«Լայքատենչ» հասարակության տխուր առօրյան

nkar 1Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Սակայն երբեմն լսարանին հրամցված ցածրորակ ու անհեթեթ տեղեկատվությունը վնասում է ընթերցողի ինքնագնահատականը:

Լրատվություն ստանալու աղբյուրներն այսօր բազմազան են: Եթե մեկ տասնամյակ առաջ չկար ձևավորված էկոտրոնային հասարակություն, և ինտերնետի հասանելիության ու մատչելիության խնդիր կար, քաղաքացիները տեղեկություններ ստանալու սահմանափակ միջոցներից էին օգտվում, սակայն ստացած լրատվությունն էլ «մաքրված էր» և գուցե հեռու ստահոդ, աղտոտված, անպարկեշտ ու էժանագին բամբասանքներից, ինչով այսօր դժբախտաբար ողողված է հայաստանյան լրատվական դաշտը:
Վաղուց ռադիոյին, հեռուստատեսությանը և տպագիր մամուլին փոխարինելու է եկել ինտերնետը: Սնկի պես աճող լրատվական կայքերը մեկը մյուսի հետևից ստեղծվում են և հեղեղում սոցցանցերը` «լայքատենչ» մոլուցքը գովազդի աղբյուր ծառայեցնելով: Նրանցից գուցե քչերն են, որ ասպարեզ են եկել օգտակար, անկողմնակալ տեղեկատվություն տարածելու առաքելությամբ: Նորաստեղծ բազմապիսի լրատվական կայքեր, «copy paste»-ի մակարդակից վեր չբարձրանալով, բայց պատշաճության սամաններն անցնելով կամ ուրիշի վրա ցեխ շպրտելով` բթացնում են սոցցանցերի օգտատերերի միտքը, աղճատում ճաշակն ու նույնիսկ այլասերություն տարածում:
Ցավն այն է, որ սոցցանցերում գրանցված օգտատերերը տարիքային սահմանափակում չունեն. հանկարծ մի սենսացիոն վերնագիր, և դու արդեն նրանց ցածրորակ լրատվության մշտական ընթերցողն ես: Չկա որևէ մեխանիզմ, որ զերծ պահի սովորական քաղաքացուն ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումից: «Լայքեր» հավաքող կայքերը հիմնականում տարածում են լուրեր, որոնց վերնագրերն ահաբեկող են ու սահմռկեցուցիչ, անընդհատ կարդում ես` այսինչի ամուսինը ծեծել է կնոջը, կամ այնինչը բռանբարել է սեփական դստերը, մեկ ուրիշը խեղդամահ է արել կնոջը կամ հարազատ երեխաներին, կամ երբեմն տեսնում ես վերնագրեր, որոնցում քարոզվում է վաղ տարիքում սեռական կյանք սկսելու երևույթը: Նման կայքերը նաև զբաղված են քիչ թե շատ մեզ ծանոթ հայտնիների անձնական կյանքը փորփրելով և էրոտիկ նկարների շարքեր հրապարակելով:
Ի՞նչ են տալիս այդ սահմռկեցուցիչ կամ ուռճացված դրվագներով հոդվածաշարերը, որոնցում անընդհատ ներկայացվում է դավաճանություն, ատելություն, վրեժխնդրություն: Առանց այդ էլ հեռուստատեսությունը տեղեկացնում է որոշ իրադարձությունների մասին: Երբեմն կարդում ես հոդվածներ, որոնց հեղինակները, չգիտես որտեղից, ինչ-որ բան լսած, փաստերը չճշտելով, հապշտապ տարածում են լուրը` ձգտելով առաջին տարածողը լինել: Սակայն քիչ հետո տեղեկանում ես, որ քիչ առաջ կարդացած լուրը հեռու էր ճշմարտությունից:
Վերջերս` վերնիսաժի հայտնի դեպքերի ժամանակ, երբ մի քանի օր սոցցանցերում վերլուծվում էր կատարվածը, մի լրատվական կայք տեղեկացրեց, որ ամենատարեց տուժածներից մեկը հենց վիրահատարանում մահացել է, հետո պարզվեց, որ գույժն անտեղի էր: Թե ում ջրաղացին են ջուր լցնում այդ լրատվական կայքերը, հարցի մի կողմն է. գուցե բիզնես է, որի մեջ չարժի էլ խորանալ:
Անհեթեթ վերնագրերով հոդվածներ են տարածվում, որոնց բովանդակությունը որևէ կապ չունի վերնագրի հետ, ու հարց է ծագում, թե հեղինակն առհասարակ ինչ է կամեցել լսարանին հաղորդել: Օրինակ` «Ծառուկյանը ավտովթարի է ենթարկվել»: Հետո կարդում ես ու հասկանում, որ հեղինակը միտումնավոր վերնագրում չի նշել նաև նույն քաղաքացու անունը: Կարծես ռինգում լինենք, յուրաքանչյուրը փորձում է ընթերցանության քանակի առումով առաջինը լինել և բազում «լայքեր» հավաքել մի հիմար ու անտեղի տեղեկություն տարածելու միջոցով:
Սթափվենք: Առանց այդ էլ այս հոգսաշատ ժողովուրդը բազմաթիվ անարդար երևույթների է բախվում, ընկճվում: Արժի՞ նրան ուրիշների անբարո կյանքին ու դժբախտություններին ականատես դարձնել: Զգոն լինենք, ընտրենք մեզ համար լավն ու օգտակարը և թույլ չտանք բազմանալ նման ուղենիշ չունեցող ու աննպատակ կայքերին:
Լ.Ն

Tags: ,