Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա զինադադարի համաձայնագիր, և Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին վարչապետը պատասխանել է. «Պետությունը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել, և գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը: Գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում և համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով»:
Խոսելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները և փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարևոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլրդ ՀՀ դրամ է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 մլրդ ՀՀ դրամ»:
Անկախ
2 օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Անբավարար տեսողությամբ հետիոտների համար ձայնաազդանշանային սարքեր` Երևանի Ֆրանսիայի հրապարակի անցումներում
Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի խաչմերուկների հետիոտնային անցումների վրա (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ Նովա) առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։
«Պապիկ, կուճուրով են կրակըմ, քյընըմ եմ քնեմ»
Հակառակորդը երեկ գիշերը մեկընդմեջ դարձյալ կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, մասնավորապես Չինարիի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, տուժածներ չկան: Սահմանամապահ գյուղերի բնակիչների խոսքով` նախօրեին իրենց տեղեկություններ են փոխանցվել, որ երեխաներին գյուղից տարհանեն, որովհետև հնարավոր է սահմանային լարվածության ուժեղացում: Բարեբախտաբ, գիշերը շատ կրակոցներ չեն հնչել:
Մովսես գյուղի բնակիչների խոսքով` երեկ ամեն ինչ տեղափոխել են ապաստարաններ, պատրաստ նստել, որ հանկարծ եթե կրակոցներ լինեն, թաքնվեն ապաստարաններում: Մովսեսի հակառակորդի հենակետերին մոտ թաղամասից` Հոնուտ կոչվող թաղամասից, որը գտնվում է Սև քար կոչվող բարձունքին, գյուղի բնակիչները տեղափոխվել են ավելի անվտանգ թաղամասեր:
Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Էդիկ Գալստյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ իր թոռնիկներին արդեն մեկ շաբաթ է` գիշերը տանում են Բերդ` բարեկամների տուն, հետո էլի բերում գյուղ: Նա նաև աել է, որ խաղողի այգին հակառակորդի ինտենսիվ կրակահերթերի պատճառով թողել է անմշակ:
Երեկ գիշերը Էդիկ Գալստյանի թոռնիկը` երեքամյա կրտսեր Էդիկ Գալստյանը, ասել է. <<Պապիկ, կուճուրով են կրակըմ, քյընըմ եմ քնեմ>>:
Հակառակորդը հերթական անհաջող հետախուզադիվերսիոն փորձն է կատարել
Օգոստոսի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:
Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեռ Անրին (Ֆրանսիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և իրենց մտահոգությունը հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրկհալտերն ու համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Միջազգային կարմիր խաչ կազմակերպության մեքենայի վրա կրակոցների կապակցությամբ և կողմերին հիշեցրել ժնևյան կոնվենցիայի դրույթները:
Համանախագահները կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի նրանք ձեռնարկեն միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ և հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները:
«Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունն ավելի կբարդացնեն այն ձեռքբերումները, որին հասել են կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել են համանախագահները:
Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:
Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը. Էդ. Նալբանդյան
ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը:
Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:
Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը:
Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը:
Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:
Ալիևը ոչ մի դեպքում պատերազմ չի սկսի. Էդիկ Բաղդասարյան
“Հետք” էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Ես մի անգամ էլ եմ ասել, Ալիեւը պատերազմ չի սկսի: Չի սկսի, որովհետեւ միայն պատերազմի դեպքում նա կարող է կորցնել իշխանությունը: Նրա իշխանությանը այս վիճակում ոչինչ չի սպառնում: Արեւմուտքի համար նա լավ գործընկեր է: Ինչքան էլ տարբեր առիթներով քննադատեն Արեւմուտքում, միեւնույն է` Ալիեւը լավագույն տարբերակն է նրանց համար: Մենք մեր երկիրը պիտի շուտափույթ կարգի բերենք, այլընտրանք չունենք: Պետական բոլոր օղակները կաթվածահար են, այս վիճակում ինքներս մեզ կոչնչացնենք”:
Մեր անդամակցությունը ԵՏՄ-ին այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ. Էդ. Նալբանդյան
ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
Հարց – Հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:
Պատասխան – Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով:
Տեսախցիկն արձանագրել է պլանշետի գողության պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծրուն Հովհաննիսյան. «Պետք չէր մտնել մեր տարածք. եկան մտան և հետևանքները տեսան»
«Պետք չէր մտնել մեր տարածք: Եկան մտան և հետևանքները տեսան, պատասխանատվությունը թող կրեն իրենք»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեծ կորուստներին, որոնք նախահարձակ լինելով` դիվերսիոն գործողություններ են իրականացրել, իսկ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:
Ադրբեջանը փորձարկում է մեր պաշտպանունակությունը և միջազգային ռեակցիան. Նախախորհրդարան
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետևանք է:
Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր որպես այդ ուժերի միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք:
Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արևմուտքը և Ռուսասատանը վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի և ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից:
Այս ամենի հետևանքով, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական և վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արևմուտքը ցանկանում է կասեցնել:
Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը:
Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի և նրա բանակի ուսերին:
Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև շոշափելու միջազգային ռեակցիան:
Ուստի, Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու և Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը:
Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության և անձնազոհության համար և մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին:
Նախախորհրդարան
Նախագահը հրամանագիր է ստորագրել
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը:
Երկրի ղեկավարի հաստատած փաստաթղթով առաջին անգամ իրավական կարգավորման են ենթարկվում թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործառույթները, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման և թեկնածուների առաջադրման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց հետ կապված մի շարք այլ հարցեր:
Նշված կարգի կիրառումը կոչված է ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և դրանցից բխող իրավական չափանիշներին համահունչ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների արդար, թափանցիկ և հրապարակային ընտրությունը:
Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի տեղը. Ա. Բունիաթյան
«Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը և սահմանամերձ գյուղերի անընդհատ գնդակոծումը մեծ մտահոգություն է պատճառում այն մարդկանց , ովքեր արդեն անցել են պատերազմի միջով: Կան որոշակի պատճառներ, որ առիթ են տալիս ադրբեջանցիներին նման համարձակ գործողությունների դիմել: Դա առաջին հերթին հասարակության և իշխանությունների միջև ձևավորված անդունդն է», – այսպր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը` շեշտելով` պետք է հիշել, որ մենք զինադադարի փուլում ենք. պատերազմը դեռ չի ավարտվել:
Նա ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համարժեք պատասխան պետք է դա ` ապագայում նման միջադեպերը կանխելու համար. «Մենք առաջարկել են ստեղծել սահմանամերձ գյուղերի բնակիչներից կազմված արագ արձագանքման խմբեր, որոնք նման իրավիճակներում շատ արագ կկարողանան արձագանքել: Սակայն նախարարությունից մերժում ենք ստացել: Կառավարությունը նաև թույլ չի տվել կրակի տակ ապրող ժողովրդին զենք կրել»:
Արարատ Ծատուրյանի կարծիքով պաշտոնական լրատվության շատ տեսանյութեր մի շարք հարցեր են առաջացնում. «Ոչ ոք չհարցրեց, թե այդ դիվերսանտներն ինչպե՞ս են անցել ճանապարհը և ի՞նչ էին անում այդ ժամանակ համապատասխան մարմինները, որ չկարողացան կանխել: Ոչ ոք չի ասում՝ որտեղի՞ց նրանց մոտ զենք հայնաբերվեց»:
Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը գտնում է, որ հայկական կողմի պատասխանը նման է «եթե մի այտիդ են ապտակում, մյուս այտդ դեմ տուր սկզբունքին»: Մինչդեռ, ըստ նրա, այստեղ պետք է զսպանակի սկզբունքը գործի. «Միանշանակ ադեկվատ հարվածները պետք է շատ հուժկու լինեն: Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի գտնվելու տեղը»:
ՀՀ Նախագահի հրամանագրերը
ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. Օգոստոսի 2
Երևան
ՆՀ-197-Ա
7 օր առաջնագծում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:
Հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը, շնորհիվ հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների, ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նախագահը ներկա է գտնվել բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բացմանը
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռքբերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ՝ 98 լրագրողներ, 112 բժիշկներ, 115 մանկավարժներ և 13 մարզիկներ: Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում 2012թ. մեկնարկած շենքային այս համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:
Շրջայցի ընթացքում ծրագրի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև տարածքում նախատեսված առաջիկա անելիքները: Նշվել է, որ աշնանը կմեկնարկեն շենքերի հարակից տարածքում քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ:
Անկախ
Հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն(թարմացված)
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:
Շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ի լրումն այսօր մեր կողմից տարածված հաղորդագրության հայտնում ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեւանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:
Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:
Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:






Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն: Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:
Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:
Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:
Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:
«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:
Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել:

