պենտագոնի գեներալները Քենեդուց անհապաղ հակահարված տալու հրաման պահանջեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլիներ: Սակայն ԱՄՆ երիտասարդ նախագահը շատ ավելի հումանիստ ու սառնասիրտ էր, քան իր գեներալները:
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ փոխզիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
Դա էլ եղավ Քենեդու դատավճիռը:
Ամեն դեպքում ԱՄՆ երիտասարդ նախագահը սկանդալային անձնավորություն էր, և ոչ միայն քաղաքականության մեջ: Նա աշխարհին հայտնի էր որպես հմուտ սիրեկան: Քենեդին հասկանալով, որ հիվանդ է (տառապում էր Ադդիսոնի հիվանդությամբ, որ հայտնի է նաև բրոնզյա հիվանդություն անվամբ) և երկար չի ապրելու, ձգտում էր կյանքից քաղել ամեն ինչ, ամեն վայելք: Առհասարակ սիրում էր սիրահետել կանանց ասելով, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընթացքը: Շատերն են վկայել, որ Քենեդին անհագուրդ սիրամոլ էր: Իսկ նրա սիրուհիների թիվը փոքր չէր, և նրանց մեջ ամենասկանդալայինը, իհարկե, ոչ պակաս հանրաճանաչ և հանրության կողմից ոչ պակաս սիրելի Մերիլին Մոնրոն էր: Եվ նա սոսկ սիրուհի չէր, նա նաև հավակնում էր լինել Սպիտակ տան առաջին տիկինը` հույս ունենալով, որ Ջոն Քենեդին մի օր կամուսնալուծվի Ժակլինից և կամուսնանա իր հետ: Իր շրջապատում Մոնրոն անթաքույց խոսում էր այդ մասին:
Նրանց կապի մասին լավ գիտեր նաև Ժակլինը, սակայն իրեն և ամուսնուն չխայտառակելու համար միշտ լռում էր և խույս տալիս դերասանուհու հետ հանդիպումներից, չնայած Մերիլին Մոնրոն անձամբ քանի անգամ սադրել է Ժակլինին:

Ջոն Քենեդի, Ժակլին Բուվյե և Մերիլին Մոնրո. այս եռանկյունու յուրաքանչյուր կողմն այնքան տարբեր էր մյուսից: Նրանց միավորող երեք բան կար` սեր, ատելություն և թմրանյութեր, որոնց օգտագործումից զերծ չէր մնում նաև ԱՄՆ նախագահը:

1962 թ. նոյեմբերի 22-ը ԱՄՆ պատմության ամենասև ու ամոթալի օրերից է: Այդ օրը նախագահ Քենեդին կնոջ` Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով անցնում էր Դալլասով: Սակայն դիպուկահարի արձակած երկու կրակոցները ընդհատեցին նրա երթը: Փամփուշտներից մեկը մխրճվեց նախագահի պարանոցի, մյուսը` գլխի մեջ: Հիվանդանոց չհասած` Քենեդին մահացավ: Նրա աճյունն ամփոփեցին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:

1963 թ. նոյեմբերի 22-ին Դալլասում հնչած կրակոցները, սակայն, վերջ չտվեցին Ջոն Քենեդու կյանքին: Նա սպանվեց, սպանվեց առեղծվածային ձևով: Բայց Քենեդուն սպանող Լի Հարվալդ Օսվալդը կրակոցներով սոսկ վերջ դրեց նրա երկրային կյանքին, և սկսվեց Քենեդու անմահությունը:
Ամուսնու սպանությունից շատ չանցած` նրա ահաբեկված կինը` Ժակլինը, ամուսնացավ հույն մեծահարուստ Օնասիսի հետ:

Ինչո՞վ էր պայմանավորված այս ամուսնությունը: Ժակլին Քենեդին Օնասիսի գրկում ապահովությո՞ւն էր փնտրում, թե՞ արդեն սովորել էր իր անձի շուրջ բարձրացվող հաճախակի աղմուկին ու բամբասանքներին: Կամ գուցե Ժակլինին պակասում էր շքեղությու՞նը… Ժակլին Քենեդու և Օնասիսի հարսանիքի օրը Ժակլինն ամուսնուց նվեր ստացավ 6 մլն 105 հազար ֆրանկ արժողությամբ թանկարժեք իրեր: Մեկ տարվա ընթացքում Օնասիսն իր կնոջը նվիրել է ևս 22 մլն ֆրանկ արժողությամբ իրեր: Ծննդյան օրը Ժակլինն ամուսնուց ստացավ 40 կարատանոց ադամանդյա ոսկե մատանի: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն իր արդուզարդի վրա ծախսեց 10 միլիարդ ֆրանկ:
Բայց չէ՞ որ Ժակլինն ինքը պակաս մեծահարուստ չէր:

 

Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը. Պան Գի-մուն

պանգի մուն       Ես անձամբ շատ զղջում եմ, որ ավելի լավ չպահպանեցի այն ինքնագիրը, որ ստացա նախագահ Քենեդիից, երբ ինձ՝ կորեական մի հետամնաց գյուղից եկած տասնչորս տարեկան անհայտ դեռահասի, այդչափ մեծ բախտ  վիճակվեց  հանդիպել նրան:

 

Ես ԱՄՆ էի եկել ամբողջ աշխարհի մի խումբ երիտասարդների համար Կարմիր Խաչի կողմից կազմակերպված մի ճանաչողական ուղևորության շրջանակներում: Դա ավելին էր, քան այցելություն օտար երկիր. դա ուխտագնացություն էր դեպի հնարավորությունների, վառ ժողովրդավարության երկիր, որն իմ ազգին իր օրհասական պահին օգնել էր փրկվելու:

Նախագահ Քենեդիի ստորագրությունը արագ անհետացավ իմ ընկերների բազմաթիվ մատնահետքերից, ովքեր միմյանցից խլում էին  փայլուն թղթի վրա տպված  Սպիտակ Տան տեղեկագիրը և այնպիսի խանդավառությամբ էին միմյանց փոխանցում, որ մինչ այն ինձ վերադարձավ, արդեն նրա գրածի հետքն էլ չէր մնացել:

 

Բայց ոչինչ չէր կարող ջնջել այն դրոշմը, որ թողեց Ամերիկայի նախագահը իմ կյանքում: Հանդիպումը նրա հետ եղավ բեկումնային ինձ համար: Սպիտակ Տան հարավային մարգագետնում այդ օրն արտասանած նրա խոսքերն էին, որ ինձ ոգեշնչեցին և իմ մեջ արթնացրեցին դիվանագետ դառնալու և հանրային ծառայությանը նվիրվելու որոշումը:

 

Նայելով մեր բազմազան խմբին, որը կազմված էր այն ժամանակ «Երկաթե վարագույրի» հակառակ կողմերում գտնվող երկրների ներկայացուցիչներից,  նախագահ Քենեդին մեզ հիշեցրեց, որ մենք կարող ենք ընկերներ լինել, եթե անգամ մեր կառավարությունները դեմ են միմյանց: Եվ նա ասաց բառեր, որոնք դարձան իմ կյանքի նշանաբանը. «Չկան ազգային սահմանափակումներ, կա միայն մի հարց, թե արդյոք մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել միմյանց»:

 

Մեծանալով և ազգային դիվանագիտական ծառայության մեջ առաջ շարժվելով` ինձ մոտ այդ գաղափարն ավելի սրվեց, և ես որոշեցի գործել հանուն համընդհանուր հանրության շահերի: Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար` ես փորձում եմ հնարավորինս անել` ծառայելու աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց  կողմից էլ ընդունվել է  Կազմակերպության կանոնադրությունը:

Նախագահ Քենեդին մեծ հավատ ուներ ՄԱԿ-ի նկատմամբ: Ընդհանուր վեհաժողովում ունեցած նրա վերջին ելույթը` մահվանից շաբաթներ առաջ, հնչեց որպես նախաբան՝ ուղղված այն խնդիրներին, որոնք մինչ օրս էլ շատ ցավոտ են մեզ համար: Նա շեշտեց մարդու իրավունքների անբաժանելիությունը: Նա արտահայտվեց ընդդեմ շռայլ ռազմական ծախսերի: Նա կոչ արեց ռասայական և կրոնական հանդուրժողականության: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի խաղաղապահությունը: Եվ նա պնդեց, որպեսզի մենք խաղաղությունն ընդունենք ոչ միայն թղթի վրա, այլև մեր սրտերում: Սրանք արժեքներ են, որոնք ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի նվիրյալների կորպուսի աշխարհասփյուռ անդամների հետ միասին:

 

         Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ իմ սեփական շփումների ժամանակ ես փորձում եմ հաղորդել  այն բառերը, որ լսել էի Ջոն Քենեդիից. եղեք աշխարհի քաղաքացի և սիրեք Ձեր երկիրը` աշխարհին ծառայելով:

 

Գլխավոր քարտուղար դառնալուցս կարճ ժամանակ անց, ինձ այցի եկավ սենատոր՝ Էդուարդ Քենեդին: Նա ինձ տվեց շրջանակի մեջ դրված Սպիտակ Տան բակում մեր խմբանկարը և նախագահ Քենեդիի այդ օրվա ելույթի տեքստը: Ես խորապես զգացված էի, որ սենատոր Քենեդին հասկանում էր, թե ինձ համար ինչպիսի մեծ արժեք է իր եղբոր հետ ունեցած հանդիպումը:

 

Վերհիշելով կես դար առաջ նախագահ Քենեդիի ողբերգական մահը` ես հասկանում եմ, որ գուցե զուր է, որ ես զղջացել եմ նրա ինքնագիրը կորցնելու համար: Այդ ստորագրությունը պարզապես անհետ չջնջվեց թղթից. իմ ընկերները կլանեցին այն մաշկով՝ շնորհիվ իրենց խանդավառության: Ես հույս ունեմ շարունակել տարածել այս մարդու մտքերը, մի մարդ, ով ամուր կառչած էր բարձր սկզբունքներից և այդպիսի հավատ էր տածում Միավորված ազգերի, բոլոր մարդկանց ու, հատկապես, աշխարհի երիտասարդության հանդեպ:

 

ՊԱՆ Գի-մունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է: