Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար. ակտիվիստներ

DSC09247«Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա վերահաստատեց շարժման ակտիվիստների  կամքը շարունակելու իրենց պայքարը:

Նրանք, մասնավորապես,  պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

«Սրանք անհրաժեշտ պայմաններ են հարյուր հազարավոր վարորդների համար: Շատ դեպքերում մարդիկ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքները մարելու համար վարկեր են վերցնում, ինչի հետևանքով  մի ամբողջ ընտանիք հայտնվում է ծանր իրավիճակում: Նման բան նախկինում չէր եղել; Մենք չենք պահանջում ընդհանրապես վերացնել տուգանքները: Պարզապես դրանք պետք է համապատասխան լինեն ՀՀ քաղաքացու ստացած նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, ես կողմ եմ, որ կոպիտ խախտումենր կատարածների տուգանքերը մի քանի անգամ մեծացվեն, սակայն չի կարելի նման աննշան խախտումների համար այդքան մեծ տուգանքներ նշանակել», – նշեց Վարդան Հակոբյանը` շեշտելով, որ տեսախցիկները իրենց հակառակ էֆեկտներն են տալիս. նա ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն, տեսախցիկներ և արագաչափեր տեղադրելուց հետո խախտումների թիվը  չի պակասել:

Նախաձեռնության մյուս անդամները անդրադարձան հունիսի 10-ին կայացած բողոքի երթին, որի ժամանակ, ըստ ակտիվիստների, իրավապահ մարմինները խախտումներ են կատարել: Հիշեցնենք, որ ավտոերթի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեցին, ովքեր  որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին.  «Ձերբակալվածներից մեկը ես էի, պնդում եմ, որ մեզ ձերբակալեցին անհիմն, նախորդ երկու երթերի ժամանակ էլ նույն երթով ենք կատարել մեր բողոքի ակցիան, բայց երեկ ՊՊԾ ծառայությունը հրահանգավորված, միտումնավոր եկել էր խափանելու մեր ակցիան ու դա նրանց ինչ-որ տեղ հաջողվեց»,- ասաց նախաձեռնության ակտիվիստ Արտաշես Միսակյանը:

Արսեն Պետրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հաջորդ երթին դուրս են գալու իրենց ընտանիքի անդամների և երեխաների հետ միասին. «Թող մեր պատկան մարմինները տեսնեն՝ ումից են տանում էդ գումարները»,- ասաց նա:

Անկախ

Ադրբեջանում հարձակվել են լրագրողի վրա և ջարդել նրա տեսախցիկը

տեսախցիկներԱդրբեջանի Իսմաիլի շրջանում ծեծել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին: Լրագրողի խոսքով՝ ինքը Բույնուզ գյուղում ռեպորտաժ պատրաստելիս է եղել, երբ իրեն են մոտեցել անհայտ անձինք, վերցրել են տեսախցիկն ու կոտրել, տեղեկացնում է “Հագին” կայքը:

 

“Տեղի բնակիչներից ահազանգ էինք ստացել, որ այդ շրջանի ռեստորաններն անօրինական ճանապարհով միանում են ջրատարին, ինչի հետևանքով գյուղում շատերը ջրի խնդրի առաջ են կանգնում։ Ես որոշեցի ռեպորտաժ պատրաստել և ուղևորվեցի Ֆազիլ Շաֆիևին պատկանող օբյեկտ։ Հենց այդ ժամանակ ինձ վրա հարձակվեցին նրա որդին և հաստատության աշխատակիցը, փորձեցին ծեծել ինձ ու կոտրեցին տեսախցիկը”,-պատմել է լրագրող   Էլչին Իսմայիլը։

 

Իսմայիլի շրջանի ոստիկանության վարչությունից հաստատել են, որ բողոք են ստացել և խոստացել են զբաղվել հարցով։

 

Մայիսի 16-ին Ադրբեջանի Բինադաղի շրջանում հարձակման էր ենթարկվել “Ազատություն” ռադիոկայանի նկարահանող խումբը։

Անկախ

 

Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ

big_9d5a1a8188ceca8b730454f051ffe883Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն  շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:

Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:

 

Անկախ

«Սա ռեկետ է». Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների հարցը

nikol pashinyan newՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, թե ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք իրենց այսպիսի թալանի չեն ենթարկել. «Խոսքը տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների մասին է»,-պարզաբանեց նա` ներկայացնելով կառավարությանն արված իր հարցման նույնքան տխրահռչակ արդյունքները:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն` քաղաքացիները տեսախցիկների տեղադրումից հետո ութ ու կես միլիարդ դրամ ավելի գումար են վճարել: «Սա ռեկետ է, հատկապես որ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գազի գինն եք թանկացնում: Քիչ է մնում մեր «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեք տեսնելու համար, թե մենք պատճաշ արագությամբ ենք մեր տներից դուրս գալիս, թե ոչ: Սա արվում է մարդկանց գրպանից փող գռփելու համար, իսկ գումարը չի մտնում պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե Փաշինյանը դա որպես ռեկետ է դիտարկում, ապա նույն տրամաբանությամբ ռեկետ են բոլոր հարկերը, վճարներն ու տուրքերը: Նախարարն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է՞ արդյոք պատգամավորն արձանագրել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է: «Հակառակ դեպքում կարող ենք նստել և պայմանավորվել, որ մեզ ոստիկաններ էլ պետք չեն, ընդհանրապես հանենք ոստիկանությունը»:

Ինչ վերաբերում է գումարները պետական բյուջե չմտնելուն, ապա նախարարը որոշակի թվերով փաստարկներ բերեց, որ այդ գումարներից ծախսեր են արվել նաև պետական կարիքների համար, իսկ մի մասն էլ օգտագործվել է որպես պարգևատրային գումար:

Սակայն Փաշինյանին նախարարի պատասխանը չբավարարեց. «Դուք չպատասխանեցիք ամենակարևոր հարցին` Սերժ Սարգսյանի եղբա՞յրը որքան շահույթ է ստացել այս գործարքից»:

Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հարցրեց, թե Փաշինյա՞նը որքան եկամուտ ունի այդ գործարքից:

Ինչ վերաբերում է անհիմն խախտումներին, ապա Փաշինյանը հիշեցրեց Դավթաշենի կամրջի օրինակը` նշելով, որ դրա մասին ամբողջ Երևանը գիտի: «Մարդկանց սովորական ճանապարհին ամիսը մեկ փոփոխություններ են արվում»,-նկատեց նա:

Նա խոստացավ իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով` սեփական հետաքննությունն իրականացնել, որովհետև կարծում է, որ այդտեղ կա հսկայական կոռուպցիա: «Միանշանակ այս տեսախցիկները պետք է հանվեն և պետք է սկսվի հետաքննություն խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանն էլ հորդորեց ազնիվ լինել և ընդունել ոստիկանության կողմից հրապարակված թվերը, թե այդ տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով վթարները որքան են նվազել: «Իմ համար մեկ մարդու կյանքը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այդ գումարները,-ասաց Հրայր Թովմասյանը,-իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհն է գնացել այս ճանապարհով, և սա նորություն չէ»:

 

Անկախ