Խոսք ընթերցողի. Նա մի աշխարհ է աշխարհի վրա

girqԻմ առջև բանաստեղծությունների մի ժողովածու է. գրական ծովին մի կաթիլ էլ ավելացավ: Եվ եթե իր մաշկի վրա զգաց այդ փոքրիկ կաթիլի հայտնությունը, նշանակում է ծնունդ է եղել, արաշալույսն անպտուղ չի ծագել: Մի ձայն, մի գույն, մի շող, մի ցող պիտի նստի մեր երկնագույն երազին, մեր բազմադարյան գրական կաղնու մշտադալար թերթերին:

Իմ այս խոհերը պատմական վավերագրեր չեն , այլ նոր ծնված մի լավ գրքից ստացած թարմ տպավորություն, զվարթ, պայծառ զգացում, որ առաջանում է այն շահագրգռությունից, թե հայ գիրը, հայ գրական անդաստանը պիտի միշտ թարմանա, գարնանաբույր հնչի ամենուր և՛ այսօր, և՛ վաղը:
«Հայաստան» հրատարակչությունը պետական աջակցությամբ կյանքի է կոչել «Վերջին ժպիտ» բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակն է ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, 2006-ից Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը:
Հեղինակը սկսնակ գրող չէ (նրա 4-րդ ժողովածուն է ). ունի իր գնահատանքն ու վաստակը, բայց այս ժողովածուով ընթերցողին տեղափոխում է մի նոր, հետաքրքիր աշխարհ, որտեղ կյանքը ցոլանում է իր ամեն տեսակ շերտերով ու ծալքերով: Գրքի էջերում բանաստեղծուհու ժպիտն է, հոգու ճիչը, տագնապները, մեզանից թաքուն արտասուքը: Այստեղ նաև հայոց բնաշխարհն է` լեռնակողերի մեջ աճած ծառերով, ծննդավայրի և հայրենիքի ինքնատիպ զգացողություններով:
Լենա Անթառանյանի պոեզիան նաև ինքնախոստովանություն է, ինքնաբացահայտում.
Դու քո աշխարհների մեջ՝
Աշխարհների աշխարհ:

Կամ թե.
Հոգնած իմ քայլերը
Էլ ոչ մի մոլորում չեն բերելու
Մինչև մայրամուտ:

Լենա Անթառանյանն իր բանսատեղծություններով բարության մայրապետի նման իր նպաստն է բերում, որ բարությունը իշխի աշխարհում.
Պաղ քարերի բութ դեմքերց
Ջերմություն եմ հավաքելու,
Բարությունը՝ հանած ինձնից,
Աշխարհով մեկ եմ փռելու:

«Արևն իրոք ծննդավայրից է ծագում», – համոզում է բանաստեղծուհին և հյուսում իր չխամրող հեքիաթն Օձունի ձորում.

Արարիչը արարեց ու նվիրեց աշխարհին
Ճերմա՜կ-ճերմակ աղջկան ու երազի հրաշք ձին:

Այս գրքի էջերում Լենա Անթառանյանը տառապում է կարոտից, նրա փխրուն սիրտը փշրվում է կարոտի հարվածներից.
Իմ կարոտներից
Ճանապարհները երազ են հյուսում:

Կարդում եմ գիրքը և տեսնում, որ նորից հավաքվել ենք պոեզիայի կանչով և ունկնդիր ենք մուսաների ձայնին, ուրեմն կյանքից դժգոհելու առիթները նվազում են, ուրեմն մեր հոգում երազներ կան և ապրելու, երջանկանալու, հարատևելու հույսերը ծաղկում են մեր սրտում: Ուրեմն հայոց գարունը կրկին բացվելու է ժամանակին, և այսօր այդ գարնան ավետաբերը Լենա Անթառանյանն է: Նա մի պաղ աղբյուր է պոեզիայի աշխարհում, աշխարհ է աշխարհի վրա:
Ուրախալի է, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, անգլերեն և այլ լեզուներվ, ու նրա վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալուվ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: Մնում է սպասել նրա հոգու նոր պոռթկումներին և բեղուն գրչի նոր առկայծումների:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Tags: ,