Միանգամից ասեմ, որ տողերիս հեղինակն այն մարդկանցից չէ, որոնք լավն ու դրականը չեն նկատում` համարելով օրինաչափ և մատը միայն բացասականի վրա են դնում: Մինչև վերջերս անկեղծորեն ուրախանում էի Երևանի բարեկարգման աշխատանքներով: Հաճելի է, երբ քաղաքդ գեղեցկանում է ու ամեն կողմից ծաղիկներ են աչքդ շոյում:
Բայց բավական է` այդ նույն քաղաքը կառավարող մարմնի` քաղաքապետարանի հետ որևէ խնդիր ունենաս, որ այդ ծաղիկները աչքիդ փուշը դառնան, իսկ աջուձախ մեծ-մեծ տառերով ցցված կարգախոսը` «Ավելի բարեկարգ Երևան», երեսիդ խփող ծաղր դառնա:
Իսկ խնդիրը ծագեց Երևանի Հալաբյան 3 շենքի կապակցությամբ: Այդ շենքի մի մասը` չորս մուտքից երկուսը, վթարային է, համարյա փլվում է: Եվ բնակիչներին վերաբնակեցնելու խնդիր է առաջացել: Շատերն արդեն տեղափոխվել են, սակայն մի քանի ընտանիքներ բառի բուն իմաստով դուրսն են մնացել, քանի որ առաջարկվող բնակարանները չեն տեղափոխվում` համարելով, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, համարժեք բնակարաններ չեն հատկացվում: Խոսքը 3-սենյականոց բնակարանատերերի մասին է, որոնց պայմանները, ըստ քաղաքապետարանի առաջարկած տարբերակի, էապես վատանում է: Նրանք հարց են տալիս` ինչո՞ւ եք մեզ 14 քմ-ով պակաս բնակարան տալիս, չէ՞ որ դա մի ամբողջ սենյակի տարածք է, իսկ քաղաքապետարանն ասում է`օրենքը սա է, ուզում եք` ուզեք, չեք ուզում` դուք գիտեք: Եվ վերջ:
Միջանկյալ նշեմ, որ մի քանի տարի առաջ նույն քաղաքապետարանը տվյալ շենքում ամրացման աշխատանքներ է կատարել, հասկանալի է` հսկայական գումարներով, և ուղիղ մի տարի անց շենքը սկսել է ճաքեր տալ: Հարց է ծագում` ինչի՞ համար են ծախսվել այդ գումարները, եթե ամրացում, ըստ էության, չի կատարվել, և ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Առայժմ պատասխան են տալիս մեղքի բաժին չունեցող բնակիչները, որոնք կարծեցյալ ամրացման աշխատանքներից հետո հանգիստ շունչ են քաշել և զգալի միջոցներ ծախսել իրենց բնակարանները վերանորոգելու համար: Պարզվում է` մարդկանց տարիներ շարունակ հավաքված դրամը և նրանց հարկերի շնորհիվ գոյացած պետական միջոցները քամուն են տրվել: Այս մասին քաղաքապետարանը օրենք չի հիշատակում:
Լավ, ինչպես ասում են, ինչ եղել, եղել է: Փորձեցի պարզել, թե դա ինչ օրենք է, որ խախտում է մարդու սեփականության իրավունքը և հարցերին լուծում տալիս ի վնաս երկրի քաղաքացու:
Դիմեցի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով հայտնել այն օրենսդրական ակտերի հասցեները, որոնց հիման վրա մարդկանց պայմանները վատթարացնող հատուցում են տալիս: Ինչպես ասում են` էն դիմելն էր, որ դիմեցի, ոչ մի պատասխան: Զանգահարեցի, ասացին, որ դիմումն ուղարկել են համապատասխան վարչություն, որտեղ էլ այն անհետ կորել է: Նորից ուղարկեցի հարցումս: Ոչ մի պատասխան: Էստեղ էլ, ահա, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտվեց: Եվ որպեսզի իրավունքս պաշտպանեմ, ստիպված եմ դիմել դատարան: Սա՞ է ավելի բարեկարգ Երևանը, ծաղիկներով, տեղի-անտեղի նստարաններով, ներկած շենքերով ու օրենքի խախտումներո՞վ:
Փորձեցի ինքս մեր երկրի օրենսդրությունը քրքրել և գտա «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշումը: Շատ հետաքրքիր որոշում է: Նախ` չի նշվում բնակարանի մակերեսի մասին, խոսվում է միայն սենյակների թվի մասին: Քանի սենյակ ունես, այնքան էլ կստանաս, բայց եթե քո քանդվող բնակարանն այնքան մեծ է եղել, որ ընդարձակ պատշգամբի հաշվին այն վերածել ես 5-սենյականոցի, իսկ առաջակվող բնակարանի սենյակները հավաբուն են, պաշգամբ էլ չկա, մեր կառավարության հոգսը չէ: Որոշումն ընդունել է, ստորագրել ու կնիքը վրան դրել: Ավելին, ըստ որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի. «…Շենքերի կառուցվածքում 4 և 5-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնողին` 1 և 3-սենյականոց կամ երկու հատ 2-սենյականոց բնակարաններ»:
Որոշումն ինքնին մարդու իրավունքների դեմ է: Այսուհանդերձ, այստեղ ոչինչ չկա 3 սենյակի հավակնող մարդկանց մասին: Եվ երբ վերոնշյալ բողոքող քաղաքացիները, դժգոհ առաջարկվող 3-սենյականոցից, առաջարկում են իրենց հատկացնել 1 և 2-սենյականոց բնակարաններ, քաղաքապետարանը մերժում է, թե օրենքը թույլ չի տալիս: Երբ քաղաքացիներից ոմանք առաջարկել են նույնիսկ 3-ի փոխարեն հատկացնել երկու 1-սենյականոց, քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նամակով պատասխանել է, որ օրենքով բարելավում չի նախատեսվում: Պարզվում է` եթե 3-ի փոխարեն 2 սենյակ ես ուզում, դա արդեն բարելավում է: Այնուհետև, հանդիպման ժամանակ պատասխանել է. «Բնակարան ստանալը վերածել եք բիզնեսի»: Եթե պարոն Ամյանը տուժելը կամ կորցնելը համարում է բիզնես, դա իր խնդիրն է, բայց երբ նա լավ չի պատկերացնում իր պարտականությունները, ի լրումն` վիրավորում է մեզ, արդեն մեր ու մեր խախտված Սահմանադրության խնդիրն է դառնում:
Որոշումն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, որոշ կետեր էլ կան, որոնք մանրամասն քննարկելու առարկա են (կապված ընտանիքների անդամների թվի հետ, որոնք հաշվի առնելու դեպքում հենց այդ վիճելի որոշումով էլ կարելի է բավարարել քաղաքացիներին), սա նշանակում է, որ խնդիրը սրի մի հարվածով լուծելու բան չէ, ճկուն մոտեցում է պահանջում և ամենակարևորը` առանց այդ էլ տուժած մարդկանց նոր խնդիրների առջև չդնելու մտահոգություն: Մի բան, որ առայժմ չենք տեսնում: Ցավալի է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի բարեփոխումներից ու «Երևանի համայնքի մասին» օրենքն ընդունելուց հետո էլ, որոնք այս խորապատկերում հեքիաթի տպավորություն են թողնում, մեր իրավունքները պաշտպանելու համար ամեն առիթով ստիպված ենք դատարանի դռները թակել: Եվ ումի՞ց կամ ինչի՞ց պաշտպանել, մեր համայնքի կառավարողների՞ց, որոնք միալար մեզ ավելի բարեկարգ Երևան են խոստանում:
Մի բան պարզ է. եթե կողմերը փոխզիջման ու փոխհամաձայնության չեն գնում, նրանցից մեկը հեռանում է: Մեր դեպքում իշխանությունները, բնականաբար, հեռանալու մտադրություն չունեն, ուստի հեռանում են քաղաքացիները. ճամպրուկները կապում են ու` հայդա, հեռավոր եզերքներ: Ասում են` այնտեղ գոնե ապաստան են տալիս:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Երևանի քաղաքապետարանից հաղորդագրություն ստացանք նման վթարային կառույցի` Շինարարների 15 շենքի բնակիչների վերաբնակեցման մասին, որում հպարտորեն հայտնում են, որ բոլորին համարժեք բնակարաններ են հատկացվել, բացառությամբ մի քանիսի, որոնք չեն համաձայնում գնալ այդ լավ, բարեկարգ ու համարժեք բնակարանները` չհասկանալով, որ «օրենքը բարելավում չի նախատեսում»: Թե որքանով են հատկացված բնակարանները համապատասխան և որքանով կարելի է չտեղափոխված բնակիչների պահանջները բարելավում համարել, արդեն դժվար չէ կռահել: Ակնհայտ է, որ քաղաքի իշխանությունները քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումը ներկայացնում են որպես ընդամենը բարելավման պահանջի մերժում:
Tags: բազմաբնակարան շենք, Երևան, Երևանի քաղաքապետարան, վթարային շենք