Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

 Տիգրան Սարգսյան, Համաշխարհային բանկ,Հենրի ՔերալՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

«Ուրախ եմ հանդիպման և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ նշելով. «Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին: Նման հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր թիմին և առաջիկա չորս տարում ևս ակնկալում ենք շարունակել մեր հաջող գործընկերությունը»: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հետ Երկրի գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարություն–Համաշխարհային բանկ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթություններին, պայմանավորվածություն ձեռք բերել առանձին ուղղությունների հստակեցման վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

Տիգրան Սարգսյան,«Տոտո գրուպ» Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության  1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 4,  յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և  գողության  2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Զվարթնոց» օդանավակայանի աղբարկղերից մեկում 2 փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 18-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում  ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2  փամփուշտ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի  2  փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Կայացել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՆոյեմբերի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

Մալաթիա-Սեբաստիա,բարեկարգ բակերԵրևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը:

Իսակովի  36/2 և 36/3 շենքերի բնակիչների հավաստմամբ՝ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար կառուցվել են մանկական խաղահրապարակներ: Դեռևս գարնանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր նաև այս բակային տարածք: Լսելով բնակիչների առաջարկները՝ քաղաքապետը հանձնարարել էր դրանք ևս ներառել բարեկարգման այս տարվա ծրագրում: Ըստ այդմ, հանգստի գոտու վերածված բակային տարածքն ամբողջությամբ ձևավորվել ու կահավորվել է բնակիչների առաջարկների հիման վրա:

Քաղաքապետը շրջել է բակում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Զրուցելով բնակիչների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում. «Մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման այս տարվա աշխատանքները: Ծրագիրը լինելու է շարունակական, և 2014թ.-ի ծրագրերով ևս մենք արդեն նախատեսել ենք բակերի բարեկարգման աշխատանքներ: Ինչպես խոստացել ենք մեր բնակիչներին, յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգելու և աշխատանքները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև երևանյան բոլոր բակերը դառնան բարեկարգ ու հարմարավետ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Օհանովի 34 և 36 շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչների տնօրինմանն է հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի գոտին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է. «Ողջունելի է, որ մայրաքաղաքի որոշ բակային տարածքներ բարեկարգվում են նաև մասնավոր ընկերությունների և անհատների աջակցությամբ: Մասնավորապես այս բակը Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանի հետ համատեղ է բարեկարգվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը միշտ պատրաստ են աջակցելու Երևանի բարեկարգմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ու կոչ կանեի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, առանց վարանելու դիմել մեզ ու իրենց մասնակցությունն ունենալ մեր սիրելի Երևանի բարեկարգման գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում. «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն բնակիչներին, ովքեր կամավոր այս տարածքները հանձնեցին թե քաղաքապետարանին և թե անհատներին՝ բակերը բարեկարգելու համար»,- նշել է քաղաքապետը: 

Անդրանիկի 64, 66 և 68 շենքերի բակում կառուցված մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտն էլ արդեն իսկ ծառայում էր իր նպատակին: Քաղաքապետի այցելության պահին մարզասեր երեխաներն իրենց ուժերն էին չափում բասկետբոլ մարզաձևում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Գյումրու “Մուշ-2” թաղամասի 25 բնակարան արդեն ապահովված է գազով 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը

գյումրի Մուշ թաղամասԳյումրու “Մուշ-2” թաղամասի մոտ 25 բնակարան արդեն ապահովված է գազամատակարարմամբ, իսկ 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը. այս փաստն այսօր արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացում:  Աշխատանքների սահուն ընթացքին խոչընդոտող “փակ դռների” խնդրի կարգավորմանն ակտիվորեն աջակցում է Շիրակի մարզպետարանը:

գյումրի Մուշ թաղամասՀետեւողական այս աշխատանքների ընթացքին հետեւող ՀՀ քաղաքաշինության նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ “Գլենդել հիլզ” և “Արտինժեներինգ” ընկերությունները ժամանակացույցին եւ նախագծին համապատասխան արդեն ավարտում է օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքները եւ փուլային տարբերակով բնակարաններն ապահովվում են գազամատակարարամամբ: ”Առաջիկա օրերին “Մուշ-2” թաղամասն ամբողջությամբ կապահովվի ջեռուցմամբ եւ տաք ջրով”,-ավելացրեց պարոն Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր  քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության առջեւ, տեղադրել յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք ունեն: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,- նշել էր նախարարը:

Ավելացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ “Մուշ-2” թաղամասի եւ Ախուրյանի շինհրապարակներում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ համապատասխանաբար` 8 եւ 4 շենքերի կառուցման աշխատանքները: Այսօրվա դրությամբ “Մուշ-2”-ում ավարտված են կառուցվող 8 շենքերի հողային, ընթանում են 2 շենքի հիմնային հեծանների երկաթբետոնե աշխատանքները: Ախուրյանում մինչեւ տարեվերջ առանց ներքին հարդարման կավարտվի 3 շենքի աշխատանքները, իսկ մեկ շենքինը` եկող տարի: “Եկող տարվա ավարտին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի եւ լրացուցիչ ծրագրի արդյունքում եւս 1000 անօթեւան ընտանիք կապահովվի բնակարանով”,-հավելեց նախարար Թադեւոսյանը:

 

 

 

 

Վարդան Պետրոսյանի քննիչի «սև հումորը»

Նիկոլայ ԲաղդասարյանՎարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրեց գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը:   «Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»:    Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են:   Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել , որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Առաջին մի քանի օրերին անձրև կգա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Քամին արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 20-24-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ:
Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.20C (1946թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.40C (1948 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.70CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Հարուցվել է քրեական գործ ավտովթարի և դրա հետևանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են ընդհարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի և Ս. Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետևանքով Վ. Ս.-ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Մ.-ն, Վ. Խ.-ն, Հ. Թ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Ժամկետային զինծառայողները «ժամկետ» ստացան տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար

մարմնավաճառՇարքային 2 զինծառայող դատապարտվել է կնոջ անունով հանդես եկող տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար։
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 30-ին։ Ընդ որում, ըստ քրեական գործի նյութերի, զինծառայողներ Ներսիսյանն ու Վարդանյանը ինքնակամ լքել են զորամասը եւ եկել Երեւան, վարձել մարմնավաճառ՝ սեռական հարաբերություն ունենալու համար։ Բայց սեռական ակտի փոխարեն տեղի է ունեցել բռնություն, քանի որ պարզվել է, որ մարմնավաճառն իրականում տղամարդ է։
Ըստ մեղադրանքի շարքային Ներսիսյանը համածառայող, ժամկետային զինծառայող, շարքային Վարդանյանի հետ 2013թ. մարտի 30-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասն ու պատահական տաքսի մեքենայով եկել Երևան՝ «Նիկա» մականունով մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, սակայն վերջինիս բնակարանում տեղեկանալով, որ «Նիկան» իրականում  տղամարդ է, երկու-երեք ապտակ է հասցրել և ծեծի ենթարկել նրան։  Ա.Վարդանյանը նաեւ բռունցքով է հարվածել դեմքին, քաշքշել մազերից, որից հետո  այդ բնակարանից շտապ հեռացել են։
Նախաքննական մարմինը պարզել է, որ զինծառայողների արկածները Երեւանում այդքանով չեն ավարտվել։ Ըստ մեղադրանքի` Ներսիսյանը Վարդանյանի հետ միասին 2013թ. հունիսի 1-ին` ժամը 05։20-ի սահմաններում, Երևանի Բեյրութի փողոցում գտնվող «Կիրովի» անվան մանկական զբոսայգում կամ հանրահայտ Կոմայգում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մեկ անձնավորության մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և հափշտակել  վերջինիս պատկանող 15.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ S 3572» մոդելի բջջային հեռախոսը, 15.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը և դրա մեջ եղած 24.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։
Զինվորներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատարանում միջնորդել գործը քննել դատական քննության արագացված կարգով։
Արագացված քննության դեմ մեղադրող, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գեղամ Գասպարյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս չէր առարկել՝ հաշվի առնելով տուժողների դիրքորոշումը, ովքեր նույնպես չեն առարկել այդ  ընթացակարգով գործը քննելու դեմ: Տուժողները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ որևէ, այդ թվում` նյութաիրավական պահանջ չունեն: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Շարունակությունը կարդացեք Փաստինֆո կայքում:

«Այբ» ավագ դպրոցը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

«Այբ», Դիլիջանի միջազգային դպրոց, հուշագիր««Այբ» կրթական հանգույց» հիմնադրամը («Այբ» ավագ դպրոց) եւ Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) այսօր Երեւանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցում:

 

Հուշագրում նշված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամները շահագրգիռ են արտաուսումնական բնագավառում իրենց գործունեության ընդլայնման հարցում:

 

Մասնավորապես, հուշագրով նախատեսված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը «Այբ» դպրոցի աշակերտներին կներգրավեն Տաթեւում եւ Դիլիջանում համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքներին: Նախատեսվում է, որ կողմերը համատեղ կկազմակերպեն ամառային ճամբարներ, ուսուցիչների փոխանակման ծրագրեր, համատեղ կմշակեն եւ կիրականացնեն սոցիալական ձեռներեցության պիլոտային ծրագրեր եւ այլն:

 

Այս տարվա ամռանը «Այբ» դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու նախագծերը Դիլիջանի միջազգային դպրոցի կազմակերպած ամառային ճամբարում, որը հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից:

 

Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի 2013 թվականի աշնանային էտը

ծառերի էտՄայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի մեկից, նախատեսված ագրոպահանջներին համապատասխան, սկսվել են ծառերի աշնանային էտման աշխատանքները: Մասնագետների գնահատմամբ՝ աշնան վերջին և ձմռան առաջին ամիսներն այս գործընթացը ծավալելու լավագույն ժամանակաշրջանն են: Այս ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է ձևավորման և սանիտարական էտի ենթարկել  շուրջ 17000 ծառ: Նպատակը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում ու պուրակներում առկա ծառատեսակների կենսունակությունը մեծացնելն ու, ձևավորման շնորհիվ գեղեցիկ տեսքն ապահովելն է: Բանուկ փողոցներում ծառերի էտը կատարվում է նաև ճանապարհային նշանների տեսանելիությունն ու  արտաքին լուսավորությունը պատշաճ ապահովելու նպատակով: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում  ձգտելու են, որ, ինչպես  սահմանված է չափորոշիչներով,  փողոցներում ծառերի բարձրությունը չգերազանցի 5, իսկ զբոսայգիներում՝ 7-10 մետրը: Մասնագետը նաև հավելել է, որ աշնանային փուլում խոր  էտի կենթարկվեն միայն տապալվելու վտանգ ներկայացնող բարդիները, որոնց արմատային համակարգն ինչպես հայտնի է, ավելի թույլ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

4725

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան

Սեյրան ՕհանյանՆոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Թուրքիան հետաքրքրությամբ սպասում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Սարգսյան-Ալիև հանդիպումԻնչպես նախապես հայտնի էր դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջորջ Ուորլիքի՝ «Twitter»-յան էջում կատարած գրառումից՝ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վիենայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս լուրից հետո թուրքական մամուլը ակտիվորեն քննարկում է սպասվող հանդիպումը՝ ակնկալելով որևէ շրջադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մասնավորապես «TRT Haber»-ը գրում է. «Անկասկած, հանդիպման գլխավոր թեման լինելու է ղարաբաղյան հարցը: 20 տարի շարունակ լուծում չգտած հարցը մեկ անգամ ևս կքննարկվի: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսպիսով վերջին 5 տարում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն արդեն 11-րդ անգամ: Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են անցած տարի Սոչիում՝ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ»:

 

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստՆոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Պետական ունեցվածքի յուրացման փաստը 2 տարի ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում

հափշտակումհափշտակումԱրդեն 2 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանում քննվում է  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասից հափշտակության գործը, որով որպես մեղադրյալ անցնում են բուժմասի տնօրենն ու հաշվապահը։
Քրեական գործի նյութերի համաձայն, 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասի հաշվապահությունից անհետացել էր ավելի քան 13 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ գումարի անհետացման գործում անմասն չեն բուժմասի տնօրեն Կարեն Մաթևոսյանն ու հաշվապահ Սոնա Գրիգորյանը: Քրեական գործի նյութերի համաձայն` 10 221 001 դրամը յուրացրել է տնօրենը, 3 261 600 դրամը` հաշվապահը:
2011թ. նրանց մեղադրանք է առաջադրվել` շահադիտական և անձնական դրդումներից ելնելով պետական ունեցվածքի յուրացում և վատնում կատարելու համար: Իսկ 2011 թ. դեկտեմբերի 30-ին գործն ուղարկվել է դատարան:
Եվ մինչ օրս դատավճիռ այդպես էլ չի կայացվել: Պետական ունեցվածքի յուրացման մեջ մեղադրվող անձինք  2 տարի շարունակ ո՛չ դատապարտվում են, ո՛չ էլ արդարացվում:
Կարեն Մաթևոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով դատաքննության` շուրջ 2 տարի շարունակ ձգձգվելու, այլ խոսքով` դատաքննության ողջամիջտ ժամկետների խախտման  փաստը, ասաց, որ դրա պատճառները եղել են նշանակված լրացուցիչ փորձաքննությունները:
«Նշանակվել է 2 լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննություն, պետք է գործը քննվեր ճիշտ ձևով, մենակ մի փորձաքննությունը շուրջ 10 ամիս տևեց»,-ասաց է.Աղաջանյանը, հավելելով, որ լրացուցիչ փորձաքննություններ անցկացնելու միջնորդությունը հենց պաշտպանական կողմն է ներկայացրել, և դատարանը դրանք բավարարել է:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել հետախուզվող ՌԴ քաղաքացի Գարուշը

ձերբակալվել էՆոյեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից բերման են  ենթարկել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված  Գարուշ Ն.-ին, որը փետրվարի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ

Տարոն Մարգարյան,Քուվեյթ, Բասսամ Մուհամմադ Ալ-ՔաբանդիԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:

Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան:

<<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն այսօր  փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

<<Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարևոր և սպասված: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը>>,-նկատել է դեսպանը:

Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Քուվեյթի դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն