“Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում “Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով” և նախարարության պատվոգրով:
Նշենք, որ “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943թ.-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին՝ նպատակ ունենալով նպաստել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործին: “Աշխատանքային ռեզերվներն” իր գործունեության 70 տարիների ընթացքում օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պատրաստման յուրօրինակ դարբնոց է եղել: Կենտրոնի սաները կարողացել են արժանիորեն ներկայացնել Հայաստանը ու հայ ժողովրդին` նախկին միութենական և ինչպես նաև համահայկական և միջազգային ամենահեղինակավոր սպորտային մրցումներում:
“Աշխատանքային ռեզերվները” ՄՀԿ հայկական սպորտին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են` բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Դավիթ Թորոսյանը, Սուրեն Ղազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Մեխակ Ղազարյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հեծանվորդ Օլեգ Կլեվցովը, ըմբիշներ Մանվել Ապիկյանը, Մխիթար Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:
Կազմակերպության մեծանուն մարզիչներից կարելի է հիշել Էդուարդ Արիստակեսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Վոլտեր Աթանեսյանին, Ռուդոլֆ Կարապետյանին, Ավետիկ Կատյանին, Ռաֆայել Մեհրաբյանին, Յուրա Կարապետյանին, Վազգեն Բադալյանին, Դերենիկ Գաբրիելյանին և շատ ու շատ ուրիշների:
Տանտերը զենք-զինամթերք է հանձնել
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին, երևանյան մի բնակարան մեկնած ոստիկաններին տանտերը ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հայտնաբերված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԿԳ» տիպի հակատանկային 6 նռնակ` պայթուցիչներով, «Ֆ-1» տիպի հակահետևակային նռնակին նմանվող 14 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի հակահետևակային նռնակի նմանվող 1 նռնակ` առանց պայթուցիչի, անհայտ տիպի գլանաձև հակահետևակային ձեռքի 11 նռնակ` առանց պայթուցիչների, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 654 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 343 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Մարմնական վնասվածքներ հասցրած վարորդը և երեք ուղևորները հայտնաբերվել են
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել 1983 թ. ծնված Գոռ Մ.-ի վարած «Մերսեդես» և «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենաներ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել Գոռ Մ.-ի և «Ֆորդ»-ի վարորդի ու երեք ուղևորների միջև, որի ժամանակ վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Գոռ Մ.-ին, պատճառել վնասվածքներ և հեռացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1978 թ. ծնված Վահե Ս.-ն, իսկ ուղևորները` 1980 թ. ծնված Կարեն Պ.-ն և 1979 թ. ծնված Արման Ս.-ն, որոնք ներկայացել են բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
«ՏաԹեւեր»-ը դարձավ Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ
«ՏաԹեւեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹեւերն»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից եւ մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես.
– ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների եւ փորձերի աջակցություն;
– աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում;
– սեմինարների եւ կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների եւ օպերատորների համար:
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:
«ՏաԹեւեր»
Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը

Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է, որ զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել վթարված լուսացույցների փոխարինման և գծանշման աշխատանքները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.6 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք և իրականացվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանկացած ապօրինի շինություն ապամոնտաժվելու է:
Հանձնարարվել է նաև խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման մասով զեկուցվել է, որ շարունակվում է առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների վերականգնման գործընթացը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու աշխատանքները: Հսկողություն է իրականացվում նաև տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երկու վրաերթ Երևան քաղաքում
Նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվաճյան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Գիշերը «ԲՄՎ X-5»-ը Երևանի Աբովյան փողոցում բախվել է ծառի
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը որոնվում է
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ:
Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։
Տոնական այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ անչափ դժվարին ձեր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։
Վստահեցնում եմ, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը: Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։
Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Youtube-ը երաժշտական մրցանակներ է բաշխել
Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել Google ընկերությանը պատկանող Youtube տեսահոսթինգի մրցանակաբաշխությունը: Հաղթող են ճանաչվել այն կատարողները, որոնք վերջին տարում ամենաշատ դիտումներն են ունեցել:
Հանդիսավոր արարողությունը վարել են Ջեյսոն Շվարցմանն ու երաժիշտ Ռեգգի Շոթսը: Մրցանակը կարմիր Play կոճակի է նման, որն օգտատերը սեղմելով` միացնում է տեսահոլովակը:
“Տարվա կատարող” անվանակարգում հաղթող է ճանաչվել հայտնի ռեփեր Էմինեմը, “Տարվա տեսանյութ” անվանակարգում հարավկորեական Girls Generation է դարձել մրցանակակիր` I Got a Boy երգի համար:” Youtube-ի հայտնություն” անվանակարգում I Knew You Were Trouble երգով հաղթող է ճանաչվել ամերիկյան քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
«Հայոց պատմությունը միայն լաց չէ». ֆրանսահայ անվանի հայագետը փորձում է փոխել այս ընկալումը
Հայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյան. այս անունը գուցե լայն հանրությանը շատ հայտնի չէ, սակայն հայկական ու միջազգային գիտական շրջանակներում Մութաֆյանի գործունեությունը ոչ միայն գիտեն, այլև շատ բարձր են գնահատում:
Հոկտեմբերի 17-19-ը նշանավոր հայագետը հայրենիքում էր: Ինչպես արտերկրից ժամանած ուրիշ գիտնականներ, մասնակցում էր Երևանում անցկացվող միջազգային «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» երկրորդ համաժողովին: Համաժողովում յուրաքանչյուր զեկույցի համար հատկացված էր ընդամենը 10 րոպե, ինչը հնարավորություն չէր տալիս լիարժեք ներկայացնելու գիտական նյութը: Եվ քանի որ Կլոդ Մութաֆյանի պես գիտնականներին ամեն օր չէ, որ հնարավորություն կա լսելու, Հայաստանի ամերիկյան համալսարանն առիթը բաց չթողեց կազմակերպելու նրա հետ հանդիպում և լսելու «Կիլիկյան Հայաստան – պատմագրական սխալներ» թեմայով զեկույցը, որն ավելի քան տպավորիչ էր:
Հայկական Կիլիկիայի վերաբերյալ սկզբնաղբյուրների վրա չհիմնվելու պատճառով բազմաթիվ սխալներ են շրջանառվում՝ մի հեղինակից փոխանցվելով մյուսին: Ինչպես նշում է Մութաֆյանը, դա միտումնավոր չի արվում, պարզապես շատ հեղինակներ ծագումնաբանությունն ու ազգակցական աստիճանները հաշվարկելիս սխալներ են թույլ տալիս: Պատճառներից մեկն էլ այն է, որ հայտնի պատմաբանների հանդեպ բացարձակ վստահություն կա, որոնք, սակայն, հաճախ չեն նշել իրենց աղբյուրը: Նաև բավարար չէ այդ աղբյուրների վերլուծական քննությունը: Բացի այդ, նոր ժամանակներում հրատարակված բազմաթիվ սկզբնաղբյուրներ հարցականի տակ են դնում նախկինում ընդունված կարծիքները։
Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ ունի: Հավանաբար, Կիլիկիայի պատմության մեջ հարյուրից ավելի սխալների հայտնաբերման գործում նրան օգնել է նաև մաթեմատիկան:
«Անկախի» հետ զրույցում նա նկատեց, որ Կիլիկիայի հայոց պատմության մեջ երկու ծայրահեղ մոտեցում կա. «Կա՛մ փորձում են հայոց թագավորությունը լատինացնել, այսինքն` կապել կաթոլիկ եկեղեցու հետ, կա՛մ ծայրահեղ ազգայնացնել, ինչը գալիս է հիմնականում հայերի կողմից»:
Վերջինի դեպքում, որպես օրինակ, նշում է Լևոն V թագավորի 1575-ին գերի ընկնելու և Կահիրե տեղափոխվելու պատմությունը. «Ավանդություն մը կա, որ իբր թե նա փախել է և զորքով Կապան բերդի մեջ ութ ամիս դիմադրել, հետո նոր բռնվել: Սակայն իրականում նման բան չի եղել: Նա անգամ Կահիրեում գերու կարգավիճակով էլ չի եղել կամ տանջանքների ենթարկվել, պարզապես քաղաքից դուրս գալու իրավունք չի ունեցել, իսկ հետագայում փրկագնի դիմաց ազատ է արձակվել»:
Կլոդ Մութաֆյանի Կիլիկիայի վերաբերյալ աշխատությունները տարբերվում են նրանով, որ զուտ տեղեկատվություն չեն հաղորդում: Հեղինակը պայքարում է հայ ժողովրդի այդ փառավոր էջերն աշխարհին ներկայացնելու և համաշխարհային պատմության մեջ դրանց արժանի տեղը հաստատելու համար: «XIII դարի կեսերի Կիլիկիայի հայոց թագավորությունն Արևելքի ամենահզոր պետությունն է, սակայն անտեսված է»,-ասում է նա:
Եվ Կիլիկիայի հայոց թագավորության հզորության մասին վկայող մի դրվագ է պատմում: 1260 թ. Հռոմի պապն իր նվիրակին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք է ուղարկում և հայոց կաթողիկոսին` Կոնստանդին Ա Բարձրաբերդցուն գրում, որ գնա և հանդիպի իր նվիրակի հետ: Հայոց կաթողիկոսը մերժում է` ասելով, որ ինքը կգնա միայն այն դեպքում, եթե անձամբ պապը լինի այնտեղ: Իսկ նրա նվիրակի հետ հանդիպելու ուղարկում է իր նվիրակին: Հռոմի պապի նվիրակը հայոց կաթողիկոսի նվիրակի հետ հանդիպման ժամանակ պահանջատիրական ոգով հարցնում է, թե ինչու է հայերի եկեղեցին առանձին, ինչու չեն մտնում իրենց եկեղեցու մեջ: Հայ պատվիրակը հակադարձում է, թե դու ո՞վ ես, որ մեզ ուղղություն ցույց տաս, և ինչո՞ւ մենք պիտի ձեզ ենթարկվենք, և ոչ թե դուք ենթարկվեք մեզ…
Հաճախ է Մութաֆյանն այցելում եվրոպական երկրների գրադարաններ, և առաջին հերթին նայում է քարտեզներին. կա՛մ Կիլիկիայի թագավորությունը չկա, կա՛մ սահմանները սխալ են գծված: Անշուշտ, այստեղ հայերի մեղքը կա, քանի որ եղած աշխատությունները չեն թարգմանվել միջազգային լեզուներով ու տարածվել, ուստի խորհուրդ է տալիս չմեղադրել արևմտյան պատմագետներին:
Ցավով արձանագրում է, որ դարեր իր վեր հայագիտությունը հայերի մեջ է մնացել, և թեև մի քանի օտար մեծանուն հայագետներ դրա համար ճանապարհ են բացել` հետևորդ չի եղել:
Եվրոպայում, Ամերիկայում կան հայագիտական կենտրոններ, ամբիոններ, որոնց գոյությունը նա կարևորում է, սակայն համարում ոչ բավարար. պետք է ոչ հայախոս միջնադարագետներին հնարավորություն տալ հասկանալու, իմանալու մեր պատմությունը: Դրա համար, ըստ Մութաֆյանի, առաջին կարևոր զենքը գրքերն են` լավ գրքերը, լավ հայերեն հրատարակությունների թարգմանությունները: Օրինակ` այդ դարաշրջանի լավագույն պատմիչը Կիրակոս Գանձակեցին, ըստ նրա, արժանի է արդի լուրջ հրատարակության, որի ամենաարժեքավոր հրատարակությունն առայժմ համարում է Կարապետ Մելիք-Օհանջանյանինը: Սակայն դա լույս է տեսել 1961-ին և, ցավոք, չի թարգմանվել:
Ֆրանսիայում ծնված ու մեծացած հայ պատմաբանը հաճախ է լինում հայրենիքում` տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Խոստովանում է, որ այստեղ իրեն զգում է, ինչպես տանը: Վերջին գիտաժողովը կարևորում է, սակայն ոչ թե նյութը ներկայացնելու տեսանկյունից, քանի որ դրա համար ժամանակը շատ սուղ էր, այլ` հայ և օտարերկրյա գիտնականների հետ շփումների:
Ի դեպ, նա հայաստանցի գիտնականներին հերոս է համարում, որ կարողանում են այդքան սուղ միջոցներով փայլուն աշխատանք կատարել: Մինչդեռ Եվրոպայում իրենք հնարավորություն ունեն անգամ մի աղբյուր ստուգելու համար ինքնաթիռ նստել և հասնել, ասենք, Օքսֆորդ:
Կլոդ Մութաֆյանի վերջին գիրքը` «Լեւանտյան Հայաստան -11-14-րդ դդ.), լույս է տեսել 2012-ին ֆրանսերեն (Levant բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «արեւելք», բայց միաժամանակ նշանակում է Միջերկրական ծովի արեւելյան ափ` Կիլիկիայից մինչև Եգիպտոս ընկած տարածքը):
Այն հսկայածավալ աշխատություն է. 800 էջի մեջ խտացված է XI-XIV դարերի Կիլիկիայի և Մեծ Հայքի պատմությունը: Սա գոնե ֆրանսախոս գիտական շրջանակներում հայոց պատմության այդ կարևոր ժամակաշրջանը ներկայացնելու հիանալի հնարավորություն է: «Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ավելորդ չէ հիշեցնել, որ հայոց պատմությունը միայն արցունք և ողբերգություն չէ, այն ունեցել է շատ շքեղ էջեր, ինչպես X դարասկիզբը, երբ հայերը, մի կողմից, կարողացան պատմական հողերի մի մասը թուրքական լծից ազատագրել, մյուս կողմից` Կիլիկիայում ստեղծել նոր հայոց թագավորություն…»,- ահա այսպես է հեղինակը ներկայացնում իր աշխատությունը, որը նա հատուկ ցանկացել է մինչև ցեղասպանության հարյուրամյակը լույս ընծայել, որպեսզի հոգեպես ամրապնդի նախ և առաջ հայ ժողովրդին:
Մութաֆյանը կարծում է, որ Ցեղասպանությունը հիշելը կարևոր է, բայց չպետք է հայերին միշտ ներկայացնել իբրև զոհեր: Ընդհակառակը, պետք է պայքարել այս ընկալումը փոխելու համար: Խեղճ ազգ, միշտ զոհ, հրաշքով դեռ գոյություն ունեցող… «Ոչ, այդպես չէ»,- ասում է ֆրանսահայ անվանի գիտնականն ու բերում մի երկարատև ժամանակաշրջանի օրինակ, երբ հայոց պատմությունը ոչ միայն լաց չէ, այլև փառավոր է ու հաղթանակած:
Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցում
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 69ա տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել` 11.57-ին:
Այրվել է Մ. Օ.-ին պատկանող թիվ 69ա տան տանիքն (100 քմ) ու գույքն ամբողջությամբ, ինչպեն նաև Հ. Ն.-ին պատկանող թիվ 69 տան տանիքը մասնակի (5 քմ):
Նոր մանրամասներ “Կանազ “զինվորական հոսպիտալի ծեծկռտուքից
Այս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:Հաղորդում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:
Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:
ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»:
ՀԱԿ գրասենյակում սպանության սպառնալիքներ տված անձը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թեհրան-արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը
Ժնեւ 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը:
Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ եւ դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:
Երեւացածը, իհարկե, ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որ երկուստեք ծառայեց դիմափրկմանը (ֆեյս սեյվինկ): Չերեւացած, բայց ազդեցիկ բաժինը վերաբերում էր Թեհրանին: Չափավորական նախագահի ընտրությունը, Թեհրանից դեպի Վաշինգտոն ե’ւ փոխադարձաբար նախանշանային փոխասացությունները խոսում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների նոր հարթության ձեւավորման մասին:
Իսկ եթե մտաբերենք սիրիական ճգնաժամի սկզբնավորության հայտարարված Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի կազմաքանդման մասին հնչած մոտեցումները, կտարվենք մտածելու այդ առանցքից Թեհրանի ցուցաբերած որոշ ճկունության, դեպի Արեւմուտք եւ դեպի ԱՄՆ ուղղած նշանների եւ փոխադարձ համապատասխան հակազդեցությունների մասին: Եւ պատահական չէ, որ Օբամա-Ռուհանի նամակագրական եւ հեռաձայնային կապերից հետո օրակարգային թեմայի էր վերածվում Թեհրան-Վաշինգտոն թռիչքների վերսկսման հավանականությունը: Նույնպես այն, որ Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ հակաամերիկյան կարգախոսերը կվերացվեին Թեհրանի կենտրոնական փողոցներից։ Կամ բանակցություններ կսկսվեին Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների վերաբնականոնացման նպատակով:
Թեհրան-Արեւմուտք մերձեցման մասին խոսելը թվում է թե վաղ է. այսուհանդերձ չի կարելի անտեսել այն զարգացումները, որոնք հրապարակային բնույթ ունեն եւ կարող են տարածաշրջանում վերահաշվարկումների դուռ բացել:
Թվում է, թե նախամերձեցման այս փուլը անհանգստացրել է Անկարային, որին դերակատարություն էր վերապահվել Մոսկվա-Թեհրան-Դամասկոս ռազմավարական գծի դիմաց հակաառանցքային դեր վերցնելու: Ռուս-ամերիկյան թեկուզ ժամանակավոր համաձայնությունն ու մանավանդ Թեհրանի ցուցաբերած որոշակի ճկնունությունը Անկարայի դերի աստիճանի նվազում ենթադրող երեւույթներ են:
Ամերիկյան մամուլն արդեն արտահայտվում է այս մասին. ավելի մասնակիորեն՝ Թուրքիայի առ նվազն ոչ նախկին դերակատարությունը լույսի բերելով: ՆԱՏՕ-ի պաշտոնատարներն Անկարայի դերակատարությունը խնդրո առարկա են դարձնում՝ հարց տալով, թե ծայրահեղ իսլամականությանը զորակցելով Թուրքիան ի՞նչ դեր է փորձում վերապահել իրեն:
Կտրուկ շրջադարձներ չեն գրանցվել տակավին. եւ սա քաղաքականորեն հասկանալի է իհարկե: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակում է շեշտել, որ պատերազմի արհավիրքի վերացումը չի պայմանավորվում քիմիական զինաթափումով: Մինչ, Մոսկվան իր դիրքորոշումը հստակացնում է, որ նախագահականի հրաժարականով չի պայանավորվում Ժնեւ 2-ի կայացումը:
Ռուս-ամերիկյան այս պայմանականությունների բարձրաձայնումը կարող է զուտ հայտարարողական բնույթ ունենալ: Փաստը մնում է փաստ, որ զինվորական գործողությունները շարունակում են մնալ առկախված: Մինչ դիվանագիտությունը աշխատում է նոր համաձայնությունների հանգելու համար:
Իրանյան գործոնի հետ հաշվի նստելու, Թեհրան-Արեւմուտք նոր էջ բացելու միտող երեւույթների դիմաց վերահաշվարկներ կատարելու իրականությունները կմղեն մտածելու Անկարայի դերի նվազեցման մասին: Մինչ այդ սակայն միջազգային ընտանիքը պիտի նկատի եւ համապատասխան դիրքորոշում ունենա Անկարայի կողմից զինվող եւ ֆինանսավորվող ծայրահեղ տարրրերի նկատմամբ, որոնց համար նա սովոր է օգտագործել «միջազգային ահաբեկիչներ» եզրը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Տեր-Պետրոսյանը բարոյախոսությունով ժամանակին հրաժարական տվե՞ց`ոչ, գնաց, որովհետեւ Արցախի վաճառքին էր համաձայնվել
Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածի վերաբերյալ Hayeli.am-ը զրուցել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:
Պարոն Շիրինյան, այն , որ Տեր-Պետրոսյանի փաստարկումներն առկա են, գրեթե բոլորին է հայտնի, բայց որպես քաղաքագետ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ դրանք հրաժարականի պատճառ դառնան:
Անշուշտ, մտահոգությունները հիմք ունեն, բայց ինքը/նկատի ունի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը-խմբ/ գիտի, որ հրաժարականը հնարավոր չի, բարոյախոսություն է ընդամենը կարդում, թե հրաժարական տուր: Ինքը բարոյախոսությունով ժամանակին հրաժարական տվե՞ց, չտվեց.1996թ իր իշխանությունը վերակրկնեց զորքով: Ես եղել եմ այն մարդկանց մեջ, ովքեր ասել ենք նրան՝ գնա, որպեսզի Հայաստանում ավանդույթ դառնա ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն, ինքը չգնաց: Վազգենին ու Վանոյին հանեց ժողովրդի դիմաց, ասեցին՝ նախագահը հրաժարական չի տալու: Լեւոն-Տեր Պետրոսյանը հիմքը դրեց ավանդույթի՝ Հայաստանում իշխանափոխություն ընտրությունների միջոցով չկատարել:
Բայց հիմա ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ Արցախի պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Արցախի շուրջ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ շնորհիվ Սերժ Սարգսյանի վարած արտաքին…
-…Երկու տարի հետո գնաց, որովհետեւ ինքը Արցախի վաճառքին համաձայնվել էր, ես ունեմ ամերիկյան հետազոտական կենտրոնի նյութեր, գիրք,որը գրում է, որ նա համաձայն է վաճառքին: Պարզ է չէ՞, հիմա երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական, վիճակի մասին խոսում է մի մարդ, որը ոչ ժողովրդի հոգսի տերն է եղել, ոչ ընտրությունները մաքուր է անցկացրել, ամենակեղտոտ ըտրություններն են եղել, հիմա մեզ դրել է էշի տեղ: Ես Սեւանի հանձնաժողովում եմ եղել, այնտեղ ինքը պարտվեց, բայց Երեւանում հայտարարեցին, որ հաղթել է, առաջարկեցինք ամեն մարզից երեք քվեատուփ բացել, բա եթե հաղթել էր, ինչո՞ւ այդ առաջարկին չհամաձայնեց: Ուզում եմ ասել՝ բարոյական պահ կա, հրաժարականի պահանջը ինքը չէ, որ պիտի հայտարարի:
Դժվար է հավատալ, որ առաջին նախագահը մեծ հույսեր ունի, որ իր հոդվածի պատճառով Սերժ Սարգսյանը հրաժարական կներկայացնի, ուզում եմ վերլուծեք քաղաքական իրավիճակը, թե ի՞նչ նպատակի կարող է ծառայել այդ հոդվածը, ինչ խնդիր է փորձում դրանով լուծել:
Չմոռանանք, որ քաղաքական ճգնաժամ է, ինչ-որ մեկը պատասխանատվություն պետք է ստանձնի այս իրավիճակից դուրս գալու, ինչ-որ մեկը ելքեր պետք է ցույց տա, երեւի թե նախկին նախագահն իրեն պատասխանատու է զգում եւ դրա համար արձագանքեց:
Տեսակետներ են հնչում, որ Ռուսաստանին Սերժ Սարգսյանը գուցե դժգոհ է թողել, գիտեք՝ վերջերս Մինսկում ժողով եղավ, իսկ ընդդիմությունը ի դեմս՝ ՀԱԿ-ի փորձում է իր «ծառայությունները» մատուցել Ռուսաստանին:
-Ես չեմ կարծում, թեեւ չի բացառվում, որ գուցե Տեր-Պետրոսյանը Կրեմլից ինչ-որ բան է իմացել եւ հեռացումի կոչ է անում, բայց ինքը 15-20 քաղաքագիտական լեկցիա է կարդացել եւ լավ գիտի, որ նման կոչերով ոչ մեկ չի հեռացել, ոչ մեկ: Ինքը ո՞վ է, որ երաշխիք է տալիս, ԱԺ-ն է երաշխիք տվողը, որ նրա ունեցվածք կվերցնեն, չեն վերցնի:Ես կառաջարկեի, որ հայ վերլուծաբանները ոչ թե Տեր-Պետրոսյանի անձը քննադատեն,այլ դիտարկումները:Իհարկե, կան արտաքին անվտանգության, արտագաղթի եւ այլ հարցեր, բայց մենք հիշում ենք, որ էդ մարդը/նկատի ունի ԼՏՊ-ին –խմբ/ 1991թ. բացի պարտությունից եւ հոգեզրկությունից, որ հեսա հանձնվելու ենք, ոչինչ ժողովրդի մեջ չի տարածել:
Բայց չէ՞ որ հենց նման պարտվողական իրավիճակում ենք այսօր հայտնվել:
Պետք է անկեղծ լինենք, այսօր աշխարհագրորեն Հայաստանի համար կռիվ է գնում, Ռուսաստանը ստրատեգիական իմաստով է հսկում այս տարածքը, Արեւմուտքն ուզում է խցկվել այս տարածք, նրանց ասածը սա է՝ այդ զոնայից դուրս եկեք,մտեք այս տարածք: Ժամանակին հայկական դիվանագիտությունը փայլուն խաղ է խաղացել՝ առաջացնելով կրիտիկական զանգված: Քաղաքական ղեկավարությունը տվյալ իրավիճակում՝ Սերժ Սարգսյանը էքստրեմալ իրավիճակներում ընդունեց որոշում, մեր երկրի համար համապատասխան որոշում, որից հետու ռուսական բանակի պաշտոնական թերթը գրեց, որ այո, ռուսական ռազմաբազան ունի պարտավորություն Արցախի ճակատը պահելու համար, այսինքն ստացվեց այն, որ մեր երկրի համար շատ ձեռնտու է: Իսկ Արեւմուտքը հայտնվեց կրիտիկական վիճակում, որովհետեւ Արեւմուտքը ծախսեց զգալի ռեսուրսներ Հայաստանում վերլուծական կենտրոնների վրա:
Անի Սահակյան
Արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի հանդիպման մասնակիցներին
Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպմանը 14 երկրներից ժամանած մասնակիցներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆիլիպ Կանտրենի և Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ իր ակտիվ մասնակցությունն է բերում ՖՄԿ տարբեր կառույցների գործունեությանը, որի վկայությունն է նաև «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» գիտաժողովի անցկացումը Երևանում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հանդիպման մասնակիցները ներկայացրեցին համաժողովի արդյունքները, Սենգորի անվան ամբիոնների միջև իրականացվող համագործակցությունը։ Հյուրերը ներկայացրեցին ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրենց կրթօջախների գործունեությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, հաջորդ շաբաթ կայանալիք ՖՄԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցերին։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Եվրախորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կամզակերպության միջև համագործակցության շուրջ։
Ամենամյա հանդիպմանը զուգահեռ հյուրերը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» խորագրով գիտաժողովին։
ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման միտումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ: «Ուրախալի է, որ բարձրացել է վերամշակող արդյունաբերության որակը, և ավելացել է արտահանման ծավալը: Դա վկայում է այն մասին, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը դրական արդյունքներ է տալիս», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության ավելի ցածր ցուցանիշների պատճառների մասին՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս: 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է մեր առաջնային թիրախը, և մենք մշակում ենք ծրագրեր, որպեսզի էապես խթանենք ոլորտը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է»:
2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը, վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:
Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին:


