Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է. Աշոտ Մելքոնյան

Ashot MelkonyanՄայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-ամյակը: Այս առիթով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

- Պարոն Մելքոնյան, 96 տարի առաջ հռչակված և ընդամենը 2,5 տարի կյանք ունեցած հանրապետությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր հետագա պատմական ընթացքի համար:

- Եթե խորհրդային ժամանակաշրջանում այդ հանրապետության անունն իսկ փոխում էին` այն անվանելով ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Բուրժուական Հանրապետություն, ապա անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության այդ երկուսուկես տարվա պատմությունը սկսեցին ներկայացնել հակառակ տեսանկյունից` միայն վարդագույն գույներով: Բայց հիմա` անկախության ձեռքբերումից տասնամյակներ անց, կարող ենք 1918-ի խորհուրդը ճշգրիտ գնահատել:

Ընդունված է ասել, որ 1045-ին Բագրատունյաց Անիի և 1375-ին Կիլիկյան թագավորության անկումից հետո մենք պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Սա սխալ մոտեցում է, որովհետև պետականությունը միայն լիարժեք թագավորական իշխանությունը կամ հանրապետությունը չէ: Պետականությունը հաճախ հանդես է գալիս անթեղված` իշխանապետությունների տեսքով: Բարգատունյաց թագավորության անկումից հետո թագավորություններ պահպանվեցին Կարսում, Սյունիքում, հետագայում պետականությունը շարունակվեց իշխանապետություններով և մելիքություններով:

Մելիքն ուներ զորք, դատական համակարգ, որոշակի միջպետական հարաբերությունների իրավունք: Իսկ Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվում էր անգամ Իրանի շահի կողմից: Այդ շղթան էր, որ հանգեցրեց 1918-ին:

Սա ուզում եմ նշել, քանի որ մեր թուրք-ադրբեջանական հակառակորդներն ասում են, թե հենց մենք` հայերս ենք ասում, որ XI դարի կեսերից պետականություն չենք ունեցել և միայն 1918-ին թուրքերի բարեգութ վերաբերմունքի շնորհիվ պետականությունը վերականգնեցինք: Ոչ: Մենք պետականությունը 1918-ին վերականգնել ենք մայիսյան հերոսամարտերի բոցերով:
Մինչև անկախության հռչակումը, երբ գոյություն ուներ Անդրկովկասյան Սեյմը, վրացիները գաղտնի բանակցությունների մեջ էին գերմանացիների, իսկ ադրբեջանցիները` թուրքերի հետ, որպեսզի Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և անկախության հռչակումից հետո Թուրքիան և Գերմանիան ճանաչեին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այսինքն` ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը պայքարում էր թուրքերի դեմ, այդ հանրապետության ղեկավարությունը սակարկության մեջ էր թուրքերի հետ հայկական հողերի հաշվին: Մեկը մյուսի հետևից հայկական հողերը` Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հանձնվում էին առանց կռվի: Բայց մենք 1918-ի մայիսի 22-30-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի շնորհիվ վաստակեցինք պետականություն ունենալու իրավունք: Պետք է մեկընդմիշտ ցրել այն կարծիքը, թե թուրքերը սկուտեղի վրա մատուցեցին մեր պետականությունը:

Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է: Պետականության վերականգնումից հետո պետականության զգացողությունը ներարկվեց հայ ժողովրդրի մեջ ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Դրա ամենավառ ապացույցը 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությունն է, որի արդյունքում դաշնակցությունը եկավ իշխանության և վերականգնեց պետականությունը մինչև 1921-ի ապրիլի 2-ը: Սա նշանակում է, որ 2,5 տարում մարդկանց մեջ ձևավորվեց պետականության զգացողությունը, և հենց ազգը զգաց, որ ինքը վտանգված է խորհրդային իշխանության առաջին ամիսներին, ապստամբեց և նորից իշխանության բերեց նախկին ղեկավարներին: Մեր ժողովուրդը ճաշակեց պետականության համը, և այդ զգացողության շնորհիվ էր, որ խորհրդային իշխանության տարիներին պետականությունը դարձյալ ոչ անկախ պայմաններում շարունակեց իր գոյությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրով, երբ դաշնակցությունը իշխանությունը հանձնեց, Հայաստանը ոչ թե հռչակվեց խորհրդային Ռուսաստանի մասնիկ, ինչպես ոմանք կարծում են, այլ հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ պետություն: Այլ հարց է, որ 1922-ին լենինյան ղեկավարությունը ազգերի ինքնուրույնությունը սահմանափակելու նպատակով սկզբում ստեղծեց Անդրկովկասյան Դաշնությունը, հետո 1922-ի դեկտեմբերի 30-ին այն մտցրեց ԽՍՀՄ-ի մեջ, և սուվերեն իրավունքները պակասեցին: Մինչև 1922 թ. Խորհրդային Հայաստանն անկախ է եղել, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր երկրներում: Մայիսի 28-ի իներցիայով կյանքի կոչվեց վարչական համակարգով բացարձակապես նախորդի հետ կապ չունեցող մի համակարգ` Խորհրդային Հայաստանը, որը նույնպես պետականության դրսևորում էր:Երրորդ հանրապետությունը ևս կյանքի կոչվեց անթեղված պետականության հիմքի վրա:

Բոլշևիկ գործիչների ծրագրերում բացարձակապես չկար խորհրդային Հայաստան ունենալու ծրագիր, լավագույն դեպքում նպատակ ունեին ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակով Հայաստանը մտցնել կա՛մ ապագա խորհրդային Վրաստանի, կա՛մ Ադրբեջանի կազմ: Իսկ փետրվարյան ապստամբությունը և 1918-20 թթ. հանրապետությունը ստիպեցին կենտրոնական իշխանություններին հաշվի նստելու առաջին հանրապետության և դրան հաջորդած երկրորդ հանրապետության գոյության հետ: Դրա հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը:

Մայիսի 28-ի տոնակատարությունը, որը նշվում է որպես առաջին հանրապետության տոն, կարծում եմ` ինչ-որ իմաստով ճիշտ չի ձևակերպված: Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է, առհասարակ պետականության, որն ուղղակի կապ ունի երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ: Մայիսի 28-ի խորհուրդը հենց այդ շարունակականության մեջ է:

- Երրորդ հանրապետությունն արդեն 23 տարի անկախ է, բայց մինչև հիմա բազում չլուծված խնդիրներ կան, որոնք արդարացնում ենք նորանկախ հանրապետություն լինելու հանգամանքով: Առաջին հանրապետության 2,5 տարիների ընթացքում այն ժամանակվա պետական այրերն ի՞նչ ու ինչպե՞ս հասցրեցին անել:

- Առաջին հանրապետության ղեկավարներն արել են անկարելին: Երբ թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և անմիջական վտանգ էր կախվել Էջմիածնի ու Երևանի վրա, որտեղ ծվարել էին հարյուրհազարավոր արևելահայեր ու արևմտահայ գաղթականներ, Բաթումի պայմանագիրը ստորագրելն այլընտրանք չուներ: Սա պետք է դառնորեն ընդունել: Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Ոմանք շահարկում են, թե Հայաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով դեպի Արևմուտք, մոռացության տվեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հետևանքով երկիրը կործանվեց: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորինս փորձեց սերտ կապեր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որ հայ-ռուսական մերձեցումը բացառեն, և հաջողեցին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, Սևրով տարվելուն, բա ի՞նչ պիտի անեին: Նրանք հասկանում էին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց ելքի դեպի Սև ծով, ուստի հայացքն ուղղել էին դեպի Արևմուտք: Այլ հարց է, որ Արևմուտքի մեր դաշնակիցները մեզ մենակ թողեցին թուրքերի դեմ, հետո էլ անցան նրանց կողմը: Բայց Հայաստանն ավելին անել չէր կարող:

Ինչպես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է պատկերավոր ասում, Հայաստանի Հանրապետությունը, միևնույն է, դատապարտված էր կործանվելու, քանի որ հայտնվել էր բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի միջև: Ուստի ասում եմ` Աստված մի արասցե, որ պատմության անիվը երբևէ նորից պտտվի այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը նորից դառնան դաշնակիցներ, դա մեզ համար աղետալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին, պետք է հիշենք, որ մենք կուրորեն չպիտի լինենք Ռուսաստանի կրտսեր եղբայրը, այլ լինենք հավասարը հավասարի պես: Եթե ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ուրեմն պետք է իմանան, որ հավասարազոր դաշնակից ենք, և հավուր պատշաճի հարգեն մեր ազգային շահերն ու իրավունքները:

- Երրորդ հանրապետությունը կառուցելիս որքանո՞վ ենք հաշվի առել առաջին հանրապետության դասերը:

- Եթե առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ 2,5 տարի, ապա երրորդ հանրապետությունն արդեն գոյություն ունի մոտ 2,5 տասնամյակ, սա, կարծում եմ, կարևոր գնահատական է այդ հանրապետության սխալները հաշվի առնելու և դասերից հետևություններ անելու իմաստով: Փառք Աստծո, տարածքների հարցում դեռ շահած վիճակում ենք: Այլ հարց է, որ պետք է հեռատես գտնվենք, այլապես այսպիսի ահռելի արտագաղթի պայմաններում շահեկան վիճակը երկար չի տևի, Աստված մի արասցե, դրանով կարող է վտանգվել նաև երրորդ հանրապետության գոյությունն ու հեռանկարը: Պետք է սթափվենք և հասկանանք, որ արտագաղթը աղետալի է մեզ համար, իշխանությունները պետք է սթափվեն և ժողովրդին այս հողի վրա պահելու քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն երրորդ հանրապետության ապագայի իմաստով վստահ լինենք, որ խնդիր չունենք, այլև, իմ խորին համոզմամբ, մի օր պիտի ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարին արժանանանք, քանի որ Թուրքիան վաղ թե ուշ որպես երկիր դատապարտված է կործանման: Խելոք լինենք, որ պատեհ պահին օգտվենք այդ առիթից:

- Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով 1918-ի իրադարձությունները, առաջին հանրապետության պատմությունը որքանո՞վ են ներկայիս սերնդին ճիշտ ներկայացված:

- Կարծում եմ, որ այդ նյութերը հավուր պատշաճի դեռ ներկայացված չեն մեր ժողովրդին: Պետության խնդիրը պետք է լինի նպաստավոր միջավայր ստեղծել, որ հնարավոր լինի պահանջարկ առաջացնել մարդկանց մեջ դեպի այս իրադարձությունների ուսումնասիրությունը: Մարդիկ գիտեն, որ նման բան է եղել: Ո՞վ կարող է ասել, որ Սարդարապատի մասին չգիտի: Բայց չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ընթացք է ունեցել, որն է դրա պատմական նշանակությունը:

- Այսօրվա սերունդը հայրենասե՞ր է:

- Յուրաքանչյուր դարաշրջան ծնում է իր հերոսներին: Նրանք, ովքեր կարծում են, թե այս սերունդը չի կռվի, որովհետև հուսալքված է, որովհետև Հայաստանում օլիգարխիա կա, սխալվում են: Աստված մի արասցե, երբ գա այդ պահը, նա օլիգարխին էլ է մոռանալու, բթամիտ պաշտոնյային էլ, նա աչքի առաջ ունենալու է իր ընտանիքը, իր ծնողին, իր երեխային և գնալու է հայրենիքի համար կռվելու: Ի դեպ, վաղ միջնադարում հայրենիք էին անվանում այն հողակտորը, որը հորից ժառանգաբար անցնում էր որդուն:
Ամեն ժամանակաշրջան կծնի իր հերոսներին: Եվ ես ցանկանում եմ, որ գալիք սերունդը, որը պիտի հերոսանա, արժանանա շատ ավելի մեծ արդյունքների, քան մեր սերունդը, որովհետև մենք դեռ շատ ազատագրելու հողեր ունենք:

Tags: , , , , ,