Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՎանաձորումՀունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։

ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն տարի նոր թափով ու նոր ծրագրերով է սկսում աշխատանքը, և 2013թ. վերջին խնդիր էր դրված կատարել որոշակի փոփոխություններ։ Ընդ որում, փոփոխությունների հարցը բարձրացրել էին հենց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները, այն է՝ թարմացնել, երիտասարդացնել կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունները։

Կարեն Ավագյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդ հանրապետականներին շարունակել նվիրված աշխատանքը։ «Եթե չեղավ նվիրվածություն, պրոֆեսիոնալիզմ, ընկերական միջավայր, աշխատանքը չի ստացվի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այսօր Հայաստանում ամենահզոր, ամենաազդեցիկ երիտասարդական կառույցներից է, ինչը հենց նվիրվածության արդյունքն է։ Մեզ վստահված է աշխատանքի բավականին մեծ ծավալ, ու պետք է ամեն ինչ անենք` այդ վստահությունն արդարացնելու համար։ Իսկ դրական արդյունքներ գրանցելու լավագույն ձևաչափն ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտն է։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մեր այն ընկերները, ովքեր նոր են համալրում կուսակցական կառույցների ղեկավար պաշտոնները, հասկանան, որ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, որտեղ անդամագրվում են ինչ-որ բանի արժանանալու համար։ Կուսակցությունը միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը պետք է կարողանա ինչ-որ բան տալ»,- ասաց Կարեն Ավագյանը։

Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ՀՀԿ Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ մարզի երիտասարդական կառույցների նորընտիր ղեկավարները կշարունակեն նույն արդյունավետությամբ աշխատել։

Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահը պատասխանեց լոռեցի երիտասարդներին հետաքրքրող հարցերին, քննարկվեցին առաջիկա ծրագրերը։ Հանդիպման վերջում Կարեն Ավագյանը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության մի խումբ անդամների՝ երիտասարդական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմենկի Չեխիա

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 69-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 18 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Հունվարի 20-ից 26-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց, որից 22-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 69-ը` առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար:
18 վարորդի նկատմամբ երթևեկության ընթացքում ծխելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց:

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի ժամը 20:00-ից

քարաթափումԳնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։

Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասսամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։

 

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինվոր է զոհվել

դիպուկահարՀունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել  զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակը` նրա կիսավեր տան ֆոնին

Արամ-մանուկյան-21«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսե՛ք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Նիկոլ Աղբալյանի այս խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր, հայոց նորագույն պատմության հիմնադիր, ազգային-ազատագրական շարժման առանցքային դերակատար, քաղաքական ու պետական նվիրյալ գործիչ Արամ Մանուկյանի մասին են:

Աղբալյանի խոսքերն ուղղված են նրանց, որոնց ձեռքերում է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Ցավոք, մերօրյա գործիչներից շատերն անգամ չեն էլ գիտակցում այդ խոսքերի իմաստը, որովհետև դա գիտակցելու համար նախ և առաջ պետք է բացահայտեն ու արժևորեն Արամին: Իսկ դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պահանջարկ: Մերօրյա գործիչներին Արամներ պետք չեն, որովհետև նրանք անհամատեղելի են այսօրվա արժեհամակարգի հետ:

Ո՞վ է Արամը

1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ:

Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր  իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:

Արամ

Ձախից աջ` Հարությունյան, Արամ Մանուկյան, Իշխան, Սողո

Այդ նվիրումուվ էր, որ նվաճեց Վասպուրականը: 1915-ին, կազմակերպելով  և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ: Ցավոք, նահանգապետությունը գոյատևեց ընդամենը 70 օր, քանի որ ռուսական զորքերն անակնկալ հեռացան:

1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

Դիկտատոր, սակայն ոչ ընդունված կարծրատիպերով, դիկտատոր, որն ամեն օր ժողովրդի հետ էր, ժողովրդի կողքին, կարիքավորներին ու հիվանդներին նեցուկ:

Նրա կոչերը՝ կազմակերպված պայքար մղել, սեփական ուժերին ապավինել, օտարի օգնության վրա հույս չդնել, տալիս էին դրական արդյունք երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: Առջևում  1918 թ. Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերն էին, որոնց ժամանակ Արամն ապահովում էր թիկունքի անվտանգությունը:

800px-Armenian_army_1918թ

Վեհափառ կաթողիկոսը օրհնում է կամավորներին։ 1918 թվական

1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մինչ Թիֆլիսում ստեղծված կառավարության ժամանումը` հուլիսի 23-ը, նա Երևանում էր և ղեկավարում էր երկիրը: Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:

Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:

Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը…

«Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»

IMG_2931ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը, երբ տարիներ առաջ անցել է երիտասարդ դաշնակցականների շարքերը, ոգեշնչվել է Արամ Մանուկյանից՝ կարդալով դաշնակցական մեկ այլ գործչի` Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերն իր մտերիմ ընկերոջ՝ Արամի մասին:

«Ռուբենի հուշերում մի հատված կա իր և Արամի զրույցից: Արամը Սյունիքի ծնունդ էր, սակայն դպրոցական տարիներն անց էր կացրել Շուշիում, իսկ Ռուբենը կենտրոնական շրջաններից էր` Կարս, Գյումրի: Այդ զրույցի ժամանակ Ռուբենն Արամին ասում է, թե նա ավելի երջանիկ է, քանի որ երկրի հեռավոր լեռնային շրջաններից է, որտեղից ծնունդ առած հայորդիներն ավելի ուժեղ են, պայքարող, քան դաշտավայրերում ապրողները: Ռուբենը բերում է ընկույզի օրինակը` լեռնցիներին համեմատելով ընկույզի կեղևի հետ, որն իր ամրությամբ պաշտպանում է միջուկը: Սակայն Արամը նկատում է, որ երբեմն ամուր կեղևով ընկույզի միջուկն էլ է փչացած լինում»:

Անիի համար անձնազոհության վառ օրինակ է Արամ Մանուկյանի մահը. «Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում: Ես այսօր չեմ պատկերացնում, որ մեր որևէ պետական-քաղաքական գործիչ պատրաստ լինի նման անձնազոհության: Արամն ինձ  համար իդեալ է, նման կերպարների մասին մենք միշտ կարդացել ենք արտասահմանյան գրականության մեջ, այնինչ մենք ունենք Արամ` չարժևորված Արամ…»:

ՀՅԴ երիտասարդական կառույցը տարիներ առաջ բողոքի ակցիա է իրականացրել` պահանջելով Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Հանրապետության հրապարակում` որպես Հայաստանի Առաջին  Հանրապետության հիմնադրի: Պահանջը չի ընդունվել, փոխարենը 2009 թ. Արամ Մանուկյանի կիսանդրին տեղադրվել է ՀՀ ոստիկանության շենքի դիմաց: Նույն տարում Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում նույնպես տեղադրվել է Մանուկյանի կիսանդրին: Երիտասարդ դաշնակցականը, սակայն, դա բավարար չի համարում` նշելով, որ  դա արժևորման մի ձև է, բայց ոչ լիարժեք:

tun-1 Արամ Մանուկյանի կիսավեր, աղբանոցի վերածված տունը

Արամի 9 հասցեում գտնվող հանրապետական նշանակության շենքում Արամ Մանուկյանն ապրել է  1917-1919 թթ., և այդ կիսաքանդ կառույցն այսօր նրանից մնացած միակ ամենաառարկայական հիշողությունն է:

tun-2Շենքը կառուցվել է 1910 թ.  ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն պատկանել է Ֆադեյ Քալանթարյանին:

Ի դեպ, 1837-ից Արամի փողոցը կոչվել է Ցարական՝  ի պատիվ Երևան ժամանած Նիկոլայ Առաջինի: Առաջին Հանրապետության ժամանակ այն վերանվանվել է Ազատության, սակայն Արամ Մանուկյանի մահից հետո՝  Արամ Մանուկյանի փողոց: Բոլշևիկները 1922 թ. փոխել են փողոցի անունը՝ դարձնելով Սպանդարյան: Խորհրդային իշխանության փլուզումից հետո փողոցը կրկին վերանվանվել է Արամի:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է, որ դեռևս 1990-ականների կեսերին այն արդեն համարվում էր վթարային, և այդ ժամանակ ինքը շենքի վերակառուցման նախագիծ է ներկայացրել իշխանություններին, որն այդպես էլ չի իրականացել:

Levon VardanyanԱյսօր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը նույնպես Լևոն Վարդանյանն է: «Մի շրջան կար, երբ քաղաքի տարբեր հատվածներում հուշարձան-շենքերը քանդում էին՝ անունը դնելով ապամոնտաժում-տեղափոխում, և ոչ ոք պատասխան չէր տալիս դրա համար»,- ասում է նա՝ պատմելով, որ 2005 թ. իր կողմից առաջարկվել է ապամոնտաժված շենքերը Երևանի մի հատվածում վերակառուցել՝ վերակենդանացնելով հին Երևանի մի հատվածը, որը կլինի նաև սիրված վայր երևանցիների համար: Ծրագրի համար նա առաջարկել է Արամի փողոցից մինչև Մաշտոցի  այգի ընկած հատվածը, որի երկարությունն  ընդհանուր առմամբ մոտ 320 մետր է:

Գաղափարը հավանության է արժանացել, և մշակվել է «Հին Երևան» ծրագիրը: Տարածքը բաժանվել է հինգ հողակտորի՝ լոտերի և հանվել աճուրդի: Հայտնվել են գնորդներ՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։ Տարածքի հինգ հողակտորից չորսը գնել է «Գլենդել Հիլզը»: Գնորդներին ներկայացված գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է իրականացնեն ծրագիրը՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

maket

Լևոն Վարդանյանի հեղինակած “Հին Երևան” ծրագրի նախագծային մակետը

Սակայն ծրագիրը կանգ է առել. քաղաքապետներ են փոխվել, երկրի նախագահ է փոխվել, վրա է հասել ֆինանսական ճգնաժամը և այլն: Ծրագիրը կենդանության նշույլներ է ցույց տվել 2010-ին: Վերանայվել ու թարմացվել են բոլոր որոշումներն ու նախագծերը, սակայն`  նորից դադար:

Լևոն Վարդանյանի խոսքով՝ օրեր առաջ իր արվեստանոց են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները, դիտել իր կողմից տարիների ընթացքում  կառուցված մանրակերտը և հավանության արժանացրել: Շուտով պետք է ճշտվեն նաև ծրագրի իրավական կողմերը: Ճարտարապետը հույս ունի, որ վերջապես այս տարի շինարարությունը կմեկնարկի, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հին Երևանը» կյանքի կկոչվի 3-5 տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ ծրագրի իրականացման համար մոտ 100-150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ:

Tun-maketԻնչ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը, եթե անգամ ծրագրի իրականացման շրջանակներում  տունը վերակառուցվի, ապա ճարտարապետը չի կարող ասել, թե դա որքանով կդիտարկվի որպես Արամ Մանուկյանի տուն. «Կարող է ընդամենը Արամ Մանուկյանի հուշատախտակը մնա, կարող է տուն-թանգարան դառնա, դժվարանում եմ ասել, դա պետք է պատկան մարմինները որոշեն»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի առաջ իրենք հանդիպել են «Գլենդել Հիլզի» սեփականատիրոջ հետ, որը խոստացել է շենքը վերակառուցելուց հետո մի հարկը տուն-թանգարանի համար տրամադրել և շեշտել է, որ ինքը նույնպես բարձր է գնահատում Արամ Մանուկյանին:

Սակայն «Անկախի» տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզը» պատրաստվում է վաճառել իր գնած տարածքները: Նոր գնորդը մոսկվաբնակ հայտնի գործարար Սերգեյ Համբարձումյանն է, որի միջոցներով կառուցվել է նաև Մատենադարանի նոր մասնաշենքը: Առքուվաճառքը բանավոր մակարդակում կայացել է, մնում է, որ այն վերածվի փաստաթղթային տարբերակի:

Իսկ թե նոր սեփականատերն ինչ մոտեցում կունենա Արամ Մանուկյանի տան հարցում, ցույց կտա ապագան: Փաստորեն, ամեն ինչ կախված է սեփականատիրոջ ցանկությունից:

Մինչ ծրագիրը կյանքի կկոչվի և վերակառուցման հերթը կհասնի Արամ Մանուկյանի տանը, մեծ հայորդու հիշատակն ամփոփող կիսավեր տանը կգիշերեն թափառական շները, և այն կծառայի իբրև աղբանոց ու անպետք իրերի հանգրվան:

Aram ManukyanՀունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվան 95-ամյակն է: Հիշատակի ղողանջներ թերևս հնչեն, սակայն այնքան թույլ, որ անգամ չեն տարածվի քաղաքով մեկ ու չեն հասնի մարդկանց ականջին ու հոգուն:

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»: Այս խոսքերը գրվել են  մի ժամանակահատվածում, երբ պետական քարոզչամեքենայի կողմից Մանուկյանի անունը հետևողականորեն մոռացության էր տրվում, հեղինակը խորհրդային պատմաբան, գրող Հարություն Թուրշյանն է:

Այսօր ոչ միայն  իրավիճակն է բարենպաստ, այլև ժամանակի հեռավորությունն է բավարար տեսնելու նրա մեծությունը: Ընդամենը գիտակցում ու ցանկություն է պետք:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել Բանակի օրվան տոնական հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել Բանակի օրվան տոնական հանդիսությանըՆախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Անկախ

Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին հայտնում են,որ   հունվարի 28–ին` ժամը 22.00–ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի,  Հրազդանի, Գավառի, Վայքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում  մառախուղ է:


Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ուժեղ քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է :

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
      Անկախ

Եգիպտոսում զինված հարձակում է իրականացվել եկեղեցու վրա

Եգիպտոսի ԳիզաԵգիպտոսի Գիզա  քաղաքում զինված հարձակում է իրականացվել եկեղեցու վրա: Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակմանը մասնակցել է 5 զինյալ: Տեղի ունեցածի արդյունքում մեկ ոստիկան է զոհվել: Այնուհանդերձ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործներից մեկին, մյուսների որոնումները շարունակվում են:

 

Անկախ

«Երրորդ անգամ ես կանցնեմ պատժի միջոցների». Սամվել Բալասանյանը ոստիկանություն չդիմելու մասին

սամվել բալասանյանarchive2.ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ըստ տեղեկությունների, հունվարի 21-ին` երեկոյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ գնացել է Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, սպառնալիքներ հնչեցրել: Ներկայացրել ենք նաև ոստիկանության ու անձամբ ոստիկանապետի արձագանքն այդ միջադեպին: Նաև նշել էինք, որ Սամվել Բալասանյանը ոստիկանություն չի դիմել: Այսօր գյումրեցի լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին` ինչն էր լռելու պատճառը, հատկապես, որ սա առաջին անգամը չէ, երբ քաղաքապետի դեմ նմանատիպ քայլեր են արվում: Գյումրիում Սամվել Բալասանյանին նաև դիտողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս բոլորի մասին Բալասանյանն ուներ այսպիսի պատասխան. “Երևի լավ չմեկնաբանվեց. Դեպքը տեղի էր ունեցել մոտավորապես ժամը 19-ին, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար, ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ տանն այդ ժամանակ որևէ մեկը չկար, որ ինձ գոնե պատմեր: Ինչ-որ ականատեսներ եղել են, բոլորն էլ, ինձ թվում է, ցուցմունք տվել են: Այսօր քաղաքը լուրջ առաջընթաց ունի և չէի ուզենա, որպեսզի նոր գողական պիտակներ լինեին: Մեր քաղաքում չկա կրիմինալ, կա օրենք, և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին` սկսած ինձանից”:

Իսկ ինչու Սամվել Բալասանյանն այդ պահին այս ամենով չհակադարձեց ոստիկանապետին, քաղաքապետն ասում է. “Այդ պահին մարդը ելույթ էր ունենում և ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Վիճել, հակադարձել, ինչ-որ երևույթներ սարքել` տրամաբանական չէ մեր քաղաքի համար: Գիտեք, ինչքան նման երևույթներ են լինում, այնքան մեր բնակչության տրամադրությունն ընկնում է: Երբ ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ այդպիսի դեպք է պատահել, ես ուղղակի ասացի` սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես նորից իմ գործն եմ անելու, քաղաքն եմ կառուցելու, որևէ տեղ չեմ գնալու”:

Այնուհետ քաղաքապետն ավելացնում է. “Ինձ համար շատ վիրավորական է, որ ես գնում եմ ԱՄՆ, իմ արձակուրդի փոխարեն աշխատանքային լուրջ խորհրդակցություններ եմ ունենում, հանդիպումներ, փորձում եմ համոզել մարդկանց գալ Գյումրիում ներդրումներ անել, ես երաշխավոր եմ կանգնում, ասում, որ փոխվել է ամեն ինչ, հնարավորություն կա այստեղ բիզնես ունենալ… և նմանատիպ դեպք է տեղի ունենում: Բնականաբար այդ վստահությունը ինչ-որ տեղ փլուզվեց”:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում միջադեպի առումով հարուցվել է քրեական գործ` մամուլի հրապարակումների հիման վրա, իսկ Սամվել Բալասանյանը հայտարարեց. “Հիմա համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցերով, եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ ինչ-որ տեղ դա իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար, երրորդ անգամ ես խիստ կպատժեմ արդեն: Ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի իմ պատժի վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցի”:

Մարիամ Խալաթյան

Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում  մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է:

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն:ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

 

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ  Հանրապետության տարածքում`Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 27-28-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հայ ոստիկանները Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող են հայտնաբերել

ոստիկանությունՀունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Անկախ

Արմանն ու Արթուրը հափշտակել են մի կնոջ պայուսակ

ձերբակալվելՀունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը` պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 28-ին, ժամը 04.30-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Արման Պ.-ն և նույն թվականին ծնված Արթուր Ա.-ն: Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Ա.Պետրոսյանը և Ա.Ասլանյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Գյումրին տոնից անմասն չմնաց

բանակի օր գյումրիԱյսօր Գյումրիում նշեցին անկախ Հայաստանի ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Տոնի առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի կողմից: Բոլոր շնորհավորական ելույթները շարունակվում էին պարգևատրման արարողություններով՝ սկսած ամենաբարձր զինվորականից մինչև շարքային ծառայողներ:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից մարզի բոլոր զորամասերը նվեր ստացան հեռուստացույցներ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանից՝ պատվոգրեր և դրամական պարգևներ:
Ի տարբերություն մոտ երկու ամիս առաջ Վալդիմիր Պուտինի այցի, երբ Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճը շողում էր իր պերճ զարդարանքներով, այսօր անգամ բեմն էր զուրկ որևէ դեկորացիայից: Փոխարենը, ոչ թե շինծու, այլ իրենց բնական ու իրական գեղեցկությամբ դահլիճում նստած էին հայ զինվորները, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ և զինվորական ծառայողներ:
þՄեր բանակի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերն այդպես էլ չտեսած իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նրանք նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերումþ, – նշված էր մարզպետի ուղերձում:
Պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:
Ի դեպ, Հայկական բանակի տարեդարձի կապակցությամբ պարգևատրվեցին նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:

Անկախ

“Դատապարտենք այն տականքներին, որ խուսափելով ծառայությունից, մեր անդորրն են խանգարում”. Սամվել Բալասանյան

բալասանյան

Գյումրիում այսօր տեղի ունեցած բանակի օրվա միջոցառման ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շատ առանձնահատուկ կերպով է շնորհավորել և խոսել բանակում ծառայելու մասին:
“Անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է, հաղթական բանակը, այն բանակը, որն արդեն 22 տարեկան է: Եվ այսօր պետք է հիշենք այդ անցած ճանապարհը, մարտիկներին: Շիրակ աշխարհը և Գյումրին դրանից զերծ չմնաց, ունեցավ իր ջոկատը, կամավորական ջոկատը, Շուշիի գրավման ժամանակ մենք լուրջ կորուստներ ունեցանք: Ես խոնարվում եմ նրանց բոլորի շիրիմներին և այսօրվա բոլոր զինվորների առջև, որոնց պաշտպանելով մեր սահմանները՝ իրենք կյանքն են տալիս դրանք անառիկ պահելու համար”, – նշեց Սամվել Բալասանյանը, ապա շարունակեց ելույթը. – “Եվ պետք է բոլոր դատապարտենք այն տականքներին, որոնց այսօր, փաստորեն, խուսափելով ծառայությունից, մեր անդորրն են խանգարում: Եվ ամեն մի ծնող պետք է հասկանա, որ իր որդին պետք է ծառայի բանակում”:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 28-ը

1390899160,9568Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Անկախ

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին

images (1)Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն”:

 

Անկախ 
 

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

5196_bԲանակի օրվա առթիվ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

5199_bՀանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

Անկախ