Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     13.30C (1967 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -23.90C (1950 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.60C

Անկախ

Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

այցՏավուշի մարզի Բերդ-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետևանքով Այգեհովիտ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:

Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջևանի ճանշինի ղեկավարը  նախարարին հավաստիացրեց, որ  հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին  ճանապարհը կհանձնվի շահագործման:

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, և նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի։

«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ, և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցումը: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը, և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է››, – ասաց նախարարը:

Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ  հատվածի հողային պաստառը:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջևան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում…

 

«Բանավեճի ակումբը» պատրաստվում է նոր խաղաշրջանին

«Բանավեճի ակումբը» պատրաստվում է նոր խաղաշրջանինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբը», որն առաջին խաղաշրջանն ամփոփել էր դեկտեմբերի 27-ին, հունվարի 10-ից հայտագրում է նոր խաղաշրջանի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջին խաղաշրջանում շատ լավ արդյունք է արձանագրվել, թիմերը հետաքրքիր, բովանդակալից բանավեճեր են անցկացրել։

««Բանավեճի ակումբը» միաջազգային պրակտիկա ունեցող բանավեճ-քննարկումներով խաղ է, որին մասնակցող երիտասարդները սովորում են գրագետ բանավիճել։ Նման խաղեր կան տարբեր բուհերում, երիտասարդական կազմակերպություններում. մեր անցկացրած «Բանավեճի ակումբը», անշուշտ, տարբերվում է որոշակի յուրահատկություններով։ Նոր խաղաշրջանում ժյուրիում ներգրավելու ենք մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող հանրահայտ անձանց։ Նշեմ նաև, որ, թիմերի ձևավորումից հետո՝ խաղերի բուն շրջանի մեկնարկից առաջ, արդեն կազմված դասախոսական խումբը ոչ ֆորմալ կրթության եղանակով անցկացնելու է թրեյնինգ-դասընթաց, որի միջոցով երիտասարդները կծանոթանան բանավեճի էթիկայի կանոններին, կվարժվեն ժամանակի կառավարմանը, բանավիճելիս տրված ժամանակն արդյունավետ օգտագործելուն, հարցերը դիպուկ ձևակերպելուն, տեղում արագ կողմնորոշվելուն և այլն։ Այսպիսով, Բանավեճի ակումբը» մի գործիք է, որի միջոցով մենք օգտակար ենք լինում, որ երիտասարդները կարողանան ակտիվ լինել, ինքնադրսևորվել, ներկայացնել իրենց մտքերը, տեսակետը, մտահոգությունները, սովորեն քննարկելու տեխնոլոգիաները»,- նշել է Սամվել Մերթարջյանը։

Հունվարի 10-ից 16-ը մասնակցության արդեն շուրջ 30 հայտ է ներկայացվել: Հայտերն ընդունվում են մինչ հունվարի 31-ը։ Խաղաշրջանին նախորդող թրեյնինգ-դասընթացները կմեկնարկեն փետրվարի 15-ին։

 Անկախ

 

«Պատուհան դեպի աշխարհը» բաց կլինի մեկ ամիս

ցուցահանդես«Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել այն լուսանկարիչներին, ովքեր մինչ այս ներկայացված չեն եղել, նրանց աշխատանքները անհայտն էին հասարակությանը»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային ֆոտոցուցահանդեսի մասին նշեց PhotoPodium.com-ի կազմակերպիչներից Արմեն Ենգոյանը:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության և Թեքեյան կենտրոնի հետ համատեղ այսօր բացվեց «Պատուհան դեպի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը: Դրա շրջանակներում ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրների 41 լուսանկարիչների մոտ 87 աշխատանքներ:

Պրն. Ենգոյանի խոսքով ցուցահանդեսը միտված է ծանոթացնելու մարդկանց հայ նկարիչների աշխատանքներին, նաեւ օտարերկրյա նկարիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին: Պատուհան դեպի աշխարհը շատ բազմազան է: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել է երկու աշխարանք, խորագիրը իրեն գրավել է, այն ընդգրկում է ժանրային բազմազանություն եւ մեծ հնարավորություն է տալիս գործել, աշխատել ու զգալ նկարը: Հանդիսատեսը առօրյայից շեղվել ու իրեն նվիրել է արվեստին:

Նկարիչ Սամվել Սեւադան մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացված բոլոր լուսանկարիչները պրոֆեսիոնալներ են, մեկը մեկից տաղանդավոր:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Կայացել է 8,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀունվարի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

 

Անկախ

2014 թվականի սկզբին Արցախի յոթ ազատամարտիկ իրենց ուղեկցողների հետ կմեկնեն բուժման

120346

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ նախագահի օգնությամբ Արցախի յոթ հաշմանդամ ազատամարտիկներին բուժման ուղարկելու որոշման կայացումը համարում եմ 2013 թվականի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
2013 թվականին ԱԺ նախագահին կից հաշմանդամության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծվեց, որի անդամները հաշմանդամություն ունեցող անձանց շահերով զբաղվող ՀԿ-ների նախագահներ են:
Այս խմբի շրջանակներում մեր կազմակերպության անունից առաջարկ եղավ, որ Արցախի հաշմանդամ վետերաններին բուժման ուղարկվի Սակի քաղաքում գտնվող Ն.Ն. Բուրդենկոյի անվան առողջարան, որը ողջունվեց ԱԺ նախագահի կողմից:
Ծրագրի ֆինանսական խնդրի հնարավոր լուծման համար ԱԺ նախագահի միջնորդությամբ հանդիպումներ եղան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ, որոնց արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ 2014 թվականի սկզբին Արցախի յոթ ազատամարտիկ իրենց ուղեկցողների հետ կմեկնեն բուժման Ն.Ն. Բուրդենկոյի անվան առողջարան:
Հույս ունեմ, որ ծրագիրը կլինի շարունակական և կդառնա պետական մշտական ծրագիր»:

Անկախ

«Ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում», Ա. Աշոտյան

I6n1z8u9zLGRN2VaETZvl8pK2E

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ-ում ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում:

Ուսանողների և երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի` մայր բուհի, հիմնադրման օրը:

Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ-ի մայիսի 16-ին որոշում է ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային և երիտասարդական կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների և երիտասարդների` պետականորեն նշվող տոն, ևս մեկ անգամ կարժևորվի մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ տնտեսական զարգացման գործում:

Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առնել նաև ուսանողական և երիտասարդական կյանքը, ձևավորվել են ուսանողական և երիտասարդական ավանդույթներ»:

Ոստիկանությունը պարզաբանում է Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի մանրամասները

ոստիկանությունՈստիկանությունից Անկախին հայտնեցի, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ են համարում պարզաբանել: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած  Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից` տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։ Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել։

Անկախ

Քոչարյանն ինչ-որ բան է ծրագրել

Robert Kocharyan, Tigran SargsyanԱնցյալ տարվա սկզբին սպասվող  գլխավոր ներքաղաքական իրադարձությունները նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն էին: Հենց սրանք էլ ձևավորեցին անցյալ տարվա գոնե առաջին կիսամյակի քաղաքական օրակարգը:

Երկու ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չեզոքացվեց: Եվ հասարակությունը սկսեց որոնել իր քաղաքական պատվերը հնչեցնելու այլընտրանքային ճանապարհներ` շրջանցելով քաղաքական կուսակցություններն ու գործիչներին: Այսինքն` մեր երկրում սկիզբ առան քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, հասարակական-քաղաքական բողոքի դրսևորումներ` քաղաքացիական ակտիվություն:

Դրա առաջին  լուրջ դրսևորումը եղավ ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակության ընդվզման ժամանակ,  երբ քաղաքացիական ակտիվությունը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը: Իսկ գործող իշխանությունները, հավանաբար  հանգստանալով ընդդիմության  նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, սկսեցին քայլեր անել, որոնք էլ ավելի բորբոքեցին քաղաքացիական ակտիվությունը: Նախ` երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության վերաբերյալ որոշման կայացումը,  ապա «գազային» զարգացումները, իսկ տարեվերջին իշխանությունները ԱԺ-ում «անցկացրեցին» նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքների փաթեթը, որով անմիջականորեն դիպան ավելի քան 250 հազար քաղաքացու դրամապանակին, հետևաբար նաև սոցիալ-կենցաղային պայմաններին:  Եվ հասարակության համբերության բաժակը լցվեց:

Մի խոսքով, Հայաստանում արդեն հասարակության քաղաքական պատվեր կատարողը  ոչ թե քաղաքական ուժերը կամ գործիչներն են, այլ հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները` քաղաքացիական հասարակությունը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միացան հենց քաղաքացիական հասարակության սկսած շարժմանը: Հենց սրանով էլ խոստանում էր սկսվել 2014 թվականը: Համենայն դեպս, նախորդ տարվանից մնացած կնճռոտ հարցերի շուրջ բողոքող հանրույթների ներկայացուցիչները խոստացան և ներկայումս էլ վերահաստատում են, որ շարունակելու են անցյալ տարի սկսած բողոքի ակցիաները ավելի գործուն, լուրջ ու ավելի լայնածավալ դրսևորումներով:

Բայց այս տարին էլ սկսվեց մեկ այլ քաղաքական իրադարձությամբ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով` կոշտ քննադատության ենթարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ինտրիգը ստացվեց:

Ամենևին էլ պատահական չէր, որ անցյալ տարեվերջին երկրորդ նախագահը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով: Սակայն անսպասելի էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այլ այն հրապարակելու ժամանակը: Նախ` անցյալ ամբողջ տարվա ընթացքում պտտվեցին Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Դա, բնականաբար, իշխանության որոշ սուբյեկտների սրտով չէր, և տրամաբանական է, որ նրանք պետք է պատրաստվեին հակադարձելու: Դրա մասին չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանը, որ գործող իշխանության մեջ, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքում դեռ շատ լծակներ ունի: Ու, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչ Քոչարյանի հակառակորդները նրա դեմ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեին, Քոչարյանն ինքը նախաձեռնություն ցուցաբերեց ու հարցազրույցով  խառնեց բոլորի խաղաքարտերը:

Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջև բանավեճը, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ լուրջ քաղաքական գործընթացի: Ըստ նրա` քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից, և Քոչարյանի հարցազրույցներն ընդամենը փորձ են ցույց տալու, որ  ինքը դեռ կա երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, նշեց, որ աշխարհում ընդունված է` նախկին նախագահները ներկա իշխանություններին փնովում են, գործողներն էլ փորձում են իրենց ձախողումները արդարացնել նախորդների սխալներով: «Հայաստանում ներքաղաքական կյանքն այնպիսին է, որ անգամ սուպերմարկետի բացումը կարող է քաղաքական ինտրիգ համարվել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդամենը միջոց է, ոչ նպատակ

Բայց Ռոբերտ Քոչարյանը պրիմիտիվ քաղաքական գործչի տպավորություն չի թողել երբեք, ու դժվար է նրանից էժանագին ինտրիգներ սպասել, եթե անգամ նրա գործողությունները նման են դրան: Վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես թիրախ ընտրելն էլ պատահական չէր: Վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չկարողացավ իր դիրքն օգտագործել ու քաղաքական կշիռ ձեռք բերել, առավել ևս` գործոն դառնալ, նաև իր թիմում: Զուտ քաղաքական կշռի` տրամաչափի առումով էլ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը բոլորովին տարբեր տիրույթներում են, տարբեր քաշային կարգերում:

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց  նրա հետ էլ բանավիճում էր: Սակայն Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը Սերժ Սարգսյանին հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու «կապուղի»: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակներն ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ հենց ինքը տուժեց:

Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական «ջահելությունը»: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց. նա իր ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճն ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև` վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: «Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս` պաշտոնաթող նախագահին»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը` Քոչարյանի վերլուծություններն ընդամենը «անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ» որակելով:

Շարմազանովի միջոցով պատասխանելով` Սերժ Սարգսյանը թերևս փորձեց հասկացնել, թե ով է երկրի նախագահը: Այսինքն` սա նաև Քոչարյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում, որովհետև, եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա թե ակամա արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին, որ Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` գրելով. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի: Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը: Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել` ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից: Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք` մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում: Անկեղծ ասած` Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին: Բայց նման ոչ մի բան, փոխարենը` օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով: Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել: Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»:

Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի մտնի այս մակարդակի բանավեճի տիրույթ: Նշանակում է` կա՛մ պետք է ուղղակի ավարտի իր իսկ սկսած խաղը, կա՛մ փոխի այդ խաղի ուղղությունը`անմիջականորեն իր ասելիքն ուղղելով կոնկրետ հասցեատիրոջը: Դատելով Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի նախորդ վարքագծից` կարելի է ենթադրել, որ նա առաջին ճանապարհով չի գնա, չի նահանջի: Ամեն դեպքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, քաղաքական իրողությունները հնարավորություններ դեռ կընձեռեն երկրորդ ուղիով շարունակելու համար, քանի որ Քոչարյանը, վստահաբար, պատկերացնում է, որ եթե քաղաքականություն չվերադառնա հենց այս պահին, երբ քաղաքական օրակարգը ձևավորում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեռևս չեն հասցրել կազմակերպվել, հանդես գալ միասնական օրակարգով, բայց մեծ ռեսուրսներ ունեն, ապա շատ դժվար կլինի հետագայում վերադառնալ որպես լուրջ քաղաքական գործոն: Ամեն դեպքում նրա «բանավեճի» թեմաներն էլ` գազային համաձայնագրեր, կենսաթոշակային համակարգի փոփոխություն, տնտեսական անկում և այլն, որոնք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ուշադրության կիզակետերն են, հուշում են, որ դեռևս չկազմակերպված և առաջնորդ չունեցող այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսից անպայման կփորձի օգտվել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

«Եթե հանրահավաքը վերածվելու է Քոչարյանամերձ ուժերի ուժի ցուցադրումի, ուրեմն ինքս չեմ մասնակցելու» Դավիթ Սանասարյան

200644_4459891413600_521842673_n«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» ֆեյսբուքյան խմբում գրել է.

«Խմբի հարգելի անդամներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ…

Այս արդար պայքարի վրա աչք ունի Հայաստանն այս օրը հասցրած մարդկանցից մեկը՝ տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանը, ով իր պրոյեկտների միջոցով ուզում է նաև այս առիթը օգտագործել և իրականացնել Հայաստանը թալանելու իր շարունակական ծրագիրը…

Հիմա իմ համար սկզբունքային հարց կա, եթե հանրահավաքը վերածվելու է Քոչարյանամերձ ուժերի ուժի ցուցադրումի, ուրեմն ինքս չեմ մասնակցելու բողոքի այդ ակցիային…

Էնպես, որ էս կեղտոտ շրջանում զգոնություն է պետք…»:

Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին կայանալիք մեծ հավաք-երթին` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, որին միանալու են նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները:

Զենք-զինամթերք` գերեզմանատան մուտքի մոտ

զինամթերքՀունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ-8M» տիպի 5,6 տրամաչափի ակոսավոր հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 4, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 152, «ԱԿՍ» տիպի ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 313 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

ՃՏՊ-ներ հանրապետության ավտոճանապարհներին, 5 մարդ հիվանդանոցում է

վրաերթՀունվարի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա Վիտց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-124» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 77-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես-Բենց Ե-124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 15-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Մերսեդես C-220» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղարիբջանյան խճուղու թիվ 1/Ա հասցեի դիմաց բախվել է բետոնապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ  բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

 

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները

ձյան մաքրումԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին,որ ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական  շենքերի տանիքների   ձյան և սառալեզվակների հեռացման  աշխատանքները:  Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:

Անկախ

 

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի ստուգման միջոցով, իսկ որպես գնահատվող սուբյեկտ կդիտարկվի կառուցապատողը, որի գնահատականը կձևավորվի իր և տվյալ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող մնացած սուբյեկտների գործունեության գնահատականներից, կձևավորվի տվյալների շտեմարան` ստուգման օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նշված հարցերը հանգամանորեն քննարկվել են, և այժմ կառավարության հաստատմանն են ներկայացվել դրանց լրամշակված տարբերակները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Բարելավվում է զինապարտության պիտանիության ցուցանիշը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Առաջին օղակում լիարժեք բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են այն հանգամանքով, որ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտներից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա եկամտային հարկի գումարի հաշվին:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունը ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկություն են տրամադրում նախորդ տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ, ինչի շնորհիվ կստեղծվեն տարածական տվյալների լիարժեք և արդիական շտեմարան, ինչպես նաև մշտապես թարմացվող մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներ:
Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. մայիսի 14-ի կոնվենցիայի, դրան կից 1999թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Չորս տարին մեկ պետությունը զեկույց է ներկայացնում նշված կոնվենցիայի և արձանագրության իրականացման վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:

Օրենսդրական նախաձեռնություններ

Նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ և ավելի անգամ ձեռք բերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հանգամանորեն հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:
Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ հարցեր

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Անկախ

«Ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների հաշվարկների վրա» Պետրոս Ղազարյան

arm138373986546

Հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ ընկերներ ունեմ, որ հունվարի 18-ին մասնակցելու են ընդդեմ կուտակայինի հանրահավաքին, ես էլ անպայման կմասնակցեմ, որովհետև դեմ եմ այդ կասկածելի համակարգին, ու ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների եղած կամ չեղած հաշվարկների վրա: Մենք դեմ ենք, դա մեր կյանքի մի մասն է, մեր սկզբունքները, մեր գումարներին տեր կանգնելու մեր իրավունքը, մի բան, որ Հրապարակ թերթից չգիտեմ թե ով, ոչ մի կերպ չի հասկանում: Էս թերթին թվում է՝ մեր երկրում մարդիկ չկան, որ անկախ Քոչարյանից, Սերժից, Ծառուկյանից ու Լևոնից կարող են պատկերացումներ ունենալ և դուրս գալ բողոքելու: Ու էս մատից ծծած անփաստ վերլուծությունով ուզում է ասի՝ սա Քոչարյանի ցույցն է Պուտինի աչքի համար: Երևի էս թերթում առանց կողքից պասի նյութ չեն գրում ու բոլորին չափում են իրենց արշինով: Բայց մարդ ինչքան չպետք է հարգի իր երկրի հազարավոր քաղաքացիների, որ նման կոնսպերատիվ հիմարություններ վերլուծի»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով` արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ` չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ: Նրան ասում են` այսօր-վաղը: Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»:

Թերթի դիտարկմամբ` հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար` միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի:

Անկախ

Մայիսի 16-ը` ուսանողության օր

ԵՊՀԱյսօր տեղի ունեցած նիստում  Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:

Անկախ