Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ:
Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրևների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած և առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Ներկայացվող տեսանյութը ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարևանությամ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարաանային պայմանների մասին է: Նրանց տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:

ՀՅԴ-ն կողմ է կուտակայինի վերաբերյալ կառավարության նոր նախագծին, ՀԱԿ-ն այն համարում է խաբեություն

theme_1ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիս 12-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Պատգամավորներին ներկայացվեց կառավարության կողմից ներկայացված «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված տարբերակը, որը ներկայացրեց հանրապետական Արփինե Հովհաննիսյանը. «Այն նախագիծը, որի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում այս դահլիճոևմ նախորդ քառօրյայի ընթացքում, էականորեն փոփոխվել է և՛ քաղաքական ուժերի առաջարկների, և՛ կառավարության նախաձեռնության հիման վրա»,-ասաց նա:

Պատգամավորի  խոսքով՝ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չհաշվարկվեն, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին ներկայացնում են համապատասխան դիմում:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նախկին իրավիճակը, երբ պարտադիր բաղադրիչը հաշվարկվել ու փոխանցել էր, հաշվարկվել ու չէր փոխանցվել կամ էլ ո՛չ հաշվարկվել էր, ՛ոչ փոխանցվել, երկուսի դեպքում հստակ պարզաբանում է տրվում. գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու:

Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նախագծի լրամշակված տարբերակի մասին ասաց, որ պետք է փորձել ազնիվ ձևով տարանջատել գլխավոր հարցը երկրորդականից: «Գլխավոր հարցը, այնուամենայնիվ, մնում է՝ արդյոք մենք պե՞տք է օրենքով սահմանենք պարտադիր կուտակային բաղադրիչը, թե ոչ: Կամ ո՞նց է լուծվելու այն հարցը, որ 127 000 քաղաքացիների համար արդեն հաշվարկվել ու վճարվել են»:

Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը հանել օրենքից:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ լինել նախագծին, քանի որ այնտեղ կան առաջընթաց քայլեր: «Նախագծում ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ որոշման պահանջները վերջնականապես կատարելը, ինչ նպատակ է հետապնդում այս նախագիխծը: Պատասխանատվություն չկա նաև հունվարի մեկից հետո այն գործատուների համար, որոնք չեն փոխանցել որևէ գումար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին կամահայտնությամբ որոշել՝ մասնակցում են այս համակարգին, թե ոչ՝ իրենց դիմումի հիման վրա: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս նախագծով որևէ ենթաօրեսդրական ակտ կառավարության կամ որևէ մարմնի կողմից չի պահանջվելու ընդունել քաղաքացու դիմումի հետ կապված: Անցումային դրույթներում հստակեցվել է մի կարևոր հանգամանք առ այն, որ քաղաքացու կամահայտնության դրույթն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Այսինքն, այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և այն գործատուները, որ չեն փոխանցել գումարները, կարող են վերադրաձնել իրենց աշխատակիցներին գումարները: Կարևորում եմ նաև այն, որ առաջիկայում քննարկվող ցանկացած նոր համակարգ և նոր օրենսդրություն չի կարող հակասել ՍԴ որոշմանը հակասող իրավանորմերի գործունեությանը»,-թվարկեց Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ նա օրենքի հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել, թե սա արդյոք չի՞ նշանակում, որ կառավարությունը մտադիր է շարունակել պարտադիր բաղադրիչի կիրառումը:

Նա նաև անդրադարձավ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմադրամի կեցվածքին՝ նշելով, որ եղել է ժամանակ, երբ մեր կառավարությունը ստիպված է եղել առաջնորդվել այս կառույցների ցուցումներում, սակայն այժմ որևէ պարտադրանք և ցուցում, որը կպարտադիի ՀՀ իշխանություններին պահպանել պարտադիր բաղադիրը, պետք է ստանա համարժեք հակահարված:

Ի տարբերություն դաշնակցական պատգամավորի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը միանգամայն դեմ արտահայտվեց օրենքի լրամշակված տարբերակին՝ համարելով այն խաբեություն. «Չորս քաղաքական ուժ, ինչպես նաև «Դեմ եմ»-ը, միավորվել են մի նպատակի շուրջ, որ այս կենսաթոշակային բարեփոխումներից հեռացվի պարտադիր բաղադիրչը: ՍԴ-ն ընդունեց հակասական որոշում, սակայն հակասահմանադրական ճանաչեց այն դրույթները, որոնց մասին մենք խոսում ենք՝ մասնավորապես պարտադիր բաղադիչը»:

Սակայն, ըստ ՀԱԿ անդամի, ՍԴ որոշումից հետո կառավարությունն ընտրեց քաղաքական լարվածությունը թուլացնելու, ժամանակ շահելու և քաղաքացիական ակտիվությունը մինիմալ զիջումներով թուլացնելու քաղաքականություն:

Նրա խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծով պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մնում, միայն հանվում են պատժամիջոցները, քաղաքացիներին առաջարկվում է պասիվ իրավունք իրենցից բռնագանձված գումարների վերադարձի համար՝ դիմումի մասով, քանի որ կառավարությունը լավ գիտի, որ դրանից կօգտվեն միայն ամենաակտիվ քաղաքացիները, բացի այդ, կառավարությունն առաջարկում է հետ ստանալ այն փողերը, որոնք դեռ չեն հասել հիմնադրամներ, իսկ այն գումարները, որ արդեն հասել են, դրանց վերաբերյալ որևէ առաջարկ չկա:

«Իշխանություններն ամեն գնով ցանկանում են պահել այս համակարգը,-հայտարարեց Զուրաբյանը,-ակհայտ է, որ գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով, կապրենք կտեսնենք»:

Զուրաբյանը նաև կարծում է, որ այս քայլով կառավարությունը փորձում է ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, որպեսզի ժողովրդին ներկայացնի, թե իբր սա քաղաքական բոլոր կողմերի համաձայնությունն է, այլ կերպ ասած՝ փորձում է քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որն իրենց թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի և քաղաքական ուժերի ակտիվությունը:

«ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս գործարքի համար: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին, որոնք ոչինչ են, քան պարզ խաբեություն»,-հայտարարեց նա:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չդիմացավ ու արձագանքեց. «Լավ չեք անում, որ չեք հավատում…»:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո, կառավարությունն այսօր ի՞նչ վիճակում է բարեփոխումը կատարելու առումով՝ առաջընթա՞ց է քայլ է կատարում, թե՞ հետընթաց:

Պատգամավորին նաև հետաքրքրում է, թե 127 000 աշխատողների համար փոխանցված գումարների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Անորոշ վիճակ է նաև ՍԴ որոշումների հետ կապված. «Մարդուն, որ ստիպում ենք գա, դիմում գրի իր գումարը հետ ստանալու համար, սա սահմանադրակա՞ն է արդյոք»,-հարցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ  այս օրինագծով օրինականացվում են ՍԴ կողմից հակասահմանադրական համարված մի շարք դրույթներ:

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով չպետք է տեխնիկական և ընթացիկ խնդիրներ լուծվեն, այլ պետք է լինի քաղաքական կուրսի փոփոխություն: Իսկ ԲՀԿ քվեարկությունը պայմանավորված կլինի այս հարցադրումների նկատմամբ հայտնած կառավարության մոտեցումներից:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դեմ է այն պատգամավորների ելույթներին, որոնք ասում են, թե պարտադիր բաղադրիչը չկա կամ կա: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը: Եթե քաղաքացին, որին տվել ենք իրավունք, որ ինքը որոշի, ապա եղավ, որ պարտադիրը մնում է»:

Նա նաև հայտարարեց, որ իրենց քաղաքական գնահատականը հետևյալն է՝ ռեֆորմը շարունակվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքով՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը, որը վերաբերում է պարտադիրի հոդվածների որոշ դրույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ լրամշակված նախագծի հիմնական նպատակն է ՍԴ որոշման պահանջների լիարժեք կատարման համար ստեղծել անհրաժեշտ միջավայր, մինչև կենսաթոշակային համակարգի ամբողջական իրականացումը՝ ապահովելով աշխատողների և գործատուների պաշտպանությունն ու կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:

Նրա խոսքով՝ ՍԴ որոշումից հետո համակարգում կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ՝ անձիք, որոնց համար գումարները պահվել ու փոխանցվել են, անձիք, որոնց համար գումարները պահվել, բայց չեն փոխանցվել և անձիք, որոնց համար գումարներ չեն պահվել և չեն փոխանցվել: «Անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում քաղաքացիների կամարտահայտությամբ հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչ ամբողջական փաթեթի ներկայացումը, տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա ամբողջությամբ լուծում տալ հարցին»:

Ինչ վերաբերում է ռեֆորմի կարգավիճակին, ապա նա հիշեցրեց, որ այսօրվա գործող համակարգը պարտադիր կենսաթոշակային համակարգ է, և որ այն խնդիրները, որոնք դրված են բարեփոխումը կատարելու անհրաժեշտության առումով, լուծված չեն:

 

Անկախ

ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք…

Վահե ՍԱՐԳՍՅԱՆԱյսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարող է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում: Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է և ծանոթ չէ շենքին: «Իյա~, կարողա ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի», ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը: Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի:

Անձնագրային և Վիզանորի վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել, ասելով. «Կներեք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»: Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն:

Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանիքը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ամուսինը հրկիզել է տունը, ոստիկանները հրաժարվում են քրեական գործ հարուցել

Սիրանույշ ԱղաբեկյանԱյսօր լրագրողների հետ հանդիպեցին ընտանեկան բռնության զոհ դարձած Սիրանույշ Աղաբեկյանը, նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը և «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը: Նրանք խոսեցին Աղաբեկյանի ամուսնու կողմից դանակահարության և համատեղ սեփականության բնակարանը հրկիզելու դեպքերի մասին, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մարմինների արձագանքի մասին:

Ամանորի գիշերը Լևոն Աղաբեկյանն ընտանիքիի բնակարանը դիտավորյալ հրկիզել է: Ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել, սակայն տունը մոխիր է դարձել:
Լևոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: Չնայած, վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը` Սիրանուշ Աղաբեկյանին դանակահարելու համար, կինը որդու խնդրանքով, դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է եղել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Լևոն Աղաբեկյանը խմիչքի հետ կապված խնդիրների պատճառով մշտապես կնոջը բռնության էր ենթարկում: 2013 թվականի հոկտեմբերի 9-ին կնոջը դանակով մի քանի անգամ հարվածել էր և , եթե բժիշկները ժամանակին բուժօգնություն չցուցաբերեին, կինը կարող էր ֆիզիկական լուրջ խնդիրներ ձեռքբերել: Նշենք, որ ամուսինները պաշտոնապես չեն ամուսմնալուծվել: Ապահարզանի առիթով լսումը տեղի կունենա մայիսի 21-ին:

Ինքը` Սիրանույշ Աղաբեկյանը և նրա փաստաբանը դժգոհ են իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններից: Տան հրկիզման առիթով գործ չի հարուցվել. « Լևոն Աղաբեկյանը մեղադրվում է դիտավորությամբ մարմնական թեթև վնասվածքներ հասցնելու մեջ, սակայն ոստիկանները հրկիզման վերաբերյալ քրեական գործ հարուցել հրաժարվում են` պատճառաբանելով, թե բնակարանը պատկանում էր հենց Լևոն Աղաբեկյանին և դրա հետ ինչ կուզի, կանի: Սակայն, ըստ սեփականության վկայականի, տան սեփականատերերը չորսն են: Հնարավոր է դիմենք դատարան ոստիկանների գործողությունները այս գործի ընթացքում քննելու համար»,- ասաց փաստաբան Տիգրան Մուրադյանը:

2012 թվականից ի վեր «Արագ Արձագանքման խումբն» արձանագրել է ընտանեկան բռնության  40 դեպք, որոնցից 16-ը` սպանության դեպքեր էին,  2-ը` սեռական,  2 –ը հոգեբանական, 20-ը` ֆիզիկական:

Անկախ

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթել է «Մեդիկուսը»

DSC_7293Մայիսի 10-11-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցանակները տրամադրել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Ինտելեկտուալ առաջնությունը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Քո խաղը», «Էրուդիտ սեկստետ» մրցափուլերից։ Մասնակցում էին ուսանողական թիմեր և դպրոցական այն թիմերը, որոնք վերջին առաջնության ժամանակ զբաղեցրել էին բարձր տեղեր։ Ընդհանուր առմամբ ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 14 թիմ՝ Երևանից և Գյումրիից։

2014թ. ինտելեկտուալ խաղերի երիտասարդական առաջնության գավաթը նվաճեց «Մեդիկուս» թիմը, որն առաջին տեղեր էր գրավել գրեթե բոլոր խաղերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում լավագույնը «Մեդիկուսն» էր, երկրորդ տեղում «Բրեյն քիլլերսն» էր, երրորդում՝ «Անոնիմուսը»։

«Բրեյն ռինգ» խաղում հաղթանակը շնորհվեց «Մեդիկուսին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բլեք սթար» թիմը, իսկ երրորդը՝ IKM թիմը։

«Էրուդիտ սեկստետ» խաղում հաղթանակը շնորհվեց «Բրեյն քիլլերս» թիմին, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Մեդիկուս» և «Անոնիմուս» թիմերը։

«Քո խաղը» մրցափուլում լավագույնը «Մեդիկուսի», այնուհետև՝ «Բլեք Սթարի» և IKM-ի ներկայացուցիչներն էին։

«Մեդիկուս» թիմի ավագ Արամ Ղուլիջանյանը նշեց, որ ինտելեկտուալ դաշտում հաղթանակները թիմի մի քանի տարվա քրտնաջան պարապմունքների, համատեղ խաղալու փորձի արդյունքն է։

Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, խոսելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի տարածվածության մասին, նշեց, որ այն կենտրոնացված է հիմնականում Երևանում և Գյումրիում, քանի որ այդտեղ գործում են ինտելեկտուալ ամենահին ակումբները։ Սակայն Գիտակների հայկական ասոցիացիան բավականին ակտիվորեն անցել է ինտելեկտուալ խաղերի հայերենացմանը։ «Ռուսալեզուների հատվածը կրճատվում է, սակայն ինտելեկտուալ շարժման բուն նպատակը կարդացող, դեպի գիտելիք ձգտող երեխաներին համախմբելն է։ Առաջիկայում նախատեսում ենք ինտելեկտուալ ճամբար կազմակերպել Քաշաթաղում։ Ուզում ենք, որ ինտելեկտուալ շարժումն ավելի լայն ընդգրկում ունենա, իսկ դրա միակ լուծումն ակտիվորեն հայալեզու դաշտ մտնելն է։ Մենք փորձելու ենք այս տարի բոլոր մարզերում դպրոցական առաջնություններ կազմակերպել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթած թիմը կմասնակցի 2014թ. վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել…». գյումրեցի անօթևան միայնակ կին

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, խարխուլ խրճիթներում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:

Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր:

«Երևանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում և մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ Երևանում ավելի մեծ թվով սփյուռքահայ երեխաներ հյուրընկալելու համար: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ ենք աջակցելու նախարարության ծրագրերին և խորացնելու առկա համագործակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու պատասխանատուներին տեղում հանձնարարել նախապատրաստական աշխատանքներ տանել  ծրագրի՝ քաղաքապետարանի մասով պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցության համար՝ Հրանուշ Հակոբյանը կարևորել է նաև վարչական շրջանների և պատասխանատու մյուս ստորաբաժանումների դերը երեխաների հյուրընկալության հարցում:

«Անցած 5 տարիների ընթացքում մենք ավելի քան հինգ հազար սփյուռքահայ երեխա ենք ընդունել, ինչի արդյունքում շուրջ հիսուն հազար հայեր բարեկամացել են միմյանց հետ: Այս տարի նախատեսվում է, որ  հայրենիք կայցելի շուրջ 1000 երեխա: Շատերը, գալով Երևան, պարզապես սիրահարվում են մայրաքաղաքին և իրենց ապագան տեսնում այստեղ: Ամեն օր հանդիպելով սփյուռքից ժամանած  մեր տասնյակ հայրենակիցների՝  մշտապես լսում եմ նրանց արձագանքը այն դրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են մայրաքաղաքում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են նաև «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի, ինչպես նաև սեպտեմբերին Երևանում «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 12-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 204 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 154 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 541 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9586 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9898 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Երևանն անդամակցել է «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիային

img002Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանին այս տարվա փետրվարի 11-ին որոշում կայացրեց հայտ ներկայացնել «Տեղական իշխանությունները հանուն կայունության» (ICLEI) համաշխարհային քարտուղարությանը՝ ասոցիացիային Երևան քաղաքի միանալու վերաբերյալ: Հարկ է նշել, որ «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ցանցն ամբողջ աշխարհում գործող կայուն զարգացման ուղին որդեգրած քաղաքների ամենամեծ  ասոցիացիան է, որին ի սկզբանե միացել են աշխարհի շուրջ 1000 քաղաքապետարաններ և մունիցիպալ կազմակերպություններ: 2014թ. ապրիլից Երևանը ևս դարձավ «Տեղական իշխանությունները հանուն կայունության»  (ICLEI) ասոցիացիայի անդամ։

«Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի առաքելությունն է աջակցել տեղական իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու շրջակա միջավայրի պայմաններին, գլոբալ կայունության բնագավառում հասնել զգալի բարեփոխումների։ Ասոցիացիան կրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, բնության, մաքուր ջրի պահպանության, այլընտրանքային էներգիայի կիրառման, էներգաարդյունավետության և քաղաքներում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման պարտավորություններ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

11291_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից: ««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը և այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական ընկերության գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաև այլ նոր ծրագրեր:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում:

Վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին

11290_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:
Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:
Այնուհետև կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաև մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային և մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաև ներդրումների ներգրավման համար:

Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան

expertsԱյսօր մեկնարկում է փորձագիտական երկու խմբերի այցը Երևանի գյուղատնտեսական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերը մայիսի 12-16-ը երկու բուհերում հանդիպում-քննարկումներ կունենան բուհերի ռեկտորների, փոխռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:

Մինչ այս բուհերն, ըստ Կառավարության կողմից հաստատված պետական հավատարմագրման կարգի, արդեն ներկայացրել են ինքնավերլուծություն, որն էլ փորձագետներն ուսումնասիրել են: Այցի ավարտից հետո փորձագիտական խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները և կներկայացնի վերջնական զեկույց: Դրա հիման վրա կմշակվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:

Երևանի գյուղատնտեսական համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ  տնտեսագիտության ամբիոնի դոցենտ  Աղավնի Հակոբյանը: Միջազգային փորձագետը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի  ընդունելության գործընթացի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Թեո Վաբելսն է:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ պրոֆեսոր   Սամվել Պիպոյանը: Միջազգային փորձագետը Իսպանիայի  Վալենսիայի տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորի  ինստիտուցիոնալ և միջազգային զարգացման գծով խորհրդական Գայ Հագն է:

Նշենք, որ ներկայում  ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացվում հինգ բուհերում: Մինչ այս փորձագիտական խմբերն արդեն այցելել են Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Մխիթար Գոշ»  հայ-ռուսական միջազգային համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Մենք ենք, մեր սարերը

սարեր«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումից անցել է 45 տարի: 1969 թ. ամառը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում չեն մոռանում: Անտառապատ սարերի լանջերին թիկնած գյուղը վերածվել էր մեծ կինոհարթակի: «Խաշթառակը հայկական Հոլիվուդն է, ահա թե ինչու էր կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը ֆիլմի նկարահանման համար ընտրել Խաշթառակը»,- ասում է գյուղի բնակիչ Վոլոդյա Խանումյանը: Նա ընդամենը 12 տարեկան էր, բայց այսօրվա պես հիշում է ամառային այն ամիսները, որոնք իրենց գյուղի տարեգրության մեջ գրվեցին «ոսկե» տառերով: Վոլոդյա Խանումյանի խոսքով` իրենց գյուղում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել:
«Ջրերը բարձրանում են», դա հակասովետական կինո էր, կարող է երկու անգամ ցույց տված լինեն, «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհը», վավերագրական կինոնկարներ են նկարահանել, «Նամակը», «Լուսանկարը», «Տղամարդիկ», «Հուշարձան», «Հյուսիսային ծիածան» կինոժապավենները: Ֆրունզիկը թե՛ պրոֆեսիոնալիզմով, թե՛ հոգով ու ամեն ինչով լավ մարդ էր: Սոս Սարգսյանն էնքան շատ էր մեր գյուղը սիրում, ասում էր` խաշթառակցի եմ: Թաղի էրեխեքով հավաքվում էինք, գնում, Հենրիկ Մալյանը մեզ համար ֆոկուսներ էր անում»,- տարիների հեռվից մտաբերում է խաշթառակցի Վոլոդյան:
Գյուղխորհդի մոտ ծառի հովին զրույցի բռնված խաշթառակցի տղամարդիկ այս թեմայով հետաքրքվողներին մատնացույց են անում քիչ վերև գտնվող Շիրակ Խանումյանի տունը: Հենց այնտեղ են իջևանել հայ կինոյի սիրված դեմքերը` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը, Արմեն Այվազյանը: Գյուղամիջյան ճանապարհ, տուն, դարպաս, աղբյուր, սար ու թուփ վերածվել են պատմական վավերագրերի, իսկ գեղարվեստական կինոնկարի ամեն մի նախադասություն` թևավոր խոսքի:
Խաշթառակի գյուղապետարանի սենյակի դուռն այժմ փակ է, որտեղ պարոն լեյտենանտը քննում է քաղաքացի Իշխան Անտոնյանին: Մի քանի քայլ վերև այն տունն է, որի այգում ժամանակին մեղուների փեթակներն էին, որտեղ Գալյա Նովենցը հրաշալի դերասանական տաղանդով կերտել է գյուղի կատարածուի կերպարը: «Դե հանդերում կլինեն, էլի…միլիցիայի գծո՞վ…»,- ընդամենը մի քանի բառ, բայց ստեղծել է մի ամբողջ աշխարհ:
Խաշթառակցիներն անգիր գիտեն` որտեղ է «մեղուն խայթել» լեյտենանտին, կամ գյուղի վերին սարի որ կետում է Պավլեն քարը նետում, Զավենը որտեղ է «Հալեպն» արտասանում:
Խաշթառակում Շիրակ Խանումյանին գյուղի գիդն են համարում: «Մենք ենք մեր սարերը» նկարահանելիս 80-ամյա Շիրակ Խանումյանի օջախում է հյուրընկալվել հայկական կինոյի աստղաբույլը: «Շերենցը մի գիշեր մնաց: Սոս Սարգսյանը կես կատակ ասաց` Շերենցը որ գա, չթողնեք իմ անկողնում քնի, գալիս ա` անկողինս ամբողջությամբ գրիմ ա լինում: Դերասաններն անգամ շախմատի մրցաշար կազմակերպեցին այստեղ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, բայց նկարահանումները որ ավարտվեցին, մրցումները կիսատ թողեցին ու գնացին»,- ասաց Շիրակ Խանումյանը: Նրա կինը` Շուշիկ տատը, հիշում է, որ Սոս Սարգսյանը գյուղի կանաչեղենն էր շատ սիրում, հատկապես` սիբեխը: «Շիրակը բրիգադիրն էր: Այգուց հավաքեցի, բերեցի` հետը տարավ, ասաց` հարսս էլ ա շատ սիբեխ սիրում: Քամած մածուն էր նաև շատ սիրում, կաթ բերեցի, մածուն մերեցի, տոպրակը լցրի, քամեցի, որ Երևան տանի, հետն էլ` գյուղի չորս հաց: Մեծ պատիվ էր մեզ համար մեծ մարդկանց հետ շփվելը»: Շուշիկ տատը հիշում է ժողովրդական դերասանի նվիրած հեռուստացույցի ծածկոցները` «Անուշ» օպերայի տեսարանների պատկերներով:
Խաշթառակցիների պատմելով` Ֆրունզիկի «ուշքը գնում էր» գյուղի երեխաների համար: սարեր2Որտեղ Ֆրունզն էր, այնտեղ գյուղի 30-40 երեխաներն էին: «Էրեխեք էինք, Ֆրունզիկը ամեն մեկիս մեկական ռուբլի էր տալիս, գնում էինք տանձ բերում: Մեր գյուղի ժողովուրդը հարգանքով են, դե մենք երեխաներ էինք, տանձ բերելու համար փողը վերցնում էինք»,- ծիծաղով հիշում է Ժորա Մատինյանը: Իսկ Սերյոժա Մատինյանն էլ հիշում է, որ 7-8 տարեկան էր, երբ ֆիլմը նկարահանելու նպատակով իրենց տանը հյուրընկալվեցին ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանը, օպերատոր Կարեն Մեսյանը, Մալյանի դուստրը` Նարինեն: «Մեր պահարանի վրա մի մեծ տանձ ունեինք, մոտ մեկ կիլոգրամ կկշռեր: Ֆրունզիկն ասաց` գնա բեր` ուտենք տանձը: Հիշում եմ` մայրս դաշտից տուն եկավ, ասաց` ով ա կերել տանձը, որ ասացի` Ֆրունզիկ ձյաձյայի հետ եմ կերել, չջղայնացավ»,- պատմում է խաշթառակցի Սերյոժա Մատինյանը: «Փռնչի Աշոտը Մհեր Մկրտչյանին ասում էր` եղբայրներ ենք, մեծ դերասանը զարմանում էր` ախր ոնց….խաշթառակցի Աշոտը վրա էր բերում` քթի կողմով… Երկուսի քթերն էլ հայկական էին»,- հիշում ու հայ կինոարվեստի դասականների հետ զվարճալի պատմությունների շարքը շարունակում են խաշթառակցիները:
«Մեր գյուղացի Իբրահամն էլ օգնել է Ֆրունզին, որ եզը շուռ տա: Ինքը եզը կապեց ու տվեց Ֆրունզիկին: Հետո նստել ա, ֆիլմը նայել ու սպասել, որ ուր որ է` իրեն էլ են հեռուստացույցով ցույց տալու»,- ժպիտով հիշում են գյուղացիները: «Ամբողջ գյուղն օգնել ա, ով ինչով կարողացել ա: Ես լծկանն եմ տվել»,- ասաց Շիրակ Խանումյանը: Սերյոժա Մատինյանը հիշում է, որ Շերենցի տան պատի ժամացույցը, անկողնու ծալքին շարած մեծ բարձերն իրենց տնից են տարել, նկարել, բայց թե Ստալինի նկարը որտեղից են իրենց պատին փակցրել ու նկարել, իր համար էլ է գաղտնիք:
Այնտեղ, որտեղ նկարահանվել է Ավագի (Ազատ Շերենցի) լողացնելու տեսարանը, հիմա բազմանդամ ընտանիք է ապրում: Տարածքն ամբողջությամբ փոխվել է, բայց գյուղացիների հուշերը շարունակում են ապրեցնել Հրանտ Մաթևոսյանի անմահ ստեղծագործության էկրանավորման պատմությունը: Փայտե դուռը, որը Ավագը ճռռոցով է բացում, հիմա երկաթյա դարպաս է, տանձենիներն էլ չկան: Հին հայկական նախագծով կառուցված տունն Օհանյանները որպես մառան են օգտագործում: «Քանդելու եմ, բա խի եմ պահում»,- մի քիչ զայրացած (հավանաբար այն պատճառով, որ մեծ ցանկություն ունի տունը թանգարանի վերածելու, բայց միջոցներ չունի), բայց ներքուստ հպարտ ու իր հետ չհամաձայնելով` ասում է ֆիլմի գլխավոր տան իրական տանտերը` Արթուր Օհանյանը: «Գալիս են նկարում, էն անգամ Ամերիկայից էլ էին եկել ու ոչ մի բան»: Սա այն տունն է, որտեղ նկարահանվել է Ավագի ու Իշխանի, Ավագի ու լեյտենանտի անզուգական երկխոսությունը: «Դու որ չկանչեիր, ես լողացողը չէէիի: Չեմ քնում է, ասա է, ասա…»,- յուրաքանչյուրի համար թևավոր խոսք դարձած արտահայտությունների արձագանքը կարծես տասնամյակներ անց էլ լսվում է նկարահանման հրապարակից:
Ֆիլմի գլխավոր դրվագները նկարահանվել են Խաչի յալում, որը գյուղի ցանկացած կետից տեսանելի է: Բարձունքին, որտեղ Ռևազը, Ավագը, Իշխանը, Պավլեն, Զավենն ու լեյտենանտը քննում են իրար, հիմա եկեղեցի է կանգնեցված` ի հիշատակ խաշթառակցի վաղամեռիկ Դավիթ Քամալյանի: Հեռվից դիտելիս` սարն իսկապես խաչի է նման: «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին դռները բացեց ուղիղ մեկ տարի առաջ` մայիսի 9-ին` նվիրվելով նաև մայիսյան եռատոնին: Մեծ լոռեցու անմահ վիպակի տավուշյան էկրանավորման վերջին կետը` Խաչի յալը, Խաշթառակի ուխտավայրն է, որտեղից հակառակորդին դեմ-հանդիման մշտապես արձագանքում են ` մենք ենք, մեր սարերը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ՞

Ավտովթար Տիգրան Մեծ պողոտայում

ավտովթարՄայիսի 12-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեում` Կրպակ սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 35ST971, «ՎԱԶ 2107» մակնիշի 35SD957(վարորդ Գ. Բ.) և «Լիդեր» տաքսի ծառայությանը պատկանող «Դաևու Նեքսիա» մակնիշի T5665 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրակարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ.1977թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվասծքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հայտնաբերվել է մայիսի 1-ին կորած զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին

այրված դիակԱրփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:

***
Մայիսի 10-ին, ժամը 08.30-ից մինչև 19.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 4 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 11-ի առավոտյան:

***
Մայիսի 9-ին, ժամը 08.05-ին Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով, վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Որոնողական աշխատանքների է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը և 4 հրշեջ-փրկարար:
Ժամը 17.00-ին, եղանակային պայմաններից ելնելով, աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն մայիսի 10-ին՝ առավոտյան:

***
Մայիսի 8-ին, ժամը 08.30-ից մինչև 19.45-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 9-ի առավոտյան:

***
Մայիսի 7-ին, ժամը 08.25-ից մինչև 19.45-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 8-ի առավոտյան

***
Մայիսի 6-ին, ժամը 08.25-ից մինչև 19.15-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 6 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 7-ի առավոտյան:

***
Մայիսի 5-ին, ժամը 07.25-ին Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Որոնողական աշխատանքների են մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը և 4 հրշեջ-փրկարար:
Ժամը 19.10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

***
Մայիսի 4-ին, ժամը.07.30-ից մինչև 19.28-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 8 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողափրկարարական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Մայիսի 5-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

***
Մայիսի 3-ին, ժամը 07.50-ից մինչև 17.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 8 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողափրկարարական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Մայիսի 4-ին, ժամը 07.30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

***
Մայիսի 2-ին, ժամը 08.50-ից մինչև 19.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 4 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 3-ի առավոտյան:

***

Մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):