ՀՀ նախագահը փոխել է Շվեդիայի Թագավորությունում Հ Հ արտակարգ և լիազոր դեսպանին

հհ նախագահի հրամանագիրըՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Ա. Այվազյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու  և

Ա. Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և մառախուղ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ին ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և մառախուղ:
Երևանի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1943թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1953թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.90C

Փոխվարչապետն ընդունեց Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներին

Փոխվարչապետ,Եվրոպայի խորհրդի Կոնգրես, Հայաստանի հարցՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նայջել Մերմագենին (Nigel Mermagen) եւ Լյուդմիլա Սֆիրլոգային (Ludmila Sfirloaga): Պատվիրակությունը Հայաստանում է` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային համապատասխան` տարածքային ժողովրդավարության եւ ապակենտրոնացման հարցում ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել առաքելությանը եւ պատասխանեց նաեւ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, համայնքների կարողությունների զարգացման խնդիրներին, վարչատարածքային բարեփոխումներին:

Պատասխանելով համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման մասին հարցին, փոխվարչապետը նշեց, որ այս խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վերջին տարիներին ուշադրությունը սեւեռված է եղել տեղերում վարչարարության բարելավմանը: Որպես օրինակ նա նշեց, որ 2007թ. հավաքագրված սեփական եկամուտների ընդհանուր ծավալը կազմում էր 16-17 մլրդ դրամ, մինչդեռ այս տարին կավարտվի գրեթե կրկնակի ցուցանիշով:
“Հիմա մեզ համար ամենահիմնական խնդիրը պետության կողմից համայնքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելի նպատակային եւ ավելի հասցեական դարձնելն է: Այդ պատճառով էլ մշակվել է ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագիծը, որի լրամշակման ուղղությամբ աշխատում ենք նաեւ եվրոպացի փորձագետների հետ”,-նշեց Ա. Գեւորգյանը: Նա միաժամանակ նկատեց, որ ավելացվել է նաեւ համայնքներին պետության կողմից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիաների ծավալը. 2007թ. 18 միլիարդի փոխարեն այս տարի համայնքներին կհատկացվի շուրջ 36 մլրդ դրամ:

Պատասխանելով համայնքներում մարդկային ռեսուրսի զարգացման մասին հարցին, Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեւավորվել եւ արդեն գործում է համայնքային ծառայության ինստիտուտը, որի հիմքերը Խարտիան ստորագրելու պահին` 2002թ-ին, անգամ դրված չէին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ եւ ուսուցումներ ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների համար:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ վարչատարածքային բարեփոխումների իրականացման սկզբունքների մասին:
Նա նաեւ ադրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող հատվածին` նշելով, որ մի քանի շաբաթ առաջ ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ ղեկավար կոմիտեի նիստում որոշվել են իրականացվելիք աշխատանքների ուղղությունները: Դրանք վերաբերելու են վարչատարածքային բարեփոխումների, ֆինանսական ապակենտրոնացման հետագա քայլերի օժանդակությանը, համայնքների կարողությունների զարգացմանը:

Զեկուցողները տեղեկացրեցին, որ այցից հետո կպատրաստեն զեկույցի եւ առաջարկությունների նախագիծ, որոնք կներկայացվեն Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովին, Կոնգրեսի լիագումար նիստում այն նախատեսվում է քննարկել 2014թ. մարտին: Զեկույցի նախագիծը նախապես կներկայացվի նաեւ հայկական կողմին` առաջարկություններ ստանալու նպատակով:

Գրքի շնորհանդես Կանադայում

Գրքի շնորհանդես ԿանադայումՆոյեմբերի 23-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, որը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ներկայացրեց հյուրին եւ կարեւորեց Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ համապարփակ անգլալեզու ուղեցույցի առկայությունը:

Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես եկավ Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ:

Միջոցառմանը ներկա էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կանադայում գտնվելու ընթացքում Մեթյու Քարանյանն իր ուղեցույցը հանրությանն է ներկայացրել նաեւ Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում:

 

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյան,Նիդերլանդների դեսպանՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է և պատրաստակամ՝ առավել ակտիվացնելու երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Նախագահի հավաստմամբ, այդ ցանկությունից ելնելով է, որ Հայաստանը Նիդերլանդներում բացել է դեսպանություն՝ համոզված լինելով, որ այդ քայլը դրականորեն կանդրադառնա երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Նիդերլանդների դեսպանը համակարծիք են եղել, որ չնայած միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Նիդերլանդները բավականին արդյունավետ և բազմաբնույթ փոխգործակցություն ունեն, Նիդերլանդները նաև շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, այդուհանդերձ, երկկողմ հարաբերություններն առավել սերտացնելու և փոխգործակցությունն ընդլայնելու զգալի չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ աշխատել:

Դեսպան Հորբախը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ երկկողմ միջպետական կապերն առավել սերտացնելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Մեկնարկել է «Հանրային հաղորդակցություն. Արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովը

գիտաժողով    Երևանում այսօր մեկնարկեց «Հանրային հաղորդակցություն. Արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովը, որի նպատակն է վեր հանել ակադեմիական և գործնական ոլորտներում տեղի ունեցող հաղորդակցության և PR գործընթացները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ցանցի ստեղծումը:

Գիտաժողովի հատուկ հյուրն էր Կիևի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ, տեղեկատվական պատերազմների, մարքեթինգի և ռազմավարական հարցերի տեսաբան Գեորգի Պոչենցովը, ով իր խոսքում կիսվեց իր բազմամյա փորձից, ինչպես նաև խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք առկա են ոլորտում: Իր ելույթում ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտ. թեկնածու Արման Սաղաթելյանը նշեց, որ «ոլորտի զարգացման գործում դեռ մեծ աշխատանք կա կատարելու, շատ լուրջ աշխատանք: Այդ թվում և կրթական, և գիտական մակարդակներում անհրաժեշտություն կա իմի բերելու անցած տարիներին ձևավորված բոլոր մոտեցումները և մշակելու միասնական մեթոդաբանություն: Խնդիր ունենք նաև դասագրքերի հետ, քանի որ այսօր գիրք գրելը ոչինչ չարժի, և ամեն մարդ կարող է գիրք գրել, այդ թվում և ոլորտի հետ կապ չունեցող, ու այդ դասագրքերը հեշտությամբ հասանելի են դառնում մեր ուսանողներին», -նշեց նա` ուշադրությունը հրավիրելով այդ խնդրին: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտ.դոկտոր , պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն էլ, համաձայնելով Ա.Սաղաթելյանի հետ, որ ունենք մեթոդաբանության, դասախոսների ու դասագրքերի խնդիր, նշեց. «Մեր հասարակությունը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է, հասարակական վարքի անորոշությունը շատ մեծ է, ինչը դրսևորվում է նաև ԶԼՄ-ներում: Հաշվի առնելով նաև առկա տեղեկատվական պատերազմը` մի ձեռքով պետք է զբաղվենք ակադեմիական աշխատանքով, իսկ մյուս ձեռքով` նաև պրակտիկ ներդրում ունենանք այդ պատերազմում: Այս ճանապարհով մենք հաղթանակ կարձանագրենք»:

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ` ԵՊՀ դասախոսներ, PR մասնագետներ, լրատվամիջոցների ղեկավարներ և այլն: Գիտաժողովը բաժանված է թեմատիկ սեկցիաների: Առաջին սեկցիայում, օրինակ, քննարկվեցին հանրային հաղորդակցության ոլորտի արդի հիմնախնդիրները, PR-ի զարգացման միտումները, երկրորդ սեկցիան նվիրված էր ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին: Երրորդ սեկցիան`երիտասարդ մասնագետի ամբիոնն է:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոնը: Աջակիցներն են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), SPRING PR ընկերությունը և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC):

 

Ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

պնՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 2-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

 

 

 

Գազի բալոնը պայթել է, բայց հրդեհ չի բռնկվել

գազի արտահոսքՆոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ 16-րդ թաղամասի  թիվ 34 շենքի 89-րդ բնակարանում 20կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն, առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:

Ըստ թիվ 89 և թիվ 96 բնակարանների բնակիչների` պայթյունի հետևանքով երկու բնակարանների հյուրասենյակների ընդհանուր պատին առաջացել է մոտ 5 մետր երկարությամբ ճաք:

 

 

Ավտոպատահար Նորատուս գյուղում `5 վիրավոր

Ավտոպատահար Նորատուս գյուղում Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորատուս գյուղի մոտ, “Սուզուկի Վիտառա” մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա հողամասը:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ` 1985թ. ծնված Ա. Խ.-ին և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Խ.-ին, 1967թ. ծնված Գ. Խ.-ին, 1986 թ. ծնված  Ա. Ս.-ին, 1978 թ. ծնված Ա. Ղ.-ին  տեղափոխել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդը` ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Բժիշկները 1995 թ. ծնված Ա. Խ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:

Կամ նախագահը կգնա Վիլյնուս կամ հրաժարական կտա. Հայրիկյանը սկսեց նստացույցը

պարույր«Ոչ պարտադրվող СССР-ին», «Ոչ Մաքսային միությանը», «Վիլնյուս կամ հրաժարական», «No Russian Empire» գրությամբ պաստառներով եւ եռագույն դրոշներով նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի նստավայր եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համախոհների հետ՝ պահանջելու, որ նախագահը կամ մեկնի Վիլնյուս կամ հրաժարական տա,հաղորդում է news.am-ը:

«Եթե ինքը չմեկնեց Վիլնյուս, դա նշանակում է, որ ընտրում է հրաժարականի տարբերակը: Մինչև 10 օր առաջ ես կասկածներ ունեի, որ մենք ծերացող ազգ ենք, բայց պարզվեց, որ ԿԳԲ-ի գործակալական ցանցը մինչև այսօր լավ աշխատել է, և դա դրա արդյունքն է։ Փորձում էին մարդկանց համոզել, որ մեկ է՝ բոլորը կոտրված են, անգամ եթե դու լավն ես, ճշմարիտ ես, միևնույնն է` դու մենակ ես, հանգիստ տեղդ նստիր: Բայց հիմա պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը ազատամիտ է և ճշմարտախոս»,-  հայտարարեց Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը առաջիկա երեք օրերին, 12։0-ից մինչև ժամը 17:00-ն լինելու է Բաղրամյան 26-ում։ «Եթե պարզվեց, որ Սերժ Սարգսյանը գնում է Վիլնյուս, կդադարեցնեմ նստացույցս»,- ասաց նա։

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլ- 2013» , Հայաստան,«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ.

1.Շվեդիա

2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան

Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:

Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է արդեն մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Be Creative» խորագիրը:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:

          Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:  

 

 

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎՍՏԱՀԵՑ «ՕՐԴՖԻԼՄԻՆ»

HAYK 1 «Օրդֆիլմ» ընկերության ստեղծագործական հաջողություններին «Անկախ» շաբաթաթերթն անդրադարձել է: Հայկ Օրդյանը, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է ու նաև ընկերության տնօրենը, հետաքրքիր նորություններ ունի: «Օրդֆիլմը» շուտով հանդիսատեսի դատին կհանձնի մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մասին վավերագրական ֆիլմը:

 ՍՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Երբ սկսեցինք զրուցել Հայկ Օրդյանի հետ իր վերջերս նկարահանած «Սոս Սարգսյան. ինքն իր հետ» վավերագրական ֆիլմի մասին, նա առաջարկեց նախ և առաջ զրուցել ֆիլմի հեղինակ, լրագրող Նաիրա Փայտյանի հետ:

– Հայտնի է, որ մահից առաջ վարպետը՝ Սոս Սարգսյանը, մի քանի ամիս ծանր հիվանդ էր, տնից գրեթե դուրս չէր գալիս, բժիշկների հսկողության տակ էր: Արտիստին շատերն էին այցելում, ցանկանում վայելել նրա ընկերակցությունը, թանկ հիշողություններ կորզել՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը հետո մի ամբողջ տարվա արժեք է ունենալու: Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին խուսափում էր լրագրողներին ընդունելուց. հարցազրույցները հոգնեցնում էին, տանջում, թեև ասելու շատ բան կար,- ասում է Նաիրա Փայտյանը:- Վարպետին լսելու, նրա բյուրեղացած կերպարը, թևավոր խոսքերը որպես վերջին պատգամ սերունդներին ներկայացնելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մի օր հանդիպեցի վարպետին տեսակցող բժիշկ, ՀՀ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյանին: Նրանից մանրամասն տեղեկանալով վարպետի առողջական վիճակի մասին` հայտնեցի ցանկությունս: Բժիշկը դրա մասին ակնարկել էր վարպետին:

Նաիրան անակնկալ նորությունը շտապում է հայտնել Հայկ Օրդյանին:

– Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանող խումբը հաշված րոպեների ընթացքում պատրաստվեց: Մեկ ժամ հետո մենք Սոս Սարգսյանի բնակարանում էինք: Նա նստած էր բազմոցին:  Սեղանին դրված էին գրքեր: Թումանյանի «Քառյակների» էջը բաց էր, վրան` նշումներ: Անխախտ աշխատաոճիս համաձայն` հարցերի շարք էի գրել-պատրաստել, բայց ներքին համոզմունքով գիտեի, որ սա այն դեպքն է, երբ չպետք է հարցազրույցին հատուկ ուղղություն տալ,- նշում է ֆիլմի հեղինակը:

Տեսախցիկը մեկ ժամից ավելի նկարահանել է 83-ամյա վարպետին, որ բազմոցին նստած, տեսախցիկի միջոցով, դանդաղ, բայց հստակ նախադասություններով փոխանցել է իր տխրությունն ու ոգևորությունը, սերն ու բողոքը, միաձուլված անցյալն ու ներկան:

Նաիրան պատմում է, որ շատ անգամ է հնարավորություն ունեցել մեծ դերասանից հարցազրույց վերցնելու, բայց առաջին անգամ է մարդկային ապրումների, հույզերի, մտքերի, զգացողությունների նման հրաբուխ տեսել:

– Գիտեք, դա Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցն էր, վերջին նկարահանումը: Չգիտեմ` առաջին անգամ ով է նկարահանել վարպետին ֆիլմ պատրաստելու նպատակով, բայց ես, ցավոք, եղա վերջինը: Մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Օրդֆիլմ» ընկերության հետ համատեղ  վավերագրական նոր ֆիլմը պատրաստ է:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ ամբողջ ֆիլմում Սոս Սարգսյանը խոսում է ինքն իր հետ, սակայն իր խոսքն ուղղում է նաև մեզ, որպեսզի սիրենք մեր երկիրը, մեկս մյուսին, լինենք բարի ու հանդուրժող:

– Իր բոլոր ապրումները, բոլոր հույզերը, զգացողությունները, թեմաները բազմազան էին ու հետաքրքիր: Այդ բազմազանությունն ինձ չխճճեց, հակառակը, հետաքրքիր լուծումներով ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն տվեց: Պատկերացնում եք՝ այն բոլոր թեմաների մասին, որ վարպետը խոսում էր, կինոյում արդեն կերտած դեր ուներ,- ասում է Հայկ Օրդյանը:

Հայկ Օրդյանի անդրադարձը ռուսական աղմկահարույց թոք–շոուին

Վերջերս ռուսական НТВ հեռուստաընկերության ցուցադրած «Խոսում և ցուցադրում ենք» թոք-շոուն մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին որոշ թատերասերների, թատերագետների ու հասարակության լայն զանգվածների շրջանում քննարկման թեմա է դարձել:

Հաղորդմանը մասնակցում էին հյուրեր Հայաստանից, բայց ամենակարևոր հյուրը դերասանի միակ թոռն էր՝ Իռենը, որ ճակատագրի բերումով բնակվում է Արգենտինայում:

Ցավոք, ռուսաստանյան հեղինակավոր թոք-շոուի նպատակը ոչ թե Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործական կյանքն ու թողած վաստակը ներկայացնելն էր, այլ անդրադառնալը արտիստի անձնական կյանքի կենցաղային դրվագներին:

HAYK 4Հենց այդ թոք-շոուի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց հեղինակավոր կարծիքը շտապեցին արտահայտել շատերը: Մկրտչյանի ազգականները վրդովվել են նրա փեսայի՝ կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հնչեցրած մեղադրանքներից: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ևս շատ դժգոհ է մնացել հաղորդումից, որին ինքն էլ էր մասնակցում:

Ռուսական հեղինակավոր НТВ հեռուստաընկերության թոք-շոուին մասնակցել է նաև Հայկ Օրդյանը, որ 2007-ին հանրության ուշադրությանը ներկայացրեց «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» վավերագրական ֆիլմը:

Հետաքրքիր էր, թե դերասանի կենսագրությանն անդրադարձած ռեժիսորն ինչ գնահատական է տալիս ռուսական հեռուստաընկերության կազմակերպած թոք-շոուին:

Օրդյանն ասում է, որ հաղորդումն ընդամենը թոք-շոու է, որն ունի իր հստակ ձևաչափը, նյութը ներկայացնելու սկզբունքը:

– Դա ամենևին չի նշանակում, որ հարկավոր էր այդքան կենցաղային մակարդակով ի ցույց դնել դերասանի կյանքը և ջրի երես հանել Ֆրուզիկ Մկրտչյանի ազգականների ոչ բարիդրացիական հարաբերությունները: Գիտեք, հաղորդման հյուրերը դերասանի մասին շատ ավելի հետաքրքիր ու արժեքավոր դրվագներ էլ էին պատմել: Դրանք, ըստ էության, մոնտաժվել էին գուցե ժամանակի սղության պատճառով: Չգիտես ինչու, ես էլ քննադատության տարափի տակ հայտնվեցի: Այդ հաղորդմանը հրավիրվել եմ որպես Մհեր Մկրտչյանի մասին «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ, բայց պատմել եմ այն, ինչ կադրից դուրս է եղել, հիշողության մի դրվագ Դոնարա Մկրտչյանի հետ երկարատև զրույցներից: Պատմածս ականատեսի վկայություն էր և ոչ գնահատական կամ կարծիք, ընդ որում` ստեղծագործող կերպարի մասին` դերասանուհու, որ հոգեբուժարանում էլ բեմից չհրաժարվեց: Սա արտիստին արժանի հուշ է, այլ մեկնաբանություններն այլ շոուից են, այլ նպատակով: Գուցե ոմանց դուր չի եկել, որ ես եմ հրավիրված եղել և ոչ իրենք: Խանդի հողի վրա խանդավառվողները պետք է դիմեն HTB հեռուստաալիք և ոչ թե քննարկեն հուշ ունենալու «հանդգնությունս», մանավանդ իրենք էլ կարծեմ դերասանուհու կենսագիրը չեն ու հուշերից այն կողմ չէին անցնելու:

Մհեր Մկրտչյանի ազգականներից մեկը, ռուսական հաղորդումից դժգոհելով, անհասկանալիորեն իմ ֆիլմն էր քննադատել, այն դեպքում, երբ այն, ինչ պատմել եմ հաղորդման ընթացքում, չի առնչվել ֆիլմիս: Սա ուշադրության պակասից է, «վրդովվողը» պետք է նկատած լիներ, որ ֆիլմում խոսում եմ ոչ թե ես, այլ հանրահայտ մարդիկ, և արտիստի կյանքը բացվում է մտերիմների հուշերով, որևէ անհարգալից ակնարկ անգամ նկատելը միայն շոու կզարդարեր: «Վրդովվողը» մոռացել է նաև իր շնորհակալությունը, որ հայտնել է ինձ ֆիլմը  նկարահանելու համար, մոռացել է երևի «վրդովմունքի» մթագնումից ու ֆիլմն արդեն որպես հաղորդում է հիշատակում: Ալբերտ Մկրտչյանի բնութագիրը ֆիլմիս վերաբերյալ չեմ մեջբերում, բայց խորհուրդ կտայի կարդալ «վրդովմունքը» հանդարտեցնելու համար:

Գիտեք, ֆիլմը նկարահանումից 6 տարի անց որոշեցի այն տեղադրել համացանցում, հույսով, որ դիտողին կհամակի մեծարանքի այն զգացումը, որն ինձ մղել է ֆիլմ նկարահանելու մեր Ֆրունզի մասին:

Հաշմանդամությունն «Օրդֆիլմում» տաբու չէ

«Օրդֆիլմ» ընկերության տնօրենն ասում է, որ իրենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ են ապահովում:

– Դա մեր և «Փրկեք երեխաներին» (Save the Children International) կազմակերպության հետ համատեղ, USAID-ի աջակցությամբ «Լայֆ» («Կյանք») ծրագրի շրջանակներում է իրականացվում: Հիշեցնեմ, որ  համագործակցության արդյունքում հայտարարվել է հեռուստատեսային վերպետության եռամսյա դասընթաց, որին մասնակցում են հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ դասընթացին զուգահեռ ընկերության աշխատակազմը համալրվել է երեք նոր աշխատակիցներով` հենց նույն ծրագրով հայտարարված աշխատանքի ընդունման բաց մրցույթի արդյունքում,- ասում է Հայկ Օրդյանը:- Ի դեպ, մեզ մոտ դեռևս թափուր աշխատատեղեր կան:

«Անկախի» այն հարցին, թե ընկերությունը հիմնականում որ ոլորտի աշխատակիցների կարիք է զգում, Օրդյանը պատասխանեց.

– Մեզ մոտ կարող են դիմել լրագրողի, օպերատորի, ռեժիսորի, մոնտաժողի և պրոդյուսերի մասնագիտական հմտությունների տիրապետող հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ֆիլմարտադրությամբ զբաղվելու համար: Պետք է փոխել մարդկանց մեջ այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը ենթադրում է ֆիզիկական սահմանափակ կարողություններ:

Ի դեպ, թեև հայտարարված դասընթացը տարիքային սահմանափակում չուներ,  այն հետաքրքրություն է առաջացրել հիմնականում 25-35 տարեկան երիտասարդների շրջանում:

«Օրդֆիլմի» ղեկավարն ասում է, որ չի սահմանափակվելու եղածով ու շարունակելու է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը: Ռեժիսորն ուրախ կլինի,  եթե իրենք լավ օրինակ ծառայեն նաև ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների համար: Դա հնարավորություն է տալիս ապահովելու առողջ մրցակցություն:

«ՕՐԴՖԻԼՄԻ» ԱՌԱՋԻԿԱ  ԾՐԱԳՐԵՐԸ   

Հայկ Օրդյանն ասում է, որ ծրագրերը շատ են և բազմազան: Երկար-բարակ չի սիրում խոսել ծրագրերից:

– Ցանկանում ենք մեր կապերն ընդլայնել արտերկրի հետ, և շուտով բավականաչափ հետաքրքիր նախագծեր կլինեն արտերկրի մեր գործընկերների հետ: Երևի տեղյակ եք, որ ես` որպես ռեժիսոր, մասնակցեցի ռուսաստանյան համապետական «Ռոսիա -1» հեռուստակայանի համար նկարահանվող «Մեր մարմնի գաղտնագրերը» փաստագրական  ֆիլմաշարի աշխատանքներին, որի հետագա սերիաների նկարահանումներին, հուսամ, կմասնակցենք արդեն «Օրդֆիլմի» առավել ընդգրկուն կազմով:

 

 

58-ամյա Հրաչյան ծեծել է 47-ամյա Մարտիրոսին

ոստիկանությունՆոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Գեղամը հագուստի խանութի ապակին ջարդել էր գողության համար

ձերբակալելՆոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի:
Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցի թիվ 31/1 հասցեում գործող հագուստի խանութի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1968 թ. ծնված Գեղամ Ա.-ին:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության` 4, յուրացման կամ վատնման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՔԿՀ-ի պետը Մանախին ազատություն է խոստացել` Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը խոստովանելու դիմաց

մանախ«Առաջին լրատվական»-ի  տեղեկացմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) խոստացել էր այսօր կայանալիք դատական նիստին ուշագրավ բացահայտումներ անել ՀՀ արդարադատության համակարգում առկա ապօրինությունների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին:    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Արթուր Այվազյանի գործով դատական նիստը, որի ժամանակ, սակայն բացահայտումներ չհնչեցին, քանի որ նիստը շատ կարճ տևեց: Մանախը բացարկ է հայտնել դատավոր Աշոտ Մանուկյանին: Նա արդեն բավական ժամանակ է՝ բարձրաձայնում է այդ դատավորի կողմից կայացված որոշումների դեմ, դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է արդարադատության խորհուրդ, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահներին, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Արթուր Այվազյանը համոզված պնդում է, որ այդ դատավորը, որին ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկեն, չի կարող անաչառ քննել իր գործը: Դատավորը, սակայն մերժել է բացարկի միջնորդությունը՝ համարելով, որ ինքն անկողմնակալ է այս գործով:    Չնայած Մանախի խոստացած բացահայտումները չեն հնչել, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա չի մտափոխվել, և եթե ամեն ինչ իր հունով գնա, դրանք կհնչեն հաջորդ նիստին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նրա հայտարարությունները վերաբերելու են Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևոր վկաներից Սամվել Առաքելյանի սպանության հանգամանքներին:    Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց հոկտեմբերի 14-ին, երբ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Սակայն բանը դրան չհասավ, և հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ:    Նշենք, որ Մանախը դատապարտվել է հենց Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործարքի կապակցությամբ Արթուր Այվազյանը մի քանի ամիս առաջ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ցուցմունքներ է տվել, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմ չտեսնելով ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դատապարտյալին առաջարկվող գործարքի մեջ: ՀՔԾ-ն նույնիսկ քրեական գործ չի հարուցել դատապարտյալի նկատմամբ՝ սուտ մատնության մեղադրանքով, ինչը ևս տարօրինակ է: Անգամ ծառայողական քննություն չի նշանակվել մանրամասները պարզելու համար:    Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մանախը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբոր «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Մովսիսյանի անվտանգության տեղակալն է եղել:    Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/27730#sthash.nBgJhFWO.dpuf

Ինքնասպանության փորձ կատարող 50-ամյա տղամարդը հարձակվել է շտապօգնության խմբի վրա

թունավորումՆոյեմբերի 23-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել շտապօգնության ենթակայանի կարգավարը և հայտնել, որ Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ թույն խմելու և կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած, 1963 թ. ծնված Սահակ Մ.-ն հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Նույն օրը, ժամը 18.35-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «թունաքիմիկատի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սահակ Մ.-ն:
Ժամը 18.40-ին Սահակ Մ.-ի որդին հաղորդում է տվել, որ հայրը թույն խմելու և կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Կատարվում է նախաքննություն:

Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում 25-ամյա կին է վրաերթի ենթարկվել

վրաերթՆոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:

 

Յոթ պատահար հանրապետության ավտոճանապարհներին`ինը վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օշական գյուղի «Ձախ ափ» կոչվող թաղամասի ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-33023»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-33023»-ի վարորդը  և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «Դաեվո Նեքսիա» և «Կրայսլեր 300 Ց»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 02.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուտկո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-330202», «ԳԱԶ-3110», «Ֆոլքսվագեն-Վենտո» և «Ֆոլկսվագեն-Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ն վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո»  մակնիշի ավտոմեքենան Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենայի:
«ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.20-ին, Եղեգնաձոր-Գլաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: