«Ռուսաստան vs ՈՒկրաինա, կամ TV vs INTERNET». Տիգրան Խզմալյան

10473055_787294577970765_5711956173328677318_n

Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Վերջերս հաճախ եմ մտածում ու գրում Ուկրաինայում կատարվող իրադարձությունների մասին, որովհետեւ խորապես համոզված եմ, որ դրանք ուղիղ կապ եւ ազդեցություն ունեն Հայաստանում ստեղծված ու ստեղծվող իրավիճակի վրա: Կարծում եմ, որ այնտեղ այսօր ընթանում է ոչ միայն եւ ոչ այնքան ռուս-ուկրաինական պատերազմը, կամ Պուտինի պայքարը Պորոշենկոյի դեմ, կամ անգամ Կրեմլի` ընդդեմ Մայդանի: Ուկրաինայի շուրջ աշխարհի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում հեռուստատեսության պատերազմը համացանցի դեմ: Այլ կերպ ասած` 20-րդ դարի պատերազմն ընդդեմ 21-րդ դարի: Հետեւաբար, այս առճակատման արդյունքը կանխորոշված է:

Ամերիկացիները ասում են, որ պարտվել են Վիետնամում լուսանկարիչների պատճառով, քանզի Սոնգմի գյուղի ոչնչացման եւ Նապալմով այրված երեխաների պատկերները հեղեղել էին աշխարհի մամուլն ու այնքան էին ցնցել ԱՄՆ-ի հասարակությանը, որ հակապատերազմական հսկա շարժումը ստիպեց ի վերջո Նիքսոնին կանգնեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր զորքը Վիետնամից: Սովետական արկածախնդրությունն Աֆղանստանում խստորեն գրաքննվում էր տեղական մամուլում եւ զրկված էր հասարակական բողոքի վերահսկող գործոնից, որի պատճառով էլ դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը:

Սակայն ամերիկացիները, կարծես, որոշ դասեր առան խորհրդային փորձից, եւ նրանց մյուս խոշոր ռազմական գործողությունները Իրաքում եւ նույն Աֆղանստանում արդեն լուսաբանվում էին հստակ վերահսկողության ներքո: Անել դա օգնեց այն հանգամանքը, որ պատերազմները այսուհետ դարձան միանգամայն «հեռուստատեսային», քանզի ընթանում ու լուսաբանվում էին հեռուստախցիկների ներքո եւ դրանց հսկայական ազդեցությամբ: Դա «ուղիղ եթերի» գաղափարը մարմնավորող CNN հեռուստաընկերության աստղային ժամն էր, այդ տարիներին ծնվեց թեւավոր արտահայտությունը` «գոյություն ունի միայն այն, ինչ ցուցադրվել է CNN-ով»:

Վերահսկելով հեռուստատեսային պատկերը՝ աշխարհի հզորները առավել արդյունավետ կարողանում էին վերահսկել աշխարհը: Սակայն գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին, եւ մինչեւ որ հեռուստատեսային գերիշխանությունը հաղթական շքերթով գրավում էր ողջ աշխարհը, ծնվեց զանգվածային տեղեկատվության առավել հզոր ու, գլխավորը, շատ ավելի դժվար վերահսկվող մի զենք` համացանց, այսինքն՝ Internet-ը: Երիտասարդների այդ զբաղմունքն ու սեքսով մտահոգված պատանիների զվարճանքը դարձավ գերհզոր զենք, երբ դրան գումարվեցին տեսախցիկով օժտված հեռախոսները: Դա կատարվեց անչափ արագ, մեկ կարճատեւ պատերազմի ընթացքում, ու եթե, ասենք, Սադդամ Հուսեյնի արձանի գլխատումն ու տապալումը Բաղդադոմ հանդիսանում էր իրաքյան պատերազմի հեռուստատեսային խորհրդանիշը, ապա հաշված ամիսներ անց իրական Սադդամ Հուսեյնի կախահան հանելու տեսարանն արդեն խորհրդանշեց նոր, համացանցային իրականության սկիզբը, քանզի չեր կարող ցուցադրվել հեռուստատեսությամբ եւ փոխարենը կայծակնային արագությամբ տարածվում էր համաշխարհային «սարդոստայնով»:

Այսուհետ, մարդկության մասնավոր կյանքը գրեթե վերացավ՝ դառնալով հանրային, իսկ հանրային կյանքը` քաղաքականությունից մինչեւ պատերազմ, դարձավ մասնավոր: Հեռախոսով ցանկացած մարդ եւ համակարգիչ ունեցող յուրաքանչյուր մեկը, այսինքն` մարդկության մեկ երրորդը հետայսու կարող են նկարահանել, մեկնաբանել, եւ տարածել ցանկացած տեղեկություն ողջ աշխարհով մեկ: Այսպես քանդվեց ցանկացած իշխանության ամենահին ու ամենակարեւոր մենաշնորհը` լրատվականը: Իհարկե, այս ամենը չի կատարվում անմիջապես եւ պետք չէ մոռանալ բնակչության մնացած երկուերրորդի մասին, որոնք դեռեւս ապավինում են հեռուՍՏԱտեսությանը, իբրեւ իրենց տեղեկատվության հիմնական ու հաճախ միակ միջոցի:

Պուտինյան Ռուսաստանը վերջերս ապացուցեց, որ հին զենքը նույնպես կարող է լինել շատ արդյունավետ, ինչպես 1947 թվականից գրեթե անփոփոխ մնացած Կալաշնիկովի գնդացիրը: Ռուսական հեռուՍՏԱտեսությունը այս ամիսներին գերազանցեց ապատեղեկատվության, անամոթ կեղծիքների ու ատելության քարոզի բոլոր չափանիշները, որոնք մնացել էին որպես նմուշ ֆաշիստական Գերմանիայի տարիներից: Սակայն որքան էլ հաջող չկատարեր «կիսելյովյան» քարոզամեքենան ռուս ժողովրդի զոմբիացման ու վայրենացման չար աշխատանքը, այն շուտով դեմ-հանդիման եկավ սկզբից թույլ, բայց օրեցօր ուժեղացող ուկրաինական համացանցային դիմադրությանը: Այս առումով, պատմության մեջ իր տեղն ապահովեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար հայազգի Արսեն Ավագովը, որը կարծես թե առաջին քաղաքական գործիչն է, ով ֆեյսբուքի ու թվիթերի էջերում պարբերաբար կիսվում է կատարվող զինվորական գործողությունների մասին ու ամենօրյա հաշվետվություն է տալիս ընթացող պատերազմի վերաբերյալ:

Այսինքն, «հեռուստատեսային» պատերազմը արդեն փոխարինվել է «համացանցային» պատերազմով: Ահա թե ինչ նկատի չառան իրենց հաշվարկներում կրեմլյան քաղտեխնոլոգները, ահա ինչու են նրանք պարտվում քարոզչական ճակատում, եւ ահա ինչու պուտինյան Ռուսաստանը անխուսափելիորեն տանուլ է տալու ավագովյան, մայդանական, նոր ու երիտասարդ Ուկրաինային: Քանզի հեռուստացույց նայող մարդիկ միշտ պարտվելու են գիրք կարդացող եւ համացանցից օգտվող մարդկանց: Կեցցե ազատությունը, կեցցե համացանցը: Մենք նույնպես կհաղթենք”:

 

Անկախ

3 հարց Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնին և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքին

Տիգրան Խզմալյան

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով 3 հարց է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ Մինսկի խմբում ԱՄՆ դեսպան Ուարլիքին.

1) Ի՞նչ սահմաններում է ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Կալիֆորնիա նահանգի կողմից:

2) Չի՞ հակասում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարության սահմանումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ «հարակից գրավյալ տարածքների» մասին Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանմանը իր ողջ տարածքով՝ ներառյալ ազատագրված հողերը:

3)Չի՞ պատրաստվում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ կիրառել Կալիֆորնիա նահանգի դեմ՝ սույն օրենսդրական նախաձեռնության համար: (Վերջին հարցը մեզ անհանգստացնում է նաեւ Կալիֆորնիայի մեծաթիվ հայ համայնքի շահերից ելնելով): Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: Անհրաժեշտության դեպքում կարող եմ թարգմանել հարցերս անգլերեն: Հարգանքներս”:

 

Անկախ

«Քոչարյանական «զրո» տասնամյակից գահավիժել ենք ոչինչների ու ոչնչությունների տասնամյակ». Տիգրան Խզմալյան

xzmalyan

Անկախ-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, նշանակելով նոր վարչապետ, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, բացի գործադիրի ղեկավարի խնդիր լուծելուց, քաղաքակա՞ն  ինչ խնդիր լուծեցին:

 

– Միակ հարցը, որը լուծում է Սարգսյան Սերժը Հայաստանում` դա իր անձնական ունեցվածքի եւ այն երաշխավորող անձնական իշխանության հարցն է: Բոլոր այլ հարցերը նա փոխանցել է այլ պետություններին եւ դրանց հատուկ ծառայություններին: Նա չի էլ փորձում լուծել հայ ժողովրդի տնտեսական զարգացման, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական, պարենային, գաղափարական ոլորտների որեւե հիմնախնդիր: Անվտանգության ապահովումը նա պատկերացնում է որպես պետության այս հիմնական գործառույթի փոխանցում օտար պետությանը: Սա ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքակրթական քաղքենիություն, մեր դասականի խոսքով ասած` մեծապատիվ մուրացկանություն, որի պատանդը դարձանք մենք բոլորս:

 

– Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարո՞ւմ եք որոշակի հաղթանակ քաղաքական դաշտում:

 – Տիգրան Սարգսյանի ե՛ւ նշանակումը, ե՛ւ հրաժարականը համարում եմ մեր հասարակության քաղաքական պարտություն: Հիշենք` նա նշանակվեց 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո եւ ազատվեց վեցամյա տնտեսական ու քաղաքական լճացման ու անկման պայմաններում: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը հանրության շահերի կամ հասարակական համաձայնության հետեւանքը չեն եղել, երկուսն էլ ստորգետնյա մեքենայությունների ու մանր գործարքների արդյունք են:

 

– Ի՞նչ փոխվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ընդդիմադիր դաշտում և իշխանական համակարգում:

 – Ոչինչ: Նրա հիմնական առաքելությունը հենց դա է` ոչինչ չփոխել, ոչինչ չանել, ոչինչ չասել, քանի որ նման ցանկացած փորձ կբերի էլ ավելի ծանր հետեւանքների: “Ոչինչը” պահպանելու համար ահնրաժեշտ է հենց այսպիսի գործիչ, կամ ավելի ճիշտ “չգործիչ”: Քոչարյանական “զրո” տասնամյակից մենք գահավիժել ենք “ոչինչների ու ոչնչությունների” տասնամյակ: Մինչդեռ աշխարհում հզոր ու ահեղ իրադարձություններ են ծավալվում, նոր ու մահացու մարտահրավերներ են խոյանում, որոնց պատասխանը Երեւանում “ոչինչ” է: Ահավասիկ` սիրիահայության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունները:

 

– Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի տարբերություններն ու նմանությունները, ըստ Ձեզ, որո՞նք են:

-Հին հունական ու հռոմեական թվաբանության համեմատ փյունիկացիները, իսկ հետո արաբները կիրառման մեջ մտցրեցին “զրո” գաղափարը, որը հեղափոխեց մաթեմատիկական հաշվարկների արդյունավետությունը: Արաբական “ալ-զըհըր” բառը դարձավ զրո, zero եւ անգամ գերմաներենից անցավ ռուսերեն որպես “цифра”: Ահա մոտավորապես էլ այսպիսին է տարբերությունը Ձեր նշված երեւույթներում` զրոյից դեպի “մինուս” մաթեմատիկական սանդղակով:

 

– Նոր վարչապետի պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանին, և հանրությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:

-Սպասելու ժամանակ այլեւս չի մնացել: Հանրության միակ ակնկալիքը կամ ավելի ճիշտ անելիքը պետք է լինի երկրի ազատագրումը զավթիչ գաղութային լծից եւ նրա խոշոր ումանր սպասավոր-մատուցողներից:

 

Անկախ

Չկա անկախ պետություն առանց ազգային արդյունաբերության

 Քարանյութ,“Քարակերտ” քարաձուլման գործարան, Սուրեն Գևորգյան,Տիգրան Խզմալյան Քարանյութի մշակման արդյունավետությունը կարող է հանդիսանալ որպես ազգային տնտեսության զարգացման առանցք: Այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին “Քարակերտ” քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, Նախախորհրդարանի անդամ Սուրեն Գևորգյանը և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

 Ոչ մետաղական հանքանյութերի /պեռլիտ, բազալտ, ցեոլիտ, տուֆ և այլն/ համալիր վերամշակմամբ նոր արտադրատեսակների ստեղծումը կարող է մրցունակ դառնալ միջազգային շուկայում և ապահովել գերշահույթ Հայաստանի համար:

Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ պեռլիտի` Արագած-պեռլիտ հանքավայրը, որի պարունակությունը ամենամեծն է և ամենաորակովը: Պեռլիտի վերամշակման 70 տոկոսը օգտագործվում է էներգոհամակարգում և շինարարության մեջ որպես ջերմամեկուսիչ նյութեր: Ըստ պր. Գևորգյանի, եթե ԱՄՆ-ում և եվրոպական այլ երկրներում ջերմամեկուսիչ նյութեր ստանում են փրփռապակուց, ապա Հայաստանը ունի բնությունից տրված հրաբխային ապառներ, որոնք հարուստ են պեռլիտով ու բազալտով, ապա հավելեց. “1980-ական թթ.-ներից Ամբողջ Ռուսաստանի ջերմամաեկուսացումը կատարվել է Հայաստանից ներկրված պեռլիտի հիման վրա` 98 տոկոսը, որն օգտագործվել է էներգոհամակարգի և շինարարության մեջ”:

Ընկերության պատրաստած արտադրանքի տեսակներից են թեթև բետոները, ջրակայուն սալիկները, թթվակայուն խողովակները, ջերմա և էլեկրտամեկուսիչները, սպիտակ ու գունավոր ապակիները, բյուրեղապակին, գյուղատնտեսական պարարտանյութերին ավելացվող և դրանց փոխարինող պեռլիտային խարնուրդները և այլն, սրանք լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության, շինարարության և նույնիսկ ռազմարդյունաբերության բնագավառներում և դրանց արտահանումը Հայաստանին կարող է տարեկան մի քանի միլյարդ դորլարի շահույթ բերել:

Գևորգյանի և Խզմալյանի ներկայացրած փաստերի համաձայն դեռևս 2007 թ. սեպտեմբերի 14-ին ՌԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է պայամանագիր երկարատև տնտեսական համագործակցության մասին, որը ստորագրել է այդ թվականին դեռևս վարչապետ Ս. Սարգսյանը, նշելով որ դրանց հաջորդել են ուրիշ պայամանագրեր ևս, սակայն դրանք բոլորն էլ մնացել են թղթի վրա ստորագրված, իսկ իրենց առաջարկների և նամակներին կառավարությունը չի պատասխանում: Բանախոսները պահանջում են պետության աջակցությունը և երաշխավորում, որ իրենց արտադրանքը կարող է նաև նպաստել էներգոխնայողությանը. “Մարդիկ 10 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա կօգտագործեն”,-ասաց Գևորգյանը:

Այսօր ընկերությունը կարող է համագործակցել ամերիկյան խոշոր ընկերության հետ, որը կառավարությունից պահանջված 5 մլն դոլարի աջակցության փոխարեն պատրաստ է տրամադրել 100 հազար մլն դոլար, սակայն դրա արդյունքում բաժնետոմսերը կանցնեն նրանց, իսկ Սուրեն Գևորգյանը չի ցանկանում, որ Հայաստանը զրկվի իր բնական պաշարները օգտագորշելու իրավունքից:

Նրանց նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա և  այս կապակցությամբ առաջիկա օրերին կլինեն լսումներ Նախախորհրդարանի նախաձեռնությամբ` Հայաստանի տնտեսության զարգացման հեղափոխական թռիչքային հնարավորությունների մասին:

 

Լուսինե Ասատրյան