Ի վերջո, Գյումրու նորակառույցները ջեռուցում ունե՞ն, թե՞ ոչ

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր հերթական անգամ Գյումրիում էր: Սեպտեմբեր ամսին, երբ պաշտոնապես տրվել էր նոր բնակարանաշինության մեկնարկը, նախարարը խոստացել էր` ամեն շաբաթ գալ ու հետևել շինաշխատանքներին:

Նախորդ այցի ժամանակ Սամվել Թադևոսյանը եղել էր “Մուշ 2-2” և “Անի” թաղամասերի նորակառույցներում, որտեղ, թեև Գյումրու ցուրտ եղանակին, դեռևս լիովին ապահովված չէ բնակարանների ջեռուցումը: Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք ընտանիքների տրամադրվել էր ոչ թե ջեռուցման կաթսա, այլ ջրատաքացուցիչ, մյուս բնակարաններում ծխատարներն էին սխալ կառուցվել: Հետագայում որոշվել է դրանք փոխել, նոր անցքեր փորել, ապահովել ջեռուցումը:
Սեպտեմբերի 11-ին` Ախուրյանի շինհրապարակում, անդրադառնալով այս խնդրին, և քաղաքաշինության նախարարը, և “Գլենդել Հիլզ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը, բառացիորեն փոխանցեցին` ծխատարների փոփոխման աշխատանքներն արդեն սկսված են և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը, բոլոր բնակարաններում ծխատարների փոփոխումն ավարտվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել:
Արդեն ավարտին է մոտենում նոյեմբեր ամիսը, և հիշատակած սեզոնը վաղուց մեկնարկել է, սակայն ոչ բոլոր բնակարաններում են աշխատանքներ ավարտվել:
“Ծխաօդատարների աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, մոտ 1000 բնակարաններում արդեն հաշվիչները տեղադրված են, 600 բնակարան արդեն իսկ ջեռուցումով ապահովված են: Այսինքն, հիմա մնացել է ընդամենը տեխնիկական խնդիր. բնակիչները պետք է գնան հերթագրվեն, դառնան բաժանորդ և բոլորը ջեռուցում կունենան”, – այսօր հայտարարեց Սամվել Թադևոսյանը:
Ի դեպ, archive2.ankakh.com-ը բնակիչների հետ մասնավոր զրույցներում տեղեկացավ, որ շատ բնակիչներ, տեսնելով, որ ոչ մեկը չի հետաքրքրվում իրենց խնդրով, սեփական միջոցներով վարպետներ են հրավիրել և միացրել ջեռուցման համակարգերը:
Հիշեցնենք, որ “Մուշ” և “Անի” թաղամասերում շահագործման էր հանձնվել 1756 բնակարան` 2012 թվականի աշնանը, մինչդեռ նախարարի հայտնած տվյալները միայն 600 ընտանիքի համար է:
Այս խնդրին առավել մանրամասն archive2.ankakh.com-ը կանդրադառնա ավելի ուշ:
Սամվել Թադևոսյանը խոսեց նաև ներկայումս ընթացող բնակարանային շինարարության տեմպերի մասին. “Նոր շինարարությունն իրականացվում է, կարող եք գնալ ու ականատես լինել: Ինչպես և խոսք էի տվել` յուրաքանչյուր շաբաթ գալիս հետևում եմ աշխատանքներին: Հիմքային աշխատանքները շարունակվում են, եղանակը, կարելի է ասել, մեր կողմից է և բետոնային, հիմքային աշխատանքները շարունակվում են “Մուշ”-ում և Ախուրյանում”:
Ըստ նախարարի, 2014 թվականին շահագործման կհանձնվեն լրացուցիչ 1000 բնակարաններ, իսկ նոր բնակարանատերերի բնակարանների բաշխման վիճակահանությունը կլինի գալիք տարվա առաջին եռամսյակում: