Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Tag Archives: վիզային ռեժիմ
Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է
Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:
Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:
Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սահմանվել է զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի չափը
Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստ է սահմանել, հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:
Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Կբարձրանա անձնագրային ծառայությունների որակը
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Կհրատարակվի Հովհ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմ, կստեղծվի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:
Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները` երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:
Արտոնագիր է տրվել Հայկական ատոմային էլեկտրակայանին
ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի
Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել. Բյուլբյուլօղլու
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին`Օրհան Զեյնալովի մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բյուլբյուլօղլուն նշել է, որ Զեյնալովի իրավունքները պաշտպանելու համար փաստաբան է վարձվել։ Դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ, և նա ներկայացրել է բողոքները, որոնք փոխանցվել են համապատասխան մարմիններին։
Բյուլբյուլօղլուն նշել է, որ ներկայում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ չկան։ “Մեր պետությունների միջև որևէ խնդիր չկա։ Կան հանրային խնդիրներ։ Գաղտնիք չէ, որ որոշ ներգաղթյալներ իրենց սխալ են պահում, իսկ որոշները՝ հանցագործություններ են կատարում։ Սակայն դա քաղաքականացնել կամ որպես ազգամիջյան կամ պետությունների միջև խնդիր ներկայացնելը սխալ է։ Եթե քաղաքացին որևէ հանցագործություն է գործել, պետք է պատժվի օրենքով”,-ասել է դեսպանը։
Հարցին, թե երկու երկրների միջև վիզային ռեժիմ կկիրառվի՞ արդյոք, նա պատասխանել է. “Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե Ռուսաստանը բարձրացնի այդ հարցը, Ադրբեջանը կքննարկի և կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնի”։
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը: