Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

սարդարապատ 3Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը:

սարդարապատ 2Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը:

Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

սարդարապատ1«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգևատրվելու առթիվ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

սարդարապատ4Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր:

Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: Սա մեծ օր է՝ հարության և վերածննդի օր: Մաղթում եմ բոլորիս տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:

Սերգեյ Սմբատյան ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում

Սերգեյ ՍմբատյանՄայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում, արդեն 19-րդ անգամ մեկնարկեց «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնը: Առավել հատկանշական է, որ միջոցառման բացման պատասխանատվությունը վստահվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ավանդույթի համաձայն՝ համերգային երեկոն մեկնարկեց Viva, Olympus! նախերգանքով՝ գրված կոմպոզիտոր Անդրեյ Պետրովի կողմից հատուկ փառատոնի համար: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես եկան Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթի դափնեկիր Մարկ Բուշկովը (Բելգիա), ով ներկայացրեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, և հայազգի երգչուհի, «Վերդիի ձայներ» միջազգային մրցույթի դափնեկիր Հրաչուհի Բասսենցը:

«Ցանկացած երաժշտի համար ամենաթանկը համերգին հետևող արձագանքներն են: Մենք ստացանք ամենաջերմ արձագանքները ինչպես երաժշտասերների, այնպես էլ հենց նվագախմբի կողմից…

Համերգի ողջ ընթացքը կարելի էր հետևել նաև առցանց, ինչը նույնպես պարտավորեցնող էի. ստացվում է, որ փաստացի հանդիսատեսները շատ ավելին են, քան համերգասրահում ներկա ունկնդիրները, մեզ կարող էին լսել անգամ աշխարհի մյուս ծայրում…», – կիսվեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համերգից հետո:

Եվ, իսկապես, արձագանքները դրական էին, ինչի վառ ապացույցն էր համերգի ավարտին լսարանի պահանջով ներկայացված բիսը՝ Ելենայի բոլերոն Ջուզեպպե Վերդիի «Սիցիլիայի երեկոյան ժամասացություններ» օպերայից:

Հիշեցնենք, որ 1996թ-ից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: Այս տարի «Երաժշտական Օլիմպոսը» իր հարկի տակ կընդունի 34 երաժիշտների աշխարհի 18 երկրներից՝ Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից:

 

 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Լարս ավտոճանապարհը փակ է, դեռ անհայտ կորածներ կան (լրացված)

վերին լարսՄայիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

 

***
Մայիսի 26-ի ժամը 10.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 20-ին, ժամը 11.14-ին ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

***

Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարս ավտոճանապարհը փակ է:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Անկախ

Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

«Գյուրզա» տեսակի օձՄայիսի 28-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ:

Սարդարապատ. կատարվեց անսպասելին

սարդարապատՄայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Հայոց մարտական ջոկատների կորիզը կազմեց մարտերում կոփված արցախցի մահապարտների 5-րդ գունդը: Հին աշխարհի իմաստուններից մեկն ասել է. «Հայրենիքը պահում են ոչ թե նրա համար մեռնելով, այլ թշնամուն ստիպելով անել դա…»: Արցախցի մահապարտն այդ դասը լավ էր սերտել. Դանիելբեկ Փիրումյանի հրամանատարությամբ նրա հուժկու բռունցքն իջավ թուրքի դեմքին, ու հայ զինվորը տեսավ փախչող թուրքի թիկունքը:

Օրնիբուն Արարատյան դաշտում լսվում էր հայոց եկեղեցիների կոչնակը: Բայց այս անգամ զանգերը հայությանը պատարագի չէին կանչում, այս անգամ եկեղեցին ժողովրդին Քրիստոսի խաչելության պատմությունը չէր բացատրում, այլ կանչում էր կենաց մարտի: Հայ եկեղեցին առաջին անգամ ի զեն էր կոչում հավատացյալ հայությանը, և խաչի ու խաչվառի փոխարեն հայ հոգևորականը զենք վերցրեց ու մարտադաշտ ելավ:

Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը տնից տուն, գյուղից գյուղ էր շրջում` զենքի կոչելով հավատացյալ հայությանը, խրամատից խրամատ էր շրջում` ոգևորելով զինվորին: Իսկ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը ոչ միայն հրաժարվեց փախչել և ապաստանել ապահով վայրում, այլև նախադեպը չունեցող հրաման արձակեց. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Եվ 500 հոգևորականներից բաղկացած սքեմավորների գունդը զինավառ Սարդարապատի դաշտ իջավ հայ զինվորի հետ կողք կողքի կռվելու ու թուրքին քշելու հայոց երկրից:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետություն1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում իրադրությունը կտրուկ փոխվեց: Այստեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Անդրկովկասյան ժողովուրդները չընդունեցին նոր ստեղծված խորհրդային կարգերը: Իրավիճակը խիստ սրվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մեծ խմբերով լքեցին թուրքական ճակատը` այդպիսով երկրամասի դռները բացելով թուրք ջարդարարների առաջ:

Ստեղծված իրավիճակում Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները և քաղաքական կուսակցությունները` Ադրբեջանի Մուսաֆաթը, վրաց մենշևիկները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդակցություն հրավիրեցին և որոշում ընդունեցին` ստեղծել Անդրկովկասյան միասնական պետություն` Անդրկովկասյան Սեյմը: Շուտով Սեյմում մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու Ադրբեջանի մուսաֆաթականները, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Սեյմը հռչակեցին Ռուսաստանից անկախ հանրապետություն: Սա ավելի կազմալուծեց հայկական ճակատն ու արձակեց թուրքերի ձեռքերը:

Թուրքական մեծ բանակի դեմ մնացին միայն հայկական նոր կազմավորվող նոսր զորամիավորումները: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքերին հաջողվեց կոտրել դիմադրությունն ու մտնել Անդրկովկասի խորքերը` Արարատյան ու Շիրակի դաշտավայրեր: Թուրքական բանակն այստեղ բաժանվեց երկու մասի: Մի մասը նպատակ էր դրել Լոռու վրայով արշավել Թիֆլիսի ուղղությամբ, մյուս մասը, գրավելով Երևանը, պիտի արշավեր Բաքու: Երևանի վրա թուրքերը գրոհեցին երկու ուղղությամբ` Արարատյան դաշտով դեպի Սարդարապատ և հյուսիսից` Բաշ- Ապարանով:

Այս օրհասական պահին Արարատյան երկրի դիկտատոր Արամ Մանուկյանը, ի մի բերելով հայկական կազմալուծված զորամիավորումները, կարողացավ ժողովրդական զանգվածների աջակցությամբ ճակատ կազմել և Սարդարապատում ու Բաշ- Ապարանում կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումն ու պարտության մատնել` ստիպելով փախուստի դիմել: Միաժամանակ Ղարաքիլիսայում հայկական աշխարհազորը համառ մարտերի արդյունքում կարողացավ կոտրել դեպի Թիֆլիս արշավող թուրքական բանակի թափը:

1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, 27-ին` Ադրբեջանը, 28-ին` Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի անկախությունը, ըստ երևույթին, պարտադրված էր: Երկիրը պատրաստ չէր և անկարող էր նման պայմաններում գոյատևել: Հայաստանում մոլեգնում էին սովը, համաճարակները, երկիրը լի էր փախստականներով, կազմալուծված էր ողջ տնտեսությունը:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքի վրա:

Անկախության հռչակումից շատ չանցած` ՀՀ կառավարությունը Բաթումում բանակցությունների նստեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց ՀՀ անկախությունը:

Թիֆլիսում կազմավորվեց ՀՀ առաջին կառավարությունը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Կառավարության կազմի մեջ մտան նաև Ալեքսանդր Խատիսյանը` արտաքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյանը` ելևմտային, Արամ Մանուկյանը` ներքին գործերի, Հովհաննես Հախվերդյանը` զինվորական և այլն…

Հուլիսի 17-ին կառավարությունը գնացքով ժամանեց Երևան:

Այսպիսով, չնայած քաղաքական ծանր պայմաններին, համարյա 900 տարի պետականության կորստից հետո այս փոքրիկ հողակտորի վրա վեր հառնեց հայկական առաջին հանրապետությունը:

Ժամանելով Երևան` կառավարությունն անմիջապես գործի լծվեց: Ստեղծվեց խորհրդարան, որ իր առաջին նիստը գումարեց 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում:

Հաստատվեցին հայոց պետության խորհրդանիշները` կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, գերբը և պետական օրհներգը` Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» Կանաչյանի երաժշտությամբ:

Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հնձում էին: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև Արամ Մանուկյանը:

Առաջնային էր հատկապես բնակչության պարենավորման հարցը. երկարատև առճակատումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չէր ավարտվել, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ մտավ նաև հյուսիսային հարևանի` Վրաստանի դեմ: Վրացիները զավթել էին Լոռին, և երբ դիվանագիտական միջոցները սպառվեցին, Հայաստանի կառավարությունը հանձնարարեց զորավար Դրոյին մաքրել Լոռին վրացիներից: Դրոն հայ աշխարհազորի աջակցությամբ պատվով կատարեց հանձնարարությունը:

Շուտով Եռյակ միության պարտության արդյունքում թուրքական զորքերը ստիպված էին հեռանալ Անդրկովկասից, և Հայաստանի Հանրապետությանը միացան Կարսի, Սուրմալուի մարզերը:

1919 թ. մայիսին ՀՀ զորքերն ազատագրեցին նաև Նախիջևան քաղաքը:

ՀՀ տարածքն այդ ժամանակ կազմում էր 65 հազար քկմ և բաժանված էր տասը վարչական միավորների` գավառների: 1919 թ. դեկտեմբերին հայերենը ՀՀ տարածքում հայտարարվեց միակ պետական լեզու: Բացվեց Երևանի ռադիոկայանը, Հայաստանում բացվեցին 430 տարրական, 20 միջնակարգ դպրոցներ: 1919 թ. հուլիսի 15-ին Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը, ապա` Հանրային գրադարանը: Բացվեցին երաժշտական, մանկավարժական, թատերական, պրոֆտեխնիկական ուսումնարաններ: Վահան Չերազի ջանքերով ստեղծվեց մարզա-սկաուտական շարժումը, որ աջակցություն գտավ կառավարության կողմից:

Շուտով կառավարությունը ձեռնամուխ եղավ պետականության մյուս բաղադրիչի` ազգային տարադրամի թողարկմանը, որ ձեռնարկվեց 1919 թ.: Հայկական ռուբլին բնակչության մեջ ավելի շատ հայտնի էր «Ճախարակ» անվամբ:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է. Աշոտ Մելքոնյան

Ashot MelkonyanՄայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-ամյակը: Այս առիթով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, 96 տարի առաջ հռչակված և ընդամենը 2,5 տարի կյանք ունեցած հանրապետությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր հետագա պատմական ընթացքի համար:

– Եթե խորհրդային ժամանակաշրջանում այդ հանրապետության անունն իսկ փոխում էին` այն անվանելով ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Բուրժուական Հանրապետություն, ապա անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության այդ երկուսուկես տարվա պատմությունը սկսեցին ներկայացնել հակառակ տեսանկյունից` միայն վարդագույն գույներով: Բայց հիմա` անկախության ձեռքբերումից տասնամյակներ անց, կարող ենք 1918-ի խորհուրդը ճշգրիտ գնահատել:

Ընդունված է ասել, որ 1045-ին Բագրատունյաց Անիի և 1375-ին Կիլիկյան թագավորության անկումից հետո մենք պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Սա սխալ մոտեցում է, որովհետև պետականությունը միայն լիարժեք թագավորական իշխանությունը կամ հանրապետությունը չէ: Պետականությունը հաճախ հանդես է գալիս անթեղված` իշխանապետությունների տեսքով: Բարգատունյաց թագավորության անկումից հետո թագավորություններ պահպանվեցին Կարսում, Սյունիքում, հետագայում պետականությունը շարունակվեց իշխանապետություններով և մելիքություններով:

Մելիքն ուներ զորք, դատական համակարգ, որոշակի միջպետական հարաբերությունների իրավունք: Իսկ Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվում էր անգամ Իրանի շահի կողմից: Այդ շղթան էր, որ հանգեցրեց 1918-ին:

Սա ուզում եմ նշել, քանի որ մեր թուրք-ադրբեջանական հակառակորդներն ասում են, թե հենց մենք` հայերս ենք ասում, որ XI դարի կեսերից պետականություն չենք ունեցել և միայն 1918-ին թուրքերի բարեգութ վերաբերմունքի շնորհիվ պետականությունը վերականգնեցինք: Ոչ: Մենք պետականությունը 1918-ին վերականգնել ենք մայիսյան հերոսամարտերի բոցերով:
Մինչև անկախության հռչակումը, երբ գոյություն ուներ Անդրկովկասյան Սեյմը, վրացիները գաղտնի բանակցությունների մեջ էին գերմանացիների, իսկ ադրբեջանցիները` թուրքերի հետ, որպեսզի Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և անկախության հռչակումից հետո Թուրքիան և Գերմանիան ճանաչեին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այսինքն` ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը պայքարում էր թուրքերի դեմ, այդ հանրապետության ղեկավարությունը սակարկության մեջ էր թուրքերի հետ հայկական հողերի հաշվին: Մեկը մյուսի հետևից հայկական հողերը` Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հանձնվում էին առանց կռվի: Բայց մենք 1918-ի մայիսի 22-30-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի շնորհիվ վաստակեցինք պետականություն ունենալու իրավունք: Պետք է մեկընդմիշտ ցրել այն կարծիքը, թե թուրքերը սկուտեղի վրա մատուցեցին մեր պետականությունը:

Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է: Պետականության վերականգնումից հետո պետականության զգացողությունը ներարկվեց հայ ժողովրդրի մեջ ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Դրա ամենավառ ապացույցը 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությունն է, որի արդյունքում դաշնակցությունը եկավ իշխանության և վերականգնեց պետականությունը մինչև 1921-ի ապրիլի 2-ը: Սա նշանակում է, որ 2,5 տարում մարդկանց մեջ ձևավորվեց պետականության զգացողությունը, և հենց ազգը զգաց, որ ինքը վտանգված է խորհրդային իշխանության առաջին ամիսներին, ապստամբեց և նորից իշխանության բերեց նախկին ղեկավարներին: Մեր ժողովուրդը ճաշակեց պետականության համը, և այդ զգացողության շնորհիվ էր, որ խորհրդային իշխանության տարիներին պետականությունը դարձյալ ոչ անկախ պայմաններում շարունակեց իր գոյությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրով, երբ դաշնակցությունը իշխանությունը հանձնեց, Հայաստանը ոչ թե հռչակվեց խորհրդային Ռուսաստանի մասնիկ, ինչպես ոմանք կարծում են, այլ հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ պետություն: Այլ հարց է, որ 1922-ին լենինյան ղեկավարությունը ազգերի ինքնուրույնությունը սահմանափակելու նպատակով սկզբում ստեղծեց Անդրկովկասյան Դաշնությունը, հետո 1922-ի դեկտեմբերի 30-ին այն մտցրեց ԽՍՀՄ-ի մեջ, և սուվերեն իրավունքները պակասեցին: Մինչև 1922 թ. Խորհրդային Հայաստանն անկախ է եղել, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր երկրներում: Մայիսի 28-ի իներցիայով կյանքի կոչվեց վարչական համակարգով բացարձակապես նախորդի հետ կապ չունեցող մի համակարգ` Խորհրդային Հայաստանը, որը նույնպես պետականության դրսևորում էր:Երրորդ հանրապետությունը ևս կյանքի կոչվեց անթեղված պետականության հիմքի վրա:

Բոլշևիկ գործիչների ծրագրերում բացարձակապես չկար խորհրդային Հայաստան ունենալու ծրագիր, լավագույն դեպքում նպատակ ունեին ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակով Հայաստանը մտցնել կա՛մ ապագա խորհրդային Վրաստանի, կա՛մ Ադրբեջանի կազմ: Իսկ փետրվարյան ապստամբությունը և 1918-20 թթ. հանրապետությունը ստիպեցին կենտրոնական իշխանություններին հաշվի նստելու առաջին հանրապետության և դրան հաջորդած երկրորդ հանրապետության գոյության հետ: Դրա հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը:

Մայիսի 28-ի տոնակատարությունը, որը նշվում է որպես առաջին հանրապետության տոն, կարծում եմ` ինչ-որ իմաստով ճիշտ չի ձևակերպված: Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է, առհասարակ պետականության, որն ուղղակի կապ ունի երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ: Մայիսի 28-ի խորհուրդը հենց այդ շարունակականության մեջ է:

– Երրորդ հանրապետությունն արդեն 23 տարի անկախ է, բայց մինչև հիմա բազում չլուծված խնդիրներ կան, որոնք արդարացնում ենք նորանկախ հանրապետություն լինելու հանգամանքով: Առաջին հանրապետության 2,5 տարիների ընթացքում այն ժամանակվա պետական այրերն ի՞նչ ու ինչպե՞ս հասցրեցին անել:

– Առաջին հանրապետության ղեկավարներն արել են անկարելին: Երբ թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և անմիջական վտանգ էր կախվել Էջմիածնի ու Երևանի վրա, որտեղ ծվարել էին հարյուրհազարավոր արևելահայեր ու արևմտահայ գաղթականներ, Բաթումի պայմանագիրը ստորագրելն այլընտրանք չուներ: Սա պետք է դառնորեն ընդունել: Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Ոմանք շահարկում են, թե Հայաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով դեպի Արևմուտք, մոռացության տվեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հետևանքով երկիրը կործանվեց: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորինս փորձեց սերտ կապեր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որ հայ-ռուսական մերձեցումը բացառեն, և հաջողեցին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, Սևրով տարվելուն, բա ի՞նչ պիտի անեին: Նրանք հասկանում էին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց ելքի դեպի Սև ծով, ուստի հայացքն ուղղել էին դեպի Արևմուտք: Այլ հարց է, որ Արևմուտքի մեր դաշնակիցները մեզ մենակ թողեցին թուրքերի դեմ, հետո էլ անցան նրանց կողմը: Բայց Հայաստանն ավելին անել չէր կարող:

Ինչպես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է պատկերավոր ասում, Հայաստանի Հանրապետությունը, միևնույն է, դատապարտված էր կործանվելու, քանի որ հայտնվել էր բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի միջև: Ուստի ասում եմ` Աստված մի արասցե, որ պատմության անիվը երբևէ նորից պտտվի այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը նորից դառնան դաշնակիցներ, դա մեզ համար աղետալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին, պետք է հիշենք, որ մենք կուրորեն չպիտի լինենք Ռուսաստանի կրտսեր եղբայրը, այլ լինենք հավասարը հավասարի պես: Եթե ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ուրեմն պետք է իմանան, որ հավասարազոր դաշնակից ենք, և հավուր պատշաճի հարգեն մեր ազգային շահերն ու իրավունքները:

– Երրորդ հանրապետությունը կառուցելիս որքանո՞վ ենք հաշվի առել առաջին հանրապետության դասերը:

– Եթե առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ 2,5 տարի, ապա երրորդ հանրապետությունն արդեն գոյություն ունի մոտ 2,5 տասնամյակ, սա, կարծում եմ, կարևոր գնահատական է այդ հանրապետության սխալները հաշվի առնելու և դասերից հետևություններ անելու իմաստով: Փառք Աստծո, տարածքների հարցում դեռ շահած վիճակում ենք: Այլ հարց է, որ պետք է հեռատես գտնվենք, այլապես այսպիսի ահռելի արտագաղթի պայմաններում շահեկան վիճակը երկար չի տևի, Աստված մի արասցե, դրանով կարող է վտանգվել նաև երրորդ հանրապետության գոյությունն ու հեռանկարը: Պետք է սթափվենք և հասկանանք, որ արտագաղթը աղետալի է մեզ համար, իշխանությունները պետք է սթափվեն և ժողովրդին այս հողի վրա պահելու քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն երրորդ հանրապետության ապագայի իմաստով վստահ լինենք, որ խնդիր չունենք, այլև, իմ խորին համոզմամբ, մի օր պիտի ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարին արժանանանք, քանի որ Թուրքիան վաղ թե ուշ որպես երկիր դատապարտված է կործանման: Խելոք լինենք, որ պատեհ պահին օգտվենք այդ առիթից:

– Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով 1918-ի իրադարձությունները, առաջին հանրապետության պատմությունը որքանո՞վ են ներկայիս սերնդին ճիշտ ներկայացված:

– Կարծում եմ, որ այդ նյութերը հավուր պատշաճի դեռ ներկայացված չեն մեր ժողովրդին: Պետության խնդիրը պետք է լինի նպաստավոր միջավայր ստեղծել, որ հնարավոր լինի պահանջարկ առաջացնել մարդկանց մեջ դեպի այս իրադարձությունների ուսումնասիրությունը: Մարդիկ գիտեն, որ նման բան է եղել: Ո՞վ կարող է ասել, որ Սարդարապատի մասին չգիտի: Բայց չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ընթացք է ունեցել, որն է դրա պատմական նշանակությունը:

– Այսօրվա սերունդը հայրենասե՞ր է:

– Յուրաքանչյուր դարաշրջան ծնում է իր հերոսներին: Նրանք, ովքեր կարծում են, թե այս սերունդը չի կռվի, որովհետև հուսալքված է, որովհետև Հայաստանում օլիգարխիա կա, սխալվում են: Աստված մի արասցե, երբ գա այդ պահը, նա օլիգարխին էլ է մոռանալու, բթամիտ պաշտոնյային էլ, նա աչքի առաջ ունենալու է իր ընտանիքը, իր ծնողին, իր երեխային և գնալու է հայրենիքի համար կռվելու: Ի դեպ, վաղ միջնադարում հայրենիք էին անվանում այն հողակտորը, որը հորից ժառանգաբար անցնում էր որդուն:
Ամեն ժամանակաշրջան կծնի իր հերոսներին: Եվ ես ցանկանում եմ, որ գալիք սերունդը, որը պիտի հերոսանա, արժանանա շատ ավելի մեծ արդյունքների, քան մեր սերունդը, որովհետև մենք դեռ շատ ազատագրելու հողեր ունենք:

Նախագահը կմասնակցի Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Սերժ Սարգսյան,Կանանց տոնՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կմասնակցի Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Ադրբեջանցիները դարձյալ հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել

ՊԲ,պնՄայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:
96 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛ր պետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը: Աշխարհն այդ օրը կրկին լսեց հայի մասին, իմացավ, որ մենք կանք ու որ լի՛ ենք մեզ պաշտպանելու, մեր ապագան ինքներս կերտելու անկոտրում վճռականությամբ:
Եվ այսօր, նշելով մեր առաջին հանրապետության օրը, մենք նաև խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին հանրապետության կայացումն ու աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորը: Նաև նրանց օրինակն էր, որ, ոգեշնչելով մեր նորօրյա հերոսներին, մեր ժողովրդին բերեց մայիսյան մյուս պանծալի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, հաջողություն: Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին փոխանցենք ավելի հզոր, ավելի ծաղկուն Հայաստան:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Երևանի Նուբարաշենի խճուղում՝ կամրջի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել

դիակՄայիսի 27-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ կամրջի մոտակայքում, առկա է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս քաղաքի Ա թաղամասի թիվ 135 հողակտորի բնակիչ Վ. Զ.-ը (ծնվ. 1934թ.) տան մոտակայքում ընկել է աստիճանավանդակից և տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Անկախ

Սուպերմարկետի հետնամասում վիճաբանության հետևանքով՝ «գլխի տրավմա»

ծեծկռտուքՄայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձինք Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել Գևորգ Ա.-ին և 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 20.30-ին Գևորգ Ա.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Ռուբեն Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանց ծեծի է ենթարկել 1997 թ. ծնված Էդգար Ե.-ն, որը մայիսի 26-ին, ժամը 16.40-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Աշխատանքի տեղավորելու պատրվակով 5.500 դոլար է վերցրել և անհետացել

դոլարՕրերս ոստիկանության ծառայողները Էրեբունու բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Նախշուն Հ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որդուն աշխատանքի տեղավորելու պատրվակով, իր ծանոթ Մայան խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով` իրենից մաս-մաս վերցրել է 5.500 դոլար և անհետացել:
Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ծանոթի անունով ապառիկ «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս է վերցրել և վճարումները չկատարելով` դիմել փախուստի

նոութբուքՈստիկանության ծառայողներն օրերս Կենտրոնականի բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արթուրը մարտ ամսին Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից իր անունով ապառիկ վերցրել է «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս, սակայն վճարումներ չի կատարել, խաբեությամբ տիրացել է դրանց և դիմել փախուստի:
Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Փայտե թիթեռնիկ-փողկապները / կսավառնեն/ Նկարիչների միությունում

նորաձևությունՄայիսի 28-ին Հայաստանի Նկարիչների միությունում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքի պաշտպանությունն է: Պաշտպանությանը մասնակցելու են 30 ուսանողներ՝ 4-րդ կուրսի 18 ուսանող, 15 մագիստրոսներ: Թեման ազատ է, երիտասարդները ցուցադրելու են իրենց հավաքածուները: Ժյուրիի անդամներին ցուցադրված հագուստները կգնահատվեն 5 բալանոց համակարգով:

Ակադեմիայի ուսանողուհի Նաիրա Երանոսյանը ստեղծել է տղամարդկանց հագուստի հավաքածու՝ ոգեշնչված խոհանոցային ինտերիերից ՝ կահույքից: Հավաքածուն անվանել է /Papillon en bois/, որը թարգմանաբար նշանակում է փայտե թիթեռնիկ-փողկապներ: Նա օգտագործել է փայտից աքսեսուարներ, արդուզարդ: Շուրջ 5 ամիս աշխատել է հավաքածուի ստեղծման վրա:

Նաիրա Երանոսյանarchive2.ankakh.com-ի հետ զրույցում ուսանողուհին նշեց, որ գնահատականի մասին չի անհանգստանում, քանի որ աշխատանքը կատարել է սիրով եւ հասել իր երազած արդյունքին.

/Երկար տարիներ ուսումնասիրել եմ կանացի հագուստի պատմությունը, բայց գրավեց  տղամարդկանցը, կարծում եմ, որ ավելի կարեւոր եւ արդյունավետ է աշխատել տղամարդկանց համար, երբ նորաձեւության մեջ կնոջ արտաքին տեսքով զբաղվում են տղամարդիկ եւ հակառակը, դա ինձ համար ընդունելի է: Հավաքածուին համապատասխան 6 կերպար եմ ընտրել, վստահ եմ, որ արդյունքը դրական կլինի/:

Ինչ վերաբերում է գույներին Նաիրան նշեց, որ իր մոտ գունային բազմազանություն է, առհասարակ նա կարեւորում է գույնը, թե արվեստում, թե կյանքում, միայն թե պետք է ընտրել գունային ճիշտ համադրություն: Տղամարդկանց հագուստի մեջ գերիշխում է կանաչն իր երանգներով եւ մոխրագույնը:  Հավաքածուն բազմերանգ է, սակայն պահպանվել են հայ տղամարդուն հարիր բոլոր վարքականոները: Նաիրան հարցումներ է անցկացրել եւ գտել այսօրվա տղաներին ցանկալի նոր ոճը.

նորաձևություն/Նորաձեւությունն իմ ապրելակերպն է, ես այն եզակի երջանիկներից եմ, ով զբաղվում է իր սիրելի աշխատանքով եւ երբեք չի ձանձրանում: Նորաձեւության տենդեցներին տեղյակ լինելը շատ կարեւոր է, բայց դառնալ դրանց գերին պետք չէ: Հայաստանում հատկապես երիտասարդները սկսել են հետեւել իրենց հագ ու կապին, փորձում են տարբերվել, համարձակ են, դա ողջունելի փաստ է/:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին

 սերժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Պյոտր Ալեքսեի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը

003 (1)Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ  շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է հանրային սեփականություն հանդիսացող հողատարածք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համապատասխան որոշմամբ՝ շենքի կցակառույցը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից ամբողջովին ապամոնտաժվել է, իսկ ազատված տարածքը վերադարձվել է շենքի բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն