Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի  ճանապարհահատվածներում և Սելիմի  լեռնանցքում տեղ – տեղ   առկա է  մերկասառույց :

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյան, Իտալիա, դեսպան Ջովաննի Ռիչուլի

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական կապերի հետևողական զարգացման գործում նա իր որոշակի ներդրումը կունենա: Գոհունակությամբ արձանագրելով նախորդ դեսպանի՝ Բրունո Սկապինիի դիվանագիտական առաքելության ժամանակաշրջանում որակական նոր մակարդակի բարձրացված հայ-իտալական հարաբերություններն ու ընդլայնված երկկողմ փոխգործակցության օրակարգը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքի և երկու պետությունների ու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների ամուր հիմքի վրա, նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում, երկկողմ կապերն ավելի կսերտանան:

Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրների շարքում Իտալիան հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իտալիայի հետ Հայաստանի մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային հարուստ անցյալը, կրթական և գիտական մեծ ներուժը:

Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիայի՝ 2014թ. ԵՄ նախագահության շրջանում Արևելյան գործընկերությունը կմնա առաջնահերթությունների շարքում:

Դեսպան Ջովաննի Ռիչուլին վստահեցրել է, որ այդ ընթացքում ևս իր երկիրը կաջակցի Հայաստանին՝ եվրոպական օրակարգի շրջանակներում բարեփոխումների իրականացման ճանապարհին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է հիմնադրման 45-ամյակը

Էրեբունի թանգարանԵրևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառմանը։

Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանի աշխատակիցներին և, շնորհակալություն հայտնելով հայրենանվեր աշխատանքի համար, նրանց է հղել Երևանի քաղաքապետի՝ օրվա առթիվ ուղերձը։
«Մեր քաղաքի օրրանն է Էրեբունի քաղաքատեղին, որի անխաթար պահպանությունը Երևանի զարգացման դինամիկայում մեր կարևորագույն նշանառություններից է։ Հնագիտական այս շերտերի պահպանությունը պատասխանատվություն է թե՛ երևանցիների և թե՛ ողջ մշակութային հանրույթի առջև։ Շնորհավորում եմ «Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակիցներին թանգարանի ստեղծման 45-ամյակի առթիվ։ Շնորհակալ եմ ձեր համեստ և անբասիր աշխատանքի համար, որի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի ներկայացվում է Երևանի ծննդյան պատմությունը»,- նշված է քաղաքապետի ուղերձում։

Նշենք, որ «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրը պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակի առթիվ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել էր քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի մի շարք աշխատակիցներ՝ քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով։

Անկախ

Լրացուցիչ տեղեկություններ Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից

կրակոցԴեկտեմբերի 13-ին, 00.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը,  ժամը 00.30-ին, «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա»  ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը  դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա  տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ,    նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Լևոն Յոլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

հհ նախագահի հրամանագիրըՀՀ նախագահի հրամանագիրը Լ. Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Տեղի է ունեցել ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՊՆ,միջգերատեսչական հանձնաժողովԴեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:  Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջ և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջև ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը և այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձևավորումը:

Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Շնորհավորելով բոլոր ներկա գտնվողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց  ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց ռազմավարական վերանայման առանձին փուլերին Հայաստանի Հանրապետության գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաև դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տվեց հստակ ցուցումներ ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

Անկախ

Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

սերժ սարգսյան,էկոնոմիկայի նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:

2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:

Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կա¬տարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 Անկախ

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

մաքսայինՀատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանին և մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանին, այն բանի համար, որ նրանք 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 10.098.000 ՀՀ դրամի տեխնիկա:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Ակունք գյուղում գիշերը երկու երիտասարդ են մահացել, որոնցից մեկը՝ հրազենային վնասվածքից

կրակոցԳեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է  ոստիկանությունից: Նախ գլխուղեղի տրավմայով գիշերը  3.00-ի  սահմաններում Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, սակայն ավելի ուշ մահացել է:

Հարազատները հայտնել են, թե վայր է ընկել, բայց դեպքի վայրում ավելի ուշ ոստիկանները  հրազենային վնասվածքով հայտնաբերել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ բերանքսիվայր վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ:

Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ինչպես նաեւ նշեցին, որ այդ օրը գյուղում իրենց համագյուղացիներից մեկի մահվան 7-րդ օրն են նշել:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

 քրեակատարողական հիմնարկ
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Մանկապարտեզի տարածքը վաճառվում է $200.000-ով

Անահիտ-ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ.

 

«Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:

 

Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

 

Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը:

 

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 15,88 մլն դոլարի առք և վաճառք

դոլարԴեկտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,714,785 ԱՄՆ դոլար 404.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,158,467 ԱՄՆ դոլար 406.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,719,157 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,233,516 EUR 554.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,945,787 EUR 558.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 780,699,761 ՌԴ ռուբլի 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,853,185 ՌԴ ռուբլի 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

արկադի վարդանյանԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն:
Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:
Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի  առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:
Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  hանցագործության մասին չհայտնելը:

Մաքրվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների բակերը

004 Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները: Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ: Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են  «Տեխնոլոգիա»  առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաև մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաև երեխաների ծնողների աջակցությամբ:

Առաջիկա օրերին միայն Վայոց Ձորում և Սյունիքում ձյուն կգա, Երևանում`ոչ

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է  առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ:
Երևանի  դեկտեմբերի  14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան               15.00C (1945 թ.)· Օդի նվազագույն ջերմաստիճան                  -17.50C (1956 թ.)

·Օդի միջին օրական ջերմաստիճան                0.50C

Դիսպետչերը կանխել է Երեւան-Մոսկվա օդանավի բախումը. նրան պարգեւատրել են

երկինքԱվիադիսպետչեր Վալենտին Զմիեւսկին, որը նոյեմբերի 6-ին կանխել էր Մոսկվայի երկնքում երկու «Բոինգ» օդանավերի բախումը, մրցանակ է ստացել:  «Ինձ պատվոգիր եւ դրամական պարգեւ են տվել»,- LifeNews-ին ասել է ինքը՝ Զմիեւսկին:

Հիշեցնենք, դեպքը կատարվել էր նոյեմբերի 6-ին: Երեւանից մեկնած օդանավը անհասկանալի պատճառով շեղվել էր ուղղությունից եւ հայտնվել մեկ այլ  «Բոինգ»-ի ճանապարհին:  Ընդ որում՝ երկու օդանավերն էլ նույն բարձրության վրա էին եղել՝ 600 մետր: Օդանավերը մոտեցել էին այնքան, որ նրանց միջեւ հեռավորությունը կազմել էր  2,5 կմ:

 

Ռումինացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց

Իոան ԴեիասԴեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասի դիակը:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Ապօրինի ծառահատում Երևանում

Ապօրինի ծառահատումԴեկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի Համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Պարզվել է, որ նա դեկտեմբերին Նորք-Մարաշ վարչական շրջանի «Անտառտնտեսության» տարածքից տարբեր օրերի կտրել է 5 և վնասել ևս 5 տարբեր ծառեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, ապօրինի ծառահատման և յուրացման կամ վատնման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի` 1, գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: