«168 ժամ». Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել նաև Հայաստանը

Capture765865«Արդեն երեք օր է Ուկրաինայի Գերագույն ռադան կազմավորել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել Արսենի Յացենյուկը, իսկ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները հանձնել էր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին։ Եվ Եվրամիությունը, և ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ՝ առանձին-առանձին, ինչպես նաև ԱՄՆ-ը հայտարարել են, որ Ուկրաինայի նոր կառավարությունը ճանաչում են լեգիտիմ և պատրաստ են աշխատել նրա հետ։

Աշխարհում, թերևս, միակ երկիրը, որ կասկածի տակ է դնում Ուկրաինայի իշխանության լեգիտիմությունը, Ոուսաստանն է։
Հասկանալի է, որ հենց այդ պատճառով Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել նաև Հայաստանը։

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրում ձևավորված նոր իշխանության վերաբերյալ։

Երեկ մեր թղթակցի՝ այս հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսպիսի պատասխան է տվել. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»։ Նույն հարցի պատասխանը մեր թղթակիցը փորձել է ստանալ նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել, ինչպես սովորաբար, հնարավոր չի եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Անկախ

Իրար են բախվել երկու երթուղային. կա մեկ վիրավոր

շտապ-օգնությունԱրտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 28-ին՝ ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ թաղապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու «Գազել» մակնիշի 1747S պ/հ և թիվ 52 երթուղու 1616S պ/հ «Գազել» ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժող թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է:

 

Անկախ

«Ժամանակ». Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է

CF909400-6BFE-45F2-BCE0-B80B7F032C02_mw800_s«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից  մասնակցել Հայ  ազգայյին կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ «իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ»: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։

ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերեւս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, եւ կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։ Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Վերջինս էլ, բնականաբար, սերտել է իրեն տրված դասը։ Եվ որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն իրենց ընդդիմադիր գործընկերների առաջ, որոշել են, որ հանրահավաքին կապահովեն միայն ձեւական կողմը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

«Հայկական ժամանակ». Ըստ տեղեկությունների՝ Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը

g_image

«Հայկական ժամանակ» -ը գրում է.

«Այլևս գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ և այլն։
«Արմավիայի» աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը դեռ դեկտեմբերին վաճառել է իր երկու ինքնաթիռները, բայց ստացված գումարից չի վճարել իրենց պարտքերը։ Օրերս էլ նրանք տեղեկացել են, որ «Արմավիայի» գլխավոր գրասենյակը ազատվել է գույքից։ Եվ այս տեղեկությունները համադրելով՝ «Արմավիայի» աշխատակիցները լուրջ կասկածներ ունեն, որ Բաղդասարովը այլևս չի վերադառնալու։

Բաղդասարովի մասին տեղեկություններ ստացանք նրան պատկանող «Միկա լիմիթեդ» ընկերությունից, որտեղ հերքեցին նման տեղեկությունները։ Այստեղ մեր թղթակցին հայտնել են, թե Բաղդասարովի աշխատանքային գրաֆիկում այցելությունները Մոսկվա սովորական են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ սփյուռք.Նարինե Աղաբալյան.

OLYMPUS DIGITAL CAMERAԱրցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ–հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

“Հայ–հույն բարեկամության միությունը” կյանքի է կոչվել ՀՀ Աթենքի դեսպանության հովանավորությամբ:

 

Հարց- Արցախը հայության, մանավանդ սփյուռքահայության համար հանդիսանում է վերկուսակցական եւ վերհատվածական երեւույթ: Թեեւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համար Արցախը օգտվում է, Հայաստանի Հանրապետությունը որպես պատուհան, բայց Սփյուռքի հետ հաղորդակցության համար նման հարկադրության տակ չի գտնվում: Ծրագրում եք արդյո՞ք Սփյուռքի հետ ունենալ ուղիղ կապ:

Պատասխան- Սփյուռքում, մի քանի երկրներում Արցախն ունի իր ներկայացուցչությունները` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, եւ այլն:  Արտասահմանում հիմնական կապերը  այդ նեկայացուցչությունների միջոցով է:

Կա նաեւ ուղղակի եւ անմիջական կապեր հայկական կազմակերպությունների եւ կառույցներ հետ. օրինակի համար Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Նկատի ունեմ կազմակերպություններ որոնք ներկայացուցչություններ ունեն Արցախում, եւ այդ կազմակերպությունների միջոցով այս տարիների ընթացքում տասնյակ ծրագրեր են իրականացվել:

 

Հ.- Քաղաքական ներկայացուցչություններից բացի անհրաժեշտ նկատո՞ւմ եք մշակութային գրասենյակներ ունենալ սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Պ.-Ես չեմ կարծում թե դրա անհրաժեշտությունը կա, որովհետեվ հայկական գաղթօջախներում կան հայկական մշակութային կազմակերպություններ, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է համագործակցել: Կարեւորը` լինի ցանկություն եւ նախաձեռնող: Եւ այս տարիների ընթացքում, համենայն դեպս չի եղել մի դեպք, որ որեւե նախաձեռնություն անպատասխան մնա, կամ մենք չընդառաջենք: Պարզապես, որպես կանոն վերջին տարիների փորձից ելնելով դա ավելի ակտիվ է դրսեվորվում այն համայնքներում որտեղ մենք ունենք նեկայացուցչություն: Որովհետեվ այստեղ ավելի հեշտ է կապը եւ նախաձեռնությունները իրականացնել: Մասնավորապես`   Ֆրանսիաում մենք ունենք ներկայացուցչություն, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ինչպես տեղեկացաք` վերջերս բարեկամական  կապեր ստորագրեցինք Ֆրանսիայի տարբեր քաղաքներ հետ, որոնք ներառում են կրթական, մշակութային  ծրագրեր եւ համագործակցություն: Օրինակ, ֆրանսիական մի թատերախումբ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Արցախում ներկայացումներ տալ: Մենք այս տարի ամռանը սպասում ենք ֆրանսիական երգչախմբի, որը պիտի գա Արցախ եւ հանդես գա Շուշիում: Նաեւ միջազգային ճանաչողություն ունեցող դաշնակահարի ենք հյուրընկալելու Արցախում:

Հ.- Արցախ-Սփյուռք առկա հասարակական-մշակութային կապերը ինչպե՞ս եք գնահատում:

Պ.- Ո’չ բավարար: Իրականում ներուժը, հնարավորությունները ավելի մեծ են, քան գործնականում իրականացվում է: Նորից եմ ասում, սրանք ընդամենը կազմակերպչական խնդիրներ են: Բնականաբար Արցախը չի կարող իր միջոցներով կազմակերպել ավելի շատ ծրագրեր եւ միջոցառումներ, ձեռնարկներ իրականացնել: Բայց մենք միշտ պատրաստ ենք կազմակերպչական հարցերում մեր աջակցությունը ցույց տալու, կոնկրետ` Արցախի մշակույթի  նախարարությունը, եթե լինեն նման առաջարկություններ: Այսինքն պետք է լինի նախաձեռնություն, որը ակնկալում ենք եւ որը պետք է ակտիվանա: Պետք է ասեմ նաեւ, որ ես հանդիսանում եմ ՀՀ Սփյուռքի նախարարության կից ատյանի անդամ: Եւ մենք պարբերաբար քննարկում ենք ծրագրերը, հաշվետվություններին ենք մասնակցում: Եւ այս տարի նաեւ որոշ առաջարկություններ արեցինք Արցախը մասնակից դարձնելու այդ ծրագրերին: Հռչակագիր պետք է ստորագրենք այդ ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Սփյուռքի նախարարության կողմից եւ որ Արցախը նույպես ներգրավվի այդ ծրագրերում:

Հ.- Արցախում մշակութային փառատոններ են կազմակերպվում. արդյո՞ք արդյունավետ համարում եք, որ ներգրավեք նաև սփյուռքի եւ հայաշատ երկրների արվեստագետներին:

Պ.- Արցախը նաեւ խնդիր ունի ոչ միայն հայերին ներկայանալու եւ ոչ միայն հայերին մասնակից դարձնելու իր մշակութային եւ հասարակական ծրագրներին: Ավելի շատ կարիք կա օտարներին ծանոթացնելու Արցախին, քանի որ այսօր կա Արցախի միջազգային ճանաչման խնդիրը: Արցախը ճանաչված չլինելու պատճառով հնարավորություն չունի պաշտոնապես ներկայանա տարբեր փառատոնների եւ միջազգային մրցույթների, որոնք կազմակերպվում են արտերկրում, դրա համար մենք ունենք մեր փառատոնները, որոնց մասնակից ենք դարձնում ցանկացողներին տարբեր երկրներից: Իհարկե, եթե նրանք համապատասխանում են մեր ներկայացրած պահանջներին:

Մենք ունենք դասական երաժշտության պատանի երաժիշտ կատարողների “Տնջր” միջազգային փառատոնը: Տնջրն Արցախում 2000 ամյա սոսի ծառ է, որը Արցախում մեր ակունքների եւ մնայուն արժեքների յուրօրինակ խորհրդանիշ է: Փառատոնը 2013թ. անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցում էին տասներեք երկրներից երաժիշտներ, որոնցից միայն երկուսն էին հայ:

Ունենք նաեւ Քանդակի միջազգային փառատոն, որը կազմակերպվում է Շուշիում եւ որին նույնպես մասնակցում են տարբեր երկրների քանդակագործներ: Փառատոնում ստեղծված աշխատանքներով նպատակ ունենք Շուշիում ստեղծել քանդակների պուրակ:

 

Հ.- Գիտենք, որ մանավանդ վերջին տարիներին, մշակութային կյանքը Արցախում վերելք է ապրում: Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել: Թանգարաններ են բացվել Արցախում, եւ նմանատիպ այլ գործունեություն է իրականացվել: Արցախի իրականությունը ներկայացնել աշխարհին` իհարկե ոչ միայն հայ հանրությանը, ինչ նախաձեռնություններ եւ միջոցառումներ են նախատեսվում  հրատարակությունների եւ փաստավավերագրական ֆիլմերի տեսքով: Քանի որ բազմալեզու հրատարակությունների եւ վավերագրական ֆիլմերի պակասը շատ է զգացվում:

Պ.- Շատ ճիշտ եք նկատել, իսկապես դա այսօր մեր բացերից է: Թե կինոարվեստը, թե հրատարակչական գործերի եւ աշխատությունների բացը շատ է երեւում: Բայց սա կապված է կոնկրետ հնարավորությունների հետ: Այսինքն` Արցախը իր պետական միջոցներով անում է այնքան, ինչքան որ ի վիճակի է անել: Կոնկրետ ինչ վերաբերվում է փաստավավերագրական ֆիլմերին, արվում են, այսօր էլ պատրաստվում են: Բայց մենք միեւնույն ժամանակ  շատ բծախնդիր ենք այս հարցում, որովհետեվ մեզ համար շատ կարեւոր է, որ պատմությունը ճշմարիտ ձեւով ներկայացվի աշխարհին: Եւ դրանով  պայմանավորված մերժում ենք տարբեր առաջարկներ, որոնք պարզապես լուրջ չեն եւ որոնցում հավաստի տվյալներ չենք տեսնում:

Որպես կանոն արտասահմանից լինում են առաջարկություններ, որոնք ակնկալում են օգնություն Արցախից: Այդ պատճառով էլ, շատ ժամանակ մեր հնարավորությունների շրջանակում նախընտրում ենք չֆինանսավորել մի բան որը հայտնի չե թե վերջում ինչ է դառնալու: Եթե լինեն լուրջ նախաձեռնություններ եւ առաջարկություններ, մենք իհարկե կօգնենք: Դա շատ կարեւոր է պատմությունը սերունդներին հասցնելու համար, որովհետեւ, այսօր դեռ  ողջ է այն սերունդը որը անմիջապես մասնակից են եղել Արցախի գոյապայքարին, եւ շատ կարեւոր է այս սերնդի հուշերը վավերագրել, պահպանել եւ փոխանցել սերունդներին:

Նույնը վերաբերվում է հրատարակություններին: Իհարկե, այսօր Արցախ ներկայացնելու համար, պետք է ամենատարբեր լեզուններով ունենալ քարոզչանյութեր: Մենք մեր միջոցներով չենք կարող դա անել: Այսինքն` արդեն կան պատրաստի նյութեր, եթե ցանկություն լինի դրանք թարգմանել տարբեր  լեզուներով եւ հրատարակել, մենք պատրաստ ենք միջնորդել հեղինակների հետ բանակցություններում եւ կազմակերպչական հարցերում օգնել կամ միջնորդել:

Այսօր Արցախը նաեւ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, սակայն շատ սահմանափակ նյութերով: Այդ առումով այն ինչ անում է Ադրբեջանը եւ այն ինչ անում ենք մենք`  անհամեմատելի է:

 

Հ.- վերջում կցանկանայինք լսել ձեր խոսքը ուղղված մեր ընթերցողներին եւ հայրենակիցներին:

Պ.- Այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցա եւ որոշակիորեն ծանօթացա հունահայ համայնքի կյանքում կազմակերպվածությանը, նաեւ խնդիրներին: Իհարկե` ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույպես մենք  էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ Սփյուռք: Նաեւ նման ակնկալիք ունենք հունահայ համայնքից: Եւ ես ուզում եմ պարզապես հունահայ բոլոր կազմակերպություններից, անկախ իրենց տարաձայնություններին, անկախ իրենց գաղափարական առանձնահատկություններին եւ գործելաոճի առանձնահատկություններին, ունենան միայն մեկ նպատակ` լինել հայրենիքին օգտակար, հայ մնալ եւ այն ինչ բխում է հայրենիքի շահերից,  պաշտպան կանգնելու այդ գաղափարին:

 

Նկարը`

Նախարար Նարինե Աղաբալյանը, “Հայաստան”-ի խմբագիր Դավիթ Այվազյանի հետ

 Անկախ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐ,ՏԱՐԵԼԻՑ,ՄՈՍԿՎԱՓետրվարի 28-ին Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց. «26 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունները սկսեցին խաղաղ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որի շարունակությունն էին 90թ.-ին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված հայ բնակչության ջարդերը: Չնայած ոճրագործության ողջ եղելությանը և արձագանքին, կատարվածը մինչև այսօր չի ստացել համարժեք գնահատական»:

Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ով ընդգծեց ռուս հասարակությանը Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունների ճիշտ ներկայացման կարևորությունը: Արքեպիսկոպոս Ներսիսյանը կարևորեց նաև պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելուն ուղղված քայլերի նշանակությունը՝ այս համատեքստում հիշատակելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող այսպես կոչված  «Խոջալուի դեպքերը»:

Անկախ

 

 

62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել

62ա միկրոավտոբուսային երթուղիԵրևանի քաղաքապետարանից Անկախին հայտնում են, որ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը: Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը նաև առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը ընկերության հետ քննարկել և առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ երթուղու ուղեգիծը: Առաջարկվել է Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցով նախատեսված թիվ 62 երթուղու ուղեգծի որոշակի մասը ժամանակավորապես միացնել թիվ 63 երթուղու ուղեգծին, հատկապես հաշվի առնելով, որ թիվ 62 երթուղու համար ավելի քան տասն անգամ հայտարարված մրցույթներից և ոչ մեկի համար հայտեր չեն ներկայացվել: Բացի այդ, առաջարկվել է դադարեցնել նույն ուղեգծով ներկայում գործող թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղու հետագա սպասարկումը:

Ըստ այդմ, 01.03.2014-ից թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել, իսկ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի հետևյալ ուղեգծով.

ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-րդ ԶԱՆԳՎԱԾ – 15-րդ ԹԱՂԱՄԱՍ (Նոր Նորքի 9-րդ զ/ծ – Վիլնյուսի – Ավետիսյան – Դ. Բեկի – Բ. Մուրադյան փողոցներ – Գայի – Մյասնիկյան պողոտաներ – Աբովյան պուրակ – Աբովյան – Մոսկովյան – Խանջյան փողոցներ – Տիգրան Մեծ պողոտա – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան փողոցներ – 15 թաղամաս):

Անկախ

«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան

վազգեն մանուկյանՓետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր:

ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ:

Վազգեն Մանուկյանի ելույթը  ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելիʹ պարոն վարչապետ, կառավարության անդամներ, գործընկերներ

Հայաստանն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը պահանջում է շուտափույթ լուծումներ: Մենք մեր կողմից այսօր կներկայացնենք մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշված հասարակության կողմից: Դրանց մի մասի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունի իր հստակ կարծիքը և լուծումներ է առաջարկում, և կան հարցեր, որոնք դեռ պահանջում են համատեղ մասնագիտական քննարկումներ:

Բայց Հանրային խորհուրդը մտահոգված է ոչ միայն այդ որոշակի խնդիրների լուծմամբ. խնդիրներ լինելու են միշտ: Դրանց լուծման համար պետք են բանիմաց մասնագետներ, արդյունավետ կառավարություն, բայց հնարավոր չի լինի դրանք լուծել, եթե հասարակության շրջանում չկա համապատասխան մթնոլորտ` վստահություն, էներգետիկա, լավատեսություն: Նման պայմաններում խնդիրների լուծումը որևէ մասնագետի միջոցով հնարավոր չէ: Ցավոք, մեր կարծիքով, Հայաստանում այսօր այդպիսին է մթնոլորտը, և մենք կարծում ենք, որ  իշխանության քայլերն էլ, ցավոք սրտի, միշտ չէ, որ նպաստում են այդ մթնոլորտի փոփոխմանը, ընդհակառակը` երբեմն նույնիսկ խորացնում են:

Հասարակության  մի մասի շրջանում, արդարացի թե ոչ արդարացի, տպավորություն է ստեղծվում, որ իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են միայնակ, և բոլոր որոշումները, որ ընդունվում են, այս կամ այն ձևով իրենցից գումար վերցնելու նպատակ ունեն: Անկախ այն հանգամանքից, թե տնտեսական ինչ հեռանկարային խնդիրներ ու համակարգ է ներդրվում, ամեն մի որոշման մեջ փող վերցնելու գաղափարը կա, և դա կարծես դոմինանտ է որոշումների մեջ:

Այդ տեսանկյունից ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք և´ մամուլով, և´ նախագահի մոտ, և´ կառավարությունում: Դրանցից մեկը պարտադիր կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Ընդ որում, պետք է ասեմ` մեր քննարկումների ժամանակ մենք որպես մոդել դրական ենք գնահատել այդ համակարգը կենսաթոշակային հարցերը լուծելու համար:

Բայց ի՞նչ էր առաջարկում Հանրային խորհուրդը: Մենք առաջարկում էինք, օրինակ, նվազեցնել 5% դրույքաչափը, սահմանված գանձումն իրականացնել հարկված աշխատավարձից, կամ եթե նույնիսկ 5% դրույքաչափը պահպանվի, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչև 2020 թ. այն աստիճանաբար հասցնելով 5%-ի (հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատելու առաջարկվող մոդելի արդյունավետությունը): «Պարտադիր» բաղադրիչի մասով առաջարկում էինք, որ փոքր չափի աշխատավարձերի (ասենք` մինչև 80.000 դրամ) դեպքում գործատուն կամ պետությունը (եթե բյուջետային աշխատող է) ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները, նշված չափից բարձր աշխատավարձի դեպքում (ասենք` 80.000-ից մինչև 150.000 դրամ), աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչև 5%-ի, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը տարածել միայն 500.000-ի հատվածի վրա, իսկ դրանից բարձր հատվածի դեպքում թողնել աշխատողի կամավոր ցանկությանը:

Այսինքն` մենք խոսում ենք ոչ թե մոդելի  փոփոխման մասին, այլ մոդելն այնպես անելու, որ ընկալելի լինի հասարակության կողմից:

Երկրորդ հարցը, որ բարձրացրել ենք, և անկեղծ ասած, չգիտենք, թե դրա պատասխանը որն է, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի հարցն է: Մենք շատ հստակ ենք հարցը դրել. չենք պնդում, որ դա պատմամշակութային արժեք է, ասում ենք` կա համապատասխան հանձնաժողով և կա ճարտարապետների կարծիք: Թող միասին քննարկեն, եթե այն համարվի պատմամշակութային արժեք, այդ դեպքում  կգործի համապատասխան  օրենքը: Սակայն այդ հարցը չի քննարկվել:

Երկրորդ առաջարկն այն է, որ եթե օդանավակայանը զարգացման համար շարունակում է ինչ-որ ուղղությամբ ընդլայնվել, եթե այլընտրանքային տարբերակ կա, ապա դրա բիզնես պլանն էլ ներկայացնել, տարբերությունը հասկանալ: Առաջարկել ենք նաև քննարկել, թե կարելի՞ է հին համալիրն օգտագործել: Սակայն դրա վերաբերյալ նույնպես որևիցե լուրջ քննարկում չի եղել:

Կառավարության որոշումից մենք տպավորություն ստացանաք, որ այդ հարցը հետաձգվել է և ճարտարապետների հետ դեռ պետք է քննարկվի, բայց քաղավիացիայի գլխավոր վարչության պետն իր բոլոր ելույթներում ասում է, որ աշտարակը պետք է քանդվի, կարծես ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունի աշտարակը քանդելու հարցում: Այդ աշտարակը մեր ժողովրդի համար դարձել է խորհրդանիշ: Եթե այդ խորհրդանիշը պահելը շատ թանկ է կամ անհնար է, պետք է բացատրել ժողովրդին, իսկ եթե լուծում կա, ապա այդ լուծումը պետք է տալ:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ հասարակության մեջ դժգոհությունը կուտակվում է, մարդկանց մեջ անվստահություն է առաջանում ոչ միայն երկրի ապագայի, այլև իրենց ընտանիքների, իրենց ապագայի նկատմամբ: Անորոշություն է, թե ուր ենք գնում: Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ է հռչակել, ի՞նչ է անում: Այդ անորոշությունը հանգեցնում է նրան, որ ամեն մի կեղտոտ բամբասանք հեշտությամբ տարածվում է ժողովրդի մեջ, և կա մամուլ, որը լավ օգտագործում է դա: Մարդու միակ հույսը մնում է այն, որ թողնի փախչի էս երկրից:

Եթե մենք կարողանայինք ապահովել կտրուկ տնտեսական աճ Հայաստանում, դա կառաջացներ և´ ոգևորություն, և´ վստահություն ապագայի նկատմամբ: Բայց կարծում եմ` և´ արտաքին պայմանները, և´ այս ներքին լճացումը չեն նպաստում, որ Հայաստանում կտրուկ տնտեսական աճ լինի: Այդ դեպքում վերադառնում եմ Ձեր բարձրացրած հարցին, պարոն վարչապետ: Անցյալ անգամ Դոʹւք այդ հարցը բարձրացրիք, և ես  նույնպես շատ եմ կարևորում: Ասացիք, որ իսկապես Հայաստանում պակասում է տեսլականը: Եթե ուշադիր նայենք, ոչ մի երկիր չի կարողացել ծանր վիճակից դուրս գալ և ոտքի կանգնել, եթե չի ունեցել նպատակներ, երազանքներ ու տեսլական: Ո՞րն է մեր տեսլականը: Դա պիտի լինի մի տեսլական, որը համախմբում է մարդկանց, որի մեջ վեհություն կա, թիմային զգացողություն, բայց միաժամանակ իրականացումն ապահովում է ամեն մեկի ընտանիքի բարեկեցությունը: Այսինքն` ոչ միայն անձնազոհություն է  պահանջում, այլև ապահովում է յուրաքանչյուրիս ընտանիքի, երեխաների ապագա բարգավաճումը: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի իշխանություն, որն անկեղծորեն դրանով տարված է:

Երբ մենք շարժումով եկանք իշխանության, այդ շարժման մեջ ազգային և ժողովրդավարական մեծ հոսանք կար: Հետզհետե պարզվեց, որ ազգայինը «կեղծ կատեգորիա» է, և միայն դեմոկրատիան է  կարևոր: Դեմոկրատիան էլ հանգեցրեց նրան, որ նրանք, ովքեր հռչակում էին այդ դեմոկրատիան, հենց դրա անվան տակ էին փող աշխատում: Հետո ամեն ինչ փոխվեց: Դեմոկրատիան դարձավ մի քիչ երկրորդական, առաջ մղվեց ազգայինը, և այդ անվան տակ թալանվեց ինչ կար-չկար, վաճառքի հանվեց այն ամենը, ինչ որ ազգային արժեք էր: Այսինքն` ստացվեց, որ այդ գաղափարն էլ մարդիկ օգտագործեցին անձնական հարստացման համար: Հիմա էլ, եթե տեսլական ունենանք, այն ներկայացնենք, բայց որպես իշխանություն սկսենք օգտվել դրանից, այդ տեսլականը ոչ մի արժեք չի ունենա:

Ես կարծում եմ, որ  իշխանության պարտքն է, հասարակության լայն շերտերին հավաքելով, միասին ներկայացնել, ձևակերպել այդ տեսլականը; Հասարակությունը պետք է մասնակից լինի, որ դա լինի ոչ թե իշխանության տեսլականը, այս կամ այն կուսակցության տեսլականը, այլ ողջ ժողովրդինը:

Մենք հանդիպումներից մեկի ժամանակ ողջունեցինք նախագահի` Սահմանադրությունը վերամշակող աշխատանքային մարմին ստեղծելու նախաձեռնությունը և  առաջարկեցինք, որ ստեղծվի մի հասարակական խումբ, որում ներգրավված լինեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության տարբեր շերտեր: Մենք ուզում էինք, որ հասարակությունը, ներգրավվելով դրա մեջ, հասկանար, թե ինչու է այդ բարեփոխումն անհրաժեշտ, որն է դրա նպատակը, այսինքն` հասարակությունը մտներ այդ բանավեճի մեջ: Դրա փոխարեն, ցավոք, ստեղծվեց մի մասնագիտական խումբ, որը փոխում է Սահմանադրությունը, բայց թե ինչի համար, չենք հասկանում: Հասարակությունն օտարված է զգում իրեն բոլոր որոշումներից:

Ես անձամբ կարող եմ առաջարկել այդ տեսլականը: Դա առաջարկել եմ 1990 թվականին ու առաջարկում եմ հիմա: Այդ տեսլականը համաշխարհային ազգն է: Դա նշանակում է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը` իր ողջ բազմազանությամբ, իր բազմակարծությամբ, ձևավորվի որպես մի խումբ, մի թիմ, որը մրցակցության մեջ մտնի ուրիշների հետ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայն պետություններն էին  իրար հետ մրցում: Հիմա մրցում են ոչ միայն պետությունները, այլև մարդկանց տարբեր խմբեր` աշխարհով մեկ սփռված, տրանսնացիոնալ խոշոր ընկերություններ: Օրինակ` Իտալիան որոշում ընդունեց, որ իր սփյուռքից 20 հոգու դարձնում է խորհրդարանի անդամ: Նույն որոշումն ընդունեց Հունգարիայի խորհրդարանը: Մինչև հիմա լուրջ սփյուռք ունեին հրեաները և հայերը, բայց արդեն բոլորը հասկացել են, որ  նոր մրցակցության ժամանակաշրջան է սկսվել` գլոբալ մրցակցության ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանում աշխարհի ամեն կետում է մրցակցություն ընթանում, և պետության հետ միասին պետք է կարողանալ համախմբել աշխարհով մեկ սփռված մարդկային ցանցը:

Ես կարծում եմ, որ սա կարող է դառնալ քննարկան ձող: Բայց առանց տեսլականի, առանց վստահության իրար նկատմամբ` իշխանությունը հասարակության, հասարակությունն իշխանության, մենք առաջ գնալ չենք կարող:

Իմ ասածը մի քիչ շեղվում է այն տնտեսական հարցերից, որոնք հավաքվել ենք քննարկելու, բայց ես կարծում եմ, որ առանց հիմնարար քաղաքական հարցեր լուծելու, շատ դժվար կլինի տնտեսական հարցեր լուծել, մանավանդ որ աշխարհը փոխվել է և շատ բարդ իրավիճակում է:

Մենք պետք է ադեկվատ լինենք այդ աշխարհին:

Շնորհակալություն»:

 

Անկախ

Ընտրություններ՝Հայաստանում

Ընտրություններ (1)2014թ. մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն 64 թեկնածուներ:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի:  Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:

2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 14-ը մինչև 40 տարեկան են, 44-ը`  40-60 տարեկան և 6-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 310 թեկնածուներից 125-ը մինչև 40 տարեկան են, 160-ը` 40-60 տարեկան և 25-ը` 60 և ավելի:

 

 Անկախ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ

սերգո Արագածոտնի  մարզ             Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է  մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության  և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի  գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման  այն  ծրագրերին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

 Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին, նախարարը լավատեսորեն ասել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ  Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք  համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  մի քանի    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարարը  մարզպետ Սարգիս Սահակյանի      հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող  անհատ ձեռներեց  Արմեն Ղուկասյանի  ջերմոցային տնտեսություն, ծանոթացել  արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300  քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000  կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը և՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից:

Գյուղացիների  հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին , նշելով որ անչափ կարևոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և ներկայումս վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում:

 

 Անկախ

 

Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի` Մաքսային Միությանն ադամակցության վերաբերյալ գնահատականները ճիշտ և ժամանակին է համարում

Գառնիկ Իսագուլյան«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իագուլյանն ամբողջությամբ կիսում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մաքսային Միությանը Հայաստանի ադամակցության վերաբերյալ գնահատականները:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ճիշտ էր ՀՀ երկրորդ նախագահի՝ Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ այսքան ուշ անդրադարձը, այն ճիշտ և ժամանակին էր։

«Դադարն իսկապես անհրաժեշտ էր: Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց Մաքսային Միությանն անամակցությանը, և դրանից հետո բոլորը սկսեցին նրան մեղադրել ռուսամետության մեջ: Մարդ, որին մեղադրում էին ԽՍՀՄ-ը  քանդելու մեջ, հիմա էլ մեղադրում էին ռուսամետության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում կարևորեց այն, որ ՀՀ երկրորդ նախագահը չի փորձել իրենից առաջ կամ իրենից հետո եղածներին մեղադրել երկրում ստեղծված ծանր վիճակի համար, այլ ասել է, որ կատարվել է փաստ, պետք է կարողանալ համախմբել ողջ ուժերը այս իրավիճակի գնահատականը տալու համար։

Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կոչ էր բոլորին, որ պետք է ձախողումների մեջ ոչ թե մեղավորներ փնտրել, այլ իրավիճակից դուրս գալու համար համախմբել կարող ուժերը։

Անդրադառնալով մարտի 1-ի տարելիցին` Գառնիկ Իսագուլյանը նեց, որ մարտի 1-ը հայ ժողովրդի համար ամենավատ, ծանր և սև օրն է։

«Ներկայիս որոշ քաղաքական ուժերի պահվածքից ակնհայտ է, որ մարտի 1-ի դասերը չկարողացան ճիշտ ընկալել և հետևություններ անել։ Չեմ կարծում, որ վաղը որևէ արտառոց բան լինի։ Պետք է լրջորեն խորհել կատարվածի շուրջ, հասկանալ` ինչո՞ւ նման մարտի 1 եղավ և ի՞նչ պետք է անել հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ կարևորելով տուժած ընտանիքներին փոխհատուցելու հարցը։

Անկախ

Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ Հայաստանում էլ կարող է Մայդան լինել

Գառնիկ Իսագուլյան«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ուկրաինական զարգացումները ցույց տվեցին, որ Մայդանում կանգնած ժողովրդին եվրաասոցացման պայմանագիրը չէ, որ հետաքրքրում էր:Ուկրաինական դեպքերը պայմանավորված էին ոչ թե ուկրաինացի ժողովրդի կողմնորոշմամբ դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ այդ ամենի մեջ բացառապես դերակատար էր ուկրաինական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը: Ուկրաինայի իշխանությունը թաղված էր կոռուպցիայի մեջ, երկրի նախագահը բացառապես անձնական խնդիր էր լուծում, նրա սիրախաղը թե’ Արևմուտքի, թե’ Ռուսաստանի հետ պայմանավորված էր բացարձակապես իր ընտանեկան վիճակի բարելավմամբ, որից դժգոհ էր ամբողջ ուկրաինացի ժողովուրդը` հարավ-արևելյան շրջաններից մինչև արևմտյան շրջան:

«Այս ֆոնին հատկապես աջ ծայրահեղական ուժերը կարողացան հաստատել իրենց իշխանությունը` չխորշելով որևէ միջոցից և շատ լավ գիտակցելով, որ Արևմուտքին ևս ձեռնտու է պայքարի իրենց ձևը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի միջև անցկացվող զուգահեռներին և Հայաստանում Մայդանի հնարավոր կրկնությանը` Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այնպես, ինչպես դեպքերը զարգացան Ուկրաինայում, Հայաստանում բացառված է շատ պարզ պատճառով. Հայաստանում չկան այն աջ ծայրահեղական ուժերը, որոնք կային Ուկրաինայում, Հայաստանում չկան արևմտամետականության և ռուսամետականության նման դրսևորումներ, ինչպես Ուկրաինայում, Հայաստանում դա շատ արհեստածին է:

«Բայց սա չի նշանակում, որ հայաստանյան իշխանությունները, հատկապես կոռուպցիոն և անձնական շահը պետականից ու ազգայինից գերադասելու տեսանկյունից հետ են մնում ուկրաինական իշխանություններից: Մեր իշխանությունները դեռ ինչ-որ տեղ էլ շատ ավելին են անում, քան անում էին ուկրաինական իշխանությունները: Եվ այն, որ հենց այդ ֆոնին Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք այնուհետև կարող են վերաճել հեղափոխական շարժման և հանգեցնել իշխանափոխության, ամենևին բացառել չի կարելի: Իշխանությունները չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ հենց իրենց մեղքով Հայաստանում կարող է լինել Մայդան»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ, եթե նման բան լինի, ապա ոչ նույն սցենարով և հետևանքներով, ինչպես Ուկրաինայում:

 Անկախ

Կայացել է 7200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՓետրվարի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

Անկախ

Եվս երկու բնակարանային գողություն` նույն ձեռագրով

գողությունՓետրվարի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Գայանե Շ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ից մինչև 17.10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով, բնակարանից գողացել են 30.000 ռուբլի, 200 դոլար, 100 եվրո, ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոս, «Նեթբուք» համակարգիչ և ոսկյա ժամացույց` պատճառելով 2.600.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1937 թ. ծնված Ասյա Ա.-ն և հայտնել, որ իր բնակարանի դռան փականը փչացրել են, իսկ հարևանները նկատել են կասկածելի տղամարդկանց` շենքից դուրս գալիս:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Ասյա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կրակողը ոստիկանությունում է

կրակոցՓետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ մորաքրոջ որդին` 1987 թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ:
Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Վարչապետը ՀԽ անդամների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Վազգեն Մանուկյան, Տիգրան սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
հանրային խորհուրդ, Տիգրան ՍարգսյանՀանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները:
Անկախ

«Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք` հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար». Թևան Պողոսյան

թևան պողոսյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով` այսօր ընդդիմության վիճակը պետության վիճակի նման է: Չի կարող պետությունը, իշխանությունը հզոր լինել, ընդդիմությունը` ոչ:

Անդրադառնալով ԱԺ վերջին քառօրյային` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թևան Պողոսյանը նշեց, որ այս անգամ ընդդիմությանը հաջողվեց օրակարգ առաջ քաշել, ողջ քառօրյայի ընթացքում քննարկվեցին արտահերթ հարցեր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

«Ցավոք, մենք դեռ չենք կարողանում այնպես անել, որ ընդդիմության նախաձեռնությունների 90%-ն իրականություն դառնա: Բարձրաձայնելը մի հարց է, խնդիրների լուծման հասնելը` մեկ այլ: Այն քաղաքակիրթ մեխանիզմները, որոնցով ընդդիմությունը կարող է իր հարցերը լուծել, չեն գործում, որովհետև վերջնական որոշումը կախված է մեծամասնության ցանկությունից, որը մեկ-մեկ քմահաճույքի է վերածվում: Այսօր մեր մեծամասնությունը ցանկացած հարց մեկ օրում կարող է մտցնել ԱԺ և անցկացնել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ուկրաինական Մայդանի հնարավոր կրկնությանը, Թևան Պողոսյանը նշեց, որ Մայդանը պայքար էր քաղաքական դաշտերի, օլիգարխների, քաղաքական ուժերի, ներքին բաժանումների: Հայաստանը, բարեբախտաբար, այսօրվա դրությամբ չունի այս պայքարների շատ ու շատ տեսակներից: Ի վերջո, եթե Մայդանում շարունակվեին խաղաղ ցույցերը, մինչև հիմա էլ այդ ցույցերը կտևեին:

«Մենք չունենք ռեսուրս արյուն թափելով հարց լուծելու համար: Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար: Մեր պատմության մեջ էլ եղել են դեպքեր, որ մեզ դաս պիտի լինեն»,- ասաց պատգամավորը:

«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը մարտի 2-ի լույս 3-ին՝ Առաջին ալիքի եթերում

Մեկնաբաններ (640x360)Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է եւ իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ կարմիր գորգի արարողությունը:

«Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։

Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, ցուցադրել է օսկարակիր ֆիլմեր՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Արտիստը», «Թարգմանության դժվարություններ», «Գեյշայի հուշերը»:

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Շրջաբերական նամակ ՀՀ մրազպետներին և Երևանի քաղաքապետին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար”:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԳալուստ Սահակյանն  այսօր Աժ ճեպազրույցների ժամին, պատասխանելով Ջհանգիրյանին, ով ասել էր, թե իշխանությունը  կամք ու համարձակություն չունի բացահայտելու մարտիմեկյան իրադարձությունները, ասաց. «Թող լինի, որ չունենք համարձակություն, եթե դա իրենց կմխիթարի: Ջանները դող է ընկել, ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել, ոչ թե զրպարտել, սակայն իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, օրինակ, ՀԱԿ-ը (Արամ Մանուկյանն է այդպես հայտարարել) պատրաստ է անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղարկել հարցաքննության, միայն թե դեպքերը բացահայտվեն և հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է նույն կերպ վարվել Սարգսյան- Քոչարյան զույգի հետ, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց.«Պետք է հասկանալ, որ կա նախագահական ինստիտուտ ու Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը, որ բերի կամ տանի, Լևոն Տեր-Պետրոսյանը կորոշի՝ նման իրավիճակում ինչպես իրեն պահի: