ԼՂՀ կառավարությունը հաստատել է 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

Արա ՀարությունյանՀունվարի 28-ին տեղի ունեցավ  տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարևորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում: Այս մասին Անկախը տեղեկանում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարության որոշմամբ հաստատվեց ԼՂՀ  2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ դրամ կապիտալ շինարարություն կատարել տարբեր ոլորտներում՝ ներառյալ բնակարանային շինարարությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը, առողջապահությունը, հասարակական և վարչական նշանակության օբյեկտները և այլն: Վարչապետի խոսքով՝ 2014 թ.-ին Արցախում կատարվող շինարարության ծավալը չի սահմանափակվելու միայն պետական բյուջեով նախատեսված գումարով, քանի որ իրագործվելու են նաև բարեգործական ծրագրեր թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, թե՛ այլ ծրագրերի շրջանակներում՝ հասնելով ընդհանուր առմամբ շուրջ 20 մլրդ դրամի շինարարության:

Գործադիրը հաստատեց կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված են 171 միջոցառում: Դրանց հիմնական մասը բաժին են ընկնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ բաշխվածության առումով՝ հիմնական ծանրաբեռնվածությունն առաջին եռամսյակի վրա է: Դրանում հիմնականում պահպանվել են կառավարության ծրագրով ամրագրված գերակայությունները, որոնք ներկայացվել են պատասխանատու մարմինների կողմից և ամփոփվել առաջարկվող նախագծում։ Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել նախատեսվող միջոցառումների ամբողջական և առանց հետաձգումների իրագործման հարցում:

Կառավարության որոշմամբ սահմանվեց մինչև «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը: Ըստ դրա՝ 2014 թ.-ին վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը, որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը, չպետք է պակաս լինի 2013 թ.-ին հաշվարկվող աշխատավարձից:

Մեկ այլ որոշմամբ ԼՂՀ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով և բարեգործական հիմունքներով տարբեր ժամանակահատվածներում կառուցված շուրջ 4.5 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, ԼՂՀ սեփականություն հանդիսացող բարձր, միջին և ցածր ճնշման գազատարերն ու սարքավորումները անհատույց, սեփականության իրավունքով հանձնվեցին «Արցախգազ» ՓԲԸ-ին:

Նիստում հաստատվեցին նաև օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունների, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը: Որոշումներ ընդունվեցին նաև մի շարք հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

Կառավարությունը հավանություն տվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի վարչական տարածքում ձևավորել նոր գյուղ՝ Արաքսավան անվամբ: Փաստացի ձևավորված բնակավայրում ապրում են 8 ընտանիքներ՝ 29 բնակչի ընդգրկմամբ: Կառավարության հանձնարարությամբ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել բնակավայրի նախնական սահմանները ճշգրտելու ուղղությամբ, որը նույնպես օրենսդրական համապատասխան նախագծի տեսքով կներկայացվի քննարկման։

Նիստում հավանություն տրվեց նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, լիցենզավորման, ինչպես նաև պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերին: Դրանցով նախատեսվում է կարգավորել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանոնները: Օրինագծերի ընդունման արդյունքում օրենքները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

Վերջում գործադիրի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ընդունված որոշումների արդյունավետ իրականացման նպատակով:

Եվրատեսիլ-2014-ում Նորվեգիան ներկայացնելու է Բրեյվիկի ահաբեկչությունից փրկվածը

downloadԱյս տարի Եվրատեսիլում Նորվեգիան մտադիր է ներկայացնել երիտասարդ, անսովոր ճակատագրով  21-ամյա Մուհամեդ Աբդի Ֆարահը, որը Նորվեգիայում է բնակվում 15 տարեկանից, չնայած ծնվել է Սոմալիում: Նա 2011-ին Ուտոյա կղզում Բրեյվիկի կազմակերպած սպանդից փրկվաներից է: Ուտոյայի ողբերգության ժամանակ 69 մարդու կյանքի թել կտրվեց, մի քանի տարով է աֆրիկյան արմատներով պատանի նորվեգացու կարիերան կանգ առավ: Սպանդի ժամանակ նա հասցրել էր ջուրը մտնել ու լողալով փրկվել, սակայն չփրկվեց նրա լավագույն ընկերը:

Երգիչը խոստովանում է, որ վերջին տարիներն իր կյանքում ամենածանրն են: Նա շատ ծանր է տարել ընկերոջ մահն ու ինքն իր մաշկի վրա է զգացել ինչ ասել է”հետտրավմատիկ սթրեսային խանգարում” ախտորոշումը:

“Ես չեմ կամենում, որ այդ օրերը կրկնվեն”, խոստովանել է  պատանին, նորվեգական “Վերդենս գանգ”  հրատարակչությանը տված հարցազրույցում: “Իմ ընկերներն ու բարեկամներն ինձ օգնել են ու աջակցել ամեն ինչում, հիմա ես ցանկանում եմ նրանց հպարտանալու առիթ տալ”:

Նորվեգիայում հայտնի երգչուհի ու կոմպոզիտոր Լայլա Սամուելսենի հետ Ֆարահը գրել է  “Heal” երգը, որով հույս ունի` հաղթել Եվրատեսիլի նախընտրական փուլում, ապա թագավորությունը ներկայացնել մրցույթի եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 6-10-ը` Կոպենհագենում:

Անկախ

Ֆինանսների նախարարն ամփոփել է 2013 թվականի գործունեության արդյունքները

դավիթ սարգսյանԱյսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ամփոփեց 2013 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014 թվականի գերակայությունները:

2013 թ.-ին պետական պարտքի կառավարման ոլորտում և բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել. առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)՝ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով։ Սա առաջին քայլն է միջազգային կապիտալի շուկայում։ Ընդ որում, ֆինանսների նախարարության մասնագետների աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: (Հավելված 1)

Բացի դրանից, նախարարությանը հաջողվեց նախորդ տարեվերջին նաև էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով: Ֆինանսների նախարարությունը շարունակելու է քայլեր իրականացնել արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը պահպանելու ուղղությամբ: (Հավելված 2)
2013թ. ընդլայնվեց գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձնապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: 2014 թ. էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Client-Treasury-ում, կընդգրկվեն նաև մարզային և համայնքային բոլոր հիմնարկները։ Նախորդ տարի է նաև ներդրվել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստուգման և ամփոփման համակարգչային նոր ծրագիր:
Նշենք, որ գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների (պետական մարմիններ, պետական հիմնարկներ, համայնքներ, ՊՈԱԿ-ներ) 30212 հաշիվներ: Գանձապետարանում հաշվառված են 51158 պայմանագրեր: Գանձապետարանը նաև ապահովել է բյուջեի ծախսային ծրագրերի կատարողականի օրական հրապարակումը ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով:
2013թ.-ին պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառվել են ինչպես պետական տուրքի, տուգանքների, գույքահարկի վճարումների, այնպես էլ պետական բյուջեի հարկային պարտավորությունների վճարումները՝ դրանց իրականացումը հարկատուների համար առավել դյուրին և հարմարվետ դարձնելու նպատակով: Այսուհետ բոլոր հարկերը կարելի է վճարել էլեկտրոնային եղանակով՝ e-payments կայքի միջոցով առանց բանկ այցելելու։
Գնումների ոլորտը նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է: Առաջին անգամ մշակվել և հրապարակվել են «Գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը», ինչը բավական հեշտացնում է պետական պատվիրատուների գործողությունները գնման ընթացակարգերի կազմակերպման հարցում և փոքրացնում տեխնիկական սխալներ գործելու հավանականությունը: 2013թ.-ից սկսած՝ խոշոր կազմակերպություններին պետական գնումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվում միայն իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորի կողմից տրամադրված դրական եզրակացության պարագայում: Այսպես, 940 խոշոր ընկերությունից միայն 511-ն էին իրենց ֆինանսական հաշվետվություններում ամբողջությամբ բացահայտել անհրաժեշտ տեղեկատվությունը և իրավունք ստացել մասնակցելու պետական գնումներին:
Ոլորտում կարևոր քայլ էր ավտոմատացված Գնումների Միասնական Անվանացանկի (CPV) ներդրումը, կամ այլ կերպ ասած` գնումների անվանացանկի կոդավորման մեխանիզմը: Նախկինում պետության կողմից կատարվող գնումների գործընթացում բավական բարդ և գրեթե անիրական աշխատանք էր ըստ գնման առարկաների հաշվառումն ու վիճակագրություն վարելը, քանի որ միևնույն գնման առարկան տարբեր պատվիրատուներ կարող էին բնութագրել կամ անվանել տարբեր կերպ: Նոր ներդրված համակարգով այս խնդիրն ամբողջությամբ լուծվում է, քանի որ այն միասնական է բոլոր պատվիրատուների համար: Բացի դրանից, նախկինում գնման առարկաների կոդավորումն իրակացվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման ու չափագիտության կենտրոնի միջոցով և խլում 1.5-2 ամիս: Մինչդեռ նոր համակարգի ներդրմամբ պատվիրատուն անվանացանկն այլևս ստանդարտացման ու չափագիտության կենտրոն չի ներկայացնում՝ խնայելով նշված ժամանակը:
Գործարկվել է նաև էլեկտրոնային գնումների համակարգը. տարեսկզբից բաց ընթացակարգերով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով: Պատրաստվել են էլեկտրոնային գնումների ուղեցույց, ձեռնարկ պատվիրատուների համար, հայտարությունների ու հրավերների օրինակել ձևեր:
Առաջին անգամ կազմվել ու ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել է 2012թ-ի գնումների տարեկան հաշվետվությունը: Ընդ որում, կայքում հրապարակվել են նաև գնումների վերաբերյալ աճողական՝ եռամսյակային, կիսամյակային ու իննամսյա հաշվետվությունները, գնումների որակավորված մասնագետների ցանկերը (նրանց թիվը կազմում է 737 նախորդ տարվա 504-ի համեմատ), պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կարգով կատարած կամ չկատարած կազմակերպությունների ցանկը (սև ցուցակ): Սև ցուցակում ընդգրկված կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել ՀՀ պետական մարմինների ու այլ պատվիրատուների կողմից կազմակերպված գնման գործընթացներին: 2013թ.-ից պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գնումների բոլոր պայմանագրերը արդեն համացանցում հասանելի են, ցանկացած հետաքրքրված անձ կարող է դրանք տեսնել: Արդյունքում բարձրացել է գնումների գործընթացի թափանցիկությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են հիմնական սպառման շուրջ 350 անուն ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները. ըստ այդմ, արգելվում է ՀՀ պետական կառավարման մարմիններին ձեռք բերել նշված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող կամ առավելագույն գները գերազանցող ապրանքներ: Նախկինում պետական մարմինները միևնույն գնման առարկան՝ օրինակ թուղթը, կարող էին պլանավորել ցանկացած տեսակի և որակի, ուստի նաև ցանկացած գնով, ինչը տվյալ համակարգի ներդրմամբ բացառվեց: Ընտրանքային կարգով ուսումնասիրության են ենթարկվում պետական մարմինների գնումների հայտարարությունները և տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև արդեն իսկ կնքված պայմանագրերը, որոնք պետական մարմինները ներկայացնում են գանձապետարան գրանցման:
Բարելավվել է պետական գնումների բողոքարկման գործընթացը: Մասնավորապես, նախկինում հանդիպում էին դեպքեր, երբ բողոքող կողմը հրաժարվում էր իր բողոքից, ինչի արդյունքում բողոքարկման հանձնաժողովը նման գործերը թողնում էր առանց քննության: Ներկայումս, անկախ այն հանգամանքից՝ բողոքող կողմը հրաժարվում է իր բողոքից թե ոչ, բողոքարկման հանձնաժողովը պարտավոր է իրականացնել տվյալ գործի ուսումնասիրություն և հրապարակել եզրակացություն: 2013թ. ընթացքում ստացվել է 49 բողոք, որից 19-ի մասով բողոքը բավարարվել է հօգուտ մասնակցի, 20 բողոք մերժվել է, իսկ 10-ը՝ թողնվել է առանց քննության՝ մասնակցի կողմից բողոքը հետ վերցնելով պայմանավորված (ներկայումս արդեն բողոքարկման հանձնաժողովը եզրակացություն կհրապարակի նաև նման դեպքերում): 2012 թ. ստացված բողոքների թիվը 38-ն է, որից 17-ը բավարարվել է, 11-ը մերժվել և 10-ը չի քննվել:
2013թ. պետական հատվածում սկիզբ դրվեց ներքին աուդիտի նոր համակարգի գործունեությունը: Ստեղծվել են շուրջ 100 ներքին աուդիտի ստորաբաժանումներ, ընդ որում 56 պետական մարմիններից 52-ում, իսկ 48 քաղաքային համայնքներից՝ 45-ում: Ներքին աուդիտի համակարգում ընդգրկվել են 213 աուդիտորներ՝ նախորդ տարվա 188-ի համեմատ, որոնք ուսուցանվել են ու շարունակ մասնակցել են վերապատրաստման ծրագրերի: Աուդիտի գործողության ոլորտն ընդլայնվել է և ընդգրկում է կազմակերպության գործունեության ցանկացած ոլորտ` նախկին ֆինանսական ոլորտի փոխարեն: Կանոնակարգվել են ներքին աուդիտորների արտաքին գնահատաման գործառույթները: Այսուհետ, արտաքին աուդիտորները ենթարկվելու են արտաքին գնահատման ֆինանսների նախարարության կողմից:
Հաշվապահական հաշվառման ոլորտում նախորդ տարի իրականացվել է միջազգային ստանդարտներում 2009-2013թթ. ընթացքում կատարված փոփոխությունների թարգմանությունը և հրապարակվել, ինչի արդյունքում ներկայումս ՀՀ-ում կիրառվող ստան¬դարտ¬ները համապատասխանում են 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հաշվապահական միջազգային ստան¬դարտներին:
Մշակվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառումն ապահովելու նպատակով և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան հաշվառում վարելու նպատակով: 2013թ.-ից հաշվապահների և աուդիտորների որակավորման քննությունների անցկացումն իրականացվում է համակարգիչների միջոցով: Իսկ աուդիտորների որակավորման քննությունների անցկացումը պատվիրակվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային՝ մասնագիտացված կառույցի դերի բարձրացումն ու լիազոր մարմնի հետ արդյունավետ համագործակցության ապահովելու համար:
Նախորդ տարվա ընթացքում դադարեցվել են 5 աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների գործողություններ, որոնցից 2-ը՝ աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով, իսկ 3-ը՝ իրենց դիմումի համաձայն: Աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով դադարեցվել է 7 որակավորված աուդիտորի վկայականի գործողություն:
2013 թ. արդյունավետ է գործել Հարկային և մաքսային հարցերով գանգատարկման միջգերատեսչական խորհուրդը, որը 22 նիստերի ընթացքում քննարկել է ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովներում քննարկված, սակայն մերժված կամ մասնակի բավարարված 82 դիմում-գանգատ: Դրանցից 14-ը ամբողջոթյամբ և 5-ը մասնակիորեն խորհուրդը համարել է հիմնավոր, 1-ը կասեցվել է, 5-ը թեև համարվել է ոչ հիմնավոր, սակայն հարկային մարմնին առաջարկվել է այդ գանգատներին առնչվող որոշումների նախագծերում փոփոխություններ կատարել, իսկ 57-ը համարվել է ոչ հիմնավոր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև խորհրդի ստեղծումն ընկած 10 ամսվա ժամանակահատվածում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովը բավարարել է ներկայացված դիմում-գանգատների ընդամենը 11.3 տոկոսը, իսկ խորհրդի ստեղծումից հետո ընկած նույն ժամանակահատվածում` արդեն 50 տոկոսը:
Ի տարբերություն նախորդ տարիների, ծրագրային հսկողության փոխարեն 2013թ-ին հիմնական շեշտը դրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը: Մասնավորապես, 2012թ-ի ընթացքում հատուկ հանձնարարականներով իրականացվել են 15 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի 21%-ը), իսկ 2013թ. իրականացվել են շուրջ 29 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի շուրջ 35%-ը): Արդյունքում Տեսչության կողմից իրականացրած հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012թ-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013թ. վերականգնվել է 2.3 մլրդ դրամ: 2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, 5-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Նախարարությունը որդեգրել է երիտասարդ կադրերով աշխատակազմը համալրելու մոտեցում. 2013 թվականին աշխատանքի է ընդունվել 80 աշխատակից, որոնք հիմնականում ԲՈՒՀ-երը գերազանցությամբ ավարտած երիտասարդներ են: Նախարարությունն արդեն մի քանի ամիս է՝ ունի նոր կայք, նախատեսվում է շուտով գործարկել նաև գնումների նորացված կայքը:
Բացի այն, որ հաջորդ տարի շարունակվելու են 2013 թ. սկսած աշխատանքներն ու նշած բարեփոխումները, 2014 թ. ընթացքում մեր հիմնական նպատակներն են լինելու.
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության մաքսային օրենսդրությանը՝ պայմանավորված միությանն անդամակցությամբ:
բ) Որպես գերակա ուղղություն՝ շարունակվելու են պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Սա կարևոր քայլ է, քանի որ պետք է պատրաստ լինենք 2016 թվականից մասնակի, իսկ 2018 թվականից` ամբողջությամբ ծրագրային բյուջետավորմանն անցնելուն: Այս համատեքստում կմշակվեն բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման նորացված մեթոդական ցուցումները և դրա կիրառման հետ կապված խորհրդատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին: Արդյունքում ակնկալվում է ունենալ փորձարարական 10 գերատեսչությունների կողմից 2015-2017 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ մեկտեղ ստեղծված 37 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագիր), ինչպես նաև ոչ ֆինանսական ցուցանիշների համակարգի վերանայված և լրամշակված տարբերակ:
գ) 2014 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը կհրապարակի ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում իրականացված գնահատման վերջնական հաշվետվության արդյունքները, որոնց հիմք կդառնան պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների թիրախների վերանայման և ճշգրտման համար:
Հայաստանի Հանրապետության հանրային ծախսերի և ֆինանսական ծախսերի հաշվետվողականության (ՀԾՖՀ) գնահատման աշխատանքներն իրականացվել են 2013 թվականի մայիսից նախարարության համակարգմամբ և դոնոր համայնքի աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, Ազգային ժողովում և Վերահսկիչ պալատում՝ ՀԾՖՀ քարտուղարության որակի երաշխավորման գործընթացին պահանջներին համապատասխան: Այս աշխատանքները նպատակ ունեն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքը, համակարգի շարունակական և անաչառ գնահատումը, բացահայտել համակարգում առկա բացերը և այդ ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ:
Նման գնահատում իրականացվել է նաև 2008 թվականին:
դ) Այս տարվա առաջնահերթություններից է լինելու նաև Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:
Կառավարության 2014 թվականի ծրագիրն ապահովելու նպատակով նախարարությունն այս տարի կիրականացնի մի քանի միջոցառումներ:
1) Մասնավորապես, կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, կվերանայվեն ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը: Վճարների այս տեսակները փոխվել են վերջին անգամ 2011թվականին, մինչդեռ պինդ օգտակար հանածոների շուկայական գները այդ ժամակահատվածում բավականին բարձրացել են:
2) Նախատեսվում է տարեվերջին արդեն ունենալ «Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցը՝ ամրագրելով առանձին գերատեսչությունների կողմից փորձարարական կարգով կազմվող բյուջետային ծրագրերի նկարագրերի համար իրավական հիմքը: Սկսած 2010 թվականից՝ ֆինանսների նախարարության հետ համատեղ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր, մինչև 2016 թվականը նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել ևս 43 բյուջետային ծրագրերի նկարագիր:
3) Նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներդնել և գործող համակարգերին ինտեգրել պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը կրճատելու և առավել որակյալ հաշվետվություններ ստանալու նպատակով:
4) «Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու մասինե որոշման ընդունմամբ, որը նույնպես ծրագրվում է ընթացիկ տարում, հնարավոր կլինի գործարկել ներքին աուդիտի տեղեկատվական միասնական համակարգը: Թեև ներքին աուդիտի համակարգը ներդրվել է, սակայն դեռ պետական կառավարման մարմիններում ու քաղաքային համայնքներում համակարգի աշխատանքը ավտոմատացված չէ, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում ներքին աուդիտորների և լիազոր մարմնի կողմից ներքին աուդիտի մոնիթորինգի ու համակարգման աշխատանքներն իրականացնելու համար:
5) Տեղեկատվական միասնական էլեկտրոնային բազա է նախատեսվում ստեղծել նաև պետական ոչ առևտրային ընկերությունների համար: Սա կարևոր է այն առումով, որ բյուջետային պլանավորման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը օգտվում է ՊՈԱԿ-ների լիազորված մարմինների կողմից ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշներից (օրինակ` ուսուցիչների կամ աշակերտների փաստացի քանակը): Երբեմն ֆինանսների նախարարության ու ՊՈԱԿ-ների լիազորված մարմիններում ոչ ֆինանսական բնույթի ցուցանիշները չեն համապատասխանում՝ պայմանավորված այդ ցուցանիշներում կատարված փոփոխություններով, ներկայացման ժամկետով և այլն: Միասնական համակարգը կշտկի այդ անհամապատասխանությունն ու նաև կնպաստի պետական բյուջեի ճշգրիտ պլանավորմանը, ՊՈԱԿ-ների ցուցանիշների վերլուծություն և մոնիթորինգ կատարելուն:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 409,75 դրամ

դոլարՀունվարի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին

Vazgen_ManukyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների:

«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:

Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ,  շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»:

Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ:

Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է:

ՀԽ նախագահը բավականին հետաքրքիր ու կարևոր է համարում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպումը: Նշենք, որ այդ ինստիտուտը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Այն տասնյակ տարիներ քաղաքագետներ ու դիվանագետներ է պատրաստել Խորհրդային միության երկրների համար, այժմ էլ Ռուսաստանի համար է պատրաստում: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի կողմից այդ հաստատությունը համարվել է 2013 թվականի աշխարհի տասը լավագույն համալսարանական գիտավերլուծական կենտրոններից մեկը:

Այդ հանդիպումներն ու քննարկումները Վազգեն Մանուկյանը կարևոր և օգտակար է համարում, մանավանդ որ շատ հարցեր քննարկվում են այնպիսի մարդկանց հետ, որոնք Ռուսաստանում բարձր դիրք են գրավում  և մեծ հեղինակություն են վայելում ՝ թե՛ իշխանությունների և թե՛ հանրության կողմից:

Նա նշում է, որ որոշ հանդիպումների ժամանակ քննարկումներ են ծավալվել նաև  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ: «Բավականին թեժ բանավեճեր են ընթացել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ դա չի տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ: Իհարկե, այդ խոսակցությունները մնում էին որպես խոսակցություն,  բայց ռուսական կողմը գոնե հասկանում էր, թե դա ինչ մեծ դժգոհություն է առաջացրել մեր հասարակության մեջ»:

Ո՞րն է այդ ակումբների, մասնավորապես` ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված «Գրիբոյեդով» ակումբի գլխավոր նպատակը: Այս հարցին Մանուկյանը պատասխանում է. «Դրանով ռուսները փորձում են շփվել Հայաստանի՝ ինչ-որ իմաստով մտավորական շերտի հետ, իրենց մտքերը քարոզել, իմանալ դիմացինի կարծիքը»:

Մանուկյանը կարծում է` լավ կլիներ, եթե նման ակումբներ  լինեին ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ՝ հիշեցնելով, որ նման ակումբներ կան աշխարհի շատ երկրներում: «Այդ հարցերում շատ ակտիվ է հատկապես Ֆրանսիան,  որն ակումբներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, փորձում մերձեցնել մարդկանց Ֆրանսիայի դիրքորոշմանը, իմանալ դիմացինի դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի հետ նման ակումբ ստեղծելն ավելի հեշտ է, քանի որ լեզվական խոչընդոտ չկա: «Երիտասարդները, իհարկե, բավական լավ են անգլերենին տիրապետում, բայց ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերն են այդ լեզվով ազատ շփվում: Ռուսաստանի հետ այդ խնդիրը չկա, և ավելի հեշտ է քննարկումներ ծավալել»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեր հասարակության զարգացման հետ մեկտեղ այդպիսի ակումբների թիվն էապես աճելու է. «Ժամանակակից աշխարհում ժողովուրդներն իրար հետ շփվում են ոչ միայն կառավարական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի հետ զուգահեռ՝ մշակութային, տնտեսական, գիտական, գաղափարական և այլն: Հենց դրանով է պայմանավորված ժամանակակից աշխարհի միահյուսվածությունը»,- ամփոփեց նա:

Անկախ

Նոր խթան հայ-իտալական համագործակցության զարգացման համար

հայ-իտալական համագործակցությունՍ.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:

Իտալական կողմը նշեց, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքլությունը սկսել մոտ ապագայում: Այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անկախ

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը մասամբ երթևեկելի է

քարաթափումՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 29–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական  ավտոճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ  ճանապարհը երթևեկելի է , միաժամանակ  կատարվում են  ճանապարհի լայնացման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

հայ-վրացական համագործակցությունՍ.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ:  Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:

Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:

 Անկախ

Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

_MG_4741Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացրեցին,որ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 10.06. 2013թ. հայտարարված՝  Երևանի  Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:

Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է  ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման  չափորոշիչները,  ապա

հանձնաժողովի անդամները,  համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:

Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային ութ  առաջարկները գնահատել ըստ մրցութային  պայմաններին  նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և  պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:

նախագիծՆերկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին  չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի  անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:

Աշխատանքները գնահատելիս  առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը   քվեարկությամբ  2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝  Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝   Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

Անկախ

 

 

Նախագահը վերջին հրաժեշտն է տվել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանին

Արամ Ղարաբեկյան,Սերժ Սարգսյան,Ռիտա Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

Անկախ

 

Որոնվում է 73-ամյա Էդիկ Մադյանը

 Էդիկ ՄադյանՀունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում,  Տավուշի մարզի  Այգեձոր գյուղի 11-րդ  փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից  դուրս է եկել և չի վերադարձել:
Արտաքին տվյալներն են` հասակը` մոտ 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ մազերով, աչքերը` կապույտ:
Հագին եղել է`սպիտակ  վերնաշապիկ, կապույտ սպորտային տաբատ, շագանակագույն հողաթափեր, գլխին փաթաթած է եղել նարնջագույն սրբիչ, վրան գցած է եղել շագանակագույն ծածկոց:
Էդիկ Մադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-42-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով:

Անկախ

Պատահարներ Երևանում և Հայաստանի ավտոճանապարհներին

ԱվտովթարՀունվարի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջ և տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրի քարին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 17/1 հասցեի դիմաց բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ողևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 19.10-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, սպանության փորձի, կողոպուտի, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են:  Բացահայտվել է գողության 3 դեպք:   Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հրդեհ Գորիս քաղաքի մակարոնի արտադրամասի չորանոցում

Հրդեհ Հունվարի 29-ին, ժամը 07.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել՝ 07.30-ին:

Երկհարկանի տան նկուղային հարկում գտնվող մակարոնի արտադրամասի չորանոցում այրվել է մոտ 4 քմ հատված:

Անկախ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին (լրացված)

ՔարաթափումՀունվարի 29-ին, ժամը 04.13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին սարից քարեր են թափվել՝ ավտոճանապարհը դարձնելով անանացանելի:

Դեպքի մասին տեղեկացվել է «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ժամը 09.50-ի դրությամբ  «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Ժամը 11.00-ի դրությամբ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Ժամը 13.35-ի դրությամբ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Անկախ

Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա

միայնակ տարեց1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել: «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են , տնակները վաղուց շարքից դուս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի:

76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը ուկրանուհի, 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում: Այս տարեց միայնակ կնոջ ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել , սակայն պահանջվող բոլոր փաստաթղթերը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել և հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նա այլևս բնակարան չի ստանա:

Միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

Անկախ

Վարդաբլուրի գյուղապետարանի շենքի հրդեհը կես միլիոնի վնաս է հասցրել

հրդեհ,գուգարքՀունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Տապալված կաղնի

Տապալված կաղնիՀունվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցից, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մայիս Խ.-ին, որի վարած մեքենայի թափքում առկա էր կաղնու 8 խմ փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ըստ վարորդի հայտարարության փայտանյութը ձեռք է բերել Դիլիջանի վարչական տարածքից` Թեղուտ գյուղի մոտակայքից:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակ գողացողին

գողությունՀունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ դրամապանակն ինքն է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Անկախ

ՀՀ քաղաքաշինության նախարարը նախանշել է 2014-ի առաջնահերթությունները

TadevosyanՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը եւ անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին եւ առաջնահերթ միջոցառումներին:

“Գիտեք, որ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրների լուծման հրատապությունը՝ արդեն 2 տարի է որդեգրել ենք նոր ռազմավարական մոտեցումներ` ինչպես իրավական դաշտի ապահովման, այնպես էլ բյուջեի ձեւավորման հարցում”,- ընդգծեց նախարար Թադեւոսյանը` նախարարության ղեկավար անձնակազմին հորդորելով հետեւողական լինել նաեւ 2014 թվականի գերակա խնդիրների լուծման հարցում:

Պարոն Թադեւոսյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության նախարարության համար առանձնահատուկ կարեւորություն ստացած կրթական օբյեկտների հիմնանորոգումն այուսհետ իրականացվելու է դրանց ուժեղացման-վերականգնման աշխատանքներից հետո` հաշվի է առնվելու տարածքների համաչափ զարգացումը: Նախարարը կարեւորեց բաց եւ թափանցիկ գործելավոճը, որին ուղղված են մրցույթների կազմակերպման էլեկտրոնային եղանակը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների կազմակերպումը:

Ներկայացնելով 2014 թվականի գերակա խնդիրները նշեց նախորդ տարի մեկնարկած ոլորտի համար կարեւորագույն, մեծածավալ գործընթացի` քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխման մասին: Գերակա այս խնդրի լուծմանն է ուղղված նաեւ “Նորմատիվների մշակման եւ շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության” ՊՈԱԿ ստեղծելու գործընթացը: Այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պետական բյուջեի միջոցների օպտիմալ օգտագործման, շինարարության արժեքի հաշվարկման եւ շինարարական ծրագրերի իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի՝ հատկապես գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի լրամշակմամբ, համապատասխան մոնիթորինգի իրականացմամբ եւ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակմամբ: Ելնելով խնդրի կարեւորությունից շինարարական նորմերի առաջնահերթ մշակման գործընթացը կառավարության կողմից արմարգրվել է որպես 2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիր:

Քաղաքաշինության հաջորդ գերակա խնդիրը` հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծումն ու շարունակական համալրումն է: Այս գործընթացը սկսվել է 2012 թվականից եւ մինչ օրս գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Առկա տվյալներն ափոփվել են եւ ներկայացվել կառավարություն:

2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա հաջորդ խնդիրը` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց եւ չշահագործվող շենքերի եւ շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծումն է: Արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որոշակի ուսումնասիրություններ արել է, ներկայում հավաքագրվել է մարզերի մոտ 170, իսկ մայրաքաղաքի մոտ 40 բազմաբանակարան կիսակառույց շենքերի տվյալներ: Նախատեսվում է այս գերակա խնդրի լուծմամբ ավարտին հասցնել կիսակառույցների շինարարական աշխատանքները: Շինարարության ժամկետի պարտավորությունը չկատարելու դեպքում մասնավոր հատվածի նկատմամբ կձեռնարկվի համապատասխան միջոցներ:

Անկախ