Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1967 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային երթևեկության նշանի երկաթյա սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1957 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1950 թ. ծնված Սիլվա Խ.-ն և 1992 թ. ծնված Ելենա Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«ՎԱԶ-2101»-ը Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է 1970 թ. ծնված Տիգրան Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց
Նոյեմբերի 5-ին, ժամը ժ.21.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 -ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վրաերթը կատարել է 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։
Վլադիմիր Հ.-ն նշված ավտոմեքանայով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Երեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Մաշտոցի պողոտայի միջադեպից տուժած 4 ոստիկան շարունակվում են բուժվել
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը:
«Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:
Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:
16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր՝
- Հայաստան- Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
- Բելառուս- Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
- Վրաստան- Սմայլ Շոփ, «Give your smile»
- Մոլդովա- Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
- Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
- Մալթա- Գայա Կոչի, «The Start»
- Նիդերլանդներ- Միլենե և Ռոզանե, «Double Me»
- Ռուսաստան- Դայանա Կիրիլովա, «Dream on»
- Սան Մարինո- Միշելե Պերնիոլա , «O-o-O Sole intorno a me»
- Շվեդիա- Էլիաս, «Det är dit vi ska»
- Ուկրաինա- Սոֆիա Տարասովա, «We Are One»
- Ադրբեջան- Ռուսթամ Կարիմով, «Me And My Guitar»
«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:
«Մեր կարծիքով «Be Creative» նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man տարբերանշանի հետ: Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ օգտագործել այս կոնցեպտը բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ կենդանություն տալ հիմնական կոնցեպտին»,- նշում է Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը:
Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:
Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:
Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին:
Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ- 2012»-ի հաղթող մասնակից Անաստասիա Պետրիկը:
Այս տարի ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան՝ նախորդ 40-ի փոխարեն:
Մրցույթը կվարեն Եվրատեսիլ-2013-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:
Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։
Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:
Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։
2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։
Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։
Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերանորոգումը։
Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինների վերանորոգման, ինչպես նաև գիտաժողովների և համագումարների անցկացման համար նախատեսված դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Վերջինս կհագեցվի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։
Նախարարը հարկ առ հարկ շրջելով բոլոր բաժանմունքներում ու լաբորատորիաներում, գոհունակություն հայտնեց իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ։
Դերենիկ Դումանյանը մասնագետների հետ քննարկեց ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվեց, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-ասաց նախարար Դումանյանը։
Նա հանձնարարեց մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։
ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորեց հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։
Դերենիկ Դումանյանը նաև առաջարկեց ռուսական ծրագրով նախատեսվող ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների հսկողության սանիարահամաճարակային նորմերի մշակումն իրականացնել ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հետ համատեղ։
Սեյրան Օհանյանն ընդունել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին:
Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո և անձնվիրության կարևորումն ու ամրապնդումը:
Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները: Նշվում է, որ ռուսական մշակույթով դաստիարակված, ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանի հետ կապը խզել չցանկացող հայրենակիցներն առավել հեշտությամբ կարող են հարմարվել և դրական սոցիալական կապեր հաստատել ընդունող հասարակության մեջ:
Սևով սպիտակի վրա պարզ գրված այս շարադրանքից ընթերցողը մի բան է հասկանում, որ ծրագիրը նախատեսված է արտերկրում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացիների համար: Բայց միաժամանակ ծրագրի որևէ կետով այլազգիների մասնակցությունն արգելված չէ, ուստի Ռուսաստանն իր սիբիրյան դատարկությունը լցնելու համար պատրաստ է ընդունել ոչ միայն ռուս հայրենակիցներին, այլև նրանց, ովքեր գոնե «здравствуй» ասել գիտեն կամ հոգով-սրտով իրենց Ռուսաստանի հայրենակից են զգում: Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն: Հատկապես հիմա, երբ սոցիալ-հոգեբանական լարվածությունը երկրում հասել է գագաթնակետին, և մարդիկ փախուստի մոլուցքի մեջ են, շատերն են ինքնամոռաց նետվում եղբայրական Ռուսաստանի գիրկը, որն էլ իր գիրկն է առնում «որբացած» հայ ժողովրդին և երանելի ապագայի խոստումներ տալիս:
Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան գրասենյակի սև մեծ դարպասը, որի մոտ ցանկացած ժամի կարող եք խմբված քաղաքացիների հանդիպել, շատերի համար դրախտի դռներ են:
Միջին տարիքի մի տղամարդ, որը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ եկել էր տեղեկություններ ստանալու ծրագրի մասին, հնարավորություն չունեցավ այդ դռներից ներս մտնելու, քանի որ այն փակ էր: Հետո դարպասի վրա փակցված տեղեկատվական թերթիկներից իմացավ, որ այդ օրը գրասենյակի աշխատակազմը մինչև ժամը 13:00-ն էր աշխատում: Ի դեպ, հայերեն տեղեկատվական միակ թերթիկի վրա գրված մի քանի կարճ նախադասության մեջ 5-6 կոպիտ քերականական սխալներ կային, ինչը վկայում էր այն մասին, որ տեքստը գրողը վատ է տիրապետում հայերենին: Նույնը չէր կարելի ասել ռուսաց լեզվով տեքստերի մասին:
Ինչևէ, մինչ տղամարդն ընտանիքով սրտնեղած կհեռանար` անհամբեր սպասելով հաջորդ օրվան, որպեսզի նորից գա, հարցրեցի, թե ինչպես է ծրագրի մասին իմացել և ինչու է ուզում դիմել: Ասաց, որ նույն ծրագրով Կալինինգրադում վերաբնակեցված իր ծանոթներից է իմացել և որոշել է ինքն էլ դիմել: «Գոհ են, ապահովված են աշխատանքով, մեզ էլ խորհուրդ տվեցին գնալ»:
Հարցրի`տեղյա՞կ են, որ Հայաստանի քաղաքացիությունից պիտի հրաժարվեն, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ստանան: Առանց վարանելու պատասխանեց. «Խնդիր չկա: Ինչի՞ս է պետք Հայաստանի քաղաքացիությունը, եթե չենք կարում ապրենք: Աշխատանք ունեմ, բայց բանի պետք չի` բանվորություն շինարարության մեջ: Երբ հիշում են` էն ժամանակ են վարձատրում…»:
Չէ, հաստատ որոշել է ընտանյոք հանդերձ հեռանալ: Եթե անգամ դժվար լինի, հետ չեն գա, քանի որ մտածում են` ինչ էլ լինի, Հայաստանից լավ է լինելու: «Վաղը–մյուս օրը ծերանալ կա, բան կա: Էստեղի թոշակով ո՞նց ենք ապրելու…»:
Տղամարդուն իր մտադրությունից հետ չի պահի անգամ սիբիրյան սառնամանիքների հեռանկարն ու երեխաների` ռուսական, ոչ հայանպաստ միջավայրում մեծանալը. «Կապ չունի` Սիբիր է, ցուրտ է, երեխեքն էլ, որտեղ իրենց լավ է, թող էնտեղ էլ մեծանան: Հայաստանում ապագա չկա»:
Նյութն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի նաև մի երիտասարդի, որը «Ռուսաստանի հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս ապրել ու աշխատել է Մուրմանսկում և օրեր առաջ է վերադարձել: Շոկային տրամադրությունները դեռ թարմ են: Առաջին շոկն ապրել է հենց օդանավակայանում. «Ընկերոջս հետ իջել ենք ու սպասում ենք, որ մեզ պիտի դիմավորեն: Մարդ չկա, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, տեղ չունենք գնալու»:
Ամենազավեշտալին այն է, որ մինչև գնալները Հայաստանից հեռախոսով մի ռուս բրոքերի հետ պայմանավորվել են, որը խոստացել է մինչև իրենց տեղ հասնելը վարձով բնակարան գտնել, հետո տեղավորել, գրանցվելու և այլ հարցերը լուծել: Բայց երբ օդանավակայանում զանգել է բրոքերին, պատասխանել է` ուշ զանգեք, զբաղված եմ: «Մենք դրսում սառնամանիքին, անորոշ կանգնած սպասում ենք, ասում է` ուշ զանգեք: Նորից զանգեցինք, հարցրեցինք` ինչքա՞ն պիտի սպասենք: Ասաց՝ գնացեք մեր օֆիս, վճարեք հինգ հազար ռուբլի, որ ձեր համար տուն ման գանք: Զարմացանք` դեռ նոր պիտի ման գա՞ք, բա մինչև էդ պիտի դրսում քնե՞նք»:
Սակայն «հայրենակիցների» դրսում քնելը ռուսներին այնքան էլ չի մտահոգել, նրանք իրենց ասածն են ասել, ու վերջ: Բարեբախտաբար, երիտասարդներն այդ քաղաքում մի ծանոթ հայ ընտանիք են ճանաչել և զանգել են նրանց, որպեսզի գան, տանեն իրենց տուն: Իսկ մինչ ծանոթների տուն գնալը ներկայացել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Այդպես է կարգը: Այնտեղ էլ երիտասարդներին ասել են, որ գնան, յոթ օրվա մեջ գրանցվեն որևէ հասցեում, բայց էնպես չլինի, որ այդ հասցեում շատ մարդ գրանցված լինի: Նախազգուշացրել են, որ եթե չգրանցվեն` իրենց կտուգանեն ու դեպորտ կանեն: «Շվարած կանգնել ենք, ո՞վ մեզ կգրանցի իր տան վրա: Հետո պարզվեց, որ դա էնտեղ լուրջ բիզնես ա, բնակարան են գնում, էմիգրանտներին փողով ժամանակավոր գրանցում»:
Երեք ամսվա գրանցման համար երիտասարդներից յուրաքանչյուրը 100 դոլար է վճարել, հետո վեց ամսվա համար արդեն` 200 դոլար. «Այսինքն, եթե մարդ ընտանիքով գնա, պատկերացնո՞ւմ եք, թե մենակ գրանցման համար ինչքան գումար ա ծախսում»:
Ինչ վերաբերում է վարձով բնակարան գտնելուն, ապա էմիգրանտների համար դա ամենադժվարին խնդիրներից է. «Տեսնում են` սև ենք, վերջ, վարձով բնակարան չկա»:
Մեկ ամիս ստիպված են լինում ապրել ծանոթների տանը, մինչև վարձով բնակարան են գտնում, այն էլ` չափազանց բարձր գնով և վատ պայմաններով:
Մեր հերոսներին հաջողվում է նաև աշխատանք գտնել, իսկ երեք-չորս ամսից` ռուսական անձնագիր ստանալ: Սակայն այդ ամենը յուրաքանչյուրի վրա մի քանի հազար դոլար է նստում` չհաշված սոցիալ-հոգեբանական տանջանքները:
Բայց եթե նրանք դիմում գրեին և պարտավորվեին երկու տարի ապրել ու աշխատել այնտեղ, ապա պետությունը կփոխհատուցեր բազմաթիվ ծախսեր, դեռ մի բան էլ իր կողմից գումար կտար. «Հենց մի կոպեկ իրենցից վերցնես, ուրեմն գերի ես: Իսկ ես մտադիր չէի էնտեղ գերի մնալ, դրա համար էլ հրաժարվեցի էդ արտոնություններից ու էդ ծրագրից»,- ասում է զրուցակիցս` խոստովանելով, որ այդ ամենն արել է միմիայն ռուսական անձնագիր ստանալու համար,- ինձ ուղղակի պետք էր էդ անձնագիրը, որ ուզածս ժամանակ գնամ, օրինական աշխատեմ, հետ գամ»:
Նա հավատացնում է, որ ինչքան էլ պայմանները գրավիչ լինեն, երբեք չի համաձայնի ընտանիքով տեղափոխվել, քանի որ ռուսական մշակութային շոկից էլ դեռ չի ազատվել. «Նայում ես` սիրուն, ջահել աղջիկ` հղի, մի ձեռքին պիվի բանկեն, մյուսին՝ սիգարետը: Ծխում ա ու թքում: Ես ո՞նց էդ միջավայրում երեխեք ունենամ ու մեծացնեմ: Ինչ տեսնեն, էդ կսովորեն: Դրա համար էնտեղ ապրելը բացառում եմ»:
Նշենք նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա: Սակայն այդ համաձայնագիրը, կարելի է ասել, ուժը կորցրած է, քանի որ համաձայնագրում նշված դրույթները կյանքի չեն կոչվել: Նպատակը եղել է Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելը: Հայաստանը պետք է նպաստավոր պայմաններով վերաբնակեցներ Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին, Ռուսաստանը` Հայաստանում բնակվող իր հայրենակիցներին: Սակայն ծրագիրը չի իրականացել, քանի որ Ռուսաստանի հայերն այդպես էլ ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք այդ ծրագրի շրջանակներում: Ռուսների դեպքում` որոշ ընտանիքներ տեղափոխվել են:
Այնպես որ այս նոր ծրագիրը որևէ կապ չունի վերոնշյալ համաձայնագրի հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության գործունեությանը, ապա այն բավականին ծանրաբեռնված է և հիմնականում շնորհիվ «Հայրենակիցներ» ծրագրի: Մեզ հետ զրույցում ծրագրին դիմող քաղաքացիներից մեկն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով` շուրջ 80 հազար հոգի ծառայության կողմից, ժողովրդի լեզվով ասած, «կանաչ անձնագիր» է ստացել: Սակայն ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը, չցանկանալով, որ անունը նշենք, այդ թիվն անիրական համարեց: Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում տարեկան 3-4 հազար հոգի է մեկնում: Սակայն հարկ է նշել, որ «կանաչ անձնագիր» ստացած քաղաքացիները պարտադիր չէ` նույն պահին էլ մեկնեն, քանի որ այն ուժի մեջ է երկու տարի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Պուտինն անցյալ տարի նոր հրամանագիր է ստորագրել ծրագիրն անժամկետ դարձնելու վերաբերյալ, ապա պարզ է, որ հեռացողների թիվը մի քանի հազարով չի սահմանափակվի:
Պաշտոնյան նաև նշեց, որ զարմացած է ծրագրի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ այդ ծրագրով ավելի քիչ հայեր են Հայաստանից մեկնում, քան ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների գրին քարտի կամ Կանադայի միգրացիոն ծրագրերի, և եթե առաջինի դեպքում վերադառնալու հնարավորությունը մեծ է, ապա մյուս դեպքերում գրեթե բացառվում է:
Հակադրվելով այս տեսակետին` ասեմ, որ ԱՄՆ կամ Կանադա մեկնելու դեպքում էմիգրանտներն էապես փոխում են իրենց կյանքի որակը, մինչդեռ Ռուսաստանի դեպքում պարզապես ինքնակամ աքսորվում են Սիբիր:
Համամիտ եմ, սակայն, նույն պաշտոնյայի այն խոստովանությանը, որ նախ պետք է երկրում իրավիճակը փոխել, որպեսզի մարդիկ չցանկանան հեռանալ: Իսկ եթե ցանկանան, ապա կգնան անկախ ամեն ինչից ու ամեն գնով:
Դանակահարվել է ոստիկան, կան տուժած ոստիկաններ և ցուցահարներ, ոստիկանության հայտարարությունը
Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան:
Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ:
Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր:
Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նախագահ
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի շրջանակներում այսօր տեղի ունեցած նիստի մասնակիցների քվեարկության արդյունքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ընտրվել է համաժողովի նախագահ: Այս իրադարձությանն է անդրաարձել թուրքական «Դեմոկրատհաբերը»՝ նշելով, որ Գարեգին Բ կաթողիկոսը այս պաշտոնում է ընտվել 8 տարի ժամկետով:
Նշենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահությունը 8 անդամից է բաղկացած: Այս նախագահության առաքելությունն է եկեղեցիների միջև հարաբերությունների խթանումը և աշխարհում մարդու իրավունքների, արդարության և խաղաղության պահպանումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Թիվ 37 երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է
Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դոլարը բարձրանում է
Նոյեմբերի 12-ից ճանապարհներին 5 նոր արագաչափ կգործարկվի
2013 թվականի նոյեմբերի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝Գողացած գործիքներն ու կահույքը վաճառել էր պատահական մարդկանց
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին: նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ և կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Հանձնարարվել է օրինախախտ վարորդին տույժի ենթարկել
Քիչ առաջ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 21 դեպքից` 8-ը, խուլիգանության, յուրացման կամ վատնման, շորթման` 1-ական, խարդախության 4 և ապօրինի ծառահատման 2 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

