Խիզախությանբ հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է

Ռուզվելտ  ԹորոսյանՄարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ  Թորոսյանին:

 

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ  Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:

 

 

Սպանվել է ժամկետային զինծառայող

ՊԲ,պն 18.07.2014թ., ժամը  07.00-ի սահմաններում,  N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

«Ոսկե ծիրան». «Կորիզ» ծրագրում այս տարի 2 հայկական ֆիլմ է ներկայացված

Կորիզ«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 11-րդ կինոփառատոնի ընթացքում այս տարի ևս  գործում է կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը` «Կորիզ» խորագրի ներքո: Անվանակարգում ներկայացված ֆիլմերի հեղինակները ներկայացնում են ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ` Լեհաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն:

Ծնունդով Դանիայից` Շարլոթ Շյոլերը ներկայացնում է «Բոլոր հնարավոր միջոցներով» ֆիլմը, որը տևում է 16 րոպե: Խաբվելու վախից տագնապած՝ դանիուհի Բաբեթը, որ Փարիզում բնակարան է փնտրում, ներքաշվում է մի անհեթեթ արկածի մեջ, որը նրան դրդում է Փարիզը բացահայտել անսպասելի տեսանկունից:

Ռեժիսորը խոստովանում է, որ սյուժեն անձնական փորձից է ծնունդ առել և միտված է բարձրացնելու մուսուլման կանանց հագուստի և փարաջաների նկատմամբ տարածված կարծրատիպերի խնդիրը.  «Մենք չպետք է անհանդուրժող լինենք սև հագուստներ հագած կանանց նկատմամբ: Գուցե այդ փակ հագուստի հետևում մի ազատ հոգի է թաքնված», – ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով Անկախի հարցին` Շարլոթ Շյոլերը նշեց, որ ֆիլմը նաև բոլոր այն անձանց մասին է, ովքեր հասկացված չեն հասարակության կողմից. «Այո, ֆիլմի հերոսուհին հասկացված չէ, սակայն փոխում է հասարակության ձևավորած կարծրատիպերը», – ասաց նա:

Հայաստանում է նաև Մաչեյ Մարչևսկին, ով նկարահանել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` ըստ «Վերելակ» ռադիոպիեսի: Ամբողջ պատմությունը տեղի է ունենում կանգ առած վերելակի մեջ: Երկու մարդ մնացել են ներսում: Նրանք զարմանալի խաղ են սկսում: Համատեղ կյանք են հորինում, մտացածին պատմություններ անում իրար առաջին ռոմանտիկ ու զվարճալի հանդիպման մասին և շարունակում մինչև ծանոթության դրամատիկ ավարտը: Ինչևէ, երևակայականը շուտով միահյուսվում է իրականում ապրածին: Նրանց անմեղ խաղը վերածվում է բուռն զգացմունքներով համակված դրամայի:

Մաչեյ Մարչևսկին նշեց, որ սա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է. դրանից առաջ նա 15 տարի դերասան է եղել: «Սա իմ առաջին ֆիլմն է, և նկարահանումների ընթացքում ես շատ բան սովորեցի թե´ մարդու հոգու, թե´ ռեժիսորական աշխատանքի վերաբերյալ»:

«Խաղեր» ֆիլմը այն  մասին է, թե ինչպես լավ բանը շատ արագ կարելի է վերածել վատի, թե ինչ ցավագին ու անողոք են այն խաղերը, որ խաղում ենք մեր կողքի մարդկանց հետ», – հավելեց Մաչեյ Մարչևսկին

 

Ծրագրում ներկայացված են նաև` «Ստվեր»(ռեժ. Նիկոլայ Հովհաննիսյան), «Ճանապարհ» (ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան), «Նախանձ» (ռեժ. Վլադիմիր Խարչենկո-Կուլիկովսկի) ֆիլմերը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ նշեց, որ այս տարի շատ մեծ դժվարությամբ են ֆիլմերն ընտրվել. «Այս տարի շատ հետաքրքիր բան է եղել՝ կապված հայկական ֆիլմերի հետ. բոլոր տարիներին մենք շատ դժվարությամբ էինք հայկական ֆիլմ ընդգրկում ծրագրում, բայց այս տարի շատ են: Համարձակորեն 2 հայկական ֆիլմ ենք ընդգրկել՝ առանց որևէ վերապահումների, իսկ եթե անցյալ տարիների չափանիշներով նայենք՝ 10 ֆիլմ կարող էինք ընդգրկել»:

Արամ Շահբազյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ անցած տարիների համեմատ` «Կորիզի» հանդիսատեսի թիվը նույնպես մեծացել է. «Այժմ և՛ առավոտյան ժամերին են շատ նայում, և՛ երեկոյան, այսինքն՝ «կորիզը» իր հաստատուն տեղը սկսել է ունենալ այս չորս տարիների ընթացքում»:
Անկախ

«Նոր Հալեպ». ոչ թե չարախնդալ, այլ 1 դոլարի նվիրատվություն կատարել

նոր հալեպ«Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերին մեզ հետ զրույցում ասում էր «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
Խոսքն Աշտարակ քաղաքում կառուցվելիք «Նոր Հալեպ» թաղամասի մասին է, որի գաղափարը ՀՀ սփյուռքի նախարարությանն է, և որի նպատակն է ստեղծել 7 հարկանի շենքերից բաղկացած թաղամաս՝ ընդհանուր առմամբ 488 բնակարանով, սիրիահայերի համար բավականին մատչելի պայմաններով:

Գաղափարն իրագործելու համար 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմեց Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում կայացրեց Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:
Սակայն անվճար հողահատկացումով խնդիրը չէր լուծվի. հարկավոր էին լուրջ ներդրումներ, քանի որ ծրագրի արժեքը մոտ 25 մլն դոլար է:

Սկսեցին աշխատանքներ տարվել հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասն էլ պետք է վճարեին այդ թաղամասում բնակարաններ ձեռք բերել ցանկացող սիրիահայերը, որի արժեքը մոտավոր հաշվարկներով կազմելու էր բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի 1 քմ-ը կարժենա մոտ 500 դոլար:

2015-ի Ամանորին հաշված ամիսներ են մնացել, սակայն շինարարությունը դեռ չի էլ մեկնարկել, քանի որ բարեգործների շնորհիվ հավաքված գումարն ընդամենը 52 մլն դրամ է, որից 10 մլն 60 000 դրամը հատկացվել է գեոդեզիական աշխատանքների կատարմանը: Ի դեպ, ամենամեծ նվիրատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 42 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրին դիմած 650 ընտանիքներին, ապա նրանցից ոչ մեկը մինչ օրս չի կնքել նոտարական պայմանագիր և ոչ մի լումա չի տրամադրել ծրագրի իրականացմանը:

images«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը ոչ միայն տարակուսած է, այլև հիասթափված: Նա այս պահի դրությամբ բոլոր դիմումատուներին համարում է ծրագրից դուրս եկած:

Հալաջյանը ենթադրում է, որ հավանաբար ծրագրին դիմողները շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեին դրսի ֆինանսավորումից՝ մտածելով, որ բնակարաններն իրենց են տրվելու շատ չնչին գումարներով կամ գրեթե անվճար: Չնայած նախնական թերթիկում բոլորն էլ լրացրել էին այն տողը, որ պատրաստ են գոնե 5000 դոլար վճարել մաս-մաս, միանգամից կամ վճարման այլ եղանակով:
«Բայց եթե անգամ գային ու ասեին, որ կարող են 500 դոլար ներդրում կատարել՝ կնքելով նոտարական պայմանագիր, մենք կհասկանայինք և կընդառաջեինք,- ասում է Հալաջյանը,- իսկ ծրագիրը կարող էր սկսվել մեկ շենքով, գոնե մեկ շենքում 50 ընտանիք կտեղավորվեր, ապա կամաց-կամաց առաջ կգնայինք: Այդ դեպքում մենք էլ կարող էինք դիմել կառավարությանը, որ ֆինանսապես աջակցի: Բայց հիմա պետությունն ասում է՝ եթե մարդը նոտարական պայմանագիր չի կնքել, ո՞ւմ համար եք շենքը կառուցում»:

Դիմումատուների համար պայմանագրում մի շատ կարևոր կետ էլ է նշվել, ըստ որի` ցանկացած պահի քաղաքացին կարող է հրաժարվել ծրագրից՝ իր վճարած գումարը հետ ստանալով: Այս ամենից հետո Լենա Հալաջյանը զարմացած է, որ մարդիկ չեն գալիս ու գործնական քայլեր չեն կատարում ծրագիրն իրագործելու համար:

Բայց եթե սիրիահայերին ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, քանի որ հազիվ են իրենց ծախսերը հոգում կամ խուսափում են ներդրումներ անելուց՝ չվստահելով ծրագրի իրագործմանը և վտանգի տակ չդնելով իրենց առանց այն էլ վտանգված ռեսուրսները, ապա Սփյուռքի անտարբերությունն այս ծրագրի նկատմամբ պարզապես անհասկանալի է:

Լենա Հալաջյանն ասում է, որ միայն իրենց ՀԿ-ի անունից 175 երկլեզու նամակ է հղվել Սփյուռքի հայկական կազմակերպություններ, սակայն որևէ արձագանք մինչ օրս չի ստացվել. «Անգամ չեն պատասխանել, որ գոնե ասեն՝ շնորհակալ ենք, ստացել ենք ձեր նամակը, բայց չենք կարող օգնել»:

ՀԿ-ի սիրիահայ ղեկավարը չի ուրանում Սփյուռքի դերը սիրիահայերին աջակցելու գործում, հատկապես` Սիրիա ուղարկվող օգնության տեսանկյունից, բայց եթե հարցը վերաբերում է Հայաստանից արտագաղթը կանխելուն, հայրենադարձությունը խթանելուն, ապա կարծում է, որ սա հենց այն է, ինչին պետք է օժանդակի հայկական Սփյուռքը:

big_1379495650_3688878Հալաջյանը չի հասկանում նաև մեր եկեղեցու լռությունը. «Լոս Անջելեսում մի խաչքար տեղադրելու համար 20 հազար դոլար են նվիրաբերում: Գուցե էնտեղ մի խաչքար տեղադրելու փոխարեն էստեղ մի ընտանիքի ապահովեն բնակարանով»:
Սակայն Լենա Հալաջյանն ամենից շատ վիրավորված է շրջանառվող այն լուրերից, թե իբր իրենց ծրագիրը ձախողվել է: «Ոմանք կարծես ներքուստ ուրախանում են, որ ծրագիրն առաջ չի գնում: Ես հիասթափված եմ այդ մարդկանցից: Եթե իրենք չեն ուզում նվիրաբերել, դա իրենց խնդիրն է, բայց չեմ կարող պատկերացնել, որ նմանօրինակ ծրագրի չիրականանալով ուրախացողը կարող է հայ կոչվել: Հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ համահայկական հարցի առաջ, և փոխանակ չարախնդալու, պետք է ձեռք ձեռքի տալով՝ այս գործը խթանենք, մարդկանց ոգևորենք և ամեն ինչ անենք, որ ծրագիրն իրականություն դառնա»:

Եվ մինչ ծրագրի պատասխանատուները ջանքեր են գործադրում այն իրականություն դարձնելու համար, Հայաստանը լքող սիրիահայերի թիվն օրեցօր ավելանում է:
Հալեպահայ մի կին, որի ընտանիքն արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում է, ասաց, որ պատրաստվում են օգոստոս ամսին Սիրիա վերադառնալ, քանի որ արդեն սպառվել են խնայած գումարները, որով բնակարանի վարձն ու ապրուստն են հոգում: «Արդեն 15 ամիս է՝ այստեղ ենք, բայց ամուսինս էդպես էլ գործ չի գտել: Ամսական 1200 դոլար ծախսում ենք, որից 400 դոլարը բնակարանի վարձն է: Այլևս չենք կարող, առանց աշխատանքի հնարավոր չէ, պետք է վերադառնանք Դամասկոս, որտեղ համեմատաբար խաղաղ է»:

Մեր զրուցակիցն անկեղծորեն ասաց, որ շատ է ուզում հաստատվել Հայաստանում, քանի որ այստեղ երեխաների համար շատ ավելի բարենպաստ պայմաններ կան բոլոր առումներով՝ անվտանգություն, որակյալ կրթություն և այլն, սակայն ստիպված են վերադառնալ պատերազմող երկիր, քանի որ այնտեղ գոնե հացի խնդիրը կարող են լուծել:

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը». մեկ տարի առաջ այսպես էինք վերնագրել մեր առաջին հոդվածն այս թեմայով՝ չնայած պատասխանատուների վստահությանն ու դրական տրամադրվածությանը: Այսօր հարցականներն է՛լ ավելի շատ են, իսկ ծրագրի ապագան՝ ավելի անորոշ: Սակայն չցանկանալով խտացնել իրականության գորշ գույները` միանում ենք Լենա Հալաջյանի կոչին՝ ուղղված ողջ հայությանը Հայրենիքում ու Սփյուռքում. «Յուրաքանչյուրդ կատարեք մեկ դոլարի ներդրում, և «Նոր Հալեպն» իրականություն կդառնա»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Ներգաղթյալները պարզապես վիճակագրական թվեր չեն. Մանո Խալիլի ֆիլմը` «Ոսկե ծիրանի» էկրաններին

Մանո Խալիլ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է քուրդ ռեժիսոր Մանո Խալիլի «Մեղվապահը» ֆիլմը:

Այն մի գեղեցիկ պատմություն է մեղվապահի մասին: Թուրք-քրդական պատերազմի թոհուբոհում նա կորցնում է ամեն ինչ՝ կնոջը, զավակներին, իր երկիրը և ավելի քան 500 մեղվի փեթակները՝ ապրուստի միջոցը: Նրան մնում է միայն իր սերն առ մեղուները և անխախտ հավատը մարդ անհատի նկատմամբ՝ անկախ ծագումից: Զրկանքներով լի երկարաձիգ ոդիսականից հետո մեղվապահը հայտնվում է Շվեյցարիայում և նոր կյանք սկսում մեղվապահության  հանդեպ տածած իր կրքի շնորհիվ:

«Սա մի մարդու մասին է, ով կորցրել է ամեն ինչ, բացի մարդկության, ընկերների և մեղուների հանդեպ տածած իր սիրուց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց իր ֆիլմը Մանո Խալիլը: Նա պատմեց, որ 4 տարի առաջ է իմացել այդ մեղվապահի կյանքի ողբերգության մասին և Շվեյցարիայի գողտրիկ անկյունում ապաստանած քրդի մասին պատմությունը նրան շատ ինքնատիպ և տաօրինակ էր թվացել.  «Երբ ես ասացի. որ ցանկանում եմ նրա մասին ֆիլմ նկարահանել, Իբրահիմը շատ ուրախացավ, որովհետև նա տեսել էր իմ ֆիլմերից մեկը»:

Ռեժիսորն ու մեղվապահը ժամանակի ընթացքում մտերմացել են և Խալիլի համար կարևոր էր ճիշտ կերպով հաղորդել այն գաղափարը, որ նա ցանկանում էր հաղորդել.    «Չեմ նկարահանել, որպեսզի հետո գնամ ինչ-որ փառատոնների մասնակցեմ:  Մեր միջև իսկապես մեծ ընկերություն ստեղծվեց, ես դեռ ժամանակ առ ժամանակ զանգում եմ Իբրահիմին; Նա ինքն էլ շատ էր ցանկանում, որ ֆիլմը լավ նկարահանվեր: Մի անգամ, երբ Իբրահիմը քնած էր, շատ հետաքրքիր պահ եղավ. նա խռռացնում էր, ես չէի ուզում դա նկարահանել, սակայն նա ասաց, որ պետք է դա էլ ներառել ֆիլմում, որպեսզի ամեն ինչ անկեղծ լինի»:

Մանո Խալիլը ընդգծեց, որ չի փորձել որևէ ազգային խնդիր բարձրացնել. «Քրդերը հայերի նման սփռված են ամբողջ աշխարհում: Փորձել եմ բարձրացնել ներգաղթյալների խնդիրը, ցույց տալ, որ նրանք պարզապես վիճակագրական թվեր չեն, այլ առաջին հերթին մարդ են; Այո´, գլխավոր կերպարը քուրդ է, սակայն իմ խնդիրը ազգային չէր: Նա մարդ է. ես հաշվի չեմ առել նրա ազգությունը կամ կրոնը: Ես ներկայացնում եմ նրա կյանքի ողբերգությունը: Իբրահիմը չի հայտնվել այլ երկրում, քանի որ ցանկացել է փող վաստակել, պարզապես այդպես են հանգամանքերը դասավորվել»:

Անկախ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։

Tigran_BalayanՊատասխան. Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։
Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցան հեռագրեր է հղել Մալայզիայի և Նիդերլանդերի ղեկավարներին։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով։

Պատասխան. Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։

Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ։

Անկախ

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։

 Անկախ

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքի վերաբերյալ

երևանի քաղաքապետարանԱվան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.

մի դեպքում խոսքը վերաբերում է բողոքող քաղաքացու կողմից մշակվող հողակտորի մի հատվածին, որը մինչև 2006թ. կազմակերպված հողի աճուրդ-վաճառքից հետո օտարված եղել է: Այս դեպքում աճուրդում շահող ճանաչված կողմը, համաձայնության գալով բողոքող քաղաքացու հետ, դրամական փոխհատուցում է տրամադրել նրան,

մյուս երկու դեպքերում համայնքային եւ այլ անձանց սեփականություն հանդիսացող (ընդ որում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մի հատվածը՝ համաձայն ՀՀ կառավարություն 15.12.2005թ. թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հանդիսանում է նախագծային ճանապարհ) հողատարածքներն օգտագործող քաղաքացիները պահանջում են դրանք անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշվել է, քաղաքացիները չեն ներկայացրել ՀՀ օրենսդրությանը համապատասխանող տվյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, հետեւաբար՝ դրանք ենթակա չեն տրամադրման։

Միաժամանակ հայտնում ենք, որ հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունք սահմանող դատական ակտերը բեկանվել են, և ներկայումս գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարանում, որից մեկ գործով քաղաքացու դիմումը մերժվել է։

Ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիների կողմից հնչեցված այն տեղեկատվությանը, թե տվյալ երեք տարածքները ներկայումս դրված են աճուրդի, ապա պնդում ենք որ համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքները 2006 թվականից ի վեր աճուրդի դրված չեն եղել, և ոչ ներկայում, ու ոչ էլ առաջիկայում դրանց աճուրդ չի նախատեսվում։

Պետք է նշենք, որ բողոքող երեք քաղաքացիները նաև փաստել են, որ մինչ օրս Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տվյալ հողատարածքներն ազատելու պահանջ չի ներկայացվել և կամ դրանց մշակմանը խոչընդոտելու որևէ քայլ չի ձեռնարկվել:

Վարչական շրջանի ղեկավարը կշարունակի տվյալ քաղաքացիների հետ քննարկել խնդրո առարկա հարցը, եւ քաղաքապետարանը հետևողական կլինի խնդիրներին օրենքով սահմանված կարգով լուծումներ տալու հարցում։

Տեսագրությունը հետևյալ հղումով. http://youtu.be/BlwH9Cl1hiE

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Լեդի Գագայի նախկին ասիստենտը գիրք է հրատարակելու

y_6bc4c2f5Լեդի Գագայի նախկին ասիստենտ Ջենիֆեր Օ’Նիլը հշողությունների գիրք է հրատարակելու` «Փառքի հրեշը» վերնագրով:

Օ’Նիլը 2 տարի ճանապարհորդել է ողջ աշխարհով հանձնարարություններ կատարել ու ինչպես ինքն է ասում, երգչուհու հետ քնել է նույն անկողնում, քանի որ, իբր, Լեդի Գագան մենակ քնել չէր կարողանում:

Atria Books հրատարակությունը հաղորդել է, որ գրքի հրատարակման շուրջ համաձայնագիրը արդեն ստորագրված է:

2011-ին Օ’Նիլը Լեդի Գագային դատի է տվել` արտաժամյա աշխատանքի համար վարձատրության պահանջով:

2013-ին նա ու երգչուհին փոխհամաձայնության եկան ու ասիստենտը իր հայցադիմումը հետ վերցրեց:

Անկախ

Մեքենան անցել է կնոջ ոտքի վրայով

ՈստիկանությունոՀուլիսի 17-ին, ժամը 15.05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքաթաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Նինա Ղ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքում, սուպերմարկետի դիմաց, ճանապարհն անցնելիս մեքենան անցել է ոտքի վրայով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1959 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը ժամը17.02-ին բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

Անկախ

Ներքին Կարմիրում գիտեն ինչպես խլացնել հակառակորդի կրակահերթի ձայնը

10555157_771517426204182_1230814253_nՕլիմպիական չեմպիոնների գյուղն ամեն օր սեփական մաշկի վրա է զգում թիկունքից հակառակորդի հարվածները: 2012 թ. օլիմպիական չեմպիոն, ձյուդոյիստ Արսեն Գալստյանի լուսանկարով վահանակը սահմանապահ համայնքի կենտրոնական հատվածում է: Նրա հաղթանակն է նաև, որ ոգևորում է սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակիչներին, գյուղով լրացուցիչ հպարտանալու առիթ տալիս: Ներքինկարմիրցի երեխաներից շատերն են ցանկանում մարզական աշխարհում Արսենի նման հաջողությունների հասնել: Մինչև այդ, սակայն, հասկանում են, որ պետք է լավ սովորեն, շատ պարապեն: Գյուղի միակ կրթօջախը հակառակորդի դիպուկահարների թիրախներից է, բայց, բարեբախտաբար լավ վիճակում է:
Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի շենքը բարերարների հատկացրած միջոցներով այս պահին վերանորոգվում է: Մոտ մեկ ամիս առաջ գյուղի մանկապարտեզի համար հենապատ է կառուցվել, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պաշտպանել հակառակորդի արձակած կրակահերթերից: Նախադպրոցական այս հաստատությունը նախատեսված է մոտ 50 երեխայի համար, 25 երեխա արդեն հաճախում է մանկապարտեզ, որի բակում ստեղծվել է նաև խաղահրապարակ:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով` մինչև նոր համայնքային կենտրոնի կառուցումը գյուղապետարանը ևս տեղակայված էր մանկապարտեզի շենքում: «Հակառակորդը բազմիցս կրակել է մանկապարտեզի, երեխաների ուղղությամբ: Այդ պատճառով մենք պատնեշ ենք կառուցել, մանկապարտեզի նորոգումն էլ ընթացքի մեջ է: Այս մանկապարտեզը մեր գյուղի նախկին դպրոցի շենքն է եղել, որտեղ ավարտել են Ներքին Կարմիրի առաջին շրջանավարտները»,- ասաց Մանվել Կամենդատյանը:
1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հրետակոծվել և հրկիզվել է համայնքային կենտրոնը, որտեղից գյուղացիները հրաշքով փրկել են գրադարանը` մոտ 5 հազար կտոր գրականություն: Գյուղի գրական հարստությունն այնուհետև ի պահ է տրվել մանկապարտեզին, որտեղից էլ այն տեղափոխվել է վերջերս բացված նոր համայնքային կենտրոն: «Ներքինկարմիրցիները նախընտրում են կարդալ մեծ մասամբ պատմական գրքեր, շատ են սիրում Րաֆֆի, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան, Ստեփան Զորյան, Վախթանգ Անանյան, Վահանգն Դավթյան, Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Շահան Շահնուր: Պատմական գրականության ընթերցումը որոշակիորեն ազդում է երեխաների կերպարի ձևավորման վրա: Համոզված եմ, որ սահմանին ապրող երեխայի մեջ հայրենասիրական զգացումներն ավելի ընդգծված են: Դպրոցականները վերցնում են առավելապես ծրագրային գրականություն: Մեր ամենատարեց ընթերցողը 70 տարեկան է, շատ է սիրում պատմական երկեր»,- ասում է գրադարանի ղեկավար Հասմիկ Դարբինյանը: Նրա խոսքով` գրքերը հիմնականում խորհրդային շրջանի են, դրանք համարում է թանգարանային նմուշներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազիվ են փրկել ադրբեջանական գնդակոծությունից:
10485980_771517712870820_543504168_nԳյուղի գրադարանավարը շատ կցանկանար համալրել գրադարանը ժամանակակից գրականությամբ, բայց այս պահին որևէ ծրագիր որևէ հրատարակչության կամ անհատի հետ չկա: Վերջին համալրումը եղել է վերջերս, գրադարանը նվեր է ստացել տավուշցի Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն:
6-րդ դասարանցի Մերի Շառյանը գրադարանի ակտիվ ընթերցողներից է, հիմա ձեռքին «Չարաճճի մկնիկի արկածներն» են: «Մոխրոտիկը» շատ եմ սիրում և կցանկանայի, որ բոլոր պատմությունները նման ավարտ ունենային: Չեմ ուզում, որ կռիվ լինի, մեր գյուղի վրա կրակեն: Մեր տանը մեկ սենյակն է մի քիչ ապահով տեղում, երբ սկսվում են կրակոցները, տեղափոխվում ենք այնտեղ, մյուս սենյակները նայում են հակառակորդի դիրքին»,- ասում է փոքրիկ Մերին: Ներքինկարմիրցի փոքրիկի երազանքն է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և դասավանդել հայրենի կրթօջախում: «Մեր դպրոցի ուսուցիչները շատ լավն են, լավ են սովորեցնում, մենք լավ հասկանում ենք, դրա համար էլ ուզում եմ նրանց նման լավ մասնագետ դառնամ»:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը հպարտ է դպրոցի բոլոր աշակերտներով: Կյանքի ու մահվան սահմանագծին ապրող համայնքի դպրոցահասակները մշտապես իրենց լավագույն ձևով են դրսևորում: Թեև դպրոցը ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 600-700 մետր, և երբեմն դասերն ընդհատվում են հանկարծակի կրակոցների վերսկսման պատճառով, ներքինկարմիրցի աշակերտները սովորում են բարձր առաջադիմությամբ: «Մեր շրջանավարտները այս տարվա բուհական ընդունելության քննություններին հավաքել են բարձր միավորներ, այդ փաստը չափազանց ոգևորող է: Երեխաներ, որոնց օրն անցնում է տուն-դպրոց-ապաստարան ճանապարհին, ամենաբարձրն են ստացել, դա մեզ համար մեծագույն հպարտություն է: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը պետք է մեր հանրապետությանը», – անթաքույց հպարտությամբ ընդգծում է գյուղապետը:
10526621_771517722870819_417654512_nՄանվել Կամենդատյանն ասաց, որ այս պահին գյուղում բնակվում է 1150 մարդ: Որպես սահմանամերձ բնակավայր` Ներքին Կարմիրաղբյուրն ունի որոշակի արտոնություններ, գյուղացիներն ազատված են հողի հարկից, ոռոգման ջրի օգտագործման համար էլ գործում է 50 տոկոս զեղչ: «Հավատացեք, դա որոշակիորեն ամրացնում է գյուղացու բազուկները, հողի հարկը կազմում է 4 մլն դրամ, կառավարությունը հատկացնում է դոտացիա: Հողի հարկի հետ կապված արտոնությունը սահմանված է կառավարության որոշմամբ, այն տրամադրվեց հանրապետության նախագահի մեր մարզ կատարած այցից հետո»:
Մանվել Կամենդատյանը նաև նշում է, որ ոչ միայն մշակովի այգետարածքները, այլև ամբողջ գյուղն է հակառակորդի նշանառության տակ, հետևաբար ոչ միայն հողի մշակումն է ռիսկային, այլև անգամ ապրելն այս սահմանագծին: Գրեթե օր չկա, որ սահմանին կրակոցներ չհնչեն: «Կրակոցներ են հնչում օրվա տարբեր ժամերին: Վնասները, լինեն տանիքի թիթեղներ, պատեր ու դարպասներ, այնքան շատ են, բայց և ոչ կարևոր: Խնդիրը հոգեբանական ազդեցությունն է, որ ունենում է հակառակորդի` հայկական կողմին ուղղված յուրաքանչյուր փամփուշտ»:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հակառակորդի կողմից նկատելի են զինտեխնիկայի կուտակումներ, Մանվել Կամենդատյանը նշեց, որ սահմանին ապրողի համար դա նորություն չէ: «Պարբերաբար թե՛ մեր, թե՛ նրանց կողմից լինում են զորավարժություններ, դա նաև այդ նպատակով է: Այդ փաստը չէ, որ մեզ անհանգստացնում է, այլ այն, որ դիպուկահարները շարունակում են գտնվել շփման գծում»:
Ադրբեջանական դիպուկահարների ու դիրքապահների արձակած կրակահերթերի ձայները ավագ ու կրտսեր հայ սահմանապահները խլացնում են` ընթերցելով, հող մշակելով, պարզապես ապրելով պատերազմի ու խաղաղության միջև…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

շտապ-օգնությունՀուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Տանյա Ա.-ն և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 12 շենքի բակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 17-ին, ժամը 15.20-ին, Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օլդսմոբիլ բռավադա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ առաջին ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 17-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19/Գ շենքի դիմաց «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2003 թ. ծնված Նանե Մ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 17-ից 18-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10 դեպքից՝ 9-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 2-ը, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Աղվան Հովսեփյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Նախագահի հրամանագրով նշանակվել է Քննչական կոմիտեի ղեկավար:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ եւ 51-րդ հոդվածների 1-ին մասերը, որոշում է կայացրել Աղվան Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:

 

Անկախ

«Պարզաբանեք` ով է այս ամենի պատասխանատուն». Կարեն Քոչարյանը՝ ԿԲ նախագահին

karen_kocharyan_2Բլոգեր Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին.

“Հարգելի պարոն Ջավադյան,

Ճի՞շտ են, արդյոք, այն պնդումները, որ մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը (առանց բացառության) չունեն էլեմենտար ծրագրային ապահովում, որպեսզի ՀՀ քաղաքացիների, որոնք, ի դեպ, միաժամանակ հանդիսանում են այդ բանկերի հաճախորդ (լավ իմաստով), հաշիվները չարգելափակվեն ամբողջովին, այլ սառեցվեն միայն ԴԱՀԿ-ի ներկայացրած տուգանքի չափով: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել այս քաոսային վիճակը շտկելու ուղղությամբ: Իսկ եթե իմ ինֆորմացիան սխալ է, ապա կրկին խնդրում եմ, պարզաբանեք, թե ինչու է նման իրավիճակ, և ով է այս ամենի պատասխանատուն”:
Քանի որ Արթուր Ջավադյանը ՖԲ-ի օգտատեր չէ, Կարեն Քոչարյանը լրատվամիջոցներին խնդրել է տարածել իր դիմումը, որպեսզի այն հնարավորինս շուտ հասնի ԿԲ նախագահին:

 

Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքները:

 

Անկախ

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

2_1215ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարևորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում  շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը քաղաքաշինության  նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ:

1_DilijanՏեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարաը ներկայացրել է  այն հիմնական սկզբունքները և չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման  խնդիրներին լուծում տալու ընթացքում:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:

4-schoolՔաղաքաշինության նախարարը այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաև` բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ:

 

«Երևանյան ամառ»՝ էրեբունիում

unnamedԷրեբունի վարչական շրջանում «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով կազմակերպված միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հայուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետևելու և մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների:

Միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաև գեղարվեստական մարմանամարզության և կարատեի ցուցադրական ելույթներով:

Ամառային ուրախ և բարձր տրամատրությունը էլ ավելի է բարձրացել բեմում տեսնելով և ունկնդրելով հայտնի երգիչ-երգչուհիների  ազգային ու էստրադային կատարումները:

Միջոցառման ամենակրտսեր մասնակիցներն էլ հնարավորություն են ունեցել շփվելու և խաղալու սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ