Արթուրը հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի

ձերբակալվել էՆոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի  ծառայողները Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին,  թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է ուղևորուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:

Վաչագանը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Սենոյին

ոստիկանություն,ՀԱԿ գրասենյակՆոյեմբերի 11-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Սենո Գ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.30-ին Հաղթանակ թաղամասում գտնվող վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, Սենո Գ.-ին ծալովի դանակով հարվածել է 1962 թ. ծնված Վաչագան Մ.-ն, որը նույն օրը, ժամը 08.30-ին, նշված վագոն-տնակի մոտակայքից բերման է ենթարկվել բաժին:

Գողացել է ատամնաբուժարանի աշխատակցի հեռախոսը

գողությունՆոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Մուշի  բաժնի ծառայողները Գյումրիի Սավոյան փողոցից բերման են  ենթարկել 1975 թ. ծնված Զինա Բ.-ին: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 7-ին մի ատամնաբուժարանից գողացել է  աշխատակցի բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Հետախուզվողին հայտնաբերեցին բուժկենտրոնում` ստացիոնար բուժում ընդունելիս

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՆոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հայտնաբերել են ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 4, խուլիգանության 1 և յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայկական կենտրոն Հոնկոնգում

622.Armenian center in Hong Kong 12.11.2013Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա էր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով օծեց կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը եւ իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու եւ Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:

Հաջորդ օրը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց Սուրբ պատարագ: Ապա Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը եւ հայտնեց, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ը կգործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:

Այնուհետեւ տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի՝ «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը եւ կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները՝ նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջոու քաղաքներ: Պեկինում Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների կողմից պատրաստված եւ ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:

Երևանի քաղաքապետարանի պերճանքն ու թշվառությունը

ասֆալտծԱռաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող Սայաթ-Նովան ու Շիրակ աշխարհը  միանգամից կկապվեն իրար, եթե առաջինը դիտարկենք որպես երևանյան պողոտա, որտեղ այս օրերին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մյուսի միջպետական ճանապարհներով, ավտոմեքենան ջարդող փոսերի ու թրխկոցների ուղեկցությամբ և վաղ միջնադարյան սայլի արագությամբ, Գյումրիից հասնենք մինչև Ջավախքի սահմանները՝ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետ:

Քավ լիցի, այստեղ բնավ իմ մեջ չի խոսում նախանձն՝ առ այն, թե ինչու պետք է Սայաթ-Նովա պողոտան ասֆալտ ունենա, իսկ Շիրակը՝ երբեմնի ասֆալտի հետքեր: Բնա՛վ: Հարցն այստեղ այն է, թե ինչու է մեր պետության մեջ մի քաղաքում, բնակիչների վկայությամբ, որոշ ժամանակ առաջ հիմնովին վերանորոգած և այժմ բառիս բուն իմաստով ոչ մի ճաք, ոչ մի թերություն չունեցող ասֆալտը կրկին քերվում, կրկին ավերվում, տեղը մակերեսային բարակ շերտով նորից ասֆալտապատվում մի պողոտա, իսկ մեկ այլ մարզում միջպետական ճանապարհները գտնվում են ամոթալի վիճակում:

Կրկնում ենք՝ Սայաթ-Նովա պողոտան իբր վերանորոգվում է, սակայն ոչ մայթերին, ոչ եզրաքարերին, ոչ կոյուղային անցքերին ձեռք չի զարնվում, քանի որ իրականում դրանց կարիքն էլ չկար, այլ միայն անթերի ասֆալտը հափշտապ քերվում և, նույնքան արագ, անգամ անձրևին, բարակ շերտով շպարվում է նոր ասֆալտ:

Հետաքրքիր է, ի վերջո, ինչու է Երևանի քաղաքապետարանին տրամադրվում այդքան բյուջե, որն էլ իրեն թույլ է տալիս քաղաքացիների հարկերից ձևավորվող այդ նույն բյուջեն ծախսել այդքան ցինիկորեն, այդքան անիմաստ, իսկ փոխարենը մարզերում չունենք անգամ միջպետական քիչ թե շատ բարեկարգ ճանապարհ՝ այն աստիճան, որ երկիր մտնող յուրաքանչյուր ավտոմեքենա ստիպված է, մայրուղին թողած, քշել մարգագետիններով:

 

Վահե Սարգսյան

Պահանջում եմ, որ 7 ամիս պառլամենտից թաքցրած գազի պայամանագիրը 1շաբաթվա ընթացքում ներկայացվի պատգամավորների դատին. Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան«Գազի հարցը գնալով խճճվում է ու խորհրդավոր է դառնում: Առավել տարօրինակը վերջերս հնչած հայտարարությունն էր, թե գազի գինը Մաքսային միություն մտնելու պայմանն է եղել: Սա լուրջ քաղաքական հայտարարությույն է, որից հետո ես կրկին դիմեցի վարչապետին`պահանջելով ինձ տրամադրել 2008-ին կնքված գազի մատակարարման 5 տարվա պայամնագիրը և հարակից 26 փաստաթղթերը: Ստացա մի պատասխան, որ ամենատարօրինակն էր: Գրված էր, որ, քանի որ դա առևտրային պայմանագիր է, իրենք պետք է նախ ճշտեն տրամադրման իրավունքը Հայռուսգազարդի հետ, ապա պատասխանեն: Իմ կարծիքն է, որ այս հարցը արդեն վերաբերում է Հայաստանի սուվերենությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, ուստի հորդորում եմ, որ ԱԺ պատգամավորներն էլ միանան և միասին պահանջեք, որ 7 ամիս պառլամենտից թաքցրած պայամանագիրը 1շաբաթվա ընթացքում ներկայացվի պատգամավորների ու հանրության դատին», – այս հայտարարությամբ հանդես եկավ Արամ Մանուկյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ուրուգվայի նորանշանակ դեսպանին

621.DM Hovakimian received the Ambassador of Uruguay 12.11.2013Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անիբալ Կաբրալին (նստավայրը` ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց վերջինիս եւ հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում վերջինս կնպաստի երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը: Քննարկվեցին նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցությանն ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

 

 

 

Կմեկնարկի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը

Հայաստանի_նկարիչների_միություն_3Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13.00, Հայաստանի նկարիչների միությունում կմեկնարկի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների առթիվ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Քաղաքաշինության նախարարը զգուշացրեց “Գլենդել հիլզին”

Սամվել Թադեւոսյան,“Գլենդել հիլզին”   Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ:

Նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրեց կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ: Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավարտված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները:

Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում

10839_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում և լիահույս, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Սպորտի բնագավառում ունենք բավական լավ ավանդույթներ, իսկ զբոսաշրջության բնագավառում՝ դեռևս չիրացված մեծ ներուժ: Ձեր այցը հնարավորություն կտա բացահայտել համագործակցության նոր ուղղություններ և գործիքներ, որոնք կխթանեն նշված ոլորտներում կապերի ընդլայնումը», – ողջույնի խոսքում ասել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կիսվել տպավորություններով Հայաստան այցի վերաբերյալ: Իրենց հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ վարչապետին են ներկայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Լիլիամ Քեշիշյանը քննարկել են սպորտի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, կարևորել երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ կառավարության ղեկավարը տիկին Քեշիշյանի միջոցով ջերմ ողջույններ է փոխանցել Ուրուգվայի ղեկավարությանը:
Հանդիպմանը հաջորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության կողմից՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը:

Կայացել է 650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՆոյեմբերի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

 

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը

Տիգրան Սարգսյան, երիտասարդական կազմակերպությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝ Երևանից և մարզերից։
Վարչապետը ՀՀ երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով՝ ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունն՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:
Եռօրյա ցուցահանդես-համաժողովում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները կկազմակերպեն տարբեր քննարկումներ՝ բարձրացնելով այդ ոլորտում իրականացվող գործունեության մասին տեղեկացվածությունը, նպաստելով նաև երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությանը պետական, միջազգային կազմակերպությունների հետ:
Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի տեղեկատվական գրքույկ մասնակիցների վերաբերյալ, նախատեսվում է նաև ընդունել հայ երիտասարդության խնդիրների մասին հայտարարագիր:

Ես հավատում եմ և քվեարկելու եմ հօգուտ անկախ Հայաստանի Հանրապետության և անկախ Լեռնային Ղարաբաղի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման հարցին: Նա դրա համար իր հիմնավորումն ունի. «Այս պահը համարում եմ պատեհ առիթ` անվստահություն հայտնելու Ղարաբաղի հարցում ներկա իշխանության վարած քաղաքականությանը: Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան զույգի գործունեության արդյուքնում Ղարաբաղը կորցրել է տեղը բանակցային սեղանի շուրջ: Ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ 88-ի շարժումը մի պոռթկում էր, որ բնորոշ չէ մեր փխրուն հանրությանը: Այո, ես կարծում եմ, որ հատկապես հիմա պետք է ուղերձ հղել բոլոր պետություններին, սփյուռքին, որ Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են ԼՂՀ անկախությանը նույնպիսի ոգևորությամբ, որքան 88-ին: Ես հավատում եմ և քվեարկելու եմ հօգուտ անկախ Հայաստանի Հանրապետության և անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետության` սառը և պրագմատիկ անհուսությանն ընդդեմ»:

Փոստանջյանին մեղադրեցին արկածախնդիր և հակահայկական պոպուլիզմի մեջ

4572041382686972Խորհրդարանում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «ԼՂՀ ճանաչման մասին» նախագծի քննարկումը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացնում էր օրինագիծը, պնդում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն խորհրդարանականների մեծամասնությունը` անկախ խմբակցությունից և քաղաքական ուժից, կարծում է, որ առայժմ դրա ժամանակը չէ:

Հանրապետական Շուշան Պետրոսյանը Զարուհի Փոստանջյանին հարցրեց` արդյոք պատգամավորն այս հարցի վերաբերյալ հանդիպումներ ունեցե՞լ է  ԼՂՀ ղեկավարության, վետերանների, ժողովրդի  հետ: «Բանն այն է, որ նրանք չեն կիսում ձեր կարծիքը: Իմաստը ո՞րն է այս ամեն ինչի»:

Փաստանջյանն էլ բացատրեց, որ այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, և այս ամենի իմաստը այն մարտահրավերներն են, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը: Նա նաև ասաց, որ ծանոթ է ղարաբաղցիների կարծիքին, և հիմնականում նրանք համակարծիք են իր հետ:

Նույն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը սակայն չի ներկայացնում «Ժառանգության» տեսակետը, հայտարարեց, որ պատրաստ է բերել հազարավոր փաստարկներ, որ դա այս պահին չի բխում ՀՀ ազգային շահերից:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը Փոստանջյանի նախաձեռնությունն անվանեց արկածախնդիր և հակահայկական պոպուլիզմ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու օրինագծին, որովհետև ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ներկա իրավիճակը չի գոհացնում իրենց: Ռուստամյանը մտավախություն ունի, որ կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ նման նախաձեռնություններ էլի են եկել խորհրդարան:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ Հայաստանի կողմից նման միակողմանի քայլը կհակասի ԼՂՀ ինքնորոշման սկզբունքին և միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ Փոստանջյանի կողմից ներկայացված փաստարկները ծանրակշիռ չեն և չեն ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա: Հանձնաժողովը դրական դիրքորոշում չի ներկայացրել հարցի վերաբերյալ, և հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը: «Այո, մենք չենք կարող դեմ լինել մի գաղափարի, որը 25 տարի համազգային գաղափար էր, և ամենատարբեր հարթակներում պայքարել ենք դրա համար: Սակայն խնդիրը պետք է դիտարկվի միմիայն Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում»:

Զաքարյանի խոսքով` շարունակաբար ասելով, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել այն բոլոր պարտավորությունները, որոնք ՀՀ դիվանագիտական ջանքերի շնորհիվ Ադրբեջանը ստանձնել է: «Շատ լուրջ խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումներ , կներեք, պետք չի ցուցաբերել»,-ասաց նա Փոստանջյանին:

Հարակից զեկուցող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը. «ՀՀ կոմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ: Իսկ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է: Ընդհանուր առմամաբ բոլորիս նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, սակայն մենք ամենևին կողմ չենք, որ ճանաչելով` մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում»:

Շավարշ Քոչարյանի խոսքով` բանակցային գործընթացում այսօր առաջընթաց չկա Ադրբեջանի պատճառով, և այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Ադրբեջանը խելքը գլուխը չի հավաքել»:

Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի եռանախագահները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, և չկա մի օր, որ այդ երկրներից խաղաղ կարգավորման վերաբերյալ խոսք չհնչի: «Այս ձևաչափը դարձել է զսպաշապիկ Ադրբեջանի ռազմական նկրտումների համար: Այդ տեսանկյունից Ադրբեջանի անթաքույց երազանքն է ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից»,-նշեց նա:

Հարցի քննարկումն ամփոփվեց Զարուհի Փոստանջյանի բուռն և աղաղակող ելույթով: Նա հայտարարեց, որ հասկանում է ՀՀԿ-ի մտավախությունը, և գիտի, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է շարունակել ձախողված բանակցային գործընթացը:

«Դուք ուզում եք սպանել մեր 88 թվականի ոգին` դուրս հանելով ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցային գործընթացից: Իհարկե, դուք չեք ցանկանում այդ քարտը ձեր ձեռքից բաց թողնել: Եթե չունենաք այդ քարտը, ձեր առջև որևէ դուռ չի բացվի: Դուք պարբերաբար փորձում եք ձեր խիղճը վաճառել: Իսկ 88-ին մեր ոգին տեղն էր, մեր խիղճը տեղն էր: Որևիցե մի կտոր հող սակարկման ենթակա չէ: Սա ուղղակի հարց չէ, սա յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է»,-ասաց նա:

Նա նաև հայտարարեց, որ հետամուտ են լինելու այս հարցին, դեռ ավելին, պատրաստելու են նաև նախագի Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարածքի օկուպացման վերաբերյալ:

Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

DSC_8743Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, զրուցեց երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեկ հարկի տակ է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, որոնք ներկայացնում են իրենց գործունեության արդյունքը։ «Ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում կանցկացվեն նաև քննարկումներ, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կներկայացվեն այն խնդիրները, որոնք համատեղ լուծման կարիք ունեն։ Այսօրվա ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների թիվը տպավորիչ է, ինչը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հասել է զարգացման որակական այլ՝ առավել բարձր մակարդակի»,- նշեց Կարեն Ավագյանը։

Ցուցահանդեսում ներկայացված էր «Առողջ մանկություն» կազմակերպությունը։ Այն զբաղվում է ֆինանսական ծանր պայմաններում ապրող ընտանիքների ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ֆինանսական աջակցության կազմակերպմամբ։ Կազմակերպության անդամները նկատում են, որ Հայաստանում շատ են ֆիզիկական խնդիրներ ունեցող կարիքավոր երեխաները, և իրենք փորձում են փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը նույնպես իր տաղավարային ցուցադրությունը փորձում էր համատեղել բարեգործության հետ։ Ուսանողական խորհրդարանի անդամ Տիգրան Սահակյանը նկատում է, որ բժշկական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինն առաջինն էր Հայաստանում և ունի գործունեության մեծ փորձ, հարուստ կենսագրություն, ինչն իրենք ցուցադրում են երիտասարդական կազմակերպությունների էքսպոյում։

Կառավարության նիստերի դահլիճում առանձին տաղավարներով ներկայացված է երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություն՝ Երևանից և մարզերից։ Մասնակցում են նաև միջազգային կառույցներ, պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներ։

Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ, նախատեսվում է ընդունել երիտասարդության խնդիրները բարձրաձայնող հայտարարագիր: Մրցանակ կհանձնվի լավագույն տաղավարը ներկայացրած կազմակերպությանը։

Նշենք, որ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն