Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր

 Երևանի քաղաքապետարանՔաղաքապետարանի և յուրաքանչյուր վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարներով տեղեկատվական թերթիկներ բաժանելով՝ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար իրազեկում է բնակիչներին, որ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ թեժ գծի հեռախոսահամարներին զանգահարելով։

Երևանի քաղաքապետարանի թեժ գժի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, ըստ սեպտեմբեր ամսվա ամփոփ տվյալների, 3129 հեռախոսազանգ է ստացվել, որոնցից քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 633-ը.  ձեռնարկվել են քայլեր` բարձրացված խնդիրներին լուծում տալու նպատակով։ Մնացյալ հարցերը եղել են տեղեկատվական կամ խորհրդատվական բնույթի, ինչպես նաև այլ կառույցների իրավասության սահմաններում՝ ուստի և վերահասցեավորվել են։

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսհամարներով ստացվել է 401 հեռախոսազանգ, որոնց մեկօրյա ժամկետում տրվել են սպառիչ պատասխաններ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9-ից 18։00-ն։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Արտգործնախարարը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությանը

570.Minister Nalbandian received the leadership of the YSU International Relations faculty 15.10.2013 Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար անձնակազմին՝ դեկան Գեղամ Պետրոսյանին եւ ֆակուլտետի ամբիոնների վարիչներին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս որակյալ կադրերի պատրաստմանը եւ այդ առումով նախարարության եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մշտական կապն ու համագործակցությունը շատ կարեւոր են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մայր ԲՈւՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը նշեց, որ վերջին տարիներին լրջորեն ամրապնդվել է արտգործնախարարության եւ ԵՊՀ պրոֆիլային ֆակուլտետի միջեւ փոխգործակցությունը։ Գեղամ Պետրոսյանի խոսքերով` ավանդական են դարձել  ԱԳ նախարարի սեպտեմբերկյան դասախոսությունները առաջինկուրսեցիների առջեւ։ Նա նաեւ ընդգծեց, որ ֆակուլտետի դասախոսների կազմում գործող դիվանագետների թիվը շեշտակիորեն ավելացել է։

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների մեծամասնությունը կազմում են հենց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղությունների շուրջ, ԱԳ նախարարը հյուրերին ներկայացրեց միջազգային օրակարգային գործընթացների եւ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները պարբերական անցկացնելու վերաբերյալ։

 

 

 

Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է. Հայտարարություն

Civil Society Institute 2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայիով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը[1]: Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»[2]:

 

Օպերլիազորներ Բարսեղյանի և Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:

Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտագում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

 

  • Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:

 

  • Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։


ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 3, պարբերություններ 38, 41:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 2, պարբերություն 5:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի զեկույցի վերաբերյալ, 2012, պարբերություն 10:

 Տե՝ս, Թուրքմեն ընդդեմ Թուրքիայի գործը, no. 43124/98, § 53, 19 դեկտեմբերի 2006 թ.; Աբդուլսամետ Յաման ընդդեմ Թուրքիայի գործը, no 32446/96, § 55, 2 նոյեմբերի 2004 թ.:

Civil Society Institute

Ոստիկանության հերթական բացահայտումը. դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

ոստիկանՀամաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

 

Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի մայոր Է. Լ. Սարդարյանը

ՀՀ ՊՆՁեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:

09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար:

Փաստի առթիվ 12.10.2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր

001Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց կողմից տարվող աշխատանքները: Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ապահովումը, քաղաքների մատչելիությունը, «Անվտանգ  քաղաք» ծրագրի և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներդրումը, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքաշինական տեսանկյունից:

Աշխատանքային մյուս խմբում քննարկվել են Երևանում և Սանկտ Պետերբուրգում ներդրումային դաշտի ընդլայնման հետ կապված հարցեր: Մասնավորապես, խոսվել է սպառողական շուկայում ներդրումների ներգրավման իրատեսական ծրագրերի, այդ թվում՝ առևտրային նոր ցանցերի ստեղծման մասին:

Կլոր սեղաններին, Երևանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը

Իզմիրլյան բժշկական կենտրոն,Սերժ Սարգսյանը , Ռիտա Սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում:

Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ. Պարույր Հայրիկյան

Պարույր ՀայրիկյանԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը ոչ այլ ինչ է, քան տեքստ` գրված ոչ հայի կողմից: Ըստ Հայրիկյանի` Զորի Բալայանը ոչ մի նոր բան չի ասել, պարզապես զարգացրել է ռուսական կայսրություն ստեղծելու գաղափարը, որին կողմ են նաև ՀՀ իշխանությունները, ովքեր, բացառված չէ, որ տեղյակ են եղել Զորի Բալայանի նամակից:

«Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ: Եթե նա իր նամակում ընդհանրապես մոռացել է անկախ Հայաստանի մասին, նշանակում է՝ հայ չէ»,- մեկնաբանում է Պարույր Հայրիկյանը:

Եվ, չնայած սրան, ԱԻՄ առաջնորդը կողմ չէ, որ  Զորի Բալայանին զրկեն քաղաքացիությունից. «Հակասահմանադրական քայլ է Զորի Բալայանին քաղաքացիությունից զրկելը: ՀՀ-ում բազմաթիվ ոչ հայեր կան, ո՞վ է իրավունք տրել մի նամակի պատճառով կամ ազգային պատկանելության պատճառով մարդուն քաղաքացիությունից զրկել», – հարց է բարձրացնում Պարույր Հայրիկյանը:

 

Վարչապետը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավումը գիտության ոլորտ

Տիգրան Սարգսյան,ՀՀ ԳԱԱ,Ռադիկ ՄարտիրոսյանՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:

Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, որ մենք այսօր տեսանք, թե հայ գիտությունն ինչ առարկայական արդյունքներ է առաջարկում, որից օգտվում են նաև բնակչությունը, արտադրական ձեռնարկությունները: Ունենք բավականին հետաքրքիր աշխատանքներ, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ պետք է լավագույնս ներկայացվեն»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր այցի ընթացքում պարզվել է, որ Սիլիկոնյան հովտի առաջատար ընկերություններն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել գիտության ֆինանսավորման և արտադրության շղթա, որպեսզի մասնավոր հատվածն էլ մասնակցի գիտության ֆինանսավորմանը:«Ուրախ եմ, որ այսօր մեր ինստիտուտներն այդպիսի ուղղություն են ընտրել, որ ոչ միայն պետությունից ակնկալեն ֆինանսավորում, այլև մասնավոր հատվածից: Արդեն տեսնում ենք, որ այդ փոփոխությունը մեր գիտության մեջ տեղի է ունենում: Մենք տեսանք տարբեր առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում»,– նշել է վարչապետը:
Գիտության բնագավառում երկարատև, բեղմնավոր գիտական գործունեության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին և ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիակական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Անդրիասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Կյուրիկե Բ

Կյուրիկե Բ-ի դրամը

Կյուրիկե Բ-ի դրամը

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ,  նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել էր երիցս ջախջախել իր թագավորությանը սպառնացող Գանձակի և Դվինի էմիրություններին, նվաճումներ կատարել Աղվանքում, Վիրքում, ընդարձակել իր պետության սահմանները: Դավիթը նաև նվաճել էր Թիֆլիսը և հարկատու դարձրել տեղի էմիրին, գրավել էր Կախեթը և այնտեղ գահ բարձրացրել կրտսեր որդուն` Գագիկին:

Հոր քաղաքականությունը շարունակեց նաև Կյուրիկե II-ը, ով պայքար էր մղում ոչ միայն իր հայրենական ժառանգությանը` Անիին տիրելու համար, այլև Անդրկովկասում առաջնության համար: Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ:

Կյուրիկե II-ի գահակիցն էր նրա եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս գահակալությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Փաստորեն, 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կովկասում առաջնության համար պայքար էր ծավալվել Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան և Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Վիրա-աբխազական թագավորությունը վերելք էր ապրում Բագարատ IV-ի (1027-1072) տիրապետության օրոք: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը բարեկամներ էին: Երկուսն էլ Բագրատունյաց տոհմից էին, ավելին` Կյուրիկե II-ի կինը` Շերիկը, Բագարատ IV-ի քույրն էր, ինչը, սակայն, չէր խանգարում, որ այս երկու պետությունները բախվեին:

Շուտով այս պայքարը նոր փուլ է թևափոխում Անդրկովկասում սելջուկ-թուրքերի ի հայտ գալու պատճառով:

1064 թ. սելջուկների առաջնորդ Ալփ-Ասլանը գրավում է Անին և շարժվում դեպի Անդրկովկաս: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը հպատակություն են հայտնում սելջուկներին` իրենց երկրները ավերածություններից փրկելու համար: Թուրք սուլթանն ընդունում է նրանց հպատակությունը և պահանջում, որ Կյուրիկե II-ն իրեն կնություն տա դստերը: Կյուրիկե II-ը մերժում է: Խնդիրը լուծելու համար Ալփ-Ասլանը դիմում է Բագարատ IV-ին, որի քրոջ աղջիկն էր Կյուրիկե II-ի դուստրը: Բագարատը հարցի շուրջ բանակցելու նպատակով Լոռի է ուղարկում իր ազդեցիկ իշխաններից Վարազ-Բակուր Գամրեկելուն: Կյուրիկեն մերժում է նաև Բագարատի պատգամավորին:

Սելջուկյան սուլթանին հաճոյանալու նպատակով Բագարատ IV-ը դավ է նյութում ազգակցի դեմ: Նա բանակցությունների է հրավիրում Կյուրիկեին և Քվեշի անտառում կալանավորում է նրան ու իր եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Այդ ժամանակ Բագարատ IV-ի հրամանով խաչափայտեր են կանգնեցնում Սամշուլդեի դեմ և Կյուրիկեին խաչ հանում, որպեսզի Սամշուլդեն պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի և քաղաքը հանձնի վրացիներին:

Դեպքերը նկարագրող Մատթեոս Ուռհայեցին և վրաց պատմիչները չեն նշում, թե հայոց արքան որքան է խաչափայտին մնացել գամված: Միայն նշվում է, որ դեպքին միջամտում են Կյուրիկեի իշխանները` Լոքի և Կաքավաբերդի տերերը: Արդյունքում Կյուրիկե II-ը որպես փրկագին զիջում է Սամշուլդեն, իսկ Սմբատը` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը:

Սակայն վրաց աղբյուրները հավաստում են, թե Բագարատը հայոց թագավորներին խաչափայտից իջեցրել է խղճահարությունից և մարդասիրությունից դրդված և որպես գլխագին վերցրել է միայն Սամշուլդեն:

Փոքր-ինչ այլ կերպ է նկարագրում դեպքը Ուռհայեցին: Եթե վրաց վարկածի համաձայն` Կյուրիկեն մերժում է սուլթանի` դստեր ձեռքը տալու առաջարկը, ապա ըստ Ուռհայեցու` Կյուրիկեն համաձայնվում է ի սկզբանե: Իսկ Բագարատ IV-ը Կյուրիկեին դավում է սոսկ Սամշուլդեն նրանից առնելու համար:

Բանակցությունների ընթացքից երևում է, որ Սամշուլդեի մոտ խաչափայտին է գամվել սոսկ Կյուրիկեն և ոչ նրա եղբայրը: Սա տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ, եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքերից և գահակից էին, ինչո՞ւ է Բագարատ IV-ը տարբեր մոտեցումներ ցուցաբերում նրանց նկատմամբ:

Հետաքրքիր է նաև վրաց մատյանի հիշեցումը, թե հայերը խաղաղություն խնդրեցին և տվին Սամշուլդեն:

«Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) իշխանը և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատը առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օբրեթը, Կոշկը և Վարազաքարը»: Ասվածից կարելի է ենթադրել, որ Լոքի և Կաքավաքարի իշխանների միջամտությունից հետո Կյուրիկեն համաձայնել էր տալ Սամշուլդեն, իսկ Սմբատը սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել էր վերոհիշյալ ամրոցները:

Հավանաբար այս երեք ամրոցները Սմբատի սեփականներն էին ու նրա` խաչափայտին չգամվելը ցույց է տալիս, որ Բագարատը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Ի վերջո, Բագարատը զիջում է բոլոր ամրոցներն ու իրեն է պահում միայն Սամշուլդեն:

Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ինչու Բագարատի և Կյուրիկյանների բանակցություններում չի արծարծվում Կյուրիկյան արքայադստեր խնդիրը, պետք է ենթադրել, ճշմարտացի է Ուռհայեցին, ըստ որի` սուլթանն անմիջապես դիմել է Կյուրիկեին և պահանջել նրա դստեր ձեռքը:

Եվ Կյուրիկեն ոչ միայն տվել է դստերը, այլև դաշինք է կնքել նրա հետ: Հավանաբար այդ պատճառով է, որ Բագարատը, օգտվելով սելջուկների` Անիում գտնվելու հանգամանքից, փորձել է հաշվեհարդար տեսնել Կյուրիկեի ու սելջուկների հետ: Վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բագարատն իր քույր Մարթային հետագայում ամուսնացրեց բյուզանդական կայսր Տուկիծի հետ, որ սելջուկների ոխերիմ թշնամին էր: Շատ չանցած` Բագարատը արշավեց Կախեթ, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը: Պատմիչն ուղղակի նշում է, որ Բագարատը արշավել է Կախեթը նվաճելու համար, բայց լսելով սելջուկների գալստյան մասին` վրացիները նահանջում են: Վրաց պատմիչը հավաստում է, որ Աղսարթանը ոչ միայն միացավ սելջուկներին, այլև հավատափոխ եղավ` պահպանելով իր իշխանությունը և ստանալով վրաց թագավորի հպատակների լքած բերդերը: Ապա Ալփ-Ասլանը արշավեց Բագարատի վրա: Նրան միացան Կախեթի արքան, Կյուրիկե II-ը, Տփղիսի էմիրը:

1064-ին Ալփ-Ասլանն անցնում է Արաքսը և Նախճավանի վրայով շարժվում Վրաստան` բանակի մյուս մասը հանձնելով Մելիքշահին:

Նա մտնում է Գուգարք, ապա Թռեղք, որտեղից մեկ օրում հասնում է Ղվելիս-Ղար: (Մեսխեթում է): Այստեղից սուլթանն անցնում է Կղարջք, մի խոշոր շրջան կատարելով Հյուսիսային Հայաստանով, մտնում է Տայք, ապա դարձյալ վերադառնում Թռեղք: Բագարատ IV-ը փախչում է Քարթլի:

1068 թ. Ալփ-Ասլանը հարձակվում է Բագարատ IV-ի տիրույթների վրա: Նրան են միանում Կյուրիկե II-ը, Աղսարթանը և Տփղիսի ամիրան: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս պատերազմում երկրորդական դեր չեն կատարել: Ըստ վրաց պատմիչի` հայերը «ներխուժեցին Քարթլի Զաճվիթի (Զվարի վանքի) կողմից, լուսաբացին ասպատակողներ արձակեցին, և սգով լցվեց ողջ Քարթլին»:

Նույն թվականին Բագարատ IV-ն Ատրպատականի և Առանի վրայով ներխուժեց Շաքի: Շաքին այդ ժամանակ գտնվում էր Կախեթի թագավոր, Կյուրիկյան Աղսարթանի իշխանության տակ:

Նույն ժամանակ Աղսարթանը Ալփ-Ասլանի ճնշումներին դիմանալու համար իսլամ ընդունեց, միացավ սելջուկներին և դաշնակցած Կյուրիկե II-ի և Տփղիսի ամիրայի հետ, հարձակման անցավ: Դաշնակիցները գրավեցին Տփղիսը: Բագարատը ստիպված էր հաշտություն խնդրել և Ալփ-Ասլանի մոտ ուղարկեց Լիպարիտ իշխանի որդի Իվանե Լիպարիտյանին:

Վրաստանը հարկատու է դառնում Ալփ-Ասլանին, իսկ վերջինս Տփղիսն ու Ռուսթավը հանձնում է Գանձակի Փատլուն ամիրային:

1069 թ. Բագարատը ջախջախում է Փատլուն ամիրային և գրավում է սելջուկների հետ դաշնակցած Կյուրիկեի  մի քանի տիրույթներ: «Էառ ի նմանէ զՏփղիս, եւ զԳագ, եւ զՔօզինն` զոր առեալ էին Պարսք ի Հայոց եւ Վրաց»:

Սրանից հետո, երբ կրկին ապստամբում է Իվանեն, Աղսարթանը չի միանում նրան, ավելին, միանալով Բագարատ IV-ին հաջորդած Գեորգի Բ արքային` Իվանեի որդի Լիպարիտից խլում է Լոծոբանը: Փաստորեն, Աղսարթանի գործուն աջակցությամբ Գեորգին կարողացավ ճնշել ապստամբներին:

Շուտով արևելք է արշավում սելջուկյան սուլթան Մելիքշահը (1072 – 1092): Նա ասպատակում է ողջ Քարթլին: Կյուրիկյան թագավորությունը հպատակվեց Մելիքշահին, իսկ Աղսարթանը դաշնակցեց Գեորգի II-ի հետ: Երբ Մելիքշահը հեռացավ Անդրկովկասից, զորք թողնելով Գանձակի էմիր Սարհանդի մոտ, որպեսզի վերջինս հպատակեցնի շրջակա երկրները, Գեորգին արշավեց նրա վրա և ջախջախեց:

1088 թ. Կյուրիկե II-ը Բարսեղ կաթողիկոսի հետ այցելում է սուլթան Մելիքշահին և հպատակություն է հայտնում նրան: Մինչ այդ սուլթանին հպատակություն էր հայտնել Գեորգի II-ը: Այրիվանեցին այդ մասին գրում է. «Թագաւորն Հայոց Կիւրիկէ եւ վրաց Դեմետրէ եւ կաթողիկոսն Հայոց տէր Բարսեղ գնացին առ Մելիք Շահ սուլտանն եւ դարձան պատուու»: Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն վերջին ապստամբության ժամանակ միացել էր Գեորգիին: Այլապես հարկ չէր լինի կրկին հպատակություն հայտնել սելջուկներին: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կյուրիկեն դարձյալ սելջուկների մոտ գնաց որպեսզի կանխի վրացիների հնարավոր դավադրությունն իր դեմ:

Կյուրիկե Բ հայտնի է նաև իր մշակութային գործունեությամբ: Նրա հովանավորչությամբ է Հաղբատում ընդօրինակվել ու նկարազարդվել Մուղնու ավետարանը: Բազում արձանագրություններ վկայում են, որ Լոռիում եկեղեցիներ է կառուցել և վերանորոգել:

Ձգտելով համահայկական իշխանության` նա նաև միջամտել է հայ եկեղեցու գործերին: 1067 թ. հայոց կաթողիկոս Գևորգ Բ Վկայասերը ուղևորվում է Բյուզանդիա և Եգիպտոս, ուստի իշխանների համաձայնությամբ իրեն փոխարինող է նշանակում Գևորգ Լոռեցուն: Սակայն Գևորգ Լոռեցին գործում է կամայականորեն և առաջացնում է իշխանների դժգոհությունը: Այդ պատճառով 1081 թ. Կյուրիկե II-ը հրավիրում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսին և Հաղբատում հայոց կաթողիկոս է օծել տալիս Բարսեղ Անեցուն:

Կյուրիկե II-ը մահացավ 1090 թ. ծեր հասակում` իր գահը ժառանգություն թողնելով երկու զավակներին` Դավիթ Բ-ին և Աբաս Ա-ին:

 

 

Արամ Մուղալյանը դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակվեց

176007Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ երեք հոդվածներով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և բոլորին դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակեց։

Երիտասարդները մինչև վերջ չընդունեցին իրենց մեղավորությունը։ Արամ Մուղալյանը հայտարարեց, որ իր փաստաբանի հետ քննարկելու է այլ ատյաններում ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու հնարավորությունը, քանի որ աբսուրդ է համարում մեկ վկայի ցուցմունքի հիման վրա չորս մարդու դատապարտելը։

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը և նրա 3 ընկերները մեղադրվում էին  ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մեկ ընտանիքի՝ 36 հազար դրամ արժողությամբ խոտի դեզն այրելու փորձի մեջ:

 

 NEWS.am

Ավտոմեքենան ընկել է ձորը

ձորն ավտոմեքենա է ընկելՀոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «DAIHATSU CUORE» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ճանապարհի 78-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հետախուզվող՝ Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից

ձերբակալելՀոկտեմբերի 14-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հարություն Տ.-ն, որը փետրվարի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքներով:

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՀոկտեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 39-ամյա Արայիկ Ո.-ն՝ հայտարարելով, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի պահեստում ամրանը վնասել է որովայնը:
Հոկտեմբերի 7-ին Արայիկ Ո.-ն ոստիկաններին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 82 հասցեի մոտ, թիվ 65 երթուղու սրահում, միմյանց հրելու համար իր հետ վիճաբանել են երկու անհայտ անձինք, որոնք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Ո.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նրա ծանոթը՝ 1989 թ. ծնված Վաչիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Անզգուշությամբ՝ վեցուկես միլիոնի վնաս

հրդեհ խոտածածկ տարածքումՀոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Այրք գյուղի վարչական տարածքում անհայտ անձն անզգուշությամբ հրդեհելու միջոցով ոչնչացրել է 1983 թ. ծնված Արտյոմ Շ.-ին պատկանող 18 հա ցորենի արտը` պատճառելով առանձնապես խոշոր չափի 6.500.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

բախումՀոկտեմբերի 13-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակման հետևանքով 15-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է երկաթաձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է «ՎԱԶ-2121» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

 

Համաներմամբ ազատ է արձակվել 517 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:

«Վարդաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  3, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 1, «Սևան» ՔԿՀ –ից` 6, «Հրազդան» ՔԿՀ –ից` 2   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:

Վարորդը գիտակցության չգալով մահացել է

ավտոպատահարՀոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին:
Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.10-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: