ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎՍՏԱՀԵՑ «ՕՐԴՖԻԼՄԻՆ»

HAYK 1 «Օրդֆիլմ» ընկերության ստեղծագործական հաջողություններին «Անկախ» շաբաթաթերթն անդրադարձել է: Հայկ Օրդյանը, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է ու նաև ընկերության տնօրենը, հետաքրքիր նորություններ ունի: «Օրդֆիլմը» շուտով հանդիսատեսի դատին կհանձնի մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մասին վավերագրական ֆիլմը:

 ՍՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Երբ սկսեցինք զրուցել Հայկ Օրդյանի հետ իր վերջերս նկարահանած «Սոս Սարգսյան. ինքն իր հետ» վավերագրական ֆիլմի մասին, նա առաջարկեց նախ և առաջ զրուցել ֆիլմի հեղինակ, լրագրող Նաիրա Փայտյանի հետ:

- Հայտնի է, որ մահից առաջ վարպետը՝ Սոս Սարգսյանը, մի քանի ամիս ծանր հիվանդ էր, տնից գրեթե դուրս չէր գալիս, բժիշկների հսկողության տակ էր: Արտիստին շատերն էին այցելում, ցանկանում վայելել նրա ընկերակցությունը, թանկ հիշողություններ կորզել՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը հետո մի ամբողջ տարվա արժեք է ունենալու: Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին խուսափում էր լրագրողներին ընդունելուց. հարցազրույցները հոգնեցնում էին, տանջում, թեև ասելու շատ բան կար,- ասում է Նաիրա Փայտյանը:- Վարպետին լսելու, նրա բյուրեղացած կերպարը, թևավոր խոսքերը որպես վերջին պատգամ սերունդներին ներկայացնելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մի օր հանդիպեցի վարպետին տեսակցող բժիշկ, ՀՀ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյանին: Նրանից մանրամասն տեղեկանալով վարպետի առողջական վիճակի մասին` հայտնեցի ցանկությունս: Բժիշկը դրա մասին ակնարկել էր վարպետին:

Նաիրան անակնկալ նորությունը շտապում է հայտնել Հայկ Օրդյանին:

- Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանող խումբը հաշված րոպեների ընթացքում պատրաստվեց: Մեկ ժամ հետո մենք Սոս Սարգսյանի բնակարանում էինք: Նա նստած էր բազմոցին:  Սեղանին դրված էին գրքեր: Թումանյանի «Քառյակների» էջը բաց էր, վրան` նշումներ: Անխախտ աշխատաոճիս համաձայն` հարցերի շարք էի գրել-պատրաստել, բայց ներքին համոզմունքով գիտեի, որ սա այն դեպքն է, երբ չպետք է հարցազրույցին հատուկ ուղղություն տալ,- նշում է ֆիլմի հեղինակը:

Տեսախցիկը մեկ ժամից ավելի նկարահանել է 83-ամյա վարպետին, որ բազմոցին նստած, տեսախցիկի միջոցով, դանդաղ, բայց հստակ նախադասություններով փոխանցել է իր տխրությունն ու ոգևորությունը, սերն ու բողոքը, միաձուլված անցյալն ու ներկան:

Նաիրան պատմում է, որ շատ անգամ է հնարավորություն ունեցել մեծ դերասանից հարցազրույց վերցնելու, բայց առաջին անգամ է մարդկային ապրումների, հույզերի, մտքերի, զգացողությունների նման հրաբուխ տեսել:

- Գիտեք, դա Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցն էր, վերջին նկարահանումը: Չգիտեմ` առաջին անգամ ով է նկարահանել վարպետին ֆիլմ պատրաստելու նպատակով, բայց ես, ցավոք, եղա վերջինը: Մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Օրդֆիլմ» ընկերության հետ համատեղ  վավերագրական նոր ֆիլմը պատրաստ է:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ ամբողջ ֆիլմում Սոս Սարգսյանը խոսում է ինքն իր հետ, սակայն իր խոսքն ուղղում է նաև մեզ, որպեսզի սիրենք մեր երկիրը, մեկս մյուսին, լինենք բարի ու հանդուրժող:

- Իր բոլոր ապրումները, բոլոր հույզերը, զգացողությունները, թեմաները բազմազան էին ու հետաքրքիր: Այդ բազմազանությունն ինձ չխճճեց, հակառակը, հետաքրքիր լուծումներով ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն տվեց: Պատկերացնում եք՝ այն բոլոր թեմաների մասին, որ վարպետը խոսում էր, կինոյում արդեն կերտած դեր ուներ,- ասում է Հայկ Օրդյանը:

Հայկ Օրդյանի անդրադարձը ռուսական աղմկահարույց թոք-շոուին

Վերջերս ռուսական НТВ հեռուստաընկերության ցուցադրած «Խոսում և ցուցադրում ենք» թոք-շոուն մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին որոշ թատերասերների, թատերագետների ու հասարակության լայն զանգվածների շրջանում քննարկման թեմա է դարձել:

Հաղորդմանը մասնակցում էին հյուրեր Հայաստանից, բայց ամենակարևոր հյուրը դերասանի միակ թոռն էր՝ Իռենը, որ ճակատագրի բերումով բնակվում է Արգենտինայում:

Ցավոք, ռուսաստանյան հեղինակավոր թոք-շոուի նպատակը ոչ թե Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործական կյանքն ու թողած վաստակը ներկայացնելն էր, այլ անդրադառնալը արտիստի անձնական կյանքի կենցաղային դրվագներին:

HAYK 4Հենց այդ թոք-շոուի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց հեղինակավոր կարծիքը շտապեցին արտահայտել շատերը: Մկրտչյանի ազգականները վրդովվել են նրա փեսայի՝ կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հնչեցրած մեղադրանքներից: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ևս շատ դժգոհ է մնացել հաղորդումից, որին ինքն էլ էր մասնակցում:

Ռուսական հեղինակավոր НТВ հեռուստաընկերության թոք-շոուին մասնակցել է նաև Հայկ Օրդյանը, որ 2007-ին հանրության ուշադրությանը ներկայացրեց «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» վավերագրական ֆիլմը:

Հետաքրքիր էր, թե դերասանի կենսագրությանն անդրադարձած ռեժիսորն ինչ գնահատական է տալիս ռուսական հեռուստաընկերության կազմակերպած թոք-շոուին:

Օրդյանն ասում է, որ հաղորդումն ընդամենը թոք-շոու է, որն ունի իր հստակ ձևաչափը, նյութը ներկայացնելու սկզբունքը:

- Դա ամենևին չի նշանակում, որ հարկավոր էր այդքան կենցաղային մակարդակով ի ցույց դնել դերասանի կյանքը և ջրի երես հանել Ֆրուզիկ Մկրտչյանի ազգականների ոչ բարիդրացիական հարաբերությունները: Գիտեք, հաղորդման հյուրերը դերասանի մասին շատ ավելի հետաքրքիր ու արժեքավոր դրվագներ էլ էին պատմել: Դրանք, ըստ էության, մոնտաժվել էին գուցե ժամանակի սղության պատճառով: Չգիտես ինչու, ես էլ քննադատության տարափի տակ հայտնվեցի: Այդ հաղորդմանը հրավիրվել եմ որպես Մհեր Մկրտչյանի մասին «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ, բայց պատմել եմ այն, ինչ կադրից դուրս է եղել, հիշողության մի դրվագ Դոնարա Մկրտչյանի հետ երկարատև զրույցներից: Պատմածս ականատեսի վկայություն էր և ոչ գնահատական կամ կարծիք, ընդ որում` ստեղծագործող կերպարի մասին` դերասանուհու, որ հոգեբուժարանում էլ բեմից չհրաժարվեց: Սա արտիստին արժանի հուշ է, այլ մեկնաբանություններն այլ շոուից են, այլ նպատակով: Գուցե ոմանց դուր չի եկել, որ ես եմ հրավիրված եղել և ոչ իրենք: Խանդի հողի վրա խանդավառվողները պետք է դիմեն HTB հեռուստաալիք և ոչ թե քննարկեն հուշ ունենալու «հանդգնությունս», մանավանդ իրենք էլ կարծեմ դերասանուհու կենսագիրը չեն ու հուշերից այն կողմ չէին անցնելու:

Մհեր Մկրտչյանի ազգականներից մեկը, ռուսական հաղորդումից դժգոհելով, անհասկանալիորեն իմ ֆիլմն էր քննադատել, այն դեպքում, երբ այն, ինչ պատմել եմ հաղորդման ընթացքում, չի առնչվել ֆիլմիս: Սա ուշադրության պակասից է, «վրդովվողը» պետք է նկատած լիներ, որ ֆիլմում խոսում եմ ոչ թե ես, այլ հանրահայտ մարդիկ, և արտիստի կյանքը բացվում է մտերիմների հուշերով, որևէ անհարգալից ակնարկ անգամ նկատելը միայն շոու կզարդարեր: «Վրդովվողը» մոռացել է նաև իր շնորհակալությունը, որ հայտնել է ինձ ֆիլմը  նկարահանելու համար, մոռացել է երևի «վրդովմունքի» մթագնումից ու ֆիլմն արդեն որպես հաղորդում է հիշատակում: Ալբերտ Մկրտչյանի բնութագիրը ֆիլմիս վերաբերյալ չեմ մեջբերում, բայց խորհուրդ կտայի կարդալ «վրդովմունքը» հանդարտեցնելու համար:

Գիտեք, ֆիլմը նկարահանումից 6 տարի անց որոշեցի այն տեղադրել համացանցում, հույսով, որ դիտողին կհամակի մեծարանքի այն զգացումը, որն ինձ մղել է ֆիլմ նկարահանելու մեր Ֆրունզի մասին:

Հաշմանդամությունն «Օրդֆիլմում» տաբու չէ

«Օրդֆիլմ» ընկերության տնօրենն ասում է, որ իրենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ են ապահովում:

- Դա մեր և «Փրկեք երեխաներին» (Save the Children International) կազմակերպության հետ համատեղ, USAID-ի աջակցությամբ «Լայֆ» («Կյանք») ծրագրի շրջանակներում է իրականացվում: Հիշեցնեմ, որ  համագործակցության արդյունքում հայտարարվել է հեռուստատեսային վերպետության եռամսյա դասընթաց, որին մասնակցում են հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ դասընթացին զուգահեռ ընկերության աշխատակազմը համալրվել է երեք նոր աշխատակիցներով` հենց նույն ծրագրով հայտարարված աշխատանքի ընդունման բաց մրցույթի արդյունքում,- ասում է Հայկ Օրդյանը:- Ի դեպ, մեզ մոտ դեռևս թափուր աշխատատեղեր կան:

«Անկախի» այն հարցին, թե ընկերությունը հիմնականում որ ոլորտի աշխատակիցների կարիք է զգում, Օրդյանը պատասխանեց.

- Մեզ մոտ կարող են դիմել լրագրողի, օպերատորի, ռեժիսորի, մոնտաժողի և պրոդյուսերի մասնագիտական հմտությունների տիրապետող հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ֆիլմարտադրությամբ զբաղվելու համար: Պետք է փոխել մարդկանց մեջ այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը ենթադրում է ֆիզիկական սահմանափակ կարողություններ:

Ի դեպ, թեև հայտարարված դասընթացը տարիքային սահմանափակում չուներ,  այն հետաքրքրություն է առաջացրել հիմնականում 25-35 տարեկան երիտասարդների շրջանում:

«Օրդֆիլմի» ղեկավարն ասում է, որ չի սահմանափակվելու եղածով ու շարունակելու է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը: Ռեժիսորն ուրախ կլինի,  եթե իրենք լավ օրինակ ծառայեն նաև ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների համար: Դա հնարավորություն է տալիս ապահովելու առողջ մրցակցություն:

«ՕՐԴՖԻԼՄԻ» ԱՌԱՋԻԿԱ  ԾՐԱԳՐԵՐԸ   

Հայկ Օրդյանն ասում է, որ ծրագրերը շատ են և բազմազան: Երկար-բարակ չի սիրում խոսել ծրագրերից:

- Ցանկանում ենք մեր կապերն ընդլայնել արտերկրի հետ, և շուտով բավականաչափ հետաքրքիր նախագծեր կլինեն արտերկրի մեր գործընկերների հետ: Երևի տեղյակ եք, որ ես` որպես ռեժիսոր, մասնակցեցի ռուսաստանյան համապետական «Ռոսիա -1» հեռուստակայանի համար նկարահանվող «Մեր մարմնի գաղտնագրերը» փաստագրական  ֆիլմաշարի աշխատանքներին, որի հետագա սերիաների նկարահանումներին, հուսամ, կմասնակցենք արդեն «Օրդֆիլմի» առավել ընդգրկուն կազմով: