Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ:

Մետաքսե

«Խորապես ցավակցում եմ ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին սիրված մտավորականի մահվան կապակցությամբ:

Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում:

Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը և մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Հաշմանդամների համար նախատեսված անվճար ավտոկայանատեղիների վերաբերյալ

001

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով և Երևանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածքներ:

003

 

Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ամբողջությամբ ավարտված են:  Ըստ այդմ, պատրաստվել է նաև հաշմանդամների  մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր  փաստաթղթերը:

Երևանի ավագանու որոշումներին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:

 

Սեյրան Օհանյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

սեյրան ՕհանյանՍիրելի երիտասարդներ,

Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է:

Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ամեն վայրկյան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական հենակետերում հակառակորդին դեմ հանդիման կանգնած 18-ից 20 տարեկան զինվորների, պայմանագրային զինծառայողների ու երիտասարդ սպաների վստա՛հ շնչառությունը, տեսնելով նրանց երիտասարդ, բայց խուճապի նշույլ իսկ չկրող համարձակ դեմքերը, մտովի հիշելով նրանցից առաջ այդ խրամատներում կանգնած մարտիկներին, և բոլորիդ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու, Հայաստան ու Արցախ բառերը լսելիս` մեր սերնդի պես ամեն զոհողության պատրաստ լինելու համար:

Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից` թիկունք են կանգնում ձեզ:

Ձեր ավյունն ու եռանդը, Ձեր նվիրվածությունը ազգային ու համամարդկային արժեքներին, և միաժամանակ նոր, հաճախ առաջին հայացքից առավել քան համարձակ թվացող գաղափարներն են, որ կամրջում են հայությանը` ստեղծելով այն հիմքը, որի վրա է խարսխվելու Հայկական համաժողովրդական բանակը ու դիմագրավելու է հայությանը սպառնացող ամենատարբեր նենգ վտանգներին:

Անկախ սերունդներից, մենք նույն ուղին ենք ընտրել, ու վստահ եմ, որ ոչ մի գայթակղություն կամ փորձություն որևէ մեկիս չի շեղելու այդ դժվարին, բայց ճակատագրով մե՛զ վերապահված ճանապարհից:

       Անկախ

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 2.5 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27որոշում

1 (1)ՀՀ բնապահպանության նախարարության՝ 04-08.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 847.57հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  19.4հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  երեք գործի քննության  արդյունքում  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

       Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի  խախտումների համար  կայացվել է  200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 70.3հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային  բաժնի կողմից չորս տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար  կայացվել է 400.0.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  որոշումներ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  300.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 473.27 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի  տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  100.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշում:

   Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար  կայացվել է  150.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 38.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված հինգ և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքերի գործերի քննության  արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում: Հաշվարկվել է 45.0հազ.դր  գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտումների համար   երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 112.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                     

     Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է երեք հատ խեցգետնաորսիչ: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել ջրամբար:

 Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնագողության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է   89.0հազ.դր ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  

 Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի  տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  150.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  որոշում, իսկ   Երևանի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում:

  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար:

 

 

 

Կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր

հրադադարԱնցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է:

Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

«Հին» մասնագիտության նոր ձախողումը

բերման է ենթարկվելՕգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով:
Ոստիկանները պարզել են, որ Մելիկո Ա.-ն դրամապանակը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում գողացել է ուղևորուհու պայուսակից:
Ժամը13.30-ին կինը հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

2014 առաջին կիսամյակում տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի կատարման վերաբերյալ

երևանի քաղաքապետարանԵրևանի ավագանու որոշմամբ դեռ 2009 թվականին հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսավորղների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մայրաքաղաքում հաշվառված է ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 14.430 առևտրի և սպասարկման օբյեկտ։ Պարտադիր բարեկարգման գործող կարգի մասին  տնտեսավորղները, նաև պետական ու հասարակական կառույցները պարբերաբար  ծանուցվել են: Յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ որտեղ նշված է  պարտադիր բարեկարգման ենթակա տարածքի սահմանները: 2014 թվականի 1-ին կիսամյակում բարեկարգման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 13889 օբյեկտներից բարեկարգվել է 11890–ը, մնացած տարածքներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կանաչապատման ենթակա ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 4400 օբյեկտներից կանաչապատվել է 2761–ը, մնացածներում գործընթացը շարունակվում է: Պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ տարվա առաջին կիսամյակում կազմվել է 901 արձանագրություն։

 Անկախ

Հայտնի դերասանն ինքնասպան է եղել

10612895_10152671057913010_7309634291923397338_nՑավալի լուր ԱՄՆ-ից. 64 տարեկանում մահացել է հայտնի կատակերգակ դերասան,”Օսկարի”  դափնեկիր Ռոբին Ուիլյամսը: Ոստիկանությունը նրա մարմինը գտել է երկուշաբթի` 11:55-ին, Կալիֆոռնիայի Թիբուրոն քաղաքում գտնվող իր սեփական տանը:

“911” փրկարարական ծառայություն զանգահարել են ու տեղեկացրել,  որ տանն անգիտակից տղամարդ է գտնվում: Ոստիկանները 5 րոպեից տեղ են հասել ու պարզել, որ տղամարդը հայտնի դերասանն է:

Վերջին անգամ նրան կենդանի տեսել են օգոստոսի 10-ին, ժամը 22-ի մոտ: Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպան է եղել: Հայտնի է, որ վերջին շրջանում նա չարաշահում էր ալկոհոլն ու հոգեկան ճնշված վիճակում էր: Մահվան վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կհրապարկվի օգոստոսի 12-ին փորձագիտական հետազոտությունից հետո:

Դերասան ու պրոդյուսեր Ռոբին Ուիլյամսը ծնվել է 1951-ի հուլիսի 21-ին, Չիկագոյում: Նրա հայրը` Ռոբերտ Ֆիտցջերալդ Ուիլյամսը Ford Motors-ի ղեկավարներից էր, մայրը` Լորի Ուիլյամսը` նախկին մոդել էր: Դպրոցն ավարտելուց հետո, նա սովորել է Քլերմոնտի քաղաքագիտության քոլեջում, իսկ 20 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել դերասանական վարպետության դպրոց ու միաժամանակ ակումբներում մատուցող աշխատել:

1974-ին նրան հրավիրել են “Երջանկ օրեր”, որտեղ խաղացել է այլմոլորակային դեր: Կերպարը հանդիսատեսին դուր եկավ ու, 4 տարի անց նրա համար հատուկ ստեղծեցին “Մորկն ու Մինդին” շոուն, որի շնորհիվ էլ նա ճանաչված դերասան դարձավ:

Նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են` “Միսիս Դաութֆայտերը”, “Ջումանջին”,”Գիշերը թանարանում”,”Մեռած պոետների հասարակությունը” ”Ուր են տանում երազները”: Արժանացել է 5 “Ոսկե գլոբուսի”

Վերջին տարիներին նա տառապում էր ալկոհոլային կախվածությունից ու դեպրեսիայից: Բուժվել է վերականգնողական կենտրոնում: 2009-ին վիրահատել են դերսանի սիրտը: Մի քանի անգամ ամուսնացած է եղել, ունի 3 երեխա:

“Էնթերթայմենթ ուիքլի” ամսագիրը նրան “ներկայում ապրողներից ամենաուրախ մարդ” է ճանաչել:

Խոսք ընթերցողի. Նա մի աշխարհ է աշխարհի վրա

girqԻմ առջև բանաստեղծությունների մի ժողովածու է. գրական ծովին մի կաթիլ էլ ավելացավ: Եվ եթե իր մաշկի վրա զգաց այդ փոքրիկ կաթիլի հայտնությունը, նշանակում է ծնունդ է եղել, արաշալույսն անպտուղ չի ծագել: Մի ձայն, մի գույն, մի շող, մի ցող պիտի նստի մեր երկնագույն երազին, մեր բազմադարյան գրական կաղնու մշտադալար թերթերին:

Իմ այս խոհերը պատմական վավերագրեր չեն , այլ նոր ծնված մի լավ գրքից ստացած թարմ տպավորություն, զվարթ, պայծառ զգացում, որ առաջանում է այն շահագրգռությունից, թե հայ գիրը, հայ գրական անդաստանը պիտի միշտ թարմանա, գարնանաբույր հնչի ամենուր և՛ այսօր, և՛ վաղը:
«Հայաստան» հրատարակչությունը պետական աջակցությամբ կյանքի է կոչել «Վերջին ժպիտ» բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակն է ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, 2006-ից Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը:
Հեղինակը սկսնակ գրող չէ (նրա 4-րդ ժողովածուն է ). ունի իր գնահատանքն ու վաստակը, բայց այս ժողովածուով ընթերցողին տեղափոխում է մի նոր, հետաքրքիր աշխարհ, որտեղ կյանքը ցոլանում է իր ամեն տեսակ շերտերով ու ծալքերով: Գրքի էջերում բանաստեղծուհու ժպիտն է, հոգու ճիչը, տագնապները, մեզանից թաքուն արտասուքը: Այստեղ նաև հայոց բնաշխարհն է` լեռնակողերի մեջ աճած ծառերով, ծննդավայրի և հայրենիքի ինքնատիպ զգացողություններով:
Լենա Անթառանյանի պոեզիան նաև ինքնախոստովանություն է, ինքնաբացահայտում.
Դու քո աշխարհների մեջ՝
Աշխարհների աշխարհ:

Կամ թե.
Հոգնած իմ քայլերը
Էլ ոչ մի մոլորում չեն բերելու
Մինչև մայրամուտ:

Լենա Անթառանյանն իր բանսատեղծություններով բարության մայրապետի նման իր նպաստն է բերում, որ բարությունը իշխի աշխարհում.
Պաղ քարերի բութ դեմքերց
Ջերմություն եմ հավաքելու,
Բարությունը՝ հանած ինձնից,
Աշխարհով մեկ եմ փռելու:

«Արևն իրոք ծննդավայրից է ծագում», – համոզում է բանաստեղծուհին և հյուսում իր չխամրող հեքիաթն Օձունի ձորում.

Արարիչը արարեց ու նվիրեց աշխարհին
Ճերմա՜կ-ճերմակ աղջկան ու երազի հրաշք ձին:

Այս գրքի էջերում Լենա Անթառանյանը տառապում է կարոտից, նրա փխրուն սիրտը փշրվում է կարոտի հարվածներից.
Իմ կարոտներից
Ճանապարհները երազ են հյուսում:

Կարդում եմ գիրքը և տեսնում, որ նորից հավաքվել ենք պոեզիայի կանչով և ունկնդիր ենք մուսաների ձայնին, ուրեմն կյանքից դժգոհելու առիթները նվազում են, ուրեմն մեր հոգում երազներ կան և ապրելու, երջանկանալու, հարատևելու հույսերը ծաղկում են մեր սրտում: Ուրեմն հայոց գարունը կրկին բացվելու է ժամանակին, և այսօր այդ գարնան ավետաբերը Լենա Անթառանյանն է: Նա մի պաղ աղբյուր է պոեզիայի աշխարհում, աշխարհ է աշխարհի վրա:
Ուրախալի է, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, անգլերեն և այլ լեզուներվ, ու նրա վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալուվ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: Մնում է սպասել նրա հոգու նոր պոռթկումներին և բեղուն գրչի նոր առկայծումների:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

ՀՀ բնապահպանության նախարարն ամփոփել է գործունեության 100 օրը

003 (2)ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները: Նախարարն ընդգծել է, որ առաջնորդվելով ՀՀ կառավարության նոր ծրագրով և ՀՀ Նախագահի հանձնարարականներով` վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձել է վերհանել բոլոր հրատապ և առաջնահերթ խնդիրները, մշակել լուծման արդյունավետ եղանակները և հետևողական քայլեր անել դրանց կարգավորման ուղղությամբ:

Կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում՝ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր պաշտոնավարման առաջին օրերին հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ և հանդիպումը համարում է արդյունավետ: Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանդիպման կողմերը որոշել էին ձևավորել նախարարին կից հասարակական խորհուրդ, որի ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Նախարարը բարձր է գնահատել նաև ոլորտում գիտական գործունեություն ծավալող գիտնականների հետ հանդիպումը, որի ընթացքում հնչած առաջարկի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդ: Արամայիս Գրիգորյանը կարևորել  է  Հայաստանում գործող 15 օրհուս տեղեկատվական կենտրոնների դերը, որոնց ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հասարակությանը բնապահպանական մատչելի տեղեկատվություն տրամադրելը և հանրային իրազեկման ուղղությամբ նրանց ծավալած գործունեությունը:

Անդրադառնալով Սևանա լճին՝ նախարարը նկատել է, որ լճի բարձրացման խնդիրները ՀՀ Նախագահը և վարչապետը իրենց հսկողության տակ են պահում և  պլանավորված է, որ մինչև 2030թ. նրա մակարդակը պետք է հասնի 1903.5 նիշին: Նախարարն ափսոսանքով է նկատել, որ տարվա սակավաջրությամբ պայմանավորված, ԱԺ ընդունած որոշման համաձայն, այս պահին արդեն լճից բաց է թողնվել 230մլն խ/մ ջուր և նախորդ տարվա համեմատ ունենք 9 սմ-ի բացասական ցուցանիշ: Նախարարը հույս  է հայտնել, որ այն արագ կլրացվի ոռոգման շրջանի ավարտից հետո:

Արարատյան հարթավայրի խորքային ջրերի հարցի վերաբերյալ Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ կա խնդիր, և նախարարությունը հետևողականորեն գնում է դրա լուծման ճանապարհով՝ հաշվի  չառնելով հայտնաբերվող խախտում կատարած ջրօգտագործողի ով լինելը:

ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ խնդիրներ կան նաև  հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների սահմանների հարցում,  ինչի ուղղությամբ իր կողմից ձևավորված հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում:

Ըստ նախարարի, առաջիկայում կարևոր նախաձեռնություններից  է լինելու GIS  Աշխարհագրական տեղեկատվական համակարգի  ներդրումը հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում նաև Սևանի ավազանում: Այն իրենից ներկայացնում է տեղեկությունների բազզա տվյալ տարածքում առկա կենսաբազմազանության վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև առցանց ռեժիմով հետևել կենսաբազմազանության վիճակին: Նման համակարգեր գործում են միայն զարգացած երկրներում և Բնապահպանության նախարարությունն այս նպատակով արդեն բանակցություններ է վարում դոնոր կազմակերպություների հետ՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:

Բնապահպանության նախարարը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու փոքր ՀԷԿ-երի կողմից բնապահպանական պարտավորությունների պահպանմանը: Հետևողական աշխատանքներ են տարվելու նաև հանքարդյունաբերական ընկերությունների կողմից սահմանված բնապահպանական նորմերի կատարման ընթացքի վերահսկողության ուղղությամբ: Մասնավորապես՝ բնապահպանության նախարարը շեշտել է, որ վերոհիշյալ ընկերությունների պոչամբարների տարածքներ կատարած իր աշխատանքային այցերի ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, և ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետներում շտկել դրանք: Հակառակ դեպքում, ըստ Արամայիս Գրիգորյանի, Բնապահպանության նախարարությունը կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ ընդհուպ մինչը տվյալ ընկերությանը լիցենզիայից զրկելու միջնորդության ներկայացումը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ բնապահպանության նախարարը շեշտել է, որ ցանկացած տնտեսական գործունեություն սկսելու փորձաքննությունն անցկացնելիս առաջնահերթ պետք է հաշվի առնվի հասարակության /ազդակիր համայնքների բնակիչների/ կարծիքը, ինչն ամրագրված է նաև ԱԺ-ի կողմից նոր ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում:

Վերջում նախարարը նկատել է, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ և դրանք հնարավոր է լուծել հասարակության լայն շերտերի ու ԶԼՄ-ների աջակցությամբ:  Հետևաբար՝ Բնապահպանության նախարարությունը լինելու է բաց, ոչ միայն իր գործունեության մեջ, այլև՝ համագործակցության և համատեղ աշխատանքի:

 

Անկախ

Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական և սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ 28000 անդամով և քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, սկաուտական բանակումներ և մարզախաղեր։

Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության իրագործմանը:
ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նախ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել կենտրոնական վարչության անդամներին, ապա անդրադարձել հուլիսի 31-ին Երևանում դեպի Հանրապետության հրապարակ երթով մեկնարկած ՀՄԸՄ 10-րդ՝ հոբելյանական համընդհանուր բանակումի միջոցառումներին: Գառնիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն 10 օրով Բյուրականի բանակավայրում է համախմբել 17 երկրից ժամանած շուրջ 730 երիտասարդի՝ հայրենիքին ծանոթանալու և սկաուտական գիտելիքները փոխանակելու նպատակով: ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամները նաև շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար:
ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թ., Հայաստանում գործել է 1920-1923 թթ, վերահիմնադրվել՝ 1989 թ.։ Հայաստանի ազգային սկաուտական շարժում` ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպությունը պատանեկության և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է, որը հանդիսանում է ՀՄԸՄ գործունեության և ավանդույթների կրողը: Ներկայումս ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը գործում է 12 միավորով` ՀՀ 6 մարզում:

 

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ,  այսօր հրավիրել էր սերգո, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը:  Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը,  Առևտրաարդյունաբերական պալատիհավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաև մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող  և թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունների ղեկավարները:

«ՀՀ Նախագահն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին և նշել է, որ  ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում», – նշել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ Նախագահի խոսքը:

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ հայկական արտադրողները հնարավորություն ունեն նույնիսկ կրկնապատկել այդ ծավալները՝  արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում: Ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջև չեն կանգնի, փոքր և միջին ընկերությունները կարող են հանդիպել մի շարք խնդիրների: Այդ կապակցությամբ նախարարը խոստացել է հնարավորինս աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու խնդրում և առաջարկելով համագործակցել «Սպայկա» ընկերության հետ՝ կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայկական փոքր և միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են  ու մրցունակ, և ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան:

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ ներկայումս Հայաստանից արտահանվող գյուղմթերքը Ռուսաստանում բավականին լավ է իրացվում և կա անսպառ պահանջարկ: Նա հորդորել է փոքր և միջին ընկերություններին համախմբվել պետական հովանու ներքո՝  իրենց արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար:

Հանդիպմանը ներկա Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը հավաստիացրել է, որ ԱԱՊ քայլեր կձեռնարկի արտահանման գործընթացը դյուրացնելու, մասնավորապես, ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետների կրճատման և արտահանման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի նվազեցման և տեղեկացրել է, որ ԱԱՊ-ն կաշխատի առանց հանգստյան օրերի:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև ապրանքների գնին և նշել է այն  օրինաչափությունը, որ արտադրողը ձգտում է թանկ վաճառել, իսկ գնորդն էլ՝  մատչելի գնով  այն ձեռք բերել, սակայն ապրանքի գինը ձևավորվում է շուկայում և, պետք է նկատի ունենալ, որ առկա շուկայական մրցակցության պայմաններում անհրաժեշտ է  առաջարկել խելամիտ և մրցունակ  գին:

Ամփոփելով  հանդիպման արդյունքները՝  նախարարը  կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, ընդգծելով, որ հայ արտադրողին և մեզ  առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:

Աշխատանքները  համակարգված կազմակերպելու նպատակով  Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է  արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ և խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել նախարարություն:

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 11.08.2014 թ. դրությամբ

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 22 տոննա 5428 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:

կանեփ 2014Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 22 դեպք:
Տնամերձ 134 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 208.15 կգ կանեփի բույս: Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:
Հայտնաբերված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավված թմրամիջոցները ներկայացվել են փորձաքննության:

Կյանքից հեռացել է բանաստեղծուհի Մետաքսեն

Metaqse (1)ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան):

Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

 

 

 

Անկախ

 

Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուսումնական նոր տարվան ընդառաջ, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է, 2014-2015 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ դիմավորելու նպատակով, տանել նախապատրաստական աշխատանքներ:

Մասնավորապես, հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել հանրակրթական դպրոցների բուժկետերը, նաև քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:

Բացի այդ, հանձնարարվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:

 

«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի

Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձին հատվածներ հատկացնելու գործընթացի մասով զեկուցվել է, որ նշված բոլոր տարածքները առանձնացվել, նշագծվել և կահավորվել են ճանապարհային երթևեկության նշաններով: Աշխատանքային հերթական խորհրդակցութան ընթացքում զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է մեքենաներին փակցվելիք տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու որոշմամբ սահմանված կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:

«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ օգոստոսի 1-ից մինչ օրս համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի, որոնցից 423-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և ապահովել պատշաճ սպասարկում:

 

Կմաքրվեն վերելակների հորանները

վերելակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը, անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատնքների ընթացքին, զեկուցել է, որ 741 շենքերում արդեն իսկ վերանորոգվել է ավելի քան 69 հազար քմ հարթ և թեք տանիք: Քաղաքապետը հանձնարարել է սանմաքրման աշխատանքներ նախաձեռնել բազմաբնակարան շենքերի վերելակների բոլոր այն հորանների մաքրելու համար, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության:

«Մեր բնակիչներն արդարացիորեն դժգոհում են, նշելով, որ շատ դեպքերում նաև վերելակների հորաններում տարիներով կուտակված աղբն է շենքերի մուտքերում առկա տհաճ հոտի պատճառը: Եվ սա իսկապես խնդիր է, որը, համոզված եմ, հնարավոր է կարճ ժամանակում լուծել, ուստի, արագ քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

16-րդ թաղամասի գազիֆիկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բացառությամբ 3 շենքերի, որտեղ վերջնական շտկումներ են կատարվում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:

Մեկնարկել է բուհերում հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկւ՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:

ԿԳՆ
Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի չափը պետք է սահմանվի առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:

Բուհերում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Քննություններն անց են կացվելու սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:                                                                                                                                                 

Կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով կգույքագրվեն հիմնանորոգման կարիք ունեցող կրթամշակութային և մարզական հաստատությունները

Տարոն Մարգարյան

Տարեկան ծրագրով նախատեսված մշակութային օջախների նորոգման աշխատանքները ընթացքում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շինարարության ընթացքն ու հետևել ինչպես որակի ապահովմանը, այնպես էլ ժամկետների պահպանմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է գույքագրել և նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր կազմել մայրաքաղաքի բոլոր այն կրթամշակութային և մարզական հաստատությունների մասին, որոնք հիմնանորոգման կարիք ունեն՝ դրանք 2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել 2015 թվականին Երևանում կանաչ տարածքների ընդլայնման, այդ թվում՝ նոր այգի-պուրակներ ստեղծելու և անտառային գոտիները վերականգնելու նպատակով:

 

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հովիկ Աբրահամյան

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր: