Դեռ «կռիվ» ունենք տալու

մերկել-էրդողանՈրքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը: Այս մասին անցած տարի անընդհատ բարձրաձայնում էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ 2014 թվականը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամբողջ աշխարհում տարվող աշխատանքների ու, առավել ևս, Թուրքիայի հակաքայլերի առումով բավականին հագեցած տարի է լինել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

«2015-ին ընդառաջ Թուրքիան ինչ-որ գործողություններ է նախապատրաստում, որ ձախողի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամեն քայլ: Եթե որևէ երկիր Ցեղասպանության ճանաչման փորձ է անում, Թուրքիան իր դիվանագիտական ուղիներով ջանում է ասել, որ հարաբերություններ է սկսում Հայաստանի հետ և մյուսների քայլերը միայն խանգարելու են իր բարի նկրտումներին»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Այդ քայլերից մեկը, օրինակ` Դավութօղլուի Հայաստան այցն էր, որ ներկայացվեց ոչ այնքան որպես գործնական այց Սևծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Այս մասին խոսեց նաև Կիրո Մանոյանը, թե Դավութօղլուն խոշոր հաշվով իր նպատակին հասավ, քանի որ թուրքական կողմը նախ կարողացավ այդ այցի հետ կապված որոշակի աժիոտաժ ստեղծել միջազգային մակարդակում, իսկ Երևանում կայացած ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո էլ թուրքական քարոզչամեքենան ավելի ակտիվ «փուչիկներ» բաց թողեց միջազգային հանրության դատին:

Այս տեսանկյունից հետաքրքրական է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Իտալիա կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը, թե առաջ Թուրքիային սպառնացող ամենամեծ վտանգը Քրդական բանվորական կուսակցությունն (ՔԲԿ) էր, իսկ հիմա` 2015-ը. «2014-2015 թթ. կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը շատացնելով: «Սպառնալիք» բառի` 4-5 տարի առաջվա և ներկայիս հասկացողությունները շատ տարբեր են: Այն ժամանակ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ՔԲԿ-ն էր, իսկ հիմա պետք է շատ ավելի զգույշ լինենք: Ուզում եմ ասել, որ մեր հարավային սահմանի վիճակը շատ ավելի բարդ է»,- ասել է Գյուլը:

Հունվարին թուրքական կողմից որոշ պասիվություն նկատվեց Ցեղասպանության ճանաչման դեմ տարվող աշխատանքների հարցում, ինչը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բացատրում է վերջին կոռուպցիոն սկանդալով, որը խառնեց նրանց խաղաքարտերը: Բայց 2014 թվականը, առաջին հայացքից, բավականին «հայամետ» է մեկնարկել: Նախ` հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Թուրքիա, որը Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք լրագրողների հարցին պատասխանելով` հայտարարեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում կա, որը միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետք է կիրառել:

«Պատմության հետ կապված աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց պետք է արվեն: Մեզ անհրաժեշտ է խաղաղությունն ապահովել համաձայնությամբ: Ավելի վաղ տեղի ունեցածներն ուսումնասիրելու, ճանաչելու համար պետք է աշխատենք: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցն է, հետո` 2015-ը: Այս ժամանակահատվածը պետք է աշխատելու համար օգտագործենք: Հարցնում եք, թե ի՞նչ ենք անելու: Ճիշտն ենք անելու, իրավականն ենք անելու, արդարությունն ենք փնտրելու և այնպես ենք անելու, որ բոլորը հասկանան թեման: Ֆրանսիայում դրա հետ կապված օրենք է ընդունվել: 2008-ին էլ շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել: Միջազգային համաձայնագրերի շրջանակում պետք է դրանք կիրառել»,- ասել էր Օլանդը:

Սրանք, մեղմ ասած, ընդամենը գործընթացները «հաշվետվության» կարգով ներկայացնող խոսքեր էին, ոչ ավելին: Ու թեև հայ հասարակությունն Օլանդից ավելի ակտիվ ու սուր հարցադրումներ էր ակնկալում այս հարցում, նա ավելի պասիվ` չնախաձեռնող հանդես եկավ, բնականաբար: Օլանդի պասիվ կեցվածքը , ինչպես նշում է Գևորգ Պետրոսյանը, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆրանսիայում մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում, և Օլանդը հայկական համայնքին սիրաշահելու խնդիր չունի:

Դեռ չէինք հասցրել «մարսել» Օլանդի հայտարարությունը, երբ մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես եկավ Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Սթեինբախը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արեց ներողություն խնդրել հայ ժողովրդից:
«XX դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի զավակներից ներողություն խնդրելու և հաշտության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել է: Ցեղասպանության մասին Թուրքիայի պատմության գրքերում նույնպես պետք է գրվի»,- ինչպես տեղեկացնում է «Ագօս»-ը, ասել է Սթեինբախը:

«100 տարվա լռություն»

Սրանից անմիջապես հետո հանկարծ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Hurriyet-ը փետրվարի 8-ին գրեց, թե Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բեռլին այցելության ժամանակ կոչ է արել նրան առերեսվել սեփական պատմության հետ:
Ըստ Hurriyet-ի` Էրդողանը Մերկելին ասել է. «Տեղյակ ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գումար է հատկացվում: Խորհուրդ եմ տալիս այդ նյութի շուրջ զգույշ լինել»:
Ի պատասխան Մերկելն, իբր, ասել է. «Գերմանիան ժողովրդավար երկիր է: Չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Պետք է համեմատել աշխարհում ստիպողաբար ապրող և Հայաստանում ապրող հայերին: Հայաստանում հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը բացի»:

Սա, իրավամբ, կարող էր արտառոց լինել, հատկապես այն պարագայում, որ նման հայտարարություն է անում ոչ ավելի, ոչ պակաս այնպիսի երկրի ղեկավար, որը Ցեղասպանության հարցում բավականին զուսպ կեցվածք ունի, էլ չասենք, որ բազմաթիվ ուսումնասիրողներ կարծում են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան սկսի «խոսել», ապա Թուրքիայի համար «սև օրեր» կսկսվեն…

Կասկածելի է, որ գերմանական ԶԼՄ-ներն այս հայտարարությանն առանձնապես չանդրադարձան, բայց դա բավականին հնչեղ արեցին թուրքական լրատվամիջոցները: Որովհետև, եթե Գերմանիայի ղեկավարը նման հայտարարություն աներ, ապա գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դա կնշանակեր Գերմանիայի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Չի բացառվում, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել հենց թուրքական կողմից հատուկ նպատակով: Ընդամենը մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, և մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ: Այսինքն` չի բացառվում, որ Էրդողանը փորձում է այս կերպ սեփական ժողովրդին համախմբել «արտաքին վտանգի»` Ցեղասպանության ճանաչման «սպառնալիքի» դեմ: Բայց հետագայում ավելի պարզ կլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու…

Իսկ այս պահին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, շատ կարևոր են մեր ակտիվությունն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես` դիվանագիտական հարթությունում, ինչը դեռևս այնքան էլ չի երևում: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ջանք չի խնայում Ցեղասպանությունը հերքող հանրագիտարաններ ու գրքեր տպելու, հակաքարոզչական նյութեր հրապարակելու, դիվանագիտական տարբեր հնարքներով միջազգային հանրության ուշադրությունը հարցից շեղելու, դիվանագիտական առումով գործընթացները արգելակելու և այլ հարցերում:

 

Կանադայի թուրքերը պետք է դատապարտեն և ոչ թե արդարացնեն Ցեղասպանության ժխտումը

Հարութ ՍասունյանԿանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:

Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի՝ փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով՝ չնայած թուրքական կառավարության կողմից բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:

Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու ցեղասպանության ուսումնական ծրագիրը՝ ավելի քան 11 հազար ստորագրություն հավաքելուց հետո, հիմնականում Թուրքիայից: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում նրա թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:

Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ՝ դրանց հաջորդող իմ հերքումներով.

— Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թուրքախոս ծնողներ, մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի կողմից ընդունված ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:

Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի վրա, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը՝ թուրքերի վրա: Ավելին, ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որպեսզի այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:

— Թուրքական դիմումնագիր. «Հայերի Ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են մի համայնքի նկարագրությունը մյուսների նկատմամբ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական ժառանգությամբ աշակերտների վրա»:

Իմ պատասխանը. Չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:

— Թուրքական դիմումնագիր. «Մենք խորապես համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և խաղաղ գոյակցության արժեքները կարող են ձեռք բերվել պատմության մասին ազնիվ և բաց երկխոսության միջոցով: Ավելին, արդար և անաչառ ուսուցումը պիտի հիմնված լինի պատմական փաստերի, այլ ոչ թե միայն ընտրյալ համայնքների պատումների վրա, անտեսելով մյուսներին: Պետք է նաև նշել, որ այս պատմական պնդումներից որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ գոյություն չունի, իսկ պատմաբանների կարծիքները տարբերվում են այս իրադարձությունների մանրամասների և սահմանումների առնչությամբ»:

Իմ պատասխանը. «Փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և խաղաղ գոյակցությունը» չեն կարող ձեռք բերվել խեղաթյուրումների և կեղծիքների միջոցով: Միայն ճշմարտությունն ընդունելուց և համապատասխան հատուցումից հետո Կանադայի թուրքերը կարող են խոսել նման վեհ գաղափարների մասին: Բացի այդ, հակառակ թուրքական պնդումներին, կան մի քանի դատավճիռներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սկսած 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների վճիռներից մինչև արգենտինական, շվեյցարական և ամերիկյան դատարանների վճիռները: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնախումբը 1985 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին զեկույց է ընդունել: Ցանկացած ցեղասպանության ամենաճիշտ  ատյանը Միավորված ազգերի կազմակերպությունն է, քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փաստաթուղթ է:

Ամփոփելով՝ նշենք, որ այս վերջին թուրքական դիմումնագիը լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ դրա նախաձեռնողը՝ Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիան, առայժմ հավաքել է 2 հազարից էլ պակաս ստորագրություն, երբ պնդում են, թե Կանադայում ունեն 200 հազար անդամ: Հետաքրքիր է, որ ստորագրողների մեծ մասը ոչ թե Կանադայից է, այլ Թուրքիայից, որտեղ դիմումնագիրը լայնորեն տարածվել է կայքէջերում:

Կանադայի թուրքերի համար ավելի արժեքավոր նախաձեռնություն կլինի մի այլ  դիմումնագիր ձեռնարկել, կոչ անելով թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում կատարել այս հրեշավոր ոճրագործության զոհերի ժառանգներին Ցեղասպանության հարյուրամյակի առիթով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ