Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

ԱվտովթարԴեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում  «ՎԱԶ-21703»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի ուղևորուհին նույն օրը, ժամը 22.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Դեյու Նեքսիա»  և   «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյու Նեքսիա»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 Անկախ

Դոլարի գինը բորսայում` 405 դրամ

դոլարԴեկտեմբերի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

NASDAQ OMX Armenia

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 65 տարեկան է

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը65 տարի առաջ` դեկտեմբերի 10-ին, ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որում ասված է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:

ՄԱԿ-ի  Ընդհանուր վեհաժողովը հռչակագիրն ընդունել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին` երրորդ նստաշրջանի ժամանակ, 217A (III) որոշմամբ, Փարիզի Շայո պալատում, որին կողմ են քվեարկել 48 պետություն, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ են մնացել 7-ը` ԽՍՀՄ-ը, Ուկրաինական ԽՍՀ-ն, Բելառուսական ԽՍՀ-ն, Հարավսլավիան և Լեհաստանը, նաև Սաուդյան Արաբիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 1950 թ. Ընդհանուր վեհաժողովի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն այն փաստաթուղթն է, որը բովանդակում է մարդու հիմնական իրավունքների համակարգված շարադրանքը: Վաղուց արդեն շրջանառվում են մարդու իրավունքներ հասկացության սահմանման տարբեր մեկնաբանություններ: Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է. իրավունքների այն խումբը, որն անհրաժեշտ է մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար, ընդունված է անվանել մարդու իրավունքներ:  Այսօր` XXI դարում, մարդը տեխնիկական, գիտական հզոր նվաճումների է հասել, սակայն դեռևս խնդիր են մնում արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը և հռչակագրով ամրագրված շատ այլ իրավունքներ:

Հռչակագրի ընդունմամբ խնդիր դրվեց, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները և հասարակական կազմակերպությունները՝ նախապատվություն տալով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը խրախուսելուն և զարգացնելուն՝ առանց ռասայի, սեռի, դավանանքի խտրականության:

Հռչակագիրը դարձավ կարևոր փուլ համաշխարհային հանրության քաղաքակրթության առաջընթացում, անձի հավասարության, իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային նորմերի հարգման և պահպանման աստիճանի որոշման գործում: Այդ փաստաթղթերի սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ն ընդունել է միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք, ի տարբերություն հռչակագրի, ունեն ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր բնույթ ստորագրած պետությունների համար: Հատկանշական է, որ առաջադեմ երկրների սահմանադրությունները հիմնականում համապատասխանեցված են  հռչակագրի դրույթներին:

Հարկ է նկատել, որ հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով` դրանով իսկ մտնելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջատար տարբեր լեզուներով թարգմանված տեքստերի մեջ: Այն բաղկացած է 30 հոդվածներից և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ գործող օրենսդրությամբ:  Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 21-ին:

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն լինի

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Երևանի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.20C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C

Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում

ազատ սարգսյանԻնչպես  Անկախին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:

Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԴեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:

Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը արծարծվեց հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Անկախ

Վերականգնվել է Տաթև – Աղվանի – Կապան ավտոճանապարհի փլուզված հատվածը

ճանապարհՀՀ տրանսպորտի  և կապի նախարարությունից  Անկախին հայտնեցին, որ   2013թ.  վերականգնվել   և  շահագործման  են հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Տաթև համայնքով  անցնող  հանրապետական   նշանակության  Տաթև – Աղվանի – Կապան  ավտոճանապարհի  կմ 14+800  և կմ 23+500 փլուզված  հատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:

Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Անկախ

ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով

ՀԿԵ ՓԲԸՉնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից և 2-ը՝ Սևանից:

Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

 

 Անկախ

ՀՅԴ Երևանի կոմիտե.Մասնակցեք Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին

ՀՅԴ2014 թվականի հունվարի 1-ից   ուժի մեջ  է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ  արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։   2014թ.  գործարկվող “Կուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին  փոխանցել  իրենց  չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։

Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:

Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։

Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց  թափանցիկության հետ։

Առաջարկվող մոդելը  միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և  ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև  չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

Ավաղ, վերոնշյալ  և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝  մերժելով անգամ  Ազգային ժողովում հարցը  քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը: “ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։

ՀՅԴ Երևանի կոմիտեն՝  կարևորելով  ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը,  կոչ է անում երևանցիներին մասնակցելու  դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին  Ազատության հրապարակում մեկնարկող  ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։

Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի։

 

   ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՄԻՏԵ

 Անկախ

Ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք

Զենք-զինամթերքՈստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում  արձանագրվել է քաղաքացիների կողմից  զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել.
-ԱԿ-74 ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 3760 փամփուշտ,
-ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 14 փամփուշտ,
-5.45 մմ տրամաչափի 372 կրակված պարկուճ,
-ՍՎԴ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 81 փամփուշտ,
-գնդացրի 4 պարկուճ,
-որսորդական հրացանի E 30949 գրառմամբ փող,
-Г 521213 գրառմամբ  մեկնարկային ատրճանակ,
-որսորդական 2 հրացան,
-2 ինքնաձիգ,
-ՌԳ տեսակի 42 նռնակ,
-նռնակի 15 պայթուցիչ,
-ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչների ապամոնտաժված մասեր:

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունՈստիկանությունից Անկախին հայտնում են, որ ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 3, խուլիգանության, յուրացման կամ վատնման, դրամանենգության և մաքսանենգության  1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է յուրացման կամ վատնման` 1, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 3-ական  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Անկախ

Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ

ծեծՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս

սպանությունԻնչպես նախկինում տեղեկացրել էինք` դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:
Պարզվել էր նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի  և Տավուշի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ռուս-Վրացական սահմանային անցակետը հատելու ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ծառայողներին է հանձնվել 1983 թ. ծնված Արա Մ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին:
Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, Ակունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող  ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն  Հայրապետյանի և Կամսար  Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ և մահացել:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է Լուսակունք-Խաչաղբյուր գյուղերի ճանապարհի խաչմերուկում գտնվող ալեհավաքի մոտից:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Արա Մ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Լսողությունը լինում է` լավ, վատ կամ էլ` ընտրողական

ol3001386329614Ձևակերպման սխալ չէ սա. «Hearing Journal» գիտական հանդեսում է ասվում, որ տղամարդիկ ու կանայք պետք է իմանան, որ “ընտրողական լսողությունը” երկու սեռերի փոխհարաբերություններում լուրջ փորձության  կարող է վերածվել:

Նորֆոլքի ու Նորիջի համալսարանների գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել, որոնց մասնակցել է 40 տղամարդ ու նույնքան էլ կին, ու հանգել հետևյալ  եզրակացության. տղամարդիկ շատ ավելի լավ են լսում մեկ ուրիշ տղամարդու  խոսքը, իսկ կանայք` մեկ ուրիշ կնոջ ասածը:

Բացի այդ, ընտրողական լսողությունը ստիպում է, որ մարդիկ արձագանքեն իրենց համար առավել հետաքրքիր բառերին, օրինակ,  տղամարդկանց դեպքում,ասենք` “գարեջուրը” կամ  “Ֆուտբոլը”, կանանց էլ  գրավում են` “շոկոլադն” ու “գնումները”: Ըստ երևույթն, այդ է պատճառը, որ հաճախ կանայք  բողոքում են տղամարդու անուշադրությունից կամ էլ նրան հաղորդված այս կամ այն տեղեկության նկատմամբ անտարբերությունից: Ամենայն հավանականությամբ, դրանք տղամարդու համար հետաքրքիր չեն, կամ էլ  կարևոր, որոշիչ խոսքեր չեն պարունակում:

 

Ի ՞նչ հարցեր են բարձրացվել Մադրիդում 50-ից ավելի երկրների Հանրային խորհուրդների կողմից

images (1)

Հարցազրույց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ՝ դեկտեմբերի 3-4-ը Մադրիդում կայացած «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային  համաժողովի վերաբերյալ, որին մասնակցել է նաև ՀԽ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանի և Արշակ Սադոյանի:

–       Պ-ն Սաֆարյան, վերջերս Հանրային Խորհրդի պատվիրակությունը մասնակցեց միջազգային կոնֆերանսի:  Ի՞նչ կոնֆերանս էր դա և ինչ հարցեր են քննարկվել այդ կոնֆերանսում:

 

–       ՀՀ Հանրային Խորհրդի պատվիրակությունը 2013թ դեկտեմբերի 3-4-ը մասնակցեց  Մադրիդում կայացած միջազգային կոնֆերանսի, որի կազմակերպիչներն էին Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը (ԱՄԿ), Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիան, որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը: Կոնֆերանսի օրակարգում դրված էր «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի և գործազրկության հաղթահարման ուղղությամբ» հարցը:

 

–       Ինչ երկրներ էին մասնակցում այդ կոնֆերանսին:

 

–       Կոնֆերանսը ներկայացուցչական էր, որի աշխատանքներին մասնակցում էին Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Աֆրիկայի 50-ից ավելի երկրների 125 պատվիրակներ, ինչպես նաև փորձագետներ՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունից (ԱՄԿ), Արժույթի Միջազգային Հիմնադրամից (ԱՄՀ), Եվրամիությունից, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Իսպանիայի ներկայացուցչությունից և այլ կառույցներից:

 

Կոնֆերանսի բացման նիստը վարում էր ԱՀԿ Մադրիդի գրասենյակի տնօրեն Ժոագուին Նիետոն, իսկ բացման խոսքով  հանդես եկան Մարկոս Պենան՝ Իսպանիայի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Սանդա Պոլասկին՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) փոխնախագահը և Եվգենի Վելիխովը Ռուսաստանի Դաշնության Հանրային Պալատի նախագահը, ով միաժամանակ նաև Տնտեսական և սոցիալական Խորհուրդների միջազգային ասոցիացիայի նախագահն է:

 

Գլխավոր զեկուցողը ԱՄԿ-ի Ժնևյան գրասենյակի ներկայացուցիչ Ռայմոնդ Տորեսն էր: Նա ներկայացրեց ծավալուն զեկույց – վերլուծություն, որն  ընդգրկում էր  համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ   կատարած աշխատանքները՝ ելակետ ունենալով  Աֆրիկայի 14, Արաբական 3, Լատինական Ամերիկայի 8, Ասիայի 22  երկրների Տնտեսական և սոցիալական խորհուրդների կողմից նախօրոք ստացված տվյալները: Զեկուցման շուրջ ծավալվեց մտքերի լայն փոխանակում, քննարկումներ, որոնք որոնք շարունակվեցին երկու օր տևած կոնֆերանսի 6 նիստերում: Իրենց տեսակետներն արտահայտեցին 32 երկրների ներկայացուցիչներ:

 

–       Ի՞նչ հարցերի շուրջը ծավալվեցին հիմնական ելույթներն ու քննարկումները:

 

–       Նիստերում քննարկված հիմնական թեմաները օրակարգային հարցի շրջանակում էին: Այսպես օրինակ՝ համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամը, որի դեմ  քայլեր ձեռնարկելու ժամանակն է, տնտեսական և սոցիալական խորհուրդների  ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան, սոցիալական երկխոսության դերը համաշխարհային ֆինանսական, տնտեսական և գործազրկությանն ի պատասխան: Ելույթ ունեցողները խոսում էին 2008 թ. իրենց երկրներին  հասցված տնտեսական ճգնաժամի վնասների մասին, կարևորում ճգնաժամի ժամանակ Կառավարության, Գործատուների և Արհմիությունների միջև սոցիալական երկխոսության ծավալումը՝  փոխըմբռման, կոնֆլիկտների, վեճերի լուծման և այլ հարցերում: Կարևոր միտք հնչեց, որ ճգնաժամի պրոբլեմները գլոբալ են, իսկ դրանց հաղթահարման ճանապարհները՝ տարածաշրջանային կամ ազգային: Եվ անհրաժեշտ է գտնել արդյունավետ մեխանիզմ սոցիալական երկխոսությամբ մեղմացնելու ճգնաժամի հետևանքները: Կարևոր մտքեր արտահայտեց Ալժիրի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ դոկտոր Բաբեսը՝  ճգնաժամերի անցումային պրոցեսների կարգավորման, գիտելիքի վրա հիմնված տնտեսության, մարդու  ինքնադրսևորման, գենդերային հարցերի և այլնի մասին:

 

–       Ի՞նչ խնդիրներ առանձնացրեցին մասնակից մյուս երկների ներկայացուցիչները:

 

–       Իսպանիայի ներկայացուցիչը նշեց, որ իրենց երկրում ճգնաժամի հետևանքով  ազգաբնակչության 26%-ը գործազուրկ է: Հունգարիայի ներկայացուցիչը կարևորեց տնտեսության վերակազմավորումը և հայտնեց, որ ընդհանուր գործազրկության մակարդակը 7% է, իսկ երիտասարդության 28%-ը ոչ աշխատում է, ոչ էլ սովորում:

Հոլանդիայի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց երկրում գործազրկությունը 7% է: Նրանց անհանգստացնում է  արտաքին առևտրի ծավալների կրճատումը:

Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ի. Դիսկինը կարևորեց հանրային պալատների իրավական կարգավիճակի մասին հարցը՝ գտնելով, որ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել հանրային վերահսկողությունը:

Ճապոնիայի ներկայացուցիչը նշեց, որ իրենց մոտ 2012թ գործազրկությունը եղել է 5.5%, իսկ 2013թ այն 4.4%-ի սահմաններում է, միաժամանակ կարևորեց սուբսիդիաների տրամադրումը ձեռնարկություններին ճգնաժամերի ժամանակ:

Սենեգալի ներկայացուցիչը խոսեց, որ Աֆրիկան այսօր դարձել է յուրօրինակ «Էլդորադո» ներդնողների համար:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը խոսեց, որ ճգնաժամերի ժամանակ պետք է ճնշում գործադրել կառավարությունների վրա կրճատելու բյուջետային ծախսերը, եթե արտաքին պարտքը նորմատիվից մեծ տոկոս է կազմում ՀՆԱ-ի նկատմամբ:

Եվրոմիության ներկայացուցիչ Էվելինա Պեժոտը խոսեց սոցիալական արդարության, անդրազգային կորպորացիաների, սոցիալական երկխոսությունը որպես խնդիրների լուծման, այլ ոչ թե խնդիրների ստեղծման գործիք դարձնելու մասին: Նա կարևորեց նաև մարդկանց մոտ  ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ վստահության վերականգնման անհրաժեշտությունը:

Եվրոպայի Տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչ Յուան Մենդոզան իր ելույթում ասաց, որ եթե մինչև ճգնաժամը Եվրոպայում 7մլն գործազուրկ կար, ապա ճգնաժամի հետևանքով գործազուրկների թիվն անցել է 27 մլն մարդուց: Սոցիալական լարվածությունը պարարտ հող կարող է հանդիսանալ նացիոնալիստական և ֆաշիստական  կազմակերպությունների ակտիվացման համար:

 

–       Ի՞նչ հարցեր բարձրացվեցին Ձեր կողմից:

 

–       Նախ ասեմ, որ իմ ելույթը նախապես ուղարկվել էր կոնֆերանսի կազմկոմիտե Հանրային խորհրդի կողմից և բաժանվել պատվիրակներին: Քննարկումների ժամանակ մենք մի շարք հարցեր ուղղեցինք ելույթ ունեցողներին: Օրինակ, Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցչին հարց ուղղեցինք, որ լավ կլիներ քնննարկման թեման լիներ ոչ թե ճգնաժամերի հաղթահարման ուղիների, մասնավորապես սոցիալական երխոսության միջոցով, այլ այն մասին, թե ինչպիսի համակարգված գլոբալ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի բացառվեն ճգնաժամերը, քանի որ դրանք առաջ են բերում գործազրկություն, իսկ գործազուրկները տնտեսապես առավել խոցելի երկրներից գնում են քիչ թե շատ պաշտպանված երկրներ և դառնում  սոցիալական լրացուցիչ  բեռ այդ երկրների համար: Մեր հարցադրումներն ուղղված էին նորանկախ երկրների համար տնտեսության զարգացումն ապահովող հարկային, ֆինանսա-վարկային, տարադրամային այնպիսի քաղաքականություն վարելու երաշխավորություններ տալուն, որը կբերի տնտեսության իրական հատվածի զարգացմանը, այլ ոչ թե նրանց կվերածի զարգացած երկրների հումքային կցորդի:

ԱՄՀ ներկայացուցիչ, փորձագետ Պրակաշ Լոունգալին քննադատում էր այն երկրներին, որոնց բյուջետային ծախսերը գերազանցում էին եկամուտների նորմատիվային սահմանները, մեր հարցադրումը նրան այն մասին էր, որ նախ պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ էապես ավելացվեն  եկամուտները, որոնք էլ թույլ կտան մեծացնել բյուջետային  ծախսերը:  Բրազիլիայի ներկայացուցիչ Պաուլո Սիմաոն մեր հարցին ՝ Արդյունաբերության ոլորտի  վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ, իրազեկեց, որ այն 1% -ի սահմաններում է:

Սոցիալ-տնտեսական խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Վենտուրինին հարց ուղղեցինք՝ արդյոք ավելի լավ չէ՞ր, որպեսզի հաջորդ կոնֆերանսը նվիրվեր համաշխարհային տնտեսական ճգնաժամերի կանխարգելման ֆինանսատնտեսական քայլերին:

 

–       Ինչպե՞ս արձագանքեց:

–       Հայտարարվեց, որ հաջորդ կոնֆերանսը կանցկացվի 2014թ փետրվարին՝ Իտալիայում:

 

–       Այդ թեմայո՞վ:

–       Հուսանք…

 

Անկախ

 

ՀՀ ԶՈՒ գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ. ՊՆ

պնՍույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:

Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

ՊՆ  մամլո ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան

Տարոն Մարգարյանը թբիլիսիումԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի «Քարվասլա»  պատմության թանգարան:

Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին:

Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են:

Ինչպես Անկախին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ջերմ ընդունելության ու ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Թբիլիսիի պատմության թանգարանում հայկական ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

 

 

Վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը

ազատ սարգսյանՀՀ Նախագահի աշխատակազմը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:

Անկախի խմբակրակազմը ցավակցում է ՀՀ նախագահին և Սարգսյանների ընտանիքին Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը

ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ   մերկասառույց է:

Սաստիկ  բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00 – ից  մինչև 7:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Անկախ

Վախճանվել է բրիտանացի լեգենդար դերասան Պիտեր Օ’ Թուլը

Portrait-of-actor-Peter-OToole-holding-cigarette-1138962Լոնդոնում  կյանքի 82-րդ տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է հանրահայտ դերասան Պիտեր Օ’Թուլը:

Վերջին տարիներին դերասանը տառապում էր պանկրեատիտով. նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել է 70-ականներին: Օ’Թուլի հիվանդության պատճառն ալկոհոլի նկատմամբ հակումն էր, սակայն աղիքների մի մասի հեռացումից հետո` նա դադարեց խմել:

Օ’Թուլը ճանաչված դարձավ 1962-ին, Լոուրենս Արաբացու` նույնանուն ֆիլմում  դերակատարման շնորհիվ: Բացի այդ, նա խաղացել է “Ինչպես գողանալ միլիոն”,”Առյուծը ձմռանը”,”Կալիգուլա”,”Վերջին կայսրը”,”Տրոյա” ֆիլմերում:

Ընդհանուր առմամբ նա 8 անգամ է ներկայացվել ‘Օսկարի” մրցանակի, սակայն երբևէ երանելի արձանիկ չի ստացել: 2012-ին նա պաշտոնապես հայտարարեց դերասանական կարիերայի ավարտի մասին.”Ես այլևս հոգեկան ուժ չունեմ նկարահանվելու համար, ու դա այլևս անդառնալի  է”:

Դերասանի վախճանի կապակցությամբ ցավակցություն են հայտնել վարչապետ Դևիդ Քեմերունն ու Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը:

Անկախ