Արտգործնախարարը ելույթ ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

g_imageՀունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները՝ կազմվել է 2014-15 թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում» – ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Հոլանդիայում ապրիլի 24-ին տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը

հուշահամալիր ալմելոյումԱպրիլի 24-ին Հոլանդիայի հայաշատ  Ալմելո քաղաքում տեղի կունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ծրագրի հեղինակ, բարերար Քրիստիան Գելիջին:

Հուշայամալիրի կառուցումը սկսվել է 2013 թվականին: Գաղափարի հեղինակը Քրիստիան Գելիջիի հայրն է, ում պապերը զոհվել են Սասունում ինքնապաշտպանության մարտեր մղելուց հետո, երբ թուրք զինվորները, խոստանալով այլևս զենք չկիրառել, նրանց ստիպել են զինաթափվել, ապա բոլորին գնդակահարել են:

Հուշահամալիրը իր տեսակով եզակի է, քանի որ առաջինն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց  տուֆից խաչքարերը պատրաստվել են  Հայաստանում` Վանաձորում : Դրանց հեղինակը  քանդակագործ Սերգեյ Դանիելյանն է:

§Մեզ համար շատ կարևոր է, որ նման կառույց լինի Հայաստանից դուրս: Հայաստանում բոլորը կարծում են, թե Սփյուռքում բոլոր հայերը ֆինանսապես հզոր են, բայց դա այդպես չէ: Կան հայեր, ովքեր մինչև իրենց կյանքի վերջ հնարավորություն չեն ունենում այցելելու Հայաստան: Շատ հայեր ասիմիլացվում են: Հույս ունեմ, որ այս համալիրը կօգնի հիշեցնել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ և ինչու են նրանք սփռվել աշխարհով մեկ¦,-ասաց Քրիստիան Գելինջին:

Ալմելոն ունի 70 հազար բնակիչ, որից վեց հազարը հայեր են: Սակայն համալիրի բացումը կարևոր է ոչ միայն Հոլանդիայի հայկական համայնքի, այլև եվրոպական երկրներում հայտնված հայերի համար:

Կառույցի նախաձեռնողը նշում է նաև, որ իրենք փափագում էին աշխատանքերը վերջացնել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյակը, որպեսզի այդպիսով օգնեն այն խմբերին, ովքեր աշխատում են մինչև այդ տարելիցը աշխարհին իրազեկելու Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործության մասին. «Անցյալը մեծ ուժ պետք է տա, որովհետև մեր պապերը ամեն ինչ արել են իրենց հավատը պահպանելու, հայ մնալու համար: Սա պայքարի առիթ պետք է լինի, ոչ թե տխրության: Մենք փոքրիկ Հայաստան ունենք և պետք է ամեն ինչ անենք այն հզորացնելու համար»:

Քրիստիան Գելինջին հայտնեց , որ նախատեսվում է ստեղծել համալիրին կից թանգարան, որտեղ կպահվեն ցեղասպանությունից մազապուրծ եղած,  Ալմելոյում ու եվրոպական այլ քաղաքներում ապաստան  գտած հայերի թողած մասունքները:

«Անկախ»-ի  հարցին, թե արդյոք նախագիծը իրականցնելիս խոչընդոտների հանդիպել է Թուրքիայի կամ Ալմելոյի թուրքական համայնքի կողմից,  Քրիստիան Գելինջին նշեց. « Ոչ մի խոչընդոտ չի եղել Թուրքիայի կողմից: Երևի լավ հոլանդերեն կարդալ չգիտեն: Փառք Աստծո, նրանք հավանաբար ոչինչ չեն իմացել հուշահամալիրի կառուցման մասին»:

 

Լուսինե Ոսկանյան

Անկախ

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն». Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանԱրտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:

«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:

Անկախ