ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է:
Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ԱվտովթարՍևան-Լճաշեն ավտոճանապարհին (լրացված)
Հունվարի 30-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ”ԿաՄԱԶ” մակնիշի 17 ՍՕ 952 և “Օպել” մակնիշի 24 ՕՕ 817 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ “Օպել” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ`1991թ. ծնված Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավտովթար Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին (լրացված)
Հունվարի 30-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1986թ. ծնված Ա. Ս.-ին , ուղևորներ` 1987թ. ծնված Ա., 1964թ. ծնված Ռ. Դ.-ին, 1994թ. ծնված Վ. Ա.-ին տեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա.Ս. մահացել է. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Մարտ ամսին էլեկտրոնային գիրքն անվճար հասանելի կլինի բոլորին
Գիրք կարդալ սիրում են շատերը, ոմանք նույնիսկ չափից շատ: Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երբեմն փոխում աշխարհի մասին պատկերացումներն ու նպաստում ուղեղի երեւակայության զարգացմանը, գիրքը արեւ է, եթե նրան անտեսես, նա կդառնա խավար ու չի լուսավորի ճանապարհդ: Այն կարեւոր է ուղեղի նյարդերի զարգացման ու ակտիվության համար:
«Հայկական վիրտուալ համալսարանը Հայաստանում օնլայն ուսուցման միակ կենտրոնն է : Մարտ ամսին կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը, որն անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով՝ 7 լեզուներով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը:
«Հայկական լեռնաշխարհը» Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող էլեկտրոնային գրքերի նորարարական շարքի առաջին գիրքն է:
Պրն. Զորյանի խոսքով այդ գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային ուսանողների շրջանակը.
«Էլ-գրքերի բովանդակությունը ստեղծվում է հայագիտության, մանկավարժության և տեխնոլոգիական մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև Ամերիկայի Սթենֆորդի և Բերքլիի համալսարանները»:
«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի մշակույթը, շրջակա միջավայրը և տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով: Ընթերցողներին հնարավորություն է տրվում հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները և ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին: ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է լինելու և մի քանի վայրկյանում հասանելի: 2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի և Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար: Էլ-գրքերը հասանելի կլինեն 7 լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Որո՞նք են պետական սահմանի հատման կանոնները
Նախ պետք է նշել, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ինչ վերաբերում է պետական սահմանի հատման կանոններին, ապա պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր: Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային հսկողության գոտի, որտեղ հսկողություն են իրականացնում բացառապես մաքսային մարմինները:
Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանության պարտականություններ կատարող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համաձայնությամբ, իրավունք է տրվում օգտվելու պետական սահմանը հատելու այլ կարգից:
Օդանավերը կամ թռչող այլ սարքերը պետական սահմանը հատում են և Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան: Պետական սահմանի հատումը Հայաստանի Հանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքը թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ սարքերի համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաստանի Հանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ սարքերը պարտավոր են պահպանել թռիչքի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:
Օտարերկրյա պետությունների օդանավերը և թռչող այլ սարքերը Հայաստանի Հանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքային, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության մոտակա օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավի հրամանատարի կարգադրությունների համաձայն, որը ժամանել է օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ “Մ-3” միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու “Զիլ” մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Զիլ-131” մակնիշի 200LV61 պ/հ (վարորդ՝ Կ. Կ.) և 171ԼՏ61 պ/հ (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները:
Վարդենիս-Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերվել 27 մարդատար ավտոմեքենա
Հունվարի 29-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-ից 35-րդ կմ-ը (ոլորաններ) ձնաբքի հետևանքով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 մարդատար ավտոմեքենա:
Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված Կարենը մահվանից մեկ օր առաջ խոսել էր հարազատների հետ
Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Այս մասին NEWS.am-հետ զրույցում պատմել է Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը: «Կարենը միջնեկն էր: Մեծ եղբայրս էլ ծառայել է բանակում, այժմ Ռուսաստանում է»,- պատմել է եղբայրը:
Կարենը սովորել է Սիսիան քաղաքի գիշերօթիկ դպրցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը: Բաբիկ Գալստյանը պատմեց, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:
Կարենի համագյուղացիները NEWS.am-ին պատմել են, որ նրա հորեղբայրը` Բաբիկ Գալստյանն էլ մահացել է Խորհրդային բանակում ծառայելիս մոտավորապես նույն տարիքում։
Մինչեւ Սիսիան քաղաք տեղափոխվելը Գալստյանները ապրել են Սյունիքի մարզի Ույծ գյուղում. «Մեր գյուղում սուգ ա, բոլորի համար էլ խորը ցավ ա, պետք ա բոլորս էլ հավաքվենք, օգնենք իրենց հուղարկավորությունն անել: Արդեն հայրը գնացել է Երեւան դիակը բերելու»,- պատմեց Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը։
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:
Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:
Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն:
Ճանապարհային ոստիկանություն
գաջի գործարանի հետնամասում զենք են թողել
Հունվարի 28-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գաջի գործարանի հետնամասում, խաչքարի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 98 հասցեի մոտ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ախուրյան գյուղում ամուսինները միմյանց սպանել են
Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Արփի գյուղի բնակիչը հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել
Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, մեծ տրամաչափի 2 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Խարբերդ գյուղում գտնվող հարսանյաց սրահում սպանություն է տեղի ունեցել
Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:
Գ. Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Շուռնուխ գյուղի բնակչի տան տանիքում հրդեհ է բռնկվել.Վնասի չափը`960.000 դրամ
Հունվարի 26-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում:
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով:
Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը:
Վնասի չափը կազմում է 960.000 դրամ:
Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:
Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը
Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է: Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք: Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին…»: – Անկախ
Վահեն բենզասղոցով 2 բոխենի է կտրել
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նա բացատրություն է տվել, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի հարակից անտառից` բենզասղոցով 2 բոխենի կտրելով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս…
Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտագաղթած հայ օգտատերերի գրառումներին: Նա մասնավորապես գրել է.
“Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն Մայր հայրենիքի ներսը: Հազար ու մի պատմություն ենք լսում, թե ինչպես են լավ կյանքի ակնկալիքով լքում Հայրենիքը, հետո միայն հասկանում, որ կարմիր խալի փռված չէ, և առանձնապես սպասող էլ չկա: Կարծում եմ, որ Հայրենիքը չլքածների համար ավելի գործուն և հոգեբանական աջակցություն ցուցաբերած կլինեք, եթե դադարեք հոգու խորքում ինքներդ ձեզ համոզել, թե հեռանալը ճիշտ էր: Մենք էլ կազատվենք Էլդորադոների մասին դասախոսություններ լսելու պարտադրանքից”:
ՀՀ կառավարության և «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի միջև ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,– նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարևորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Առաջիկա 6 տարիների ընթացքում, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:
Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:
Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, որ տարվա ընթացքում մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերի բացառումը, որի ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավելացել է ներառական կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև համակարգում ընդգրկված սովորողների թիվը:
Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ տարեցտարի աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Համեմատության համար նշվել է, որ, եթե 2012-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել էր 29.800 երեխա, ապա 2013-ին՝ 30.864 երեխա: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ 2014 թվականին մանկապարտեզները շարունակելու են գործել անվճար սկզբունքով:
«Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսված մանկապարտեզ հաճախող երեխաների համար անվճար սկզբունքը պահպանելու նպատակով: 2013 թվականին կատարվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպվել է նաև գույքի թարմացում: Ծրագիրն ընդգրկել է ինչպես հանգստի սենյակներն ու ննջասենյակները, այնպես էլ խոհանոցները: Մանկապարտեզների գույքի թարմացման ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև այս տարի»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հատուկ ուշադրություն պետք է դարձվի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկողությանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-ին այս և դրամահավաքության մասով 5 մանկապարտեզների տնօրեններ ենթարկվել են կարգապահական համապատասխան տույժերի, նաև՝ ազատվել աշխատանքից:
Անդրադառնալով մշակութային օջախների վերանորոգմանն ու ջեռուցմանը` Արամ Սուքիասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ 2013–ին ամբողջությամբ լուծվել է վերը նշված օջախների ջեռուցման խնդիրը:
«Երևան քաղաքում գործող մշակութային օջախները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն այսօր արդեն չունեն ջեռուցման խնդիր: Մշակութային օջախներում կատարվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին է խոսում նաև երեխաների թվի ավելացումը: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը հատկապես ազգային նվագարանների և նկարչության նկատմամբ»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:
Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա և սուրբծննդյան տոնական միջոցառումներով:
Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաև արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև՝ նվիրված Վերջին զանգին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ այս տարի կկազմակերպվի նաև 2013-ին առաջին անգամ ացկացված և երևանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:
Այս տարի կմեկնարկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:
Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաև անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական և արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաև Երևանի բրենդավորման գործընթացը:
Մայրաքաղաքի մարզական առօրյային առնդրադառնալով՝ նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ են տարվել նաև հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ: Այս տարի քայլեր կձեռնարկվեն Երևանը հեծանվային երթևեկության համար ավելի հարմար դարձնելու ուղղությամբ:



