«Նոր Հալեպ». ոչ թե չարախնդալ, այլ 1 դոլարի նվիրատվություն կատարել

նոր հալեպ«Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերին մեզ հետ զրույցում ասում էր «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
Խոսքն Աշտարակ քաղաքում կառուցվելիք «Նոր Հալեպ» թաղամասի մասին է, որի գաղափարը ՀՀ սփյուռքի նախարարությանն է, և որի նպատակն է ստեղծել 7 հարկանի շենքերից բաղկացած թաղամաս՝ ընդհանուր առմամբ 488 բնակարանով, սիրիահայերի համար բավականին մատչելի պայմաններով:

Գաղափարն իրագործելու համար 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմեց Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում կայացրեց Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:
Սակայն անվճար հողահատկացումով խնդիրը չէր լուծվի. հարկավոր էին լուրջ ներդրումներ, քանի որ ծրագրի արժեքը մոտ 25 մլն դոլար է:

Սկսեցին աշխատանքներ տարվել հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասն էլ պետք է վճարեին այդ թաղամասում բնակարաններ ձեռք բերել ցանկացող սիրիահայերը, որի արժեքը մոտավոր հաշվարկներով կազմելու էր բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի 1 քմ-ը կարժենա մոտ 500 դոլար:

2015-ի Ամանորին հաշված ամիսներ են մնացել, սակայն շինարարությունը դեռ չի էլ մեկնարկել, քանի որ բարեգործների շնորհիվ հավաքված գումարն ընդամենը 52 մլն դրամ է, որից 10 մլն 60 000 դրամը հատկացվել է գեոդեզիական աշխատանքների կատարմանը: Ի դեպ, ամենամեծ նվիրատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 42 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրին դիմած 650 ընտանիքներին, ապա նրանցից ոչ մեկը մինչ օրս չի կնքել նոտարական պայմանագիր և ոչ մի լումա չի տրամադրել ծրագրի իրականացմանը:

images«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը ոչ միայն տարակուսած է, այլև հիասթափված: Նա այս պահի դրությամբ բոլոր դիմումատուներին համարում է ծրագրից դուրս եկած:

Հալաջյանը ենթադրում է, որ հավանաբար ծրագրին դիմողները շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեին դրսի ֆինանսավորումից՝ մտածելով, որ բնակարաններն իրենց են տրվելու շատ չնչին գումարներով կամ գրեթե անվճար: Չնայած նախնական թերթիկում բոլորն էլ լրացրել էին այն տողը, որ պատրաստ են գոնե 5000 դոլար վճարել մաս-մաս, միանգամից կամ վճարման այլ եղանակով:
«Բայց եթե անգամ գային ու ասեին, որ կարող են 500 դոլար ներդրում կատարել՝ կնքելով նոտարական պայմանագիր, մենք կհասկանայինք և կընդառաջեինք,- ասում է Հալաջյանը,- իսկ ծրագիրը կարող էր սկսվել մեկ շենքով, գոնե մեկ շենքում 50 ընտանիք կտեղավորվեր, ապա կամաց-կամաց առաջ կգնայինք: Այդ դեպքում մենք էլ կարող էինք դիմել կառավարությանը, որ ֆինանսապես աջակցի: Բայց հիմա պետությունն ասում է՝ եթե մարդը նոտարական պայմանագիր չի կնքել, ո՞ւմ համար եք շենքը կառուցում»:

Դիմումատուների համար պայմանագրում մի շատ կարևոր կետ էլ է նշվել, ըստ որի` ցանկացած պահի քաղաքացին կարող է հրաժարվել ծրագրից՝ իր վճարած գումարը հետ ստանալով: Այս ամենից հետո Լենա Հալաջյանը զարմացած է, որ մարդիկ չեն գալիս ու գործնական քայլեր չեն կատարում ծրագիրն իրագործելու համար:

Բայց եթե սիրիահայերին ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, քանի որ հազիվ են իրենց ծախսերը հոգում կամ խուսափում են ներդրումներ անելուց՝ չվստահելով ծրագրի իրագործմանը և վտանգի տակ չդնելով իրենց առանց այն էլ վտանգված ռեսուրսները, ապա Սփյուռքի անտարբերությունն այս ծրագրի նկատմամբ պարզապես անհասկանալի է:

Լենա Հալաջյանն ասում է, որ միայն իրենց ՀԿ-ի անունից 175 երկլեզու նամակ է հղվել Սփյուռքի հայկական կազմակերպություններ, սակայն որևէ արձագանք մինչ օրս չի ստացվել. «Անգամ չեն պատասխանել, որ գոնե ասեն՝ շնորհակալ ենք, ստացել ենք ձեր նամակը, բայց չենք կարող օգնել»:

ՀԿ-ի սիրիահայ ղեկավարը չի ուրանում Սփյուռքի դերը սիրիահայերին աջակցելու գործում, հատկապես` Սիրիա ուղարկվող օգնության տեսանկյունից, բայց եթե հարցը վերաբերում է Հայաստանից արտագաղթը կանխելուն, հայրենադարձությունը խթանելուն, ապա կարծում է, որ սա հենց այն է, ինչին պետք է օժանդակի հայկական Սփյուռքը:

big_1379495650_3688878Հալաջյանը չի հասկանում նաև մեր եկեղեցու լռությունը. «Լոս Անջելեսում մի խաչքար տեղադրելու համար 20 հազար դոլար են նվիրաբերում: Գուցե էնտեղ մի խաչքար տեղադրելու փոխարեն էստեղ մի ընտանիքի ապահովեն բնակարանով»:
Սակայն Լենա Հալաջյանն ամենից շատ վիրավորված է շրջանառվող այն լուրերից, թե իբր իրենց ծրագիրը ձախողվել է: «Ոմանք կարծես ներքուստ ուրախանում են, որ ծրագիրն առաջ չի գնում: Ես հիասթափված եմ այդ մարդկանցից: Եթե իրենք չեն ուզում նվիրաբերել, դա իրենց խնդիրն է, բայց չեմ կարող պատկերացնել, որ նմանօրինակ ծրագրի չիրականանալով ուրախացողը կարող է հայ կոչվել: Հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ համահայկական հարցի առաջ, և փոխանակ չարախնդալու, պետք է ձեռք ձեռքի տալով՝ այս գործը խթանենք, մարդկանց ոգևորենք և ամեն ինչ անենք, որ ծրագիրն իրականություն դառնա»:

Եվ մինչ ծրագրի պատասխանատուները ջանքեր են գործադրում այն իրականություն դարձնելու համար, Հայաստանը լքող սիրիահայերի թիվն օրեցօր ավելանում է:
Հալեպահայ մի կին, որի ընտանիքն արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում է, ասաց, որ պատրաստվում են օգոստոս ամսին Սիրիա վերադառնալ, քանի որ արդեն սպառվել են խնայած գումարները, որով բնակարանի վարձն ու ապրուստն են հոգում: «Արդեն 15 ամիս է՝ այստեղ ենք, բայց ամուսինս էդպես էլ գործ չի գտել: Ամսական 1200 դոլար ծախսում ենք, որից 400 դոլարը բնակարանի վարձն է: Այլևս չենք կարող, առանց աշխատանքի հնարավոր չէ, պետք է վերադառնանք Դամասկոս, որտեղ համեմատաբար խաղաղ է»:

Մեր զրուցակիցն անկեղծորեն ասաց, որ շատ է ուզում հաստատվել Հայաստանում, քանի որ այստեղ երեխաների համար շատ ավելի բարենպաստ պայմաններ կան բոլոր առումներով՝ անվտանգություն, որակյալ կրթություն և այլն, սակայն ստիպված են վերադառնալ պատերազմող երկիր, քանի որ այնտեղ գոնե հացի խնդիրը կարող են լուծել:

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը». մեկ տարի առաջ այսպես էինք վերնագրել մեր առաջին հոդվածն այս թեմայով՝ չնայած պատասխանատուների վստահությանն ու դրական տրամադրվածությանը: Այսօր հարցականներն է՛լ ավելի շատ են, իսկ ծրագրի ապագան՝ ավելի անորոշ: Սակայն չցանկանալով խտացնել իրականության գորշ գույները` միանում ենք Լենա Հալաջյանի կոչին՝ ուղղված ողջ հայությանը Հայրենիքում ու Սփյուռքում. «Յուրաքանչյուրդ կատարեք մեկ դոլարի ներդրում, և «Նոր Հալեպն» իրականություն կդառնա»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Tags: , ,