Դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնում ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակի վերաբերյալ

քկհ2014 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ հանդիպել են դատապարտյալ Ա.Մ.-ին: Վերջինիս 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ 24 օր գտնվում էր հացադուլի մեջ: Ա.Մ.-ի հացադուլի պահանջն է իրեն մասնագիտացված բուժհիմնարկություն տեղափոխելը և բուժում տրամադրելը:

Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաև, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է և ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչև լուծում կտրվի իր խնդրին և նա կստանա համապատասխան  բուժօգնություն:

Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը /19.03.2014թ/ գրություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Խմբի գրությանը ԱՆ-ն պատասխանել է /18.04.2014թ/, որ Ա.Մ.-ն գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի անձանակազմի հսկողության տակ: Սակայն հարկ ենք համարում ընդգծել այն փաստը, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում տևական ժամանակ բժշկի հաստիքը թափուր է և աշխատում են միայն 3-րդ կարգի մասնագետներ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մտահոգություն է հայտնում խնդրի վերաբերյալ և ընդգծում, որ ՔԿՀ-ներում բժշկական սպասարկումը խնդրահարույց է նախ և առաջ մասնագետների պակասի պատճառով: Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները չեն կարող ստանալ անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն ՔԿՀ-ի տարածքում և միայն հրատապ, ծայրահեղ դեպքերում են դատապարտյալներին տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:

Անկախ

Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

քկհՆշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝

1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան

ՔԿՀ«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար  Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.

«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:

Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:

Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.

«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Դատապարտյալին վերջապես տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

դատապարտյալԱրփիկ Կարապետյանի որդին՝ Գեղամ Կարապետյանը, ով այժմ գտնվում է անազատության մեջ, 3-րդ կարգի հաշմանդամ է, հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում, ունի հեպատիտ C, երեք տարի առաջ հեռացվել է թոքի մի մասը, երկու տարի առաջ էլ ենթարկվել է ծնոտի վիրահատության, որի արդյունքում հեռացվել է ծնոտի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է փթել և ենթակա է հեռացման:

Որդու կալանավորվելուց հետո Ա. Կարապետյանը բազմից դիմել է ՔԿՀ-ի բուժմասի պետին, սակայն այս առիթով նրանց կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Արփիկ Կարապետյանը դիմել է Պաշտպանին՝ խնդրելով նրա միջնորդությունը իր որդու բուժումը կազմակերպելու հարցում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից Պաշտպանին պատասխանել են, որ քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ընդհանուր բժշկական զննում և վիրաբույժի խորհրդատվություն, որի արդյունքում կալանավորի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Սակայն, ուսումնասիրելով Արփիկ Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնք նկարագրում են կալանավորի մի շարք հիվանդությունները և վկայում են նրա ծանր առողջական վիճակի մասին, Պաշտպանը կրկին գրություն է ուղարկել ԱՆ և հայտնել, որ նման խնդիրների դեպքում Գեղամ Կարապետյանի վիճակը պարզապես չի կարող գնահատվել բավարար, և նրան հարկավոր է բժշկական օգնություն:

Արդյունքում, Պաշտպանի միջնորդությամբ, Գ. Կարապետյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և այժմ ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է: