ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում

779608455Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք եւ անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:

Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր եւ վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:

Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը եւ ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների եւ գործողությունների բացառման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններին եւ պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:

Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում:

«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն
«Օրինաց Երկիր» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն

Անկախ

Երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլև մենք. Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայան1«Սահմանում լարված իրավիճակ ստեղծելով` ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքները սրվեցին, հաղթողի հոգեբանությունը արթնացավ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  հոգեբան Սամվել Խուդոյանը:  Նա ընդգծեց, որ ադրբեջանական հասարակությունում վախ ու խուճապ սկսվեց, քանի որ նրանք հասկացան, որ հաղթելու հույս չունեն:

Սամվել Խուդոյանը նշեց, որ ուսումնասիրել է ադրբեջանական բլոգները և  սոցցանցերը, որոնք հաստատում են նրա կարծիքը. «51 զոհի մասին էին գրել, և այդ 51 զոհի տակ մեկնաբանություն էր գրած, որ 51 զոհ երևի կտան Բաքուն գրավելիս, իրենք լուրջ էին ընդունել` «Բաքուն չենք տա, երբեք հնարավոր չէ», այսինքն`լուրջ էին ընդունել.  դա նշանակում է`  լուրջ տագնապի վիճակ են»:

Հոգեբանը շեշտեց, որ թեև պատերազմի վտանգ միշտ էլ  կա, բայց դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ այս իրադարձությունները լուրջ վերլուծությունների առիթ պետք է լինեն  թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Թուրքիան հայտնեց իր աջակցությունը Ադրբեջանին և նշեց, որ պատրաստ է ռազմական օգնություն ցույց տալ: Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը չաջակցեց կողմերից ոչ մեկին:

«Ռուսաստանը ակնհայտորեն ցանկանում է խաղաղապահ զորքեր տեղակայել ԼՂՀ-ում: Սրա համար Ռուսաստանին պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, որը ստանալը դժվար է: Այստեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. մենք կկորցնենք Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կկորցնի այն երբևէ ունենալու հույսը», – ասաց նա` ընդգծելով, որ այս ամենը ցույց տվեց` հույսներս պետք է  դնենք միայն մեզ վրա. «Դրական փաստ է այն,  որ հասարակությունն ու բանակը ընկալվեցին որպես մեկ ընդհանրություն: Մենք հասկացանք, որ երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլ նաև մենք՝ բոլորս»:

Անկախ

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները գիշերել են թաքստոցներում (լուսանկարներ)

10348359_781479471874644_6005468434951655375_nՀակառակորդն ամբողջ գիշեր գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներով անընդմեջ կրակել է Բերդի տարածաշրջանի այս բնակավայրերի ուղղությամբ, կրակոցների ձայները լսելի են եղել գրեթե ամբողջ տարածաշրջանում:

10593044_781480468541211_5273003718838130979_nԱնկախ-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ կրակոցները սկսվել են օգոստոսի 3-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, և շարունակվել մինչև լուսաբաց՝ ժամը 5-ը: Թեև Չինարիում կրակահերթեր չեն հնչել, բայց ամբողջ գյուղը, նաև իմանալով, թե ինչքան լարված է շփման գծում իրավիճակը, ողջ գիշեր զգոն է գտնվել, պատրաստ ցանկացած ժամի հակահարված տալ հակառակորդին:

Հակառակորդն առավել ինտենսիվ կրակի տակ է պահել Ներքին կարմիրաղբյուրն ու Այգեպարը, բնակիչները գիշերել են թաքստոցներում: <<Հարևանի անասնագոմում ենք անցկացրել գիշերը, որն ամենաապահով տեղն է: Ահավոր էին էս անգամ կրակըմ>>,-ասաց մովսեսցի բնակիչներից մեկը: Նրա խոսքով, համագյուղացի երիտասարդները պատրաստ են և զգոն` արժանի հակահարված տալու հակառակորդին:

10406548_781479721874619_6581523075415262655_nԱյգեպարի բնակիչ Անահիտ Հովսեփյանն ասաց, որ կրակոցները հիմնականում սկսվում են գիշերը 21:00-ից հետո: <<Եթե այդքան երկար են կրակում, անհնար է` մերոնք չպատասխանեն: Մերոնց ուժգին պատասխանից հետո նրանք լռում են>>:

10390394_781479571874634_3171560215909971822_nԱյգեպարի մանկապարտեզը հենց նրանց հարևանությամբ է գտնվում, շենքը վերջին կրակոցներից դարձյալ տուժել է: Մանկապարտեզի պաշտպանիչ պատի վերաբերյալ, որը նախատեսում են կառուցել, այգեպարցիները վերապահում ունեն: <<Պատն ավելի վտանգավոր է, նախ հակառակորդի դիպուկահարները բարձունքում են նստած, կրակում են, գնդակը վերևից ընկնում ա մանկապարտեզի վրա, պատը վտանգավոր է հարևան շենքի համար, քանի որ փամփուշտը պատին դիպչում, ռակաշատ ա անում, հետ գալիս, մեր տուն ընկնում>>:

10590562_781479625207962_7992538453199181777_nՍահմանամերձ գյուղերում նույնիսկ սկսել են ծառերը հատել, որոնք շատ մոտ են տներին, քանի որ կրակահերթերը, դիպչելով ծառին, հետդարձով հայտնվում են բնակիչների տներում: Անահիտ Հովսեփյանի բնակարանում հայտնված գնդակներից մեկը դեռևս պատի մեջ է: Նախօրեին շենքի բնակիչները, որոնք ընդամենը մի քանի հոգի են, կրակոցները սկսելուն պես գնացել են Բերդ:

10526188_781479945207930_3509590305299842100_nՏիկին Զոյան, որի երկու որդիներն այս պահին էլ դիրքերում հերթապահություն են իրականացնում, մնացել է միայնակ շենքում: <<Ինձ թողել եք մենակ, գնացել>>,-կես կատակ ասում է տիկին Զոյան` արցունքն աչքերին աղոթելով ու խաղաղություն մաղթելով սահմանում կանգնած բոլոր զինվորներին:

Բարեբախտաբար, երեկ ամբողջ գիշեր շարունակված գնակոծության հետևանքով տուժածներ չկան: Բերդի 1-03 ծառայությունից մեր թղթակցին փոխանցել են, որ գիշերը որևէ դեպքի չի գրանցվել:

 

Անկախ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ՊՆ5Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:

Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:

Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ:

ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել»

Hovik-Abrahamyan1Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա զինադադարի համաձայնագիր, և Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին վարչապետը պատասխանել է. «Պետությունը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել, և գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը: Գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում և համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով»: 
Խոսելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները և փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարևոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլրդ ՀՀ դրամ է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 մլրդ ՀՀ դրամ»: 
Անկախ