Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 18.40-ին, 1961 թ. ծնված Վաղինակ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.55-ին, 1970 թ. ծնված Վարդգես Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը, յուրացման` 2, խուլիգանության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

կըհՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են  327-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 27-ը: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձևավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երևանի թիվ 3 և թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը: Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

004Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները. «Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ ևս կծավալվի համագործակցություն ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը. «Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաև Երևանի և  Չինաստանի այլ քաղաքների միջև նույնպես: Առաջընթացն ու զարգացումն այսօր Երևանում ակնհայտ է, և ես վստահ եմ, որ երկուստեք համագործակցության համար ունենք մեծ ներուժ»,-նշել է  Չժոու Լին:

Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երևանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար. «Քաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարևոր է: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է: Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

002Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով  կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ  168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգևոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր,  հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաև նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաև խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության  

Դրամաշնորհներ ստացան երիտասարդ գիտնականները

DSC_2718Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացրեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, եռակողմ համագործակցության արդյունքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից հատկացված 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) տրամադրվեց մինչև 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ANSEF 2014թ. դրամաշնորհային մրցույթին և փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը: «2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա»,- ասաց Գևորգ Վարդանյանը։

Նշենք, որ հաղթող գիտական թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 2-ն աստղագիտության, 1-ական էլեկտրոնիկայի, կեսաինֆորմատիկայի, բժշկագիտության և էկոլոգիայի ոլորտներից են:

Անցած 14 տարիների ընթացքում ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել են 1500-ից ավելի դիմում-առաջարկներ: 342 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1330 գիտնականներ, ստացել են դրամաշնորհներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 710 հազար ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակՀանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:  Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը, 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝

Փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև:

Իրանի քաղաքացու վարած մեքենան ընկել է լիճը

փրկարարՓետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ. (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ­ել են բավարար:
Դեպքի մասին տեղեկաացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասախանատուն:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ծառայողական քննություն

ոստիկանությունՓետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

խորհրդակցություն պն´ումՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

 

 

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Սուրբ Վալենտինի օրը. որտեղի՞ց է առաջացել, ինչպե՞ս և ինչո՞ւ

վալենտինՍուրբ Վալենտինի օրը կաթոլիկ եկեղեցու տոն է: Եվրոպայում XIII դարից սկսած, ԱՄՆ ում`  1777-ականներից, իսկ Ռուսաստանում` 1990-ականներից այն նշվում  է փետրվարի 14-ին: Հայաստանում այդ օրը տոնում են վերջին տասնամյակում, սակայն Հայ առաքելական եկեղեցու ջանքերով վերջին տարիներին արմատավորվում և համատարած է դառնում Սուրբ Սարգսի տոնը:

Սուրբ Վալենտինն ապրել է III դարում, Հռոմեական կայսրությունում: Այդ ազատամիտ ճգնավոր եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար, և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով` կատարել գաղտնի պսակադրություններ:  Սակայն կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չի վրիպում, և մի օր նրա գործունեությունը բացահայտվում է: Եպիսկոպոսին մահապատժի են ենթարկում, իսկ հետագայում նույն եկեղեցին նրան սրբերի շարքն է դասում:

Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ, և այդ օրվանից մարդիկ փետրվարի 14-ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի կամ սիրահարների օր:

 

Անկախ 

Ի՞նչ է նշանակում «Ավելի բարեկարգ Երևան»

շինարարների15Միանգամից ասեմ, որ տողերիս հեղինակն այն մարդկանցից չէ, որոնք լավն ու դրականը չեն նկատում` համարելով օրինաչափ և մատը միայն բացասականի վրա են դնում: Մինչև վերջերս անկեղծորեն ուրախանում էի Երևանի բարեկարգման աշխատանքներով: Հաճելի է, երբ քաղաքդ գեղեցկանում է ու ամեն կողմից ծաղիկներ են աչքդ շոյում:

Բայց բավական է` այդ նույն քաղաքը կառավարող մարմնի` քաղաքապետարանի հետ որևէ խնդիր ունենաս, որ այդ ծաղիկները աչքիդ փուշը դառնան, իսկ աջուձախ մեծ-մեծ տառերով ցցված կարգախոսը` «Ավելի բարեկարգ Երևան», երեսիդ խփող ծաղր դառնա:
Իսկ խնդիրը ծագեց Երևանի Հալաբյան 3 շենքի կապակցությամբ: Այդ շենքի մի մասը` չորս մուտքից երկուսը, վթարային է, համարյա փլվում է: Եվ բնակիչներին վերաբնակեցնելու խնդիր է առաջացել: Շատերն արդեն տեղափոխվել են, սակայն մի քանի ընտանիքներ բառի բուն իմաստով դուրսն են մնացել, քանի որ առաջարկվող բնակարանները չեն տեղափոխվում` համարելով, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, համարժեք բնակարաններ չեն հատկացվում: Խոսքը 3-սենյականոց բնակարանատերերի մասին է, որոնց պայմանները, ըստ քաղաքապետարանի առաջարկած տարբերակի, էապես վատանում է: Նրանք հարց են տալիս` ինչո՞ւ եք մեզ 14 քմ-ով պակաս բնակարան տալիս, չէ՞ որ դա մի ամբողջ սենյակի տարածք է, իսկ քաղաքապետարանն ասում է`օրենքը սա է, ուզում եք` ուզեք, չեք ուզում` դուք գիտեք: Եվ վերջ:
Միջանկյալ նշեմ, որ մի քանի տարի առաջ նույն քաղաքապետարանը տվյալ շենքում ամրացման աշխատանքներ է կատարել, հասկանալի է` հսկայական գումարներով, և ուղիղ մի տարի անց շենքը սկսել է ճաքեր տալ: Հարց է ծագում` ինչի՞ համար են ծախսվել այդ գումարները, եթե ամրացում, ըստ էության, չի կատարվել, և ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Առայժմ պատասխան են տալիս մեղքի բաժին չունեցող բնակիչները, որոնք կարծեցյալ ամրացման աշխատանքներից հետո հանգիստ շունչ են քաշել և զգալի միջոցներ ծախսել իրենց բնակարանները վերանորոգելու համար: Պարզվում է` մարդկանց տարիներ շարունակ հավաքված դրամը և նրանց հարկերի շնորհիվ գոյացած պետական միջոցները քամուն են տրվել: Այս մասին քաղաքապետարանը օրենք չի հիշատակում:
Լավ, ինչպես ասում են, ինչ եղել, եղել է: Փորձեցի պարզել, թե դա ինչ օրենք է, որ խախտում է մարդու սեփականության իրավունքը և հարցերին լուծում տալիս ի վնաս երկրի քաղաքացու:
Դիմեցի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով հայտնել այն օրենսդրական ակտերի հասցեները, որոնց հիման վրա մարդկանց պայմանները վատթարացնող հատուցում են տալիս: Ինչպես ասում են` էն դիմելն էր, որ դիմեցի, ոչ մի պատասխան: Զանգահարեցի, ասացին, որ դիմումն ուղարկել են համապատասխան վարչություն, որտեղ էլ այն անհետ կորել է: Նորից ուղարկեցի հարցումս: Ոչ մի պատասխան: Էստեղ էլ, ահա, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտվեց: Եվ որպեսզի իրավունքս պաշտպանեմ, ստիպված եմ դիմել դատարան: Սա՞ է ավելի բարեկարգ Երևանը, ծաղիկներով, տեղի-անտեղի նստարաններով, ներկած շենքերով ու օրենքի խախտումներո՞վ:
Փորձեցի ինքս մեր երկրի օրենսդրությունը քրքրել և գտա «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշումը: Շատ հետաքրքիր որոշում է: Նախ` չի նշվում բնակարանի մակերեսի մասին, խոսվում է միայն սենյակների թվի մասին: Քանի սենյակ ունես, այնքան էլ կստանաս, բայց եթե քո քանդվող բնակարանն այնքան մեծ է եղել, որ ընդարձակ պատշգամբի հաշվին այն վերածել ես 5-սենյականոցի, իսկ առաջակվող բնակարանի սենյակները հավաբուն են, պաշգամբ էլ չկա, մեր կառավարության հոգսը չէ: Որոշումն ընդունել է, ստորագրել ու կնիքը վրան դրել: Ավելին, ըստ որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի. «…Շենքերի կառուցվածքում 4 և 5-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնողին` 1 և 3-սենյականոց կամ երկու հատ 2-սենյականոց բնակարաններ»:
Որոշումն ինքնին մարդու իրավունքների դեմ է: Այսուհանդերձ, այստեղ ոչինչ չկա 3 սենյակի հավակնող մարդկանց մասին: Եվ երբ վերոնշյալ բողոքող քաղաքացիները, դժգոհ առաջարկվող 3-սենյականոցից, առաջարկում են իրենց հատկացնել 1 և 2-սենյականոց բնակարաններ, քաղաքապետարանը մերժում է, թե օրենքը թույլ չի տալիս: Երբ քաղաքացիներից ոմանք առաջարկել են նույնիսկ 3-ի փոխարեն հատկացնել երկու 1-սենյականոց, քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նամակով պատասխանել է, որ օրենքով բարելավում չի նախատեսվում: Պարզվում է` եթե 3-ի փոխարեն 2 սենյակ ես ուզում, դա արդեն բարելավում է: Այնուհետև, հանդիպման ժամանակ պատասխանել է. «Բնակարան ստանալը վերածել եք բիզնեսի»: Եթե պարոն Ամյանը տուժելը կամ կորցնելը համարում է բիզնես, դա իր խնդիրն է, բայց երբ նա լավ չի պատկերացնում իր պարտականությունները, ի լրումն` վիրավորում է մեզ, արդեն մեր ու մեր խախտված Սահմանադրության խնդիրն է դառնում:
Որոշումն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, որոշ կետեր էլ կան, որոնք մանրամասն քննարկելու առարկա են (կապված ընտանիքների անդամների թվի հետ, որոնք հաշվի առնելու դեպքում հենց այդ վիճելի որոշումով էլ կարելի է բավարարել քաղաքացիներին), սա նշանակում է, որ խնդիրը սրի մի հարվածով լուծելու բան չէ, ճկուն մոտեցում է պահանջում և ամենակարևորը` առանց այդ էլ տուժած մարդկանց նոր խնդիրների առջև չդնելու մտահոգություն: Մի բան, որ առայժմ չենք տեսնում: Ցավալի է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի բարեփոխումներից ու «Երևանի համայնքի մասին» օրենքն ընդունելուց հետո էլ, որոնք այս խորապատկերում հեքիաթի տպավորություն են թողնում, մեր իրավունքները պաշտպանելու համար ամեն առիթով ստիպված ենք դատարանի դռները թակել: Եվ ումի՞ց կամ ինչի՞ց պաշտպանել, մեր համայնքի կառավարողների՞ց, որոնք միալար մեզ ավելի բարեկարգ Երևան են խոստանում:
Մի բան պարզ է. եթե կողմերը փոխզիջման ու փոխհամաձայնության չեն գնում, նրանցից մեկը հեռանում է: Մեր դեպքում իշխանությունները, բնականաբար, հեռանալու մտադրություն չունեն, ուստի հեռանում են քաղաքացիները. ճամպրուկները կապում են ու` հայդա, հեռավոր եզերքներ: Ասում են` այնտեղ գոնե ապաստան են տալիս:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Երևանի քաղաքապետարանից հաղորդագրություն ստացանք նման վթարային կառույցի` Շինարարների 15 շենքի բնակիչների վերաբնակեցման մասին, որում հպարտորեն հայտնում են, որ բոլորին համարժեք բնակարաններ են հատկացվել, բացառությամբ մի քանիսի, որոնք չեն համաձայնում գնալ այդ լավ, բարեկարգ ու համարժեք բնակարանները` չհասկանալով, որ «օրենքը բարելավում չի նախատեսում»: Թե որքանով են հատկացված բնակարանները համապատասխան և որքանով կարելի է չտեղափոխված բնակիչների պահանջները բարելավում համարել, արդեն դժվար չէ կռահել: Ակնհայտ է, որ քաղաքի իշխանությունները քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումը ներկայացնում են որպես ընդամենը բարելավման պահանջի մերժում:

Չպետք է քնելուց առաջ աղի փորձության ենթարկվել

s1Վալենտինը մի տերտեր էր, ով ծնողներից գաղտնի ամուսնացնում էր սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում. Քո Վալենտին…:

Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել յուրահատուկ հմայք ու տոնակարգ:  Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այն նշվում է փետրվարի 14-ին,- այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում սիրո տոնի մասին նշեց հոգեբան Արմենուհի Խաչատրյանը:

Նրա խոսքով Վալենտինի տոնն անիմաստ է, Սուրբ Սարգսի տոնի նմանակումն է եւ ընդամենը նվերները լավ վաճառելու միջոց: Ի տարբերություն Վալենտինի՝ Սուրբ Սարգսի տոնի մեջ երազանք կա` երիտասարդ աղջիկները համտեսում են աղի բլիթն ու երազում սպասում իրենց ասպետին, ջրով լի բաժակով:  Բազմաթիվ հայ տղաներ նույնպես ցանկանում են համտեսել եւ տեսնել իրենց ապագա գեղեցկուհի կանանց, սակայն ի տարբերություն աղջիկների` նրանք այնքան էլ սնահավատ չեն: Իսկական հայ տղամարդը ինքն է կերտում իր լուսավոր ապագան, հետեւաբար չպետք է զուր ջանքեր վատնել եւ քնելուց առաջ աղի փորձության ենթարկվել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412 դրամ

դոլարՓետրվարի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

NASDAQ OMX Armenia

Օմբուդսմենի արձագանքը ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

img_04116229_new_karen‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան››

Տեղաբաշխվել են երկարաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 13-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 700 մլնդրամ, որից մրցակցային` 8 մլրդ 060 մլնդրամ, իսկ ոչ մրցակցային` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 941 384 316 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.9932 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.1500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: