Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց՝ երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է մարզի սահմանամերձ Գոմք համայնքում, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ և մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաև դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձևավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան և 400 քմ մակերեսով ջերմոց:
Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցել է տեղի բնակչության հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին և այլ: Կառավարության ղեկավարը խոստացել է երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կազմել Զառիթափի և Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթեր և ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրել է, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարել է նաև ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:
Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար:
Վարչապետը զրուցել է նաև Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրել են, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ և անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և մաղթել բարի ծառայություն:

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

 

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները  ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների,  ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ  անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը,  ևս մեկ անգամ զգացվել  է  հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:Հովհաննես Մանուկյան

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման  ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք  և  Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի,  որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Հովհաննես Մանուկյան

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան  մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է  Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի:  Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

18.03.2014Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման, ընթացիկ տարվա խնդիրների քննարկման, մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, որտեղ նախարարը,  ամփուփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի, հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը:

Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող  այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում  նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը: Անհրաժեշտ էլրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է  նա:

Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին` նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն, այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծումն է:

Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է  Սերգո Կարապետյանը;

Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության  նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ և Վերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

 

Անկախ

Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում

դատախազությունՀՀ դատախազությունից Անկախին հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

     Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:

«Սելիմի լեռնանցք»-ն այսուհետ կկոչվի «Վարդենյաց լեռնանցք»

սելիմՀՀ Վայոց  ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն-կոչ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ «Սելիմի լեռնանցքը»  վերանվանվել է «Վարդենյաց լեռնանցք» և կոչ է անում ճիշտ տեղանունն օգտագործել:

Ղազարյանը գրում է. « Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանուններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»: