Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց

загруженноеՀուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:

«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Նախագահն Արգենտինայում այցելել է հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ

7283_bԱրգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին:

7285_bԱրմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Ընդունելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին հանձնել են «Մենք անկեղծ զինուոր ենք» գրությամբ նվեր, ինչի կապակցությամբ իր շնորհակալական խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Այս խոսքերն անչափ պարտավորեցնող են, որովհետև մեզնից յուրաքանչյուրը զինվոր է. զինվոր է իր պարտականությունների շրջանակներում, զինվոր է իր պատասխանատվության շրջանակներում, զինվոր է իր գաղափարի համար, և ես չափազանց ուրախ եմ, որ մեր ազգային կառույցները, մեր ազգային կուսակցությունները մեզ հպարտություն են ներշնչում, և մենք նաև դրանով տարբերվում ենք ուրիշներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հակառակորդները ոչ միայն աշխարհի այս մասում, այլ նաև տարբեր մասերում փորձում են աշխուժանալ, փորձում են իրենց շահն առաջ տանել, և մենք իրավունք չունենք դրանում նրանց մեղադրել, որովհետև իրենք էլ իրենց շահն են առաջ տանում: Մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր ջանքերը նորոգենք, մեր խնդիրն է, որպեսզի եկող սերնդի մեջ այս կրակը վառ պահենք մի կողմից` ամրապնդելով Հայաստանում պետականությունը, մյուս կողմից ամրապնդելով Սփյուռքն ու մեր կառույցները: Մենք իրարով ենք ուժեղ: Մենք միասին շատ բան կարող ենք անել: Ես շատ լավ հասկանում եմ կոնկրետ Հարավային Ամերիկայում` Արգենտինայում, Ուրուգվայում և այլ տեղերում նրանց ջանքերի նպատակը: Եվ նրանք իրենց ջանքերն էլ են ներդնում այնտեղ, որտեղ մենք ուժեղ ենք, բայց եթե մենք պետք է այս պայքարում զիջենք, ուրեմն, տևական ժամանակ հետո, այս շենքում ուրիշները պետք է լինեն: Ես վստահ եմ, որ այդպես երբեք չի լինելու: Ես վստահ եմ, որ, ընդհակառակը, գնալով մեր շենքերի թիվն էլ է ավելանալու, մեր համակիրների շարքերը մնալու են հոծ: Եվ իհարկե, նաև շնորհիվ այս գաղափարի` մենք բոլորս զինվոր ենք, այո, զինվոր ենք, և զինվոր էլ մնալու ենք: Այսպես կարելի է միայն Հայաստանը ուժեղացնել: Շատ-շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ շնորհակալ եմ: Մենք միասին շատ բան կարող ենք անել»:

7295_bՀԲԸՄ-ում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Միության պատվավոր հյուրերի գրքում թողած գրության մեջ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում այն ազգանվեր գործունեությունը, որ Միությունն իրականացնում է Սփյուռքում՝ հատկապես այն համայնքներում, որոնք աշխարհագրորեն հեռու են Մայր Հայաստանից: «Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:

7280_b«Սարտարապատ» թերթի խմբագրությունում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անչափ հպարտ է, որ պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա մեր հայրենակիցները հիմնել են այսպիսի տպավորիչ ազգային հաստատություն, որը պատվով կատարում է հայ ոգին վառ պահելու դժվարին առաքելությունը: Հանրապետության Նախագահը մաղթել է բոլորին անսպառ եռանդ և ուժ, որպեսզի շարունակեn նույն նվիրվածությամբ աշխատել հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի: Այս ամենը Նախագահը գրառել է նաև խմբագրության պատվավոր հյուրերի գրքում:

Հանրապետության Նախագահն այսօր Բուենոս Այրեսում մասնակցել է նաև Հայ Էմիգրանտների (Արմենիա) հրապարակի պաշտոնական բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հանդիպումը Նախագահի առաջարկով անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսության առաջնահերթություններին, զարգացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

Ավարտելով պաշտոնական այցը Արգենտինայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պետական այցով կմեկնի Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:

 

Անկախ

«Լայքատենչ» հասարակության տխուր առօրյան

nkar 1Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Սակայն երբեմն լսարանին հրամցված ցածրորակ ու անհեթեթ տեղեկատվությունը վնասում է ընթերցողի ինքնագնահատականը:

Լրատվություն ստանալու աղբյուրներն այսօր բազմազան են: Եթե մեկ տասնամյակ առաջ չկար ձևավորված էկոտրոնային հասարակություն, և ինտերնետի հասանելիության ու մատչելիության խնդիր կար, քաղաքացիները տեղեկություններ ստանալու սահմանափակ միջոցներից էին օգտվում, սակայն ստացած լրատվությունն էլ «մաքրված էր» և գուցե հեռու ստահոդ, աղտոտված, անպարկեշտ ու էժանագին բամբասանքներից, ինչով այսօր դժբախտաբար ողողված է հայաստանյան լրատվական դաշտը:
Վաղուց ռադիոյին, հեռուստատեսությանը և տպագիր մամուլին փոխարինելու է եկել ինտերնետը: Սնկի պես աճող լրատվական կայքերը մեկը մյուսի հետևից ստեղծվում են և հեղեղում սոցցանցերը` «լայքատենչ» մոլուցքը գովազդի աղբյուր ծառայեցնելով: Նրանցից գուցե քչերն են, որ ասպարեզ են եկել օգտակար, անկողմնակալ տեղեկատվություն տարածելու առաքելությամբ: Նորաստեղծ բազմապիսի լրատվական կայքեր, «copy paste»-ի մակարդակից վեր չբարձրանալով, բայց պատշաճության սամաններն անցնելով կամ ուրիշի վրա ցեխ շպրտելով` բթացնում են սոցցանցերի օգտատերերի միտքը, աղճատում ճաշակն ու նույնիսկ այլասերություն տարածում:
Ցավն այն է, որ սոցցանցերում գրանցված օգտատերերը տարիքային սահմանափակում չունեն. հանկարծ մի սենսացիոն վերնագիր, և դու արդեն նրանց ցածրորակ լրատվության մշտական ընթերցողն ես: Չկա որևէ մեխանիզմ, որ զերծ պահի սովորական քաղաքացուն ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումից: «Լայքեր» հավաքող կայքերը հիմնականում տարածում են լուրեր, որոնց վերնագրերն ահաբեկող են ու սահմռկեցուցիչ, անընդհատ կարդում ես` այսինչի ամուսինը ծեծել է կնոջը, կամ այնինչը բռանբարել է սեփական դստերը, մեկ ուրիշը խեղդամահ է արել կնոջը կամ հարազատ երեխաներին, կամ երբեմն տեսնում ես վերնագրեր, որոնցում քարոզվում է վաղ տարիքում սեռական կյանք սկսելու երևույթը: Նման կայքերը նաև զբաղված են քիչ թե շատ մեզ ծանոթ հայտնիների անձնական կյանքը փորփրելով և էրոտիկ նկարների շարքեր հրապարակելով:
Ի՞նչ են տալիս այդ սահմռկեցուցիչ կամ ուռճացված դրվագներով հոդվածաշարերը, որոնցում անընդհատ ներկայացվում է դավաճանություն, ատելություն, վրեժխնդրություն: Առանց այդ էլ հեռուստատեսությունը տեղեկացնում է որոշ իրադարձությունների մասին: Երբեմն կարդում ես հոդվածներ, որոնց հեղինակները, չգիտես որտեղից, ինչ-որ բան լսած, փաստերը չճշտելով, հապշտապ տարածում են լուրը` ձգտելով առաջին տարածողը լինել: Սակայն քիչ հետո տեղեկանում ես, որ քիչ առաջ կարդացած լուրը հեռու էր ճշմարտությունից:
Վերջերս` վերնիսաժի հայտնի դեպքերի ժամանակ, երբ մի քանի օր սոցցանցերում վերլուծվում էր կատարվածը, մի լրատվական կայք տեղեկացրեց, որ ամենատարեց տուժածներից մեկը հենց վիրահատարանում մահացել է, հետո պարզվեց, որ գույժն անտեղի էր: Թե ում ջրաղացին են ջուր լցնում այդ լրատվական կայքերը, հարցի մի կողմն է. գուցե բիզնես է, որի մեջ չարժի էլ խորանալ:
Անհեթեթ վերնագրերով հոդվածներ են տարածվում, որոնց բովանդակությունը որևէ կապ չունի վերնագրի հետ, ու հարց է ծագում, թե հեղինակն առհասարակ ինչ է կամեցել լսարանին հաղորդել: Օրինակ` «Ծառուկյանը ավտովթարի է ենթարկվել»: Հետո կարդում ես ու հասկանում, որ հեղինակը միտումնավոր վերնագրում չի նշել նաև նույն քաղաքացու անունը: Կարծես ռինգում լինենք, յուրաքանչյուրը փորձում է ընթերցանության քանակի առումով առաջինը լինել և բազում «լայքեր» հավաքել մի հիմար ու անտեղի տեղեկություն տարածելու միջոցով:
Սթափվենք: Առանց այդ էլ այս հոգսաշատ ժողովուրդը բազմաթիվ անարդար երևույթների է բախվում, ընկճվում: Արժի՞ նրան ուրիշների անբարո կյանքին ու դժբախտություններին ականատես դարձնել: Զգոն լինենք, ընտրենք մեզ համար լավն ու օգտակարը և թույլ չտանք բազմանալ նման ուղենիշ չունեցող ու աննպատակ կայքերին:
Լ.Ն

ԱՄՆ-ում մտադիր են լայնացնել կինոթատրոնների նստարանները

31168-390x290Ամերիկյան կինոթատրոնների AMC Theatres ցանցը 600 մլն դոլար է ծախսելու, որ լայնացնի դահլիճների նստարանները: Դրա հետևանքով տեղերը կպակասեն 50-70%-ով,  հաղորդում է  Lenta.ru-ն:

Հիմա նստարանների լայնությունը 111 մ է: Իսկ լայնացնելուց հետո, յուրաքանչյուր նստարանի լայնությունը պետք է լինի 150 սմ:

Կինոթատրաններում, որտեղ արդեն նստարանները վերասարքավորվել են` հաճախելիությունն 80%-ով ավելացել է: Դա կապում են  որոշ դահլիճներում լիարժեք ճաշելու հնարավորության հետ:

Նորարարության հետ տոմսերը կթանկանան 1-2 դոլարով: Նախատեսվում բարեկարգման աշխատանքներն ավարտել 5 տարուց:

Անկախ

Ատեստատների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 12-ը

94a394d593061255515b3f97bcdbe61f

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հարգելի դիմորդներ,

Այսօր կայացավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որում ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք նաև դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:

Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը, ժամը 17.00:

Ընդգծում եմ, որ ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու:

Այն դիմորդները, որոնք չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից` անկախ ստացած գնահատականներից”:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, և ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց Ցեղասպանությանը թանգարանի հիմքում:

Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։

Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։

Հարգելի գործընկերնե՛ր,

Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ Եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը: Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ-արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում:

 

***

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը): 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:

«Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև սփոփանքի ու զորակցության խոսքեր հանգուցյալ Էդուարդ Շևարդնաձեի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր

 կարկտահարված դաշտերՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր  կրկին աշխատանքային այցով մեկնել  էր  Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ  երեկոյան  տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին:   Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն,Գեղանիստ,Մեղրաշեն,Վարդաքար,Նոր կյանք, Փանիկ , Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել  վնասի իրական չափերին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտերԱյցելած բոլոր տնտեսություններում պատկերը գրեթե նույնն էր՝ հիմնականում  և մեծապես  վնասվել են հացահատիկի դաշտերը:Կարտոֆիլի ցանքերը վնասվել են մասնակիորեն:

Նախարարը տուժած բոլոր տնտեսություններում  մանրամասնորեն  զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ  կարկուտի պատճառած վնասներն արագ հաշվարկելու և այն  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու համար ստեղծվել են երեք մարզային հանձնաժողովներ, որոնց կազմում գյուղացիների պահանջով ընդգրկվել են նաև տուժած համայնքների ներկայացուցիչները: Միաժամանակ  հանձնարարվել է մարզպետարանին կարճ ժամկետում  հաշվարկել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար: Սպասվող աջակցությունն  ըստ նախարարի լինելու է անհատական և ըստ կրած վնասի իրական չափերի:

Գյուղացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել էդրանք  ներկայացնել հանրապետության վարչապետին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ: Հուշարձանի տեղադրման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ ազգային հերոսի ընտանիքի անդամները նկատել են, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դարձել տարածքի բնակիչների համար և կարևոր է, որ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող այս կոթողը տեղադրվեց հենց այդ միջավայրում: Հարկ է նշել, որ Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում:  Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում ընդամենը մի քանի ամսում կառուցվեց նոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ կատարած մեծ աշխատանքի ու մայրաքաղաքի ծայրամասերին ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

 7193

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:

Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:

Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:

Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:

Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:

Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:

Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:

Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:

Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:

Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:

Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:

Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:

Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:

Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:

Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:

Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:

Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:

Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:

Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:

Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:

Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:

Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:

Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:

Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:

Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:

Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:

Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:

Փաստաբանը չի կարողանում հանդիպել Վերնիսաժի գործով կալանավորված իր պաշտպանյալի հետ

08.07.14.1Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով օրեր առաջ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փասատաբան Լևոն Բաղդասարյանը չի մինչ օրս չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այդ իսկ պատճառով տեղեկություն չունի, թե ինչ առողջական վիճակում է իր պաշտպանյալը:

«Այսօր երեքշաբթի է, անցել  է 5 օր, բայց դեռ լիազոր մարմնի` քննիչի կողմից չկա համապատասխան գրություն, որպեսզի ես` որպես պաշտպան, կարողանամ մուտք գործել փակ տարածք` իմ պաշտպանյալի հետ հանդիպելու»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք,  Վալերի Հովհաննիսյանը Վերնիսաժի մոտ ` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի վարած ավտոմեքենայի ճանապարհը փակողներից և վիճաբանության մասնակիցներից մեկն է եղել, ով կրակոցների արդյունքում ծանր վնասվածքներ էր ստացել և դեպքից հետ 2 անգամ վիրահատվել: Նա, ի դեպ, մինչև հուլիսի 4-ը` մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորման որոշումը կայացնելը, շարունակում էր բուժում ստանալ հիվանդանոցում:

Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են կալանավորման որոշումը, բայց դրա համար, նրա խոսքով ինքը նախ պետք է հանդիպի իր պաշտպանյալին և նրա հետ որոշ հարցեր քննարկի: Նա նաև հիշեցրեց, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա, շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:

Ի դեպ, Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ լուր ունեն դեպքի վայրից անհետացած BMW մակնիշի ավտոմեքենայի մասին: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցով ևս որևէ առաջընթաց քրեական գործում չկա:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի վրա կրակել են հենց այդ մեքենայի մեջ գտնվելու պահին, երբ նա փորձել է մեքենան դուրս բերել ճանապարհից: Իսկ երկրորդ հրազենային վնասվածքը ստացել է արդեն մեքենայից դուրս փախչելու ընթացքում: Այդ մեքենայով են հետագայում նաև հիվանդանոց տեղափոխել դեպքի ժամանակ վիրավորված Ներսես Մելքոնյանին, իսկ հիվանդանոցի բակից արդեն ավտոմեքենան անհետացել է և մինչ օրս չի գտնվել:

«Փաստինֆո»

Անկախ

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան

Ռուբեն Եգանյան«Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:

«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:

Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:

Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են,  եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

 

Անկախ

Հետաքրքիր փաստեր հղիության մասին

ol3001404733332Կոլումբիական համալսարանի գիտնականները հայտարարել են, թե սթրեսից արդյունավետ ազատումը խիստ կարևոր է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց` բնական եղանակով հղիանալու համար, քանի որ, ինչպես պարզվում է, սթրեսը, օրինակ` մտերիմ մարդու կորուստը, կամ աշխատանք չունենալը բացասական ազդեցություն է ունենում տղամարդու սերմնահեղուկի որակի վրա:

Բացի այդ, գիտնականները վստահեցնում են, որ պրոլակտին հորմոնի առատությամբ պայմանավորված, տղամարդկանց մոտ երեխայի ծննդին սպասելու շրջանում այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք հղի կնոջ մոտ են.ախորժակի կորուստ, սրտխառնուք ու գլխապտույտ: Նույն հորմոնով պայմանավորված, երեխային կրծքով կերակրելու փուլում շատ հազվադեպ, սակայն տղամարդկանց մոտ նույնպես կարող են կաթնարտադրության հետքեր լինել:

Ամերիկացի մասնագետների վերջին ուսումնասիրությունների համաձայն, երեխան, մոր արգանդում ոչ միայն նրա տրամադրությունը կարող է զգալ, այլև նրա օգտագործած մթերքի համը: isra.com

Անկախ

Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. Կարեն Թումանյան

Կարեն Թումանյան«Մեր երկրում ամենաթողությունը և անկառավարելիությունը հասել են իրենց գագաթնակետին: Վիճակն այնքան լուրջ է, որ շարժումները միայն կարող են հասնել հաջողության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիներին ակտիվացել են  քաղաքացիական շարժումները: «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայից, և դա կարծես թե հաղթանակ տարավ քաղաքապետարանի կայացրած հակաժողովրդական որոշման նկատմամբ», – ասաց հրապարակախոսը:

Թումանյանը նաև իր գոհունակությունը արտահայտեց «Դեմ եմ» շարժման գործողություններից. այն անգամ կարողացավ խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան, ինչը մի կողմից հաջողություն է, սակայն կառավարությունը, ըստ Թումանյանի, ավելի խորամանկ գտնվեց.

«Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ», – ասաց նա ` նշելով, որ շարժումներից ամեն մեկը պայքարում էր միայն կոնկրետ խնդրի դեմ և այդտեղից է, որ առաջացել է նոր շարժում ստեղծելու գաղափարը. «Մենք հասկացանք` պետք է ստեղծել մի շարժում, որը կարձագանքի նման հակասահմանադրական որոշումներին, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական և նմանատիպ դուքյաններին», – հայտարարեց Կարեն Թումանյանը:

Նորաստեղծ շարժման ղեկավարը անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին` ընդգծելով, որ իրենց նպատակներից մեկն է թույլ չտալ նոր թանկացումներ: Նար խոսքով` ՀԾԿՀ-ի հայտարարությունները, որոնք միտված են հիմնավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, անհիմն են.  «Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը.  նա մեզ համար ո՞վ է», – ասաց նա:

Ըստ նրա` սպասելիքները նոր կառավարությունից սին էին, քանի որ այն  ոչ մի գնահատական չտվեց նախկինին: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր: Հին կառավարության անդամների 90 տոկոսը մնաց: Ի՞նչ տարբերություն. Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, այդպես էլ շարունակելու են»,- ասաց նա:

 

Անկախ

Մեկնարկել են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները

002 (1)Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց  վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով:

Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաև ներկվում և արտաքին պատշաճ տեսքի են բերվում:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը,  պետք է հիմնանորոգվեին և վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ