Բաքվի Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

ասուլիս1«Բաքվի Կարմիր խաչն այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ նա լավ է, նրա առողջական վիճակը ևս լավ է:  Դեռ չենք կարողանում կոնկրետացնել նրա գործը: Հասկանալի է, թե ում հետ գործ ունենք », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Հունիսի 29-ին  Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Դրան ընդառաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Սեյրան Օհանյանը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ իրենց կառույցը ամեն ինչ անում հայ ռազմագերիներին և պատանդներին  վերադարձնելու ուղղությամբ. «Ամենակարևորն այն է, որ մեր պետությունը տղաներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը միշտ աջակցում է մեզ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում այսքան նշանակություն չեն տալիս անհայտ կորածին»։

Անհայտ կորած ազատամարտիկի մայրն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են Բաքվում գործող անհայտ կորածների հանձնաժողովին`  հանդիպելու առաջարկով, սակայն միշտ քար լռություն է եղել նրանց կողմից։ Նա նշեց, որ դժվար է համագործակցել մի պետության հետ, որի վրա չեն կարողանում ազդել անգամ միջազգային կառույցները, Եվրամիությունը, Կարմիր խաչը։

Ամեն դեպքում հայ ռազմագերիների հարազատները նշում են, որ երբեք հույսները չեն կորցնում և գիտեն՝  նրանք մի օր անպայման վերադառնալու են:

«Իմ որդին՝ Վրեժը, 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր Շահումյանը  ադրբեջանցիներից ազատագրելու համար: 1992-ին նա անդամագրվել է «Արաբո» ջոկատին։ Արդեն 22 տարի է նրանից լուր չունեմ։ Բայց հույս ունեմ, որ մի օր նա և մնացած գերիները կվերադառնան», – ասաց  անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը։

«Ասել են` խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ». Արսեն Խոջոյանի մայրը որդու վերադարձի մասին

արսեն խոջայանՄոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին:

«Զանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա»,-«Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:

«Ասել  են`  խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ»,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

« Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»:

Ժամ առաջ Հակոբի Ինջիղուլյանի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի. Լարիսա Ալավերդյան

Լարիսա ԱլավերդյանՀայ զինգերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքն առաջինը չէ, երբ գերության մեջ հայտնված անձը ցանկանում է վերադառնալ ոչ թե իր երկիր, այլ գնալ երրորդ երկիր: Նման դեպքեր տեղի են ունեցել դեռ Խորհրդային տարիներից, երբ զինգերիները ցանկություն են հայտնել գնալ երրորդ երկիր, որովհետև համոզված են եղել, որ Խորհրդային միություն վերադառնալու դեպքում աքսորվելու են Սիբիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսի խոսքով՝ տարիների ընթացքում իրենց ունեցած փորձը ցույց է տվել, որ, եթե անձը ցանկություն է հայտնում գնալ երրորդ երկիր` լինի դա սեփական կամքով, թե ճնշումների ներքո, այդպես էլ լինում է, չնայած Ժնևյան կոնվենցիայի համաձայն` գերին պետք է վերադարձվի սեփական երկիր:

Հարցին` ինչո՞ւ է ուշանում Հակոբ Ինջիղուլյանի տեղափոխությունն  երրորդ երկիր, Մարդու իրավունքների առաջին պաշտպանը պատասխանեց. «Երբ ռազմագերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնում, այդ գործընթացը սկսվում է իրականացվել ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջոցով: Նախ պետք է դիմել որոշ երկրներ և պատասխան ստանալ: Ոչ մի երկիր առանձնակի ոգևորությամբ չի ընդունում այն զինգերուն, որը հրաժարվել է վերադառնալ իր երկիր: Դա երկարատև գործընթաց է: Օր առաջ, ժամ առաջ Հակոբի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի»:

Ալավերդյանը նաև նշեց, թե չի  կարծում, որ Ադրբեջանը Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի ուղղությամբ ինչ-որ քայլեր անի: